600 մլրդ դրամի պահանջ․ ինչ կլինի, եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի ապօրինի գույքի բռնագանձման օրենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2025 | 23:30
Հայաստանի երիտասարդների հավաքականը սամբոյի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղը
25.04.2025 | 23:13
Թուրքիայի խորհրդարանում միակ քրիստոնյա պատգամավորը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
25.04.2025 | 22:59
Երևանն ու Նիցցան դիտարկում են գործակցության նոր ծրագրեր
25.04.2025 | 22:47
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցել են եզրափակիչ փուլ. Աշխարհի գավաթ
25.04.2025 | 22:20
Նարիշկինը խոսել է Բաքու կատարած այցի ընթացքում Սիրիայի հատուկ ծառայության ներկայացուցչի հետ հանդիպման մասին
25.04.2025 | 22:06
Ստամբուլում նոր երկրաշարժ է գրանցվել
25.04.2025 | 21:56
ՊԵԿ նախագահը աշխատանքային այցով կմեկնի Իրան
25.04.2025 | 21:42
Բաքվում շինծու գործերով դատական նիստում Արկադի Ղուկասյանը հերքել է իր մասին «տուժողներից» մեկի հայտարարությունը
25.04.2025 | 21:30
Հղի կնոջ և չծնված երեխայի մահից 3 տարի անց մեղավորները պատժված չեն․ ինչու է գործը ձգձգվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2025 | 21:15
«Ամբողջ գիշեր ջուր ենք կրել». 4 անչափահասները տատի հետ ապրում են անմարդկային պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2025 | 21:02
Ապրիլի 28-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.04.2025 | 20:49
Մերժում ենք Թրամփի, նրա բոլոր նախորդների և այլ արևմտյան առաջնորդների ապրիլի 24-ի ուղերձները․ Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ
25.04.2025 | 20:35
Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը 3 ժամ է տևել. քննարկվել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը
25.04.2025 | 20:25
Ըստ նախնական տվյալների՝ սահմանապահ զորքերի զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք. ԱԱԾ
25.04.2025 | 20:13
Ստորագրվել է կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը
Բոլորը

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Գագիկ Ծառուկյան, Վլադիմիր Գասպարյան․ նախկին բարձրաստիճան այս և այլ պաշտոնյաններ սպասում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը։ Դատարանն ապրիլի 4-ին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դեռևս 3 տարի առաջ վարույթ ընդունած գործով որոշում կայացնելու։

Օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականին, որից հետո Գլխավոր դատախազությունը սկսեց ուսումնասիրություններ իրականացնել, իսկ 2022 թվականին՝ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումից հետո, հայցադիմումներ ներկայացնել դատարան՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջներով։

2020-ից մինչև 2025 թվականի հունվարի վերջ Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում ընդհանուր 614 ուսումնասիրություն է իրականացվել։ Գործերի մեծ մասը վերաբերում է նախկին պաշտոնյաների։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը նշում է, որ ուսումնասիրությունների արդյունքում դատարան ներկայացված հայցերի թիվը 136 է, որոնցից 21-ն արդեն գտնվում են դատաքննության փուլում։

«Դա նշանակում է, որ այս գործերով արդեն իսկ բաշխված է ապացուցման պարտականությունը, ներկայացված են ապացույցներ, և դատարանն արդեն հետազոտում է ապացույցները կամ պետք է անցնի կոնկրետ ապացուցների հետազոտման»,- ասում է Համլետ Հարությունյանը։

Դատարան ներկայացված գործերով Դատախազությունն ակնկալում է շուրջ 600 մլրդ դրամ վերադարձնել ՀՀ պետբյուջե։

«Նշված ժամանակահատվածում ներկայացված հայցադիմումներով, ընդհանուր առմամբ, պահանջվում է  հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույք, 359 իրավաբանական անձանցում մասնակցություն։ Դրամական պահանջը կազմում է շուրջ 527 մլրդ դրամ, իսկ ընդհանուր հայցագինը՝ շուրջ 600 մլրդ դրամ։ Ընդ որում, այս թիվն ունի աճման միտում, քանի որ ոչ բոլոր գույքերն են գնահատված, ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքն է պարզված, պարզված չեն նաև իրավաբանական անձում մասնակցության արժեքները, իսկ իմ կողմից նշված իրավաբանական անձանց թվում կան այնպիսիք, որոնց արժեքը պարզելու դեպքում ներկայացված հայցագինը կարող է քանիցս աճել»,- բացատրում է դատախազը։

Մինչ Դատախազությունը հաշվում է պետբյուջե վերադարձվելիք փողերը, գործերով անցնող նախկին պաշտոնյաների փաստաբանները պնդում են՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բնագանձման մասին օրենքի բազմաթիվ դրույթներ հակասահմանադրական են և խախտում են անձի իրավունքները։

Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործով փաստաբան Հարություն Հարությունյանի կարծիքով՝ Դատախազությունը լիազորություն չուներ ապօրինի գույքի բռնագանձման գործերով հայցադիմուներ ներկայացնելու։

«Սահմանադրությամբ և Դատախազության մասին օրենքով՝ Դատախազությունն իրավունք չունի ուսումնասիրություն  կատարել՝ փորձելով վեր հանել օրինական և ապօրինի եկամուտներ, որպեսզի նաև եկամուտների անհամապատասխանության մասով փորձի հարուցել ապօրինի գույքի բռնագանձման մասին պահանջ»,- ասում է Հարություն Հարությունյանը։

Սահմանդրությամբ, սակայն, Դատախազությունը լիազորություն ունի պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու։ Հարություն Հարությունյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ  Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ դա կարող լինել բացառիկ դեպքերում։

«Իսկ այս դեպքում Դատախազության մասին օրենքում փոփոխություն է կատարվել, փորձել են պետական պաշտպանության գույքերի մեջ ներառել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցերը»,- նշում է Հարությունյանը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով սահմանվում է գույքի՝ ապօրինի լինելու կանխավարկածը, այսինքն՝ գույքը համարվում է ապօրինի, քանի դեռ քաղաքացին չի ապացուցել դրա՝ օրինական միջոցներով ձեռք բերված լինելու հանգամանքը, ընդ որում, թեև օրենքն ընդունվել է 2020 թվականին, ուսումնասիրության ժամանակահատվածը կարող է հասնել մինչև 1991 թվականը։

«Մենք բոլորս գիտենք, որ հայկական իրականության մեջ մանր կենցաղային գործարքներից մինչև շատ մեծ  թվով փոխառություններ երբեք ընկերների, բարեկամների հարազատների միջև թղթաբանությամբ չեն կարգավորվել, ավելին, երբ փոխառության գումարը մարված է, որպես կանոն, փաստաթղթի բնօրինակը չեն պահպանում։ Այս պայմաններում մեզանից ակնկալել, որ մենք կարող ենք իրավահարաբերությունը դադարած գործարքի վերաբերյալ ապացույցներ ներկայացնել, նույնն է, որ անձին հենեն պատին ու ամեն գնով փորձեն ստանալ վերջին ունեցվածքը»,- եզրահանգում է փաստաբանը։

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը բարձրացրել են Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնց քաղաքական ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, անցնում են ենթադրյալ ապօրինի գույքերի գործերով։ Ըստ դիմումի՝ առանց անձի վերաբերյալ մեղադրական դատավճռի առկայության նրանից գույք բռնագանձելը, օրենքին հետադարձ ուժ տալն ու մի շարք այլ դրույթներ հակասում են Սահմանադրությանը։

Դատարանը գործը վարույթ էր ընդունել 2022 թվականին, սակայն ուսումնասիրելուց հետո որոշել էր կասեցնել այն և դիմել Վենետիկի հանձաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Հանձնաժողովից պատասխան ստանալուց հետո՝ 2023թ․ հուլիսի 7-ին, դատարանը վերսկսել էր վարույթը, ապա նույն օրը, մեկ այլ որոշմամբ, կրկին կասեցրել գործի քննությունն ու այժմ էլ հարցեր ուղղել Դատախազությանը։ Այս կառույցից ևս դատարանին պատասխան է ուղարկվել 2023 թվականին, և չնայած այդ հանգամանքին՝ ՍԴ-ն միայն 2025-ի մարտի 26-ին է վարույթը վերսկսել և ապրիլի 4-ին հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Գործով զեկուցողը ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանն է, որը շուտով կտեղափոխվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ որպես Հայաստանից ընտրված դատավոր։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների շրջանակում կան նաև կնքված հաշտության համաձայնություններ, որոնց դեպքում արդեն իսկ պետությանն են վերադարձվել ենթադրյալ ապօրինի ճանաչված գույքեր։

Դատախազ Համլետ Հարությունյանի խոսքով՝ 2023 թվականին կնքված 4 համաձայնությունների արդյունքում ՀՀ-ին է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, որոնց արժեքը կազմում է 2 մլրդ 120 մլն դրամ, իսկ գումարը, որը փոխանցվել է ՀՀ-ին, կազմում է շուրջ 80 մլն դրամ, իսկ 2024 թվականին կնքված 4 հաշտության համաձայնություններով ՀՀ-ին է փոխանցվել 1 անշարժ գույք, որի շուկայական արժեքը գերազանցում է 2 մլրդ դրամը, իսկ գումարը, որը փոխանցվել է ՀՀ-ին, գերազանգում է 859 մլն դրամը։

Ինչ կլինի արդեն իսկ կնքված  հաշտության համաձայնությունների ճակատագիրը, եթե Սահմանադրական դատարանն օրենքը կամ դրա այն դրույթները, որոնք կառնչվեն այդ գործերին, հակասահմանադրական ճանաչի։

Դատախազը դժվարանում է պատասխանել հարցին, քանի որ ամեն ինչ կախված էր նրանից, թե Սահմանադրական դատարանն իր դատական ակտով ինչ մեկնաբանություն կտա օրենքին կամ դրա նորմերին։

«Կարող է լինել այնպես, որ ՍԴ որոշումը կոնկրետ գործերի կոնկրետ փաստական հանգամանքների հետ խնդիր չառաջացնի, հետևաբար՝ կանխագուշակել, թե հետևանքն ինչ կլինի, այնքան էլ ճիշտ չի լինի»,- օրինակ է բերում դատախազը։

Փաստաբան Հարություն Հարությունյանը մեկնաբանում է, որ եթե հաշտության համաձայնագրիրը կնքվել է այն փուլում, երբ գործը գտնվել է դատարանում, ապա Սահմանադրական դատարանի որոշումը որպես նոր հանգամանք կարող է գործի վերանայման հիմք լինել։

«Իսկ եթե կողմը Դատախազության հետ հաշտության եկած կլինի մինչդատական փուլում, ապա այդ գործերի վրա, կարծում եմ, ՍԴ որոշումը  չի կարող  ազդել, քանի որ Սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք դիտվում է բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման համար»,- բացատրում է փաստաբանը։

Սահմանադրական դատարանը 5 օր առաջ է գնացել խորհրդակցական սենյակ։ Թե երբ կհրապարակվի որոշումը, դեռևս հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան