Համայնքապետի թիմակիցը՝ Սևանի ասֆալտապատման մրցույթների 76 %-ի հաղթող․ ասում են՝ օրենքն է «մեղավոր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.02.2025 | 21:00Սևանի համայնքապետարանը շուրջ 101 մլն դրամ գումար է տրամադրել Չկալովկա բնակավայրի փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար: Հաղթել է «Ճանշին» ՍՊԸ-ն, որը պատկանում է Սևան խոշորացված համայնքի ավագանու անդամ Արմեն Ալավերդյանին և նրա եղբորը: Ավագանու անդամի ընկերությունը մրցույթի միակ մասնակիցն է եղել:
Այս բնակավայրը միակը չէ, որտեղ ասֆալտապատման աշխատանքները վստահվել է ավագանու անդամի ընկերությանը՝ «Ճանշին» ՍՊԸ-ին։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է ու պարզել․ 2020-2024 թվականներին «Ճանշին» ՍՊԸ-ն մասնակցել է Սևան համայնքում իրականացվելիք ճանապարհաշինարարական աշխատանքներին ուղղված 19 գնման ընթացակարգերից 18-ին, որոնցից 6-ի դեպքում ընկերությունը եղել է հայտ ներկայացրած միակ մասնակիցը։ 17 ընթացակարգի դեպքում ընտրվել է «Ճանշին» ՍՊԸ-ն, իսկ կնքված բոլոր պայմանագրերի գումարային գինը կազմել է 3․2 մլրդ դրամ կամ 2020-2024 թվականներին համայնքի ճանապարհների շինարարությանն ու վերանորոգմանն ուղղված միջոցների 76%-ը։ Միայն 2022-2024 թվականներին, երբ Արմեն Ալավերդյանն արդեն ավագանու ընտրված անդամ էր, ընկերությունը մասնակցել է 11 գնման ընթացակարգի, որից 9-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր 2․7 մլրդ դրամի պայմանագիր։
Ընդհանուր 19 մրցույթներից մյուս 2-ում էլ հաղթողը համայնքի բնակավայրերից մեկի՝ Ծովագյուղի վարչական ղեկավարի հոր ընկերությունն է։
Համայնքի գնումների գործընթացում այս քաղաքական-ընտանեկան կապերն ու ցածր մրցակցությունը, որոշ դեպքերում էլ՝ մրցակցության բացակայությունը կարող են կասկածներ հարուցել, բայց Սևանի համայնքապետարանից նշում են՝ զարմանալ պետք չէ։
«Սևանը էն փոքր տեղն է, որ յուրաքանչյուրը կարող է ինչ-որ մեկին բարեկամ լինել։ Մենք պիտի չսահմանափակենք այս շրջանակը։ Եվ մյուս կազմակերպությունը, որն իր հետ դիմել է մրցույթին, եթե զգար, որ այստեղ կա շահերի բախում, կամ զգար, որ ինքը հայտնվել է ոչ այն պայմաններում, ինչ մյուսը, բնականաբար, բողոքարկում կլիներ, մենք բողոքարկում էլ չունենք»,- նշեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։
Արդյո՞ք Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրել է շահերի բախման վերաբերյալ հայտարարագիր և արդյո՞ք պատահականություն է, որ հաղթող ընկերություններն այս կամ այն կերպ կապված են համայնքապետ Սարգիս Մուրադյանի հետ։ Սևան մեկնած Factor TV-ի նկարահանող խումբն այս հարցերը հենց Սարգիս Մուրադյանին ուղղելու հնարավորություն չունեցավ, քանի որ նա արձակուրդում էր, իսկ ահա համայնքապետարանի գնումների մասնագետը, թեև պատրաստ էր բացատրություններ տալ, սակայն հրաժարվեց տեսախցիկի առջև խոսել։ Արդյունքում, մեր հարցերին պատասխանեց համայնքի աշխատակազմի քարտուղարը։
«Շահերի բախում այստեղ մենք չենք նկատել, դրա համար հայտարարագիր չի ներկայացվել։ Հանձնաժողովի ո՞ր անդամի հետ պիտի լինի շահերի բախում։ Չէ՞ որ համայնքի ղեկավարն ինքը որոշում կայացնողը ստեղ չի։ Այ եթե ինքը լիներ որոշում կայացնողը, դա կլիներ շահերի բախում»,- նշեց Ղուկասյանը։
Թեև Գնումների մասին օրենքով այս դեպքում համայնքի ղեկավարի վերաբերյալ շահերի բախման խնդիր չկա, այնուամենայնիվ, սա օրենքի բացն է և կարող են ռիսկեր լինել՝ նշում է գնումների փորձագետ Արմինե Բուռնազյանը։
