Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Բոլորը

2016 թվականին Եղիշե Խաչատրյանը սպանվել է 75-ամյա մոր աչքի առաջ: Մայրը՝ Էմմա Աբրահամյանը, արդեն 83 տարեկան է։ 8 տարի է՝ արդարադատության է սպասում։ Թե որդու գործով քանի՞ տարի անց և ի՞նչ դատավճիