Սա էյֆորիա է, և սա սառելու է․ հատ-հատ Նիկոլ Փաշինյանից հաշիվ են պահանջելու․ Հրանտ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.09.2018 | 18:17Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ նոր կառավարությունը չի մշակել տնտեսական քաղաքականություն և հանրությանն ու խորհրդարանին չի ներկայացրել տնտեսական գործունեության ծրագիր։ Այդպիսով նա «զրո» է գնահատում կառավարության տնտեսական քաղաքականությունը։ Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Ազգային ժողով ներկայացրած ծրագրում կարևորել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, միգուցե ավելի լուրջ քայլերի պետք է սպասել ընտրություններից հետո՞, պարոն Բագրատյանն արձագանքեց․ «Ասվել է, որ կլինի նոր պառլամենտ, դրանից հետո նոր ծրագիր կներկայացնենք, ինչի իրավունքը նրանք Սահմանադրությամբ չունեն։ Յուրաքանչյուր պահի կառավարությունը պետք է աշխատի որոշակի ծրագրի շրջանակներում։ Այս պահին մենք չունեք ծրագիր»։
– Պարոն Բագրատյան, կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Դա այս փուլում տնտեսության զարգացման հիմքերը դնելու համար երաշխիք չի՞։
– Դրանք ընդամենը խոսքեր են։ Մենք ունենք կաշառակերության դեմ պայքարի դեպքեր, չունենք որևէ կոռուպցիոն դեպք, որը հայտնաբերված և պատժված լինի։ Չկա դրա համար նստած որևէ մարդ։ Այսօր նստած է հայտնի գեներալը, որի դեպքում ինչ-որ տուշոնկաների մասին է խոսք գնում։ Մնացած բոլոր դեպքերում դատական փաստ չունենք։
– Բայց չէ՞ որ հարկային և մաքսային մարմիններում արդեն կաշառակերություն չկա։
– Իսկապես, հարկային ու մաքսային մարմիններում հիմնականում կաշառակերություն չկա, բայց այնպես չէ, որ 100 տոկոսով մաքուր է։ Ղեկավարությունը կամ ղեկավարը չի վերցնում։ Բայց երկրում կաշառակերություն կա՝ դատական համակարգում կա, բուհերում կա և այլն։
– Չորս ամիսը բավարա՞ր էր տնտեսական լուրջ փոփոխություններ անելու համար, հատկապես որ՝ Նիկոլ Փաշինյանն իր ծրագրում կարևորել էր արտահերթ ընտրությունները։
– Բայց ով ասաց, թե արտահերթ ընտրություններ կլինեն կամ չեն լինի։ Կամ կարելի՞ է ասել՝ տնտեսապես մահացեք, մինչև արտահերթ ընտրություններ կլինեն։ Ես վստահ չեմ, որ նոր խորհրդարանը, եթե արտահերթ ընտրություններ լինեն և իշխանությունները հաղթանակ տանեն, կառավարությանն ավելի կլսի, քան թե այս մեկը։ Որ նոր ընտրություններից հետո չի ասվի, թե ուղղակի դեմոկրատիա մտցնելու անհրաժեշտություն կա։ Ժողովուրդը հավաքվում է և ասում՝ կոնկրետ Փաշինյանը թող օրենքներ գրի, ինքն էլ ստորագրի։ Գալու է այդ օրը։ Իհարկե, Փաշինյանը քանդեց հինը, և դա մեծ արժեք էր։ Մենք գիտեինք, որ նախկին համակարգով, Սերժ Սարգսյանով առաջ գնալ չի լինի, բայց դա չի նշանակում, որ այսպես մենք առաջ ենք գնում։
– Երևանի ավագանու ընտրություններին Ն․Փաշինյանի աջակցությունը վայելող ուժն ավելի քան 80 տոկոս ստացավ, նման վստահության պայմաններում դուք կասկածո՞ւմ եք, որ արտահերթ ընտրություններ կլինեն։
– Նախ ուզում եմ դրականն ասել, որ ընտրություններն անցան ազատ և արդար, ՔՊ-ին ու Հայկ Մարությանին ես շնորհավորել եմ։ Բայց արդյոք այդ ընտրություններն արտահայտում են քաղաքապետի մասին ճիշտ կարծիքը։ Իհարկե՝ ոչ։ Կա հեղափոխական էյֆորիա, այդ ընտրություններն անցկացվել են հեղափոխական էյֆորիայի ֆոնին։ Վարչապետը վարպետորեն տիրապետում է այդ գործիքին, նա անընդհատ ասում է, թե այստեղ խնդիրներ կան, մեկին կտանք ասֆալտին, մյուսին՝ պատին։ Սա էյֆորիա է։ Սա սառելու է։ Հատ-հատ վարչապետից հաշիվ են պահանջելու։ Այստեղ չի խոսվում գիտակցված ընտրության փաստը։ 82 տոկոսը, այն էլ մայրաքաղաքում, վկայում է, որ մենք գործ ունենք ոչ նորմալ երևույթի հետ։ Մարդիկ չուզեցին գոնե 10-15 տոկոս այլ ուժերի ձայն տալ։ Գոնե 30 տոկոս այլ ուժ պետք է լիներ։ Նոր քաղաքապետարանում իշխանություն չի լինի։ Չկա ընդդիմություն՝ չկա դիմություն։
– Պարոն Բագրատյան, քաղաքական քննարկումների օրակարգում է նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը։ Ինչո՞ւ համաձայն չէիք նրան կալանավորելու հարցում։
-Ես ասել եմ, որ կարելի էր խափանման այլ միջոց կիրառել, և կյանքը ցույց տվեց, որ ես իրավացի էի։ Ես գտնում եմ, որ հանցագործություն է, կա, որ ի վերջո նա պատասխանատու պիտի լինի, որովհետև նա նախագահ էր։ Եվ ոչ միայն Քոչարյանը, այլ նաև Սերժ Սարգսյանը։ Ինձ համար երկուսն էլ հավասար են։ Բայց ես նաև գտնում եմ, որ երբ նախագահի դեպքում նախնական կալանքի որոշում եք կայացնում, հիմնավորում ունեցեք։ Բա ինչո՞ւ ազատվեց։ Հիմա իրենք ընկել են հիմար վիճակի մեջ, չգիտեն, թե ինչ անեն։ Անպայման դատեք, անպայման քննեք, բայց այստեղ տղայական բան կար՝ պառկացնենք ասֆալտին, ցույց տանք, որ մենք ուժեղ ենք։ Այս գնով և այսպիսի մեթոդով չեն կարող արդարադատության հասնել։ Կոնկրետ փաստ հայտնաբերեք՝ Պողոսը կրակել և սպանել է Պետրոսին, և այդ Պողոսին ով տվեց հրամանը, ով նրան բերեց այդտեղ կանգնացրեց։ Այսպես քայլ առ քայլ պիտի վերև գնայինք։
– Ձեր կարծիքով ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադարձավ։
– Որովհետև Նիկոլ Փաշինյանը սկսեց նրան մեղադրել՝ հիմնավոր փաստարկներ չունենալով։
– Բայց նա մինչ այդ էր արդեն վերադառնալու քայլեր անում։
– Ոչ, նա իր տեղը նստած՝ ի՞նչ էր անում։ Նա ինչպե՞ս կարող էր վերադառնալ։ Ռ․Քոչարյանը մտածում էր, որ ահագին ունեցվածք է տարել և ինչպես անի, որ հանգիստ ապրի։ Նրա կառավարման տարիների տնտեսական չարաշահումներին սահման չկա։ Ռ․Քոչարյանը նստում է հեռուստացույցի առաջ և ասում, իմ կառավարման 10 տարիներին տնտեսությունը տարեկան 10,5 տոկոս աճել է։ Իրականում ես և այլ տնտեսագետներ ապացուցել ենք, որ նրա նախագահության օրոք միջին տնտեսական աճը եղել է 4,15 տոկոս։ Պարզապես երբ դուք ասել եք՝ Ստեփա՛ն, գրի 10 տոկոս, Ստեփանը 1990թ․ բազան իջեցրել է։ Իմ ձեռքին կա նամակներ՝ Համաշխարհային բանկն ասում է, սա արել է Ս․Մնացականյանը, վերջինս էլ ասում է, թե ՀԲ-ն է արել։ Սա էլ է հանցագործություն։
Արմինե Ավետյան