ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել

Լուրեր

23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
Բոլորը

Վարչական դատարանը մերժել է թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հայցը՝ նոյեմբերի 29-ին կայանալիք Սպիտակի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, համայնքի գործող ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Factor TV-ն պարզել է՝ դատարանի նոյեմբերի 23-ին հրապարակված վճռի համաձայն՝ գործի հիմքում Սպիտակի համայնքապետի կողմից մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված չորս թեկնածուների պաշտոնանկություններն են։

Մասնավորապես, հոկտեմբերի 29-ին Նիկողոսյանն աշխատանքից ազատել է համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին, իսկ հոկտեմբերի 30-ին՝ Կաթնաջուրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանին, Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանին և Սարահարթի վարչական ղեկավար Արտյոմ Փիլոյանին։

Նույն օրը համայնքապետը գրություն է ուղարկել բնակավայրերի վարչական ղեկավարներին՝ հորդորելով առաջիկա մեկ ամսվա ընթացքում ձեռնպահ մնալ արձակուրդներից։ Ընտրատարածքային հանձնաժողովը պնդել է, որ պաշտոնանկություններն ուղղված են եղել ընտրություններում առավելություն ստանալուն։

Հանձնաժողովի գնահատմամբ՝ համայնքի ղեկավարը, օգտվելով պաշտոնեական լիազորություններից, փորձել է սահմանափակել մրցակից քաղաքական ուժի ընտրական հնարավորությունները։ Հայցում, մասնավորապես, նշվել է, որ պաշտոնանկությունները «նպատակ են ունեցել ընտրությունների ժամանակ ապահովելով անհավասար մրցակցային առավելություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի համար»։

Հանձնաժողովը նաև ընդգծել է, որ պաշտոնանկությունների ժամանակային համընկնումն ընտրական գործընթացի հետ և դրանց շարունակվող հետևանքները կարող էին ազդել ազատ և հավասար մրցակցության վրա։

Ըստ հանձնաժողովի՝ «նման հանգամանքները կարող են առաջացնել ոչ միայն ընտրական օրենսդրության խախտումներ, այլև պարունակել քրեաիրավական բնույթի հատկանիշներ»։

Քաջայր Նիկողոսյանը, իր հերթին, հերքել է ընտրական առավելություն ստանալու նպատակով գործելու պնդումները։

Նրա ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ պաշտոնանկությունները եղել են աշխատանքային հարաբերությունների շրջանակում, իսկ որոշումներն ընդունելու պահին Նիկողոսյանը չի իմացել աշխատակիցների՝ այլ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված լինելու մասին։

Բացի այդ, պաշտպանական կողմը շեշտել է, որ վիճարկվող որոշումներն ընդունվել են մինչև նախընտրական քարոզչության մեկնարկը, երբ Նիկողոսյանը դեռևս գրանցված թեկնածուի կարգավիճակ չուներ։

Ինչո՞ւ դատարանը մերժեց հայցը

Վարչական դատարանը վճռում առանցքային է համարել այն հանգամանքը, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 29-30-ին, մինչդեռ Սպիտակի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը սկսվել է նոյեմբերի 4-ին։

Դատարանն ընդգծել է, որ ընտրական գործընթացը և նախընտրական քարոզչության ժամանակահատվածը տարբեր իրավական հասկացություններ են, որոնց համար գործում են տարբեր կարգավորումներ։

«Դատարանն արձանագրում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսգրքով ընտրական գործընթացի և նախընտրական քարոզչության ժամանակային տիրույթները տարանջատված են»։

Դատարանը նաև նշել է, որ քարոզչության ժամանակահատվածի համար նախատեսված սահմանափակումները դրանից առաջ կատարված գործողությունների նկատմամբ կիրառելը կարող է հակասել իրավական որոշակիության սկզբունքին։

Վճռում, մասնավորապես, ասվում է․ «Դատարանի դիտարկմամբ նախընտրական քարոզչության կարգի պահպանման պարտավորությունը նախընտրական քարոզչության մեկնարկին նախորդող ժամանակահատվածին վերագրելը իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքի խաթարման վտանգ կարող է ստեղծել»։

Միաժամանակ, դատարանը չի գնահատել պաշտոնանկությունների իրավաչափությունը։

Վճռում արձանագրվել է․ «Պատասխանողի կողմից կատարված՝ խնդրո առարկա արարքները չեն կարող գնահատվել որպես նախընտրական քարոզչության ընթացքում կատարված արարքներ, հետևապես անկախ այն փաստից, թե նշված արարքներն իրավական տիրույթում իրավաչափ են, թե ոչ՝ դրանք չեն կարող գնահատվել որպես նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում պարունակող արարքներ»։

Այսպիսով, դատարանը եզրակացրել է, որ ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացրած հանգամանքները բավարար իրավական հիմք չեն Քաջայր Նիկողոսյանի թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։

Դատարանը մերժել է հայցը։ Նոյեմբերի 23-ին հրապարակված վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։

Հիշեցնենք՝ ընտրություններին ընդառաջ Սպիտակում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքի մասին ահազանգել էր «Անկախ դիտորդ» դաշինքը։ Քաջայր Նիկողոսյանն աշխատանքից ազատել էր մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով առաջադրված համայնքապետարանի չորս աշխատակցի՝ իր տեղակալին և երեք բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Միաժամանակ, մյուս վարչական ղեկավարներին շրջաբերական էր ուղարկել՝ պահանջելով նպատակային արձակուրդի դիմումներ չներկայացնել։

Factor TV-ն պարզել է նաև, որ ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված են նաև Սպիտակի մի շարք մանկապարտեզների ղեկավարներ, որոնցից մի քանիսի նշանակումների ընթացքում Կրթության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել։

 

Մասնավորապես, ցուցակի 60-րդ հորիզոնականում է Կաթնաջուրի մանկապարտեզը շուրջ երեք տարի առանց պարտադիր հավաստագրի ղեկավարող Հերմինե Նիկողոսյանը։ 54-րդը Շենավանի «Արեգակ» մանկապարտեզի տնօրեն Արփինե Պետրոսյանն է, որի՝ առանց հավաստագրի ժամանակավոր նշանակումների ընթացքում նույնպես խախտումներ են արձանագրվել։

ՔՊ-ի ցուցակի երրորդ տեղում Սպիտակի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Վանուհի Միրզոյանն է, իսկ 63-րդում՝ Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի տնօրեն Նվարդ Սիրունյանը։ Երկուսն էլ պաշտոնի են նշանակվել մրցույթներից հետո, որոնցում հաղթող էր ճանաչվել նաև Մարինե Գալստյանը։ Վերջինս, թեև հաղթել է չորս մրցույթում, ոչ մի անգամ տնօրեն չի նշանակվել։

 

ՔՊ-ի ցուցակում է նաև Արևաշողի «Հասմիկ» մանկապարտեզի տնօրեն Էդվինա Խաչատրյանը, որի նշանակման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել։

Factor TV-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սպիտակի մանկապարտեզներում առանց անհրաժեշտ հավաստագրերի նշանակումների վերաբերյալ Կրթության տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են միայն մասամբ։ Տեսչական մարմինն ուսումնասիրության նյութերը փոխանցել է նաև Հակակոռուպցիոն կոմիտե։

Եվգենյա Համբարձումյան