Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
Հասարակություն
21.10.2026 | 17:55
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին պարբերաբար անդրադառնում է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների ընթացքում հնարավոր ապօրինի ճնշումներին՝ քաղաքացիներին հորդորելով նման դեպքերի մասին տեղեկացնել անձամբ իրեն։
«Հրապարակային պարտավորվում եմ ՝ ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»,- խոստանում է վարչապետը։
Factor TV-ի տրամադրության տակ է հայտնվել դեռևս սեպտեմբերի 29-ին քաղաքացու կողմից Փաշինյանին հասցեագրված մի դիմում, որում ներկայացված են Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի նշանակման գործընթացին բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր քաղաքական միջամտության մասին պնդումներ։
Դիմումում հիշատակվում են Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Ավետիսյանի անունները։
Դիմումի հեղինակը՝ մանկապարտեզի տնօրենի մրցույթին մասնակցած Գոհար Վարդանյանը, պնդում է, որ համայնքապետն իրեն չի նշանակել տնօրեն, թեև մրցույթում մյուս թեկնածուից ավելի լավ արդյունք է ցույց տվել։ Ըստ նրա՝ որոշման հիմքում եղել են ոչ թե մասնագիտական գնահատականները, այլ քաղաքական պայմանավորվածությունները։
Ուշագրավ է, թե ինչ ընթացք է ստացել վարչապետին հասցեագրված բողոքը։ Դիմումը վարչապետի աշխատակազմից փոխանցվել է Լոռու մարզպետարան, որտեղից էլ դիմել են Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանին՝ այն պաշտոնյային, որի գործողությունները վիճարկվում են դիմումում։ Ընդ որում, հնարավոր միջամտության վերաբերյալ պնդումներում հիշատակվում է նաև մարզպետի անունը։
Իսկ այս նշանակումն էլ կապվում է Սպիտակում առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցաբերելիք աջակցության հետ։
Ի՞նչ է գրված վարչապետին հասցեագրված դիմումում
Սեպտեմբերի 29-ին վարչապետին դիմած Գոհար Վարդանյանը մասնակցել էր օգոստոսի 14-ին հայտարարված և սեպտեմբերի 23-ին անցկացված՝ Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի մրցույթին։ Մյուս մասնակիցը Անի Աբրահամյանն էր։ Երկուսն էլ, ըստ մրթութային հանձնաժողովի, հաղթահարել էին մրցութային փուլը, որի դեպքում տնօրեն նշանակելու վերջնական որոշումը պետք է կայացներ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը։
Վարդանյանը վարչապետին ներկայացրած դիմումում պնդել է, որ մրցույթի օրը՝ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան, համայնքապետն իրեն հայտնել է, թե չի կարող տնօրեն նշանակել՝ չնայած իր առավելությանը։
Դիմումում, մասնավորապես, նշվում է. «Սպտեմբերի 23-ին ուշ երեկոյան Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը մեզ տեղեկացրել է, որ թեև լավագույն պատասխանը իմն է, ես բացառիկ առավելություն ունեմ մյուս մասնակցի նկատմամբ, այդուհանդերձ ինքը չի կարող ինձ ընտրել հաղթող մասնակից և նշանակել այդ պաշտոնում, քանի որ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը իրեն հանձնարարել են մյուս մասնակցին հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնել»։
Վարդանյանի պնդմամբ՝ համայնքապետն այդ որոշումը կապել է իր քաղաքական ապագայի հետ։ Մասնավորապես, հայտնել է, որ մյուս թեկնածուին նշանակելուց է կախված՝ առաջիկա համայնքային ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրեն կաջակցի՞, թե՞ ոչ։ Ըստ դիմումատուի՝ Նիկողոսյանը նաև խնդրել է չբողոքել և չհրապարակայնացնել տեղի ունեցածը։
Համայնքապետը հաջորդ օրն արդեն տնօրեն է նշանակել
Մրցույթից ընդամենը մեկ օր անց՝ սեպտեմբերի 24-ին, Քաջայր Նիկողոսյանը ստորագրել է Անի Աբրահամյանին Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն նշանակելու որոշումը։ Նշանակումը կատարվել է մինչև Գոհար Վարդանյանի՝ սեպտեմբերի 29-ին վարչապետին ուղղված բողոքը։
«Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանը խնդրահարույց է համարում նշանակման արագությունը։ Նրա շեշտում է՝ մրցույթի հաջորդ օրը տնօրենի նշանակումը մյուս մասնակցին ողջամիտ ժամանակ չի թողել արդյունքները բողոքարկելու համար, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն մեկշաբաթյա ժամկետ տրամադրել։
Համաձայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հրամանի՝ բողոքի քննարկման արդյունքում համայնքի ղեկավարը պետք է ընդուներ հետևյալ որոշումներից մեկը`
1) Մրցույթի արդյունքը կոնկրետ Մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.
2) Մրցույթի կոնկրետ Մասնակցին հաղթող ճանաչելու մասին.
3) Մրցույթի կոնկրետ Մասնակցին հաղթող չճանաչելու մասին:
Այս փուլով համայնքապետարանը չի անցել։
Արդեն նշանակումից հետո համայնքի ղեկավարի ընդունած որոշումը Մրցույթի մասնակցի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:
Բողոքը հասել է մարզպետին, նա պարզաբանում է պահանջել համայնքապետից
Դիմումը ստանալուց հետո մարզպետ Արեն Մկրտչյանը վեց հարցից և առաջարկից բաղկացած գրություն է հասցեագրել Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանին։
Մարզպետը, որի անունը ևս հիշատակվում է հնարավոր միջամտության վերաբերյալ պնդումներում, համայնքապետից փորձել է պարզել, թե ինչու է իր անունը կապվել այդ նշանակման հետ։ Մասնավորապես, Մկրտչյանը հարցրել է. «Արդյոք Ձեր կողմից քաղաքացուն ասվել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Ձեզ որպես Սպիտակ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվելը կախված է նշված ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակման մասին որոշումից, թե՞ ոչ»։
Արեն Մկրտչյանը նաև առաջարկել է ներկայացնել մրցույթի տեսագրությունը և քննարկել նոր մրցույթ կազմակերպելու հնարավորությունը։ Սակայն նոր մրցույթ չի անցկացվել, իսկ Անի Աբրահամյանը շարունակել է պաշտոնավարել։ Համայնքապետարանից հայտնեցին, որ տեսագրությունն ուղարկվել է մարզպետարան։
Գևորգ Քոթանջյանի կարծիքով՝ վարչապետի աշխատակազմը պետք է քննարկեր նաև հնարավոր հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը․ «Երբ որ նման բողոք է ստանում վարչապետի աշխատակազմը, խոսքը գնում է հավանական հանցագործության մասին։ Վարչապետի աշխատակազմը պետք է որ այս մասով հաղորդում ներկայացներ»։
Հինգ հարցից երեքին է պատասխանել, բայց տնօրեն է նշանակվել
Վարչապետին հասցեագրված դիմումում Գոհար Վարդանյանը նշել է, որ ճիշտ է պատասխանել մրցութային հանձնաժողովի բոլոր հինգ հարցերին, մինչդեռ մյուս մասնակիցը՝ Անի Աբրահամյանը, միայն երեքին։ Վարդանյանը նաև պնդել է, թե հանձնաժողովի անդամները մյուս թեկնածուին հուշել են պատասխանները, ինչն, ըստ նրա, ձայնագրված է։
Factor TV-ն հարցմամբ դիմել է Սպիտակի համայնքապետարան՝ նշված ձայնագրությունները ստանալու համար, սակայն համայնքապետարանը հարցման պատասխանը դեռ չի ուղարկել։ Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրանում է հարցմանը պատասխանելու համար սահմանված 5-օրյա ժամկետը։
Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանից, որի որոշմամբ էլ Անի Աբրահամյանը նշանակվել է տնօրեն։ Սակայն համայնքապետը հրաժարվեց անձամբ պատասխանել մեր հարցերին․ «Ասեմ մեր համայնքապետարանից զանգեն էլի Ձեզ, Ձեր ցավը տանեմ։ Իմ տեղը հարմար չի, հա՞»։
