Թուրքիայում ձևավորվել և այսօր էլ գործում է ապարտեիդի ռեժիմ. Թաներ Աքչամ

Լուրեր

22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
Բոլորը

Թուրք անվանի մտավորական, պատմաբան Թաներ Աքչամը պնդում է, որ թուրքական հանրապետության հիմնադրումից ի վեր երկրում ձևավորվել և այսօր էլ գործում է ապարտեիդի՝ ազգային խտրականության ռեժիմ, ինչը պատահականության արդյունք չէ, այլ ունի հստակ միտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս օրերին Երևանում գտնվող Թաներ Աքչամն այդ մասին հայտնեց իր հեղինակային գրքի («Ցեղասպան պետության ակունքները») շնորհանդեսի ժամանակ։

Թուրք մտավորականը հիշեցրեց, որ նախորդ անգամ Հայաստանում եղել է 2018 թվականին՝ նույնպես իր հեղինակային «Սպանության հրամաններ» գրքի հրատարակման առթիվ, շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է կրկին լինել Երևանում։

«Յուրաքանչյուր գրքի հրատարակություն նման է երեխայի ծննդին, և կապ չունի, թե որ լեզվով է գրված։ Հայերին առնչվող իմ երեք գրքերն էլ ինձ համար ունեն հուզական մեծ նշանակություն։ Իմ գրքերը սովորաբար հրատարակում եմ նախևառաջ թուրքերենով, որովհետև նույնիսկ այլ լեզուներով գիրք հրատարակելը ենթարկվում է քննադատության, առավել ևս, եթե այն վերաբերում է Հայոց ցեղասպանությանը։ Հայերենն ինձ համար, անշուշտ, հարազատ լեզու է, ուստի ես  համաձայնվում եմ իմ գրքերն օտար լեզուներով հրատարակել միայն այն ժամանակ, երբ դրանք լույս են տեսնում նախ հայերեն լեզվով։ Գիտակցում եմ, որ Հայոց ցեղասպանության մասին գրել և հայերեն չիմանալը մեծ թերություն է, բայց կարծում եմ, որ իմ կատարած աշխատանքի շնորհիվ ինձ կներեն այդ բացթողման համար»,- ասաց Աքչամը։

Նա հավելեց, որ տարածված թուրքերեն ասացվածքի համաձայն՝ բանջարեղեն ունեցողին բանջար չես վաճառի, ուստի վերոհիշյալ գրքում, գուցե, հայ ընթերցողների համար նոր բան չլինի, սակայն Թուրքիայում բնակվող հայ ընկերները իրեն քաջալերում են և ոգևորվում այն իրողությունից, որ ինքը կարողանում է թղթին հանձնել շատ կարևոր պատմագիտական վերլուծություններ։

«Գիրքը հիմնված է երեք հիմնական թեզերի վրա և ընդգրկում է Թուրքիայի Հանրապետության ձևավորումն ու ապարտեիդի ռեժիմի կառուցումը։ Բոլորն, անկախ իրենց քաղաքական հայացքներից, այսօր պնդում են, որ Թուրքիան պետք է լինի ժողովրդավարական պետություն, սակայն հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու չկա գեթ մեկ քրիստոնյա բարձրաստիճան պաշտոնատար անձ թուրքական կառավարությունում։ Նախորդ 100 տարիների ընթացքում որևէ հայ, հույն կամ հրեա չի աշխատել իշխանական բարձրագույն օղակներում՝ արդարադատության ոլորտում, պաշտպանության բնագավառում և այլուր։ 1920 թվականին հայերի թվաքանակը կազմում էր ողջ բնակչության 7 տոկոսը, սակայն այսօր այդ ցուցանիշը նույնիսկ մեկ տոկոս չէ։ Նշված ողջ ժամանակահատվածում որևէ հայ նույնիսկ չի ընդունվել ռազմական ակադեմիա։ Թուրքիայում ի սկզբանե ձևավորվել է մի վարչակարգ, որն անվանում եմ ապարտեիդի ռեժիմ, ինչը պատահականության հետևանք չէ և այսօր էլ ունի հստակ միտում»,- ասաց Աքչամը։

Նրա վկայակոչմամբ՝ դեռ 1920 թվականին Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները նշում էին այն մասին, որ պետության քաղաքացիներ են համարվում նրանք, ովքեր մահմեդական են և խոսում են թուրքերեն։ Ավելին՝ 1920-ական թվականներին համապետական ընտրություններում քրիստոնյաներին արգելել են քվեարկել և մասնակցել ընտրական գործընթացներին։ Անվանի մտավորականը հայտնեց, որ Թուրքիայում գործում է, այսպես կոչված, «գաղտնագրի համակարգ»։ Հույների ծննդյան վկայականներում նշվում է 1 թվանշանը, հայերի պարագայում՝ 2, հրեաների դեպքում ՝ 3։ Եթե նույնիսկ մարդիկ ուծացվել են և ընդունել մահմեդականություն, իրենց կոչել են թուրքական անուններով և ազգանուններով, մոռացել են իրենց անցյալը, միևնույն է, պետության աչքից ոչինչ չի վրիպում և պահպանվում են նույնիսկ մարդկանց նախապապերի ծագումնաբանության տվյալները։ Աքչամի պնդմամբ՝ մեր օրերում նույնպես գրանցվում են արտառոց դեպեք։ Նա հիշատակեց մեկ օրինակ, երբ ռազմական ակադեմիանից հեռացվել է սպաներից մեկը, որն ամուսնացել էր հայուհու հետ։ Նրան ասել էին, որ այդ կերպ հանցանք է գործել։

«Թուրքիայում ապարտեիդի ռեժիմը նույնիսկ ամրագրված է իրավական նորմերով և օրենքներով և փաստացի հիմնված է եռաստիճան մի խտրական համակարգի վրա, որի գագաթին թուրքերն են, մեջտեղում գտնվում են մահմեդականները, բայց ոչ թուրքերը, իսկ ստորին շերտում քրիստոնյաներն են։ Երկրորդ թեզն այն է, թե ինչու մինչև իմ այս գիրքը ոչ ոք փաստացի չի խոսել տվյալ խնդրի մասին։ Բոլորը խոսում են անհավասարության, ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին, սակայն ոչ ոք չի ասում, որ թուրքական հանրապետության հիմնադրման առաջին իսկ օրից պետականաշինության հիմքում դրվել է ապարտեիդի գաղափարախոսությունը։ 1920-ական թվականների իրադարձությունների հանրագումարը շատերի կողմից ներկայացվում է որպես անկախության համար մղված պայքար, բայց իրականում դա արվում է հենց ապարտեիդի ռեժիմը քողարկելու համար։ Կան բազմաթիվ փաստեր ու վկայություններ, որ այդ ամենն արվել է միտումնավոր կերպով։ Այդ փաստերը տեղ են գտել իմ գրքում»,- նշեց Աքչամը։

Թուրք մտավորականի դիտարկմամբ՝ եթե ցանկանում են Թուրքիայում հաստատել ժողովրդավարություն, ապա պետք է վերանայեն պատմությունն ու առերեսվեն դրա հետ։ Սա գրքի երրորդ թեզն է, որի համաձայն՝ Թուրքիայի բնակիչներն այդ համատեքստում պետք է համարձակություն ունենան իրենց տարանջատել հանրապետության հիմնադիր հայրերից և ընդունել, որ հերոսացված այդ անձինք իրականում հիմնել են ապարտեիդի ռեժիմ։