Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
Քաղաքականություն
24.11.2026 | 10:48
Այժմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է ընտրի իր հաջորդ ղեկավարին՝ այն ժամանակ, երբ գլոբալ առողջապահության և միջազգային համագործակցության ոլորտում խնդիրներն ավելի ու ավելի են խորանում։
ՄԱԿ-ի առողջապահության ոլորտի խոշորագույն կառույցի ղեկավարի պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու, որոնցից յուրաքանչյուրն առաջադրվել է առանձին երկրի կողմից։ ԱՀԿ-ի գործադիր խորհուրդը մինչև փետրվարի սկիզբը թեկնածուների ցանկը կկրճատի՝ թողնելով երեք անուն, իսկ կազմակերպության նոր ղեկավարին կընտրեն 2027 թվականի մայիսին կայանալիք Առողջապահության համաշխարհային ասամբլեայում։
39-ամյա հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն է։
Բոտսվանայի կողմից առաջադրված Թամամյանը նաև միակ թեկնածուն է, որը երբևէ պաշտոններ չի զբաղեցրել ՄԱԿ-ի համակարգում։ Նա իրեն ներկայացնում է որպես կողմնակի թեկնածու, որը կարող է կազմակերպություն բերել նոր հայացք։
«Ես կարծես դրսից եմ գալիս։ Ես այլ փորձով եմ գալիս»,- Euronews-ին ասել է նա Ժնևից, որտեղ այս շաբաթ անցկացվել է ԱՀԿ ղեկավարի թեկնածուների ֆորումը։
Որպես գործող բժիշկ՝ նա ասել է, որ ստիպված է եղել ԱՀԿ-ի առաջարկությունները քաղաքականության և ուղեցույցների մակարդակից տեղափոխել իրական կլինիկական պրակտիկա, որտեղ «հետևանքները կամ սխալները շոշափելի ազդեցություն են ունեցել կոնկրետ մարդկանց, կոնկրետ հիվանդների և կոնկրետ ընտանիքների վրա»։ Նրա խոսքով՝ արտաքին հայացքը հատկապես կարևոր է, քանի որ կազմակերպության ներսում աշխատող մարդիկ երբեմն դժվարանում են նկատել դրա թույլ կողմերը։ Նրա մասնագիտական ուղին ներառում է կլինիկական աշխատանքը, ազգային առողջապահական համակարգերի զարգացումը, գլոբալ դիվանագիտությունը և հակամարտությունների գոտիներում իրականացվող մարդասիրական գործունեությունը։
Նա իր նախընտրական քարոզարշավն իրականացնում է «Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով կապրի» կարգախոսով։ Թամամյանի խոսքով՝ բժշկական օգնության հավասար հասանելիության իր հանձնառությունը հիմնված է փոքր, միջինից ցածր եկամուտ ունեցող երկրից սերելու անձնական փորձի վրա, որն էլ ձևավորել է նրա մասնագիտական ողջ ուղին։
«Մարդը մարդ է։ Կարևոր չէ, թե որտեղից է նա»,- ասել է Թամամյանը՝ ընդգծելով, որ արդարության սկզբունքը պետք է առանցքային լինի առողջապահության համաշխարհային համակարգում։
Այս սկզբունքն ընկած է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի համար նրա պայքարի հիմքում, քանի որ կազմակերպության դերի, արդյունավետության և միջազգային համագործակցությունը պահպանելու կարողության վերաբերյալ հարցերն ավելի ու ավելի են շատանում։
ԱՀԿ-ի հաջորդ գլխավոր տնօրենի առջև ծառացած խնդիրները դուրս են գալիս բուն կազմակերպության աշխատանքի բարելավման շրջանակներից․ կառույցը բախվում է նաև անդամ խոշորագույն պետություններից մի քանիսի վստահության ճգնաժամին։2026 թվականին կազմակերպության պատմական խոշորագույն ֆինանսավորողը՝ Միացյալ Նահանգները, պաշտոնապես դուրս է եկել ԱՀԿ-ից։ Դուրս գալու մասին հայտարարել է նաև Արգենտինան։
Այս տարվա սկզբին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Թեդրոսը հայտարարել էր, որ ընթացիկ դարի առաջին երկու տասնամյակները գլոբալ առողջապահության ոսկե դարաշրջանն էին, սակայն այդ շրջանն արդեն ավարտվել է։
Ընտրվելու դեպքում Թամամյանը խոստացել է պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում այցելել ԱՄՆ և Արգենտինա՝ փորձելով նրանց վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք ավելի ուժեղ ենք, երբ միասնական ենք, և նույնիսկ եթե ինչ-որ հարցում համաձայն չենք, պետք է բոլորին պահենք բանակցությունների սեղանի շուրջ։ Քննարկման ընթացքում տարաձայնություններ ունենալն ավելի լավ է, քան քննարկման բացակայությունը»,- ասել է նա։
Երկու երկրներն էլ քննադատել են ԱՀԿ-ին՝ թափանցիկության անբավարարության և COVID-19 համավարակի կառավարման համար։ Նրանք նաև մատնանշել են, իրենց բնորոշմամբ, «լուրջ կառուցվածքային և գործառնական թերությունները, որոնք խաթարել են համաշխարհային վստահությունը և ընդգծել գլոբալ առողջապահության ոլորտում անկախ, գիտական հիմքի վրա գործող ղեկավարության հրատապ անհրաժեշտությունը»։
Թամամյանն ընդունել է, որ վստահությունն ու հաշվետվողականությունը վերականգնելու համար անհրաժեշտ է լուծել կազմակերպության ներսում առկա թաքնված խնդիրները։
«Մենք կանգնած ենք հսկաների ուսերին, և այս տասնամյակների ընթացքում առողջապահության ու բժշկության ոլորտներում հսկայական առաջընթաց է գրանցվել»,- ասել է նա՝ հավելելով, որ «հետադարձ հայացքով քննադատելը միշտ հեշտ է»։
Թամամյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե ինչպես ապահովել, որ ԱՀԿ-ն ամուր կանգնած լինի իր ոտքերի վրա՝ որպես համաշխարհային առողջապահության առաջատար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

