Հեղափոխության օրերին Ոստիկանությունը գծատերերից պարտադրանքով ու գումարով մեքենաներ է ձեռք բերել՝ մարդկանց բերման ենթարկելու համար․ ինչո՞ւ է նոր Հայաստանի Ոստիկանությունը հակառակը պնդում

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

2018 թվականի ապրիլ ամսվա ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաները և հանրահավաքները կանխելու նպատակով Ոստիկանությունը իր ուժերը տեղափոխելու համար ծառայողական մեքենաներից զատ օգտագործում էր նաև մասնավոր մեքենաներ:

Մասնավորապես, Factor.am-ի լրագրողները Երևանի տարբեր հատվածներում նկատել են, որ Ոստիկանությունը քաղաքացիներին բերման ենթարկելու համար օգտագործում է առանց պետհամարանիշի ավտոմեքենաներ, քաղաքային երթուղին սպասարկող, տուրիստական ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ: Դեռևս ապրիլի 16-ի լույս գիշերը Նիկոլ Փաշինյանի և աջակիցների ԱԺ մուտք գործելու փորձին և ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառմանը նախորդող գիշերը Factor.am-ը ֆիքսել էր, թե ինչպես են մի քանի հարյուրի հասնող ոստիկանները դիրքավորվել Դեմիրճյան փողոցում, որոնց մի մասը՝ 31 համարի երթուղայիններում։

Իսկ ապրիլի 18-ին էլ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում էին 31 և 58 համարի երթուղային միկրոավտոբուսները՝ կրկին ոստիկաններով լի: Հաջորդող օրը Հանրապետության հրապարակում՝ կայանված էին «Ար տուր բաս» տուրիստական ընկերության ավտոբուսները, որոնք նույնպես ոստիկանների համար էին ծառայում որպես փոխադրամիջոց։

Իսկ ահա ապրիլի 20-ին Ազատության պողոտայում ոստիկանները 1-ին համարի ավտոբուսով փորձում էին բերման ենթարկել քաղաքացիների, վարորդը, սակայն, հրաժարվեց վարել ավտոբուսը:

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պարզելու համար, թե ինչպես է ստացվել, որ հասարական երևեկությունն ապահովող մեքենաները հայտնվել են ոստիկական ծառայության մեջ: Հստակ հարցրել էինք՝ ու՞մ ցուցումով են ոստիկանները տեղափոխվում 58 և 31 համարի միկրոավտոբուսներով: Նաև խնդրել էինք պարզաբանել՝ արդյոք նշյալ օրերին ոստիկանությունը փոխադրամիջոցի խնդիր ունեցե՞լ է և որքա՞ն գումար է հատկացվել մեքենաների վարձակալության համար:

Վալերի Օսիպյանի պատասխանը հակասում է վարորդներին

Ոստիկանությունից Factor.am-ին հետեւյալ պատասխանն են փոխանցել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «2018 թվականի ապրիլ ամսին Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում անցկացված հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողները սահմանված կարգով կատարել են հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման ծառայություն:
Երեւանի քաղաքապետարանի շրջակայքում եւս տեղակայված ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները, այդ թվում պահեստային ուժերը, ներգրավված են եղել նշյալ ծառայության մեջ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կազմակերպությունները եւ քաղաքացիները իրենց տրանսպորտային միջոցները տրամադրել են կամավորության սկզբունքով եւ անհատույց»,- մեջբերման ավարտ:
Այստեղ ուշագրավ է հատկապես ոստիկանության պաշտոնական պատասխանի վերջին հատվածը՝ կամավորության սկզբունքով եւ անհատույց տրամադրված երթուղայինների մասին, որը իրականությանը չի համապատասխանում: Factor.am-ը զրուցել է նշյալ երթուղիների սեփականատերերի, գործադիր տնօրենների եւ վարորդների հետ, ովքեր փաստել են  հակառակը՝ մեքենաները ոստիկանության տնօրինության տակ  հայտնվել  են կա՛մ գումարով, կա՛մ առանց իրենց ցանկության:

1 համարի ավտոբուսի վարորդին վճարել են

Ապրիլի 20-ին համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնցում վարորդը հրաժարվում էր վարել ավտոբուսը եւ քաղաքացիներին ոստիկանների ցուցումով տեղափոխել ոստիկանական բաժին: Factor.am-ին հայտնի դարձավ, որ 1 համարի ավտոբուսը պատկանում է «Լյուդվիգ եւ որդի» ՍՊԸ-ին, որի սեփականատերը Լյուդվիգ Պողոսյանն է: Ավտոբուսի վարորդը՝ Յաշա Հովսեփյանը, Factor.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է հայտնվել քաղաքացիներին բերման ենթարկող ոստիկանների գործողությունների կիզակետում։
«Ես առավոտ շուտ Զեյթունից պետք է գիծ մտնեի, ինձ պետական համարներով մեքենա մոտեցավ, իսկ վարողը քաղաքացիական շորերով էր: Նա ասաց, որ գործ կա, պետք է ժողովրդին տեղափոխել եւ հարցրեց, թե երկու ժամի համար ինչ կուզեմ: Ես էլ ասացի՝ 15 հազար դրամ: Համաձայնվեցինք ու գնացինք Զեյթունի Սիթիի մոտ: Գլխանց հանեցին 20 հազար դրամ տվեցին, հետո մի ուրիշ ջահել նստեց՝ էլի քաղաքացիական հագուստով ու ասեց՝ քշի Մանումենտ:
Երբ արդեն հասնում էինք Ազատության պողոտա, այդ մարդն ասաց՝ սպասի ես իջնեմ, որ ինձ չտեսնեն: Եկա հասա ոստիկանների մոտ, ինձ ասացին, որ առաջին դուռը բացեմ, իսկ հետեւինը փակ պահեմ: Դրանից հետո սկսեցին ջահել էրեխեքի վզից բռնած, հրելով լցնել ավտուբուս»,- նշեց Յաշա Հովսեփյանը եւ տեղեկացրեց, որ ավտոբուսը չվարելու համար իրեն եւս բերման են ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
«Պետի տեղակալը ինձ ասում էր՝ գիտես հեղափոխություն է լինելու, որ ավտոբուսը չէիր քշում: Հետո բերեցին մի մարդու, որ իմ փոխարեն ավտոբուսը քշի, բայց ես բանալիները չտվեցի այդ մարդուն, դա էլ իմ տարիքին մարդ էր, ասում էր՝ ինձ էլ բերել են, որ քշեմ, գիտես համաձա՞յն եմ»,- մեզ հետ  զրույցում ասաց վարորդը եւ տեղեկացրեց, որ Զեյթունից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելուց հետո մի քանի ժամով գաղտնի հեռացել է ոստիկաններից, որպեսզի չստիպեն կրկին քաղաքացիներին «բերման ենթարկել»:
Յաշա Հովսեփյանը վերադարձել է երեկոյան եւ ավտոբուսը ոստիկաններից ստացել է միայն երեկոյան ժամը 8:00-ի հատվածում: Նա Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ավտոբուսը չվարելու համար ԱՄՆ-ից անծանթ անձը 250 ԱՄՆ դոլար է ուղարկել իրեն:

«Ար տուր բաս» ընկերությանը պարտադրել են ավտոբուսներ տրամադրել

«Ար տուր բաս» տուրիստական ընկերության սեփականատեր Աշոտ Ղորուխչյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր կազմակերպության ավտոբուսները պարտադրանքով են տվել ոստիկանությանը:
«Մենք փաստի առաջ էինք կանգնել: Եկել պարկից վերցրել ու տարել են: Գիշերով մյուս տնօրենին տնից հանել են, տարել են գարաժ ու ավտոբուսները վերցրել են»,- ասաց Աշոտ Ղորուխչյանը:
Ըստ տնօրենի՝ ոստիկանները որպես հիմնավորում նշել են, որ զորքին տեղափոխելու խնդիր կա: «Հայաստանում դա նորություն չէ, որ մարդու ցանկութունը հաշվի չեն առնում: Պարտադիր կամավոր սկզբունքով տարել են եւ ոչ մի փոխհատուցում էլ չեն տվել: Երկու ավտբուս էին տարել, 4-5 օրից տվեցին: Մեքենաները չէր վնասվել, առավոտյան եւ երեկոյան ոստիկաններին էին տեղափոխել»:

Գերիշխող դիրք ունեցող ՍՊԸ-ի տնօրենը վարորդին չի մեղադրում ոստիկաններին տեղափոխելու համար

31 համարի երթուղային միկրոավտոբուսը, որը տեղափոխել էր ոստիկաններին,  պատկանում է «Դավիթ երթուղային տաքսի» ՓԲԸ-ին: Կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Բեգունյանը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ վարորդը ինքնակամ է լքել երթուղին եւ տեղափոխել ոստիկաններին:
«Ինձանից ոստիկանությունը եւ ընդդիմությունը մեքենա չի ուզել: Մեզանից մեկ վարորդ է ոստիկաններին տեղափոխել, որից մենք տեղյակ չենք եղել: Հետագայում վարորդին կանչել եմ ինձ մոտ եւ պարզվել է, որ ոստիկաններից մեկը ծանոթ է եղել եւ նրանց տեղափոխել է: Վարորդը հանցագործություն չի արել, եթե անգամ ոստիկանների է տեղափոխել: Կոնկրետ այդ մեքենան մեր սեփականությունը չէ, եւ սեփականատերը իր մեքենան պայմանագրով վարում է մեր գծում: Նա պայմանագրային կետ է խախտել, որ առանց մեր իմացության երթուղին լքել է, բայց ասում եմ, որ 20 մեքենա էլ հեղափոխություն անողների հետ ճանապարհ են փակել»:
«Հետք»-ի տեղեկություններով՝ «Դավիթ երթուղային տաքսի» ՓԲԸ-ն պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության աշխատակից Օհան Մուրադյանին: Մեր տեղեկություններով էլ նա մտերմիկ հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի հետ: «Դավիթ երթուղային տաքսի» ՓԲԸ-ն գերիշխող  դիրք ունի Երեւանի տրանսպորտային ոլորտում, քանի որ սպասարկում է 8, 16, 20, 26, 31, 31Ա, 36, 54, 55, 69 երթուղիները, ինչպես նաեւ Երեւան-Բյուրեղավան 258 երթուղին:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան  տեղեկացնում են, որ 58 համարի միկրոավտոբուսային երթուղին սպասարկում է «Ուղևոր տար» ՍՊԸ-ն: Պետռեգիստրի տվյալներով՝ այս ՍՊԸ-ի հիմնադիրը Քնքուշ Վարդանյանն է, իսկ գտնվելու վայրը Ղարիբջանյան 62ա հասցեն է, սակայն մեր այցելությունից պարզ դարձավ, որ այդ հասցեում նման կազմակերպություն չկա:
Հ.Գ. Ոստիկանապետի եւ վարորդների, սեփականատերերի պատասխանները համադրելիս գալիս են այն եզարակացության, որ Ոստիկանությունը նաեւ պարտադրանքով  է փոխադրամիջոցներ ձեռք բերել: Զարմանալին այն է, որ նոր Հայաստանի  ոստիկանապետը փորձում է քողարկել հին Հայաստանում տեղի ունեցած անօրինականությունները:

Հայկ Վարդանյան

Լիլիթ Շաբոյան