Դրանից հետո մեզ հետ կապ հաստատեց համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանը, որը նաև տնօրենի ընտրությամբ զբաղվող հանձնաժողովի անդամ է եղել։ Նա հաստատեց, որ պարտված թեկնածուն պատասխանել է բոլոր հինգ հարցերին, մինչդեռ տնօրեն նշանակված թեկնածուն՝ ընդամենը երեքին։
Սակայն, ըստ Ֆրանգյանի, գործող կարգով մրցութային փուլը հաղթահարելու համար բավարար է առնվազն երեք ճիշտ պատասխան։ Այդ պատճառով հանձնաժողովը երկու թեկնածուներին էլ հաղթող է ճանաչել, իսկ վերջնական ընտրությունը թողնվել է համայնքապետին։
Թե ինչու է Քաջայր Նիկողոսյանը նախապատվությունը տվել ավելի քիչ ճիշտ պատասխաններ տված Անի Աբրահամյանին,աշխատակազմի ղեկավարը հստակ չպարզաբանեց․ «Դե կոնկրետ անուն-ազգանունի ընտրությունը չեմ կարող բացատրել, թե ինչով է որոշվել»։
Ֆրանգյանի խոսքով՝ թեկնածուներից մեկը հարցերին պատասխանել է օրենքի ձևակերպումներով, մյուսը՝ տրամաբանելով։ Նրա գնահատմամբ՝ երկուսն էլ արժանի էին հաղթող ճանաչվելու։ Նա, միաժամանակ, հերքեց, որ մարզպետը կամ ԿԸՀ նախագահը միջամտել են մրցույթին, ինչպես նաև այն պնդումը, թե տնօրենի նշանակումը կապ է ունեցել համայնքապետի նկատմամբ իշխող կուսակցության հնարավոր աջակցության հետ։
Աշխատակազմի ղեկավարը նաև հայտարարեց, որ արդեն կայացած մրցույթից հետո կրկնակի մրցույթ անցկացնելու հնարավորություն գործող կարգը չի նախատեսում։
Դիմումում հիշատակվում են ինչպես Լոռիի մարզպետը և ԿԸՀ նախագահը, այնպես էլ ՔՊ պատգամավորը
Գոհար Վարդանյանի՝ վարչապետին հասցեագրված դիմումում խոսվում է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Ավետիսյանի մասին։
Վարդանյանի պնդմամբ՝ պատգամավորը դեռ մրցույթից առաջ կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ Սպիտակի բնակիչներից մեկն իրեն խնդրել է աջակցել մանկապարտեզի տնօրենի պաշտոնին նշանակվելու հարցում։ Ըստ դիմումատուի՝ իմանալով, որ ինքը ևս պատրաստվում է մասնակցել մրցույթին, Ավետիսյանը խոստացել է չաջակցել մյուս թեկնածուին։ Դիմումում հիշատակվում է նաև պատգամավորի և համայնքապետի միջև ենթադրյալ քավոր-սանիկական կապը։
Factor TV-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Ավետիսյանը հերքեց իր միջամտության մասին տեղեկությունները։
«Ոչ, ինձ նման հարցով տվյալ անձնավորությունը չի դիմել և չէր էլ կարող դիմել, որովհետև ես որևէ ազդեցություն գործընթացի վրա ունենալ չեմ կարող և չեմ էլ ունեցել»,- վստահեցրեց պատգամավորը։
Խոսեցինք նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։ Նա պնդում է՝ Քաջայր Նիկողոսյանին չի ճանաչում, երբևէ նրա հետ առնչություն չի ունեցել․ «Ինչ որ ասում եք, դա եկել է, ինձ հասել է այդ խոսակցությունը, ես ասել եմ՝ ապուշություն կատարյալ։
․․․Ավելին, երբ որ իմացել եմ, ասել եմ՝ իսկ գուցե իրավապահ մարմինները պիտի իրավական ընթացք տային գործին, եթե ինչ-որ մեկն այդպիսի հայտարարություն է անում»։
Փորձեցինք կապ հաստատել նաև Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ, սակայն անարդյունք։
Ի՞նչ է հայտնի Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի նորանշանակ տնօրենի մասին
Մինչև նշանակումը Անի Աբրահամյանն աշխատել է կրթական հաստատություններում, այդ թվում՝ նաև թիվ 2 մանկապարտեզում՝ որպես մեթոդիստ-խմբավար և դաստիարակ։
Factor TV-ն պարզել է, որ նրա մայրը՝ Գայանե Պապանյանը, 2007-2013 թվականներին եղել է նույն մանկապարտեզի առաջին տնօրենը։
Աբրահամյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, որ մոր նախկին պաշտոնավարումը որևէ կապ ունի իր նշանակման հետ։ Նա նաև հայտարարեց, որ համայնքապետի հետ անձնական կապ չունի և նրան հանդիպել է միայն նշանակման որոշումը ստանալու և ստորագրելու ժամանակ։
Գայանե Պապանյանն այժմ Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի լոգոպեդն է, նրանց ընտանիքից մեկ այլ ներկայացուցիչ՝ Աննա Պապանյանը, նույն թիվ 2 մանկապարտեզի երաժշտական դաստիարակն է։
Դիմումատուն չի ցանկանում հրապարակային խոսել
Factor TV-ն կապ հաստատեց նաև վարչապետին դիմած Գոհար Վարդանյանի հետ՝ փորձելով լրացուցիչ պարզաբանումներ ստանալ իր ներկայացրած տեղեկությունների և հետագա քայլերի վերաբերյալ։
Վարդանյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել տեղի ունեցածը․ «Կներեք, ես չեմ կարողանա մեկնաբանություններ տալ, որովհետև իրականում խուսափում եմ էս պահին։ Ես գործերն այլ կարգով եմ կարգավորում»։
Թե կոնկրետ ինչ ընթացակարգով է պատրաստվում շարունակել հարցի լուծումը, Վարդանյանը չմանրամասնեց։
Այսպիսով՝ առկա տեղեկություններով հաստատվում է, որ տնօրեն նշանակված թեկնածուն ճիշտ է պատասխանել հինգ հարցից միայն երեքին, մինչդեռ չնշանակված թեկնածուն՝ բոլոր հինգին։ Հանձնաժողովը երկուսին էլ հաղթող է ճանաչել, իսկ համայնքապետը հաջորդ օրն արդեն ստորագրել է ավելի քիչ ճիշտ պատասխաններ տված մասնակցի նշանակման որոշումը։
Համայնքապետարանից այդպես էլ հիմնավորված պատասխան չտրվեց, թե ինչ չափանիշներով է համայնքապետը որոշել տնօրեն նշանակել ավելի քիչ հարցերի ճիշտ պատասխանած թեկնածուին, և արդյոք վարչապետին ներկայացված՝ բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր միջամտության մասին տեղեկություններն արժանացել են անկախ քննության։
Factor TV-ն դիմեց նաեւ Քննչական կոմիտե, որտեղից հայտնեցին՝ Սպիտակի թիվ 2 մանակապարտեզի տնօրենի ընտրության հետ կապված հանցագործության մասին վարչապետի աշխատակազմից որեւէ հաղորդում կամ գրություն չեն ստացել։
Նշենք, որ Սպիտակում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակված են նոյեմբերի 29-ին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն դեռ հայտնի չէ։
Եվգենյա Համբարձումյան