«Եթե ավելի խորը ուսումնասիրենք, կհասկանանք, որ գնումների գործընթացը նախաձեռնվում է գնումների պլանի հիման վրա, իսկ գնումների պլանի նախագծմանը և հաստատմանը մասնակցում է համայնքի ղեկավարը, և առնվազն կա ռիսկ, որ այդ պաշտոնատար անձը կարող է հաշվի առնել իր մասնավոր շահը»,- նշում է նա։
Սևանի համայնքապետարանից հավաստիացնում են՝ ոչ ոք նախապես չի իմացել, թե ովքեր են մասնակցելու մրցույթներին։ Բացի այդ, համայնքապետարանի աշխատակիցը շեշտում է՝ ընկերությունն ամբողջությամբ չի պատկանում ավագանու անդամին։
Factor TV-ն կապ հաստատեց նաև «ՃանՇին» ընկերության տնօրեն, Սևանի ավագանու անդամ Արմեն Ալավերդյանի հետ։ Նա հրաժարվեց նկարահանումից, սակայն մեր հարցերին պատասխանեց հեռախոսազանգով։
«Հրապարակային մրցույթ է, ցանկացած անձ կարող է մասնակցել, ի՞նչ կա շահերի բախման։ Հիմա գնումներն էլեկտրոնային են, մենք մեր հիմնարկում նստած նայում ենք, որը հարմար ենք գտնում, ոչ թե մենակ Սևան համայնքում, մասնակցում ենք, ոչ մեկի էլ տեղյակ չենք պահում»,- նշեց ընկերության տնօրենը։
Հարցին՝ բացի Սևանից, այլ համայնքներում մինչ այժմ ի՞նչ մրցույթների են մասնակցել ու ի՞նչ պայմանագրեր ունեն, Ալավերդյանը պատասխանեց, որ այս պահին պայմանագրեր չունեն։
Ծովագյուղի վարչական ղեկավարը, ում հորը պատկանող ընկերությունը հաղթել է նույն բնակավայրի ու ևս մի քանի այլ բնակավայրերի ասֆալտապատման մրցույթներում, մեր հարցերին ի պատասխան՝ նշեց, որ արձակուրդում է և չի կարող պատասխանել։
Սևանի համայնքապետարանից հավելում են․ խնդիրը գնումների մասին օրենքում է․ «Գնումների մասին օրենքում որոշակի սահմանափակումներ պետք է անեն։ Մենք էլ ենք համաձայն, որպեսզի հետագայում չլինեն նմանատիպ խնդիրներ»։
Գնումների փորձագետ Արմինե Բուռնազյանը թեև համաձայն է, որ Գնումների մասին օրենքում բաց կա, այնուամենայնիվ, շեշտում է, որ բացի այդ օրենքից՝ կա նաև Հանրային ծառայության մասին օրենքը, որը հստակ նկարագրում է շահերի բախման իրավիճակն ու պարտավորեցնում պաշտոնյաներին խուսափել դրանցից։
Իսկ ի՞նչ է ասում օրենքը
Հանրային ծառայության մասին օրենք․ հոդված 33
4․ Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին (փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձևավորում և այլն) մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց:
5.Եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը (անգործությունը) կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է 10-օրյա ժամկետում իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ:
Բուռնազյանի խոսքով՝ եթե պաշտոնյաները չեն ներկայացնում իրենց շահերի առկայությունը, ապա ստացվում է, որ ռիսկ կա, որ փորձում են կոծկել այդ հանգամանքը։
Նշենք, որ շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելն առաջացնում է 300․000 դրամի չափով տուգանքի նշանակում։
Հանձնաժողովից Factor TV-ին հայտնեցին, որ Ինֆոքոմի հրապարակումը Սևանի համայնքապետարանի գնումների վերաբերյալ առերևույթ պարունակում է վարույթ հարուցելու հիմքեր և հանձնաժողովն ուսումնասիրում է այն, սակայն դեռևս վարույթ հարուցելու որոշում չունեն։
Իսկ մինչ Հանձնաժողովը կուսումնասիրի, Factor TV-ն շրջել է Սևան համայնքում՝ հասկանալու համար, թե ինչ կարծիք ունեն համայնքի բնակիչներն ասֆալտապատման աշխատանքների և դրանց կատարման համար այս ընկերությունների ընտրության վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անժելա Պողոսյան