Մոսկվան մի ֆուռ ծաղիկը հետ է ուղարկել, Եվրոպայում չենք կարող վաճառել. ջերմոցատերերն անհանգստացած են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
21.01.2025 | 20:50Արտյոմ Հովհաննիսյանն արդեն 10 տարի է՝ հոլանդական վարդեր է աճեցնում։ Արարատի մարզի Մխչյան համայնքում 6000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող խելացի ջերմատնից ձմռան շրջանում շաբաթական 10 հազար հատ վարդ է հավաքում, 90 տոկոսը վաճառվում է Ռուսաստանում։ Շուտով հերթական խմբաքանակը պիտի ուղարկի, բայց մտահոգ է՝ հանկարծ ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ չստեղծի և վարդերը սահմանից հետ չուղարկի։ Իսկ մտահոգությունները ծագել են այն բանից հետո, երբ կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու օրենքի նախագծին։
«Պետք է ԵՏՄ-ից խելացի դուրս գան, պռոստը էդպես դուրս գալ, նշանակում է` ամբողջ տնտեսությունը կործանել։ Եթե այդ շուկան փակվեց, այս ամբողջ ոլորտը կկործանվի»,- Factor TV-ի հետ ասաց Արտյոմ Հովհաննիսյանը:
Հայ- ռուսական լարված հարաբերությունների հետևանքներն ամիսներ առաջ իր բիզնեսի վրա է զգացել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանմամբ զբաղվող Նորիկ Եփրեմյանը։ Նա արդեն 10 տարի է՝ Ռուսաստանի տարբեր շրջաններ վաճառքի է տանում ոչ միայն սեփական ջերմոցում մշակված մեխակներն, այլև այլ ֆերմերների աճեցրած ծաղիկները։ Ասում է՝ երեք ամիս առաջ ֆիտոսանիտարական պահանջներին, իբրև, չհամապատասխանելու պատրվակով մեկ բեռնատար ծաղիկ է Մոսկվան սահմանից հետ ուղարկել։
«Քաղաքական լարված վիճակը որոշակի ազդեցություն է թողնում արտահանման վրա, ամեն ինչ որ դեպքից հետո լինում է ազդեցություն, երբ հարթվում են հարաբերությունները, բոլոր այդ հետևանքներն էլ են հարթվում»,- հավելեց արտահանողը:
Ռուբլու փոխարժեքի տատանումներն էլ իրենց հերթին են ազդում շահույթի վրա։ Չնայած խնդիրներին՝ արտահանողը պնդում է՝ անկախ ամեն ինչից ռուսական շուկայից չի կարող հրաժարվել։ Գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ զբաղվող գործարարն ասում է՝ եվրոպական շուկա մտնելու փորձեր արել է, բայց ապարդյուն, գլխավոր խոչընդոտը եվրոպական շուկայում կիրառվող խիստ կարգավորումներն են։
Իսկ ռուսական շուկայում պահանջարկ ունեն հատկապես փնջային վարդերը: Վերջին երկու տարում նաև Վրաստանից են գնորդներ գալիս, բայց քիչ քանակությամբ են տանում։ Արտյոմ Հովհաննիսյանը ռուսական շուկային այլընտրանքն անհրաժեշտություն է համարում, սակայն նկատում է՝ հեշտ չի լինելու։
«ՌԴ-ն մնալու է մեր շուկան, մտնենք, ԵՄ-ը, թե՝ ոչ, տարբերությունը լինելու է նա, որ մաքսազերծումով ենք աշխատելու: Եվոպայում ծաղիկ չեն կարող վաճառել. Հոլանդիան սաղ աշխարհի ծաղիկն ինքն է վաճառում, ո՞նց կարանք մենք էնտեղ ծաղիկ տանել»,- նկատեց արտադրողը:
Ֆերմերի խոսքով՝ ծաղիկ մշակելը ծախսատար է, եկամուտ ստանալու համար պետք է բարձր բերքատվություն ապահովել․ հենց այդ նպատակով էլ Արտյոմ Հովհաննիսյանը էքստենսիվ գյուղատնտեսությունից անցել է ինտենսիվի․ հողի փոխարեն վարդերը հիդրոպոնիկ եղանակով է աճեցնում:
Սննդամթերքի անվտանգության տեսաչական մարմնի փոխանցած տվյալներով՝ վերջին 5 տարվա ընթացքում զգալի ավելացել են Հայաստանից Ռուսաստան ծաղկի արտահանման ծավալները։ Եթե 2023 թվականին մեր երկրից Ռուսաստան շուրջ 17 մլն հատ ծաղիկ է արտահանվել, ապա նախորդ տարի այդ թիվը շուրջ 64 միլիոնի է հասել։ Համեմատության համար նշենք, որ 2023-ին մեր երկրից մոտ 27 հազար հատ ծաղիկ է արտահանվել ԵՄ երկրներ, իսկ անցած տարի ընդամենը 4 հազար։ Միաժամանակ, Հայաստանից ծաղկի արտահանման ծավալներն ավելացել են այլ երկրների ուղղությամբ, 2023 թվականի 1 մլն 57 հազարի դիմաց անցած տարի արտահանվել է ավելի քան 7 մլն 87 հազար հատ։
Մինչ Մոսկվան ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու ՀՀ կառավարության որոշումը դիտարկում է որպես ԵՏՄ-ից իր դուրս գալու սկիզբ, Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում է, որ այս պահին Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու օրակարգ չկա։
Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ ռուսական կողմից եկող հայտարարությունները ԵՏՄ-ի վերաբերյալ ավելի շատ քաղաքական, քան տնտեսական բնույթի են։ Նրա դիտարկմամբ՝ անգամ քաղաքական որոշման դեպքում ռուսական շուկան հայ արտադրողների համար արգելված չի լինի, առևտուր կլինի, բայց բարձր մաքսատուրքերով։ Մյուս կողմից էլ, Արմեն Քթոյանը նշում է ռուբլու արժեզրկման խնդիրը:
«Ի՞նչ են անելու ծաղիկ արտահանողները, եթե մեկ ամսից ռուբլին արժեզրկվի, դառնալու են ոչ մրցունակ»,- մատնանշեց նա:
Անկախ նրանից Հայաստանը ԵՏՄ-ից դուրս կգա, թե՝ ոչ Արմեն Քթոյանը մեկ շուկայից կախվածությունը ռիսկային է համարում։ Նա ռուսական շուկային այլընտրանքը կառավարության որդեգրած տնտեսական դիվերսիֆիկացիան է համարում:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, Հայաստանի արտահանումը զգալի աճ է գրանցել դեպի Եվրամիության 14 երկրներ:
Մանրամասները` տեսանյութում:
Մանյա Պողոսյան