Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.10.2026 | 20:00Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրություններում հնչող ահազանգերին, ընդդիմության պասիվությանն ու ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ շրջանառվող զեկույցին։
Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե իշխանությունն ահաբեկում է թեկնածուներին, ինչի պատճառով իրենք չեն մասնակցում մի շարք համայնքների ընտրություններին, Աղաջանյանն այդ հայտարարությունները որակել է որպես արդարացում. «Միանշանակ կեղծ նարատիվ է, որովհետև 19 ընտրատարածքներում չմասնակցել ընտրություններին, դա նշանակում է, որ իրենք ուղղակի չեն պատրաստվել էս ընտրություններին, նշանակում է, որ իրենք քաղաքականապես հասուն չեն առնվազն էդ կշիռն ունենալու, որպեսզի մասնակցեն, և էն խոստումները, որ նախորդիվ իրենք տվել են իրենց ընտրողներին… չեն կարող դա պահել… Դա հեքիաթ է»։
Խոսելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի այն ահազանգի մասին, թե Արմավիրի մարզպետը ճնշում է գործադրել դաշնակցական հավանական թեկնածուի նկատմամբ, պատգամավորն ընդգծել է, որ դա դեռևս ապացուցված փաստ չէ.
«Անկեղծ եմ ձեզ ասում, որ շատ քիչ հավանական եմ համարում, որ դա կարող է լինել իրականություն… Ես պատրաստ եմ գրություն ուղարկել համապատասխան մարմիններին՝ փորձելով տեղեկանալ, թե ինչ է եղել էդ դեպքի հետ կապված և արդյոք քննությունը որեւէ բան ի հայտ բերել ա»։
«Մեզ վերագրվում են արարքներ, մեր քաղաքական թիմակիցներին վերագրվող արարքներ, որոնք քաղաքականապես խնդրահարույց են մեզ համար… Եթե կա մեր թիմի ներսում մարդ, ով օգտագործելով իրենց «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցական լինելու կարգավիճակը կամ վարչապետի անունը… ըստ էության, դավաճանում է առաջին հերթին իր թիմին, նա պետք է քաղաքական նման վերաբերմունքի արժանանա»,- ասել է նա։
Խոսելով մամուլում շրջանառվող այն փաստաթղթի մասին, ըստ որի՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի հեռանալու դեպքում գազի սակագինը կթանկանա, ՌԴ-ից դրամական փոխանցումները կկրճատվեն, պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա.
«Նախ ուզում եմ արձանագրենք, որ ԵԱՏՄ-ից որեւէ անդամ պետությանը հեռացնելու ընթացակարգ չկա: Եվ զուգահեռ նաև Հայաստանը երբեք չի հայտարարել, որ պատրաստվում է ԵԱՏՄ-ից դուրս գալ: Եվ հետեւաբար այս երկու իրողությունները համադրելով՝ էս զեկույցի գոյությունը ինքնին փոքր-ինչ աբսուրդային է, և պարզ չի, թե ինչ հնարավոր ռիսկեր է գնահատվում, եթե էդ ռիսկերը ըստ էության էս պահին առնվազն չկան»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

