Հետաձգվում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. ինչ են բանակցել Կարապետյանը և կառավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.07.2026 | 21:40ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մեկնարկը հետաձգվում է․ հուլիսի երկրորդ կեսի փոխարեն հարցը Կառավարության նիստի օրակարգում կարող է ընդգրկվել ավելի ուշ։ Մինչև հանրային գերակա շահ ճանաչելը պետք է հանրային լսումներ կազմակերպվեն։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ենթադրում եմ՝ օգոստոսի առաջին կեսում կքննարկվի, գուցե նոր Կառավարության օրակարգային հարցերից մեկը լինի հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Այսօր ավարտվում է ՏԿԵ նախարարության կողմից e-draft համակարգում ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագծի քննարկումը, որը սկսվել էր հունիսի 22-ից։ Նախարարությունը հիմնավորել է՝ կառույցը հանրային նշանակության ենթակառուցվածք է, որի գործունեությունը ենթակա է պետական խիստ վերահսկողության։ ՀԷՑ-ում խնդիրների մասին իշխանությունները, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ակտիվորեն սկսեցին խոսել ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի՝ Մայր Աթոռի բակից արված հայտարարությունից հետո։
«Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- ասել էր Սամվել Կարապետյանը։
Միլիարդատիրոջ այս հայտարարությունից հետո իրադարձությունները շատ արագ զարգացան․ քրեական գործեր, խուզարկություն Կարապետյանների առանձնատանը և ազատազրկում։ Իսկ ՀԷՑ-ում պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակվեց։
«Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է՝ իր խոսքն ասելու է, իրփնք հասկանալու են, որ սխալվել են»,- բերման ենթարկելու ընթացքում հայտարարում էր Սամվել Կարապետյանը։
Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում այսպես էր արձագանքել․ «Բա մենք ինչքան թքած ունենք նրանց վրա, ովքեր ՀԷՑ-ի վրա թքած ունեն»։
Այս մեկ տարվա ընթացքում իշխանության և արդեն խորհրդարան անցած երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի միջև նաև ՀԷՑ-ի թեմայով է սուր բանավեճ ծավալվել։ Հուլիսի 7-ին դատարանի բակում Factor TV-ի հարցերին ի պատասխան՝ Կարապետյանը պնդեց՝ ինչ ՀԷՑ-ի կառավարումն անցել է պետությանը, այս 11 ամիսների ընթացքում միայն ձախողումներ են գրանցվում։
«Փոխանակ արդիականացնեն, նոր միացումներ կատարեն․․․ ընդամենը 100 հատ նոր միացում են կատարել՝ 3500-ի փոխարեն։ Ամբողջությամբ ձախողել են»,- ասել էր նա։
Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Factor TV-ի հետ զրույցում հակառակն է պնդում․ «2026 թվականի առաջին կիսամյակի յուրաքանչյուր օր 30-35 միացում է իրականացվել, ընդհանուր 4100 միացում է իրականացվել»։
Հանրային գերակա շահ ճանաչվելուց հետո, ըստ Ռոմանոս Պետրոսյանի, ընկերությունն անցնելու է պետական գրանցումների փուլ։ Ընդհանուր գործընթացը, ըստ նրա, տևելու է շուրջ մեկ տարի, որը ներառում է նաև ընկերության շուկայական արժեքի գնահատումը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կառավարությունը Կարապետյաններին 62 մլն դոլար փոխհատուցում է առաջարկել ՀԷՑ-ի համար, սակայն սեփականատերերը չեն համաձայնվել։
Ռոմանոս Պետրոսյանն այսօր որոշակի մանրամասներ հաղորդեց բանակցություններից․ «Բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, քանի որ գարծարքը տեղի չունեցավ։ ՏԿԵ նախարարն էր բանակցում Կարապետյանների հետ, գրավոր շփում է եղել, որքանով ես եմ տեղյակ»։
Հիշեցնենք՝ Կարապետյանները միջազգային արբիտրաժային հայցով 500 միլիոն դոլար փոխհատուցում են պահանջել Հայաստանի կառավարությունից:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

