Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
Հասարակություն
24.11.2026 | 10:22
Դատախազության միջամտության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 30 հա մակերեսով բնապահպանական հողատարածք, որի կադաստրային արժեքը՝ մոտարկված շուկայականին, կազմում է ավելի քան 563 մլն դրամ։
Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Ա.Ս.-ն 2005-2008 թվականներին, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ձևական մրցույթների արդյունքում երեք անձի վարձակալության է տրամադրել ընդհանուր 1480 հա բնապահպանական հողեր։ Նոյեմբերի 5-ին դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ մրցույթներն անվավեր ճանաչելու պահանջով։
Նոյեմբերի 19-ին դադարեցվել է այդ հողերից 30 հա-ի նկատմամբ գրանցված վարձակալության իրավունքը, և տարածքը վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
«Դատախազությունը 2026 թվականի նոյեմբերի 7-ին տեղեկացրել էր, որ Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրության ընթացքում, ի թիվս այլնի, խախտումներ է հայտնաբերել Արարատի մարզի տարածքում գտնվող 1480 հա ընդհանուր մակերեսով բնապահպանական հողերը տարբեր անձանց օտարելու գործընթացում:
Մասնավորապես՝ ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն, տարբեր պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած անձանց օգտին ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնական դիրքն օգտագործելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և 2005-2008 թվականների ընթացքում ձևական մրցույթների արդյունքում, 3 անձանց վարձակալության իրավունքով տրամադրել է 1480 հա ընդհանուր մակերեսով բնապահպանական հողեր:
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը 2026 թվականի նոյեմբերի 5-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Միաժամանակ, դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:
Պետշահերի հայցին զուգահեռ՝ դատախազի կողմից միջնորդագիր էր հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ համայնքի և քաղաքացու միջև 2006 թվականի հուլիսի 12-ին կնքված՝ վերոնշյալ 1480 հեկտարից 30 հա մակերեսով բնապահպանական հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի նոյեմբերի 19-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող՝ 30 հա մակերեսով, 563 միլիոն 310 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով բնապահպանական հողատարածքի նկատմամբ գրանցված վարձակալության իրավունքը. հողատարածքը վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը»:
Հիշեցնենք՝ 2005–2008 թվականներին Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է Ալիկ Սարգսյանը, որը հետագայում՝ 2008–2011 թվականներին, ղեկավարել է ՀՀ ոստիկանությունը։ Դատախազությունը, սակայն, իր հաղորդագրությունում նախկին մարզպետի անունը չի հրապարակել՝ նշելով միայն Ա.Ս. սկզբնատառերը։

