Նախկին ու ներկա ո՞ր պաշտոնյաներն արտասահմանում մեծ կարողություն ունեն և ի՞նչ  է սպասվում  նրանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 17:31
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 16:24
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
13.12.2024 | 16:19
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
13.12.2024 | 15:24
Ադրբեջանում զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է նվազեցնել՝ հասցնելով 30 տարեկանի
Բոլորը

Հայաստանի ներկա և նախկին շատ պաշտոնյաներ ահռելի գույք են ձեռք բերել ոչ միայն մեր երկրում, այլև հանրապետությունից դուրս՝ եվրոպական պետություններում ու շատ ավելի հեռուներում. այն երկրներում, որտեղ ապրելն ու գործարարությամբ զբաղվելը նրանց համար շատ ավելի հաճելի և օգտակար է թվացել:

Իսկ ի՞նչ միջոցներով են նրանք տարբեր երկրներում հսկայական սեփականության տեր դարձել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր Հայաստանից գողացած փողերին՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր չէ՞ բացահայտել Ալեքսանդր Սարգսյանի՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր «50/50-ներից» մեկը: «Անձամբ ես շահագրգիռ եմ, որ ինչքան հնարավոր է՝ շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն, և դա օգտագործվի Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և այլ հարցեր լուծելու համար»,- հայտարարել էր նա։

Ի դեպ՝ դրսում գույք ունի նաև Ալեքսանդր Սարգսյանը. հայտնի է, մասնավորապես, ԱՄՆ-ում նրա շքեղ առանձնատունը, որը ցանկանում էր վաճառել մոտ 3 մլն դոլարով: Բայց ամեն անգամ այսպիսի թեմայի անդրադառնալիս մեր ուսումնասիրություններում իր ուրույն տեղն է զբաղեցնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ԿԸՀ ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ նա շշալցնող գործարան ունի Բուլղարիայում՝ «Գոռնա բանյա» անվանումով: Բուլղարիայում է գրանցված միջնորդական, տրանսպորտային, տուրիստական, խորհրդատվական, հյուրանոցային և այլ գործունեություն իրականացնող «Մուլտիգրուպ Եվրոպա»  ընկերությունը, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ «Գրանդ Հոթել Կեմպինսկի Ռիգա» շքեղ հյուրանոցը, «Մուլտի գրուպ ինվեսթբել» ընկերությունը ներդրումներ է կատարել Բելառուսում: Գագիկ Ծառուկյանը Մինսկում բացել է նաև կոնյակի գործարան, իսկ Ուկրաինայում նրա անունով երեք ընկերություն կա։

Հատկապես Բուլղարիան, Չեխիան և ԱՄՆ-ն մեր գործարար պաշտոնյանների համար կապիտալ արտահանելու, անշարժ գույք ձեռք բերելու և բիզնեսով զբաղվելու նախընտրելի երկրներից են: Բուլղարիայում ընկերություն է հիմնել և որդու անունով գրանցել «Ջերմուկ Գրուփ»-ի սեփականատեր, պատգամավոր Աշոտ Արսենյանը: Վերջերս «Հետք»-ը  ներկայացրեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին ու նրա հարազատներին պատկանող ընկերությունների ցուցակը, որոնք  զբաղվում են անշարժ գույքի վարձակալությամբ, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությամբ:

Չեխիայում սեփականություն և բիզնես ունեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի որդիները: Իհարկե, առանձնահատուկ կարելի է անդրադառնալ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին, որի՝ Պրահայում գտնվող անշարժ գույքի քանակը զարմացրեց բոլորին, անգամ նոր իշխանություններին: Հայտնի դերասանն այնտեղ ունի 5 բնակարան, 1 առանձնատուն և 2 հողատարածք: Մարությանը հայտարարել է, որ ամբողջ կյանքում աշխատել է, և իր բնակարանները ձեռք է բերել արդար քրտինքով:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ բնակարան ունի Բուլղարիայի Վառնա քաղաքում: Այնտեղ բնակարան ունի նաև նրա որդին՝ տարբեր պաշտոններ զբաղեցրած Ռոբերտ Հարությունյանը: Տարիներ առաջ մամուլը պայթեց հրապարակումներով այն մասին, թե ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն Ավստրիայում 200 մլն դոլարով գնել է «Մոցարտ» շոկոլադի գործարանը: Խաչատրյանը հայտնի է եղել որպես պաշտոնյա, որը երկար տարիներ իր պաշտոնական դիրքը չարաշահելով՝ ընդլայնել է սեփական բիզնես գործունեությունը:

Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը տուն և փոքրիկ խանութ ունի ԱՄՆ-ում: Վերջերս մամուլը գրեց, որ այն ձեռք է բերել 1.2 մլն դոլարով։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ այդ երկրում տուն ունի նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ պատգամավոր Արթուր Գևորգյանը:

Ֆրանսիայի Նիս քաղաքում բնակարան ունի Դաշնակցություն կուսակցության անդամ, մի քանի անգամ կրթության ու գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մկրտչյանը,  Ֆրանսիայում տուն ունի և կոնյակի գործարան է կառուցում նաեւ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը։ Մի շարք պաշտոնյաներ հայտնի են օֆշորային գոտիներում մեծ փողեր լվանալու սովորությամբ: Այս դեպքում կարող ենք ընդամենը հիշել պատգամավոր Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալը, որի արդյունքում նա հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից:

ՀՀ պաշտոնյաների համար այլ երկրում բիզնես անելու սիրված ուղղություն էր նաև Վրաստանը: Այնտեղ խանութների ցանց ունի պատգամավոր Արտակ Սարգսյանը: Նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը հարևան երկրում անշարժ գույք և ձկնաբուծական կենտրոն ունի. Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղում նա ձեռք է բերել նույնանուն լճակը և ձկնաբուծությամբ է զբաղվում։ Գյուղի բնակիչները դատի են տվել նախկին պատգամավորի ընկերությանը՝ պահանջելով դադարեցնել լճում ձկնորսությունը։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մոտ երկու ամիս առաջ նամակ է գրել Համաշխարհային բանկ՝ Հայաստանից դուրս բերված հանրային միջոցների վերադարձի գործընթաց սկսելու համար։ Կարո՞ղ են նոր իշխանությունները գնալ արտահանված ապօրինի կապիտալի հետքերով և հետ վերադարձնել դրանք: ԱԱԾ նախկին ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը / ով մեզ հետ զրույցի պահին դեռ ԱԻՆ նախարարի պաշտոնը չէր ստանձնել/ մեզ հետ զրույցում ասաց, որ թե՛ իր ղեկավարած կառույցը, թե՛ իրավապահ այլ մարմիններ տարբեր երկրներում ՀՀ դեսպանությունների կամ այդ երկրների պատկան կառույցների հետ համագործակցելով՝ կարող են շատ բան ճշտել։

«Դա արդեն ապացուցողական բազա ստեղծելու խնդիր է: Դրա համար էլ ձեր թվարկած բոլոր ծառայություններն ունեն օպերատիվ ծառայություններ, կարող են օպերատիվ ճշտել, նաև լեգալիզացնել: Լեգալիզացիան արդեն բացահայտ ցուցմունքներն են, որոնք քննչական գործողությունների արդյունքում կարող են հիմնավորվել»,- հավելեց նա։

Տեղին է հիշել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին վերագրվում են բազմաթիվ եկամտաբեր ընկերություններ: Քոչարյանը հերքում է, հերքեցին նաև այդ ընկերությունները: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հակադարձում է. սպասեք հետաքրքիր բացահայտումների: Ֆելիքս Ցոլակյանը չցանկացավ անդրադառնալ թե՛ նախկին նախագահին, թե՛ այլ պաշտոնյաններին վերագրվող բիզնեսներին, որոնք գտնվում են արտերկրում: Ամեն դեպքում՝ իր կրտսեր գործընկերներին խորհուրդ է տալիս չշտապել:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը վստահեցնում է, որ միջազգային հանրությունը վաղուց է ստեղծել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գումարներն այլ երկրներում հայտնաբերելու և վերադարձնելու մեխանիզմները: ՀՀ իշխանությունները կարող են դա կիրառել՝ համագործակցելով արտասահմանյան գործընկերների հետ: Հատկապես, որ արդեն ուժի մեջ է մտել ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենսդրական դրույթը: «Երբ կհաստատվի, որ որևէ պաշտոնյա ապօրինի է ձեռք բերել այդ գույքը, մանավանդ, որ այն ձեռք է բերվել պաշտոնի չարաշահման և հանրային միջոցների հաշվին, դուրս է հանվել երկրից և դրսում կապիտալի վերածվել, այդ ամենը ենթակա է վերադարձման»,- եզրափակում է Հերիքնազ Տիգրանյանը։

 

Արմինե Ավետյան

Մանրամասները՝ տեսանյութում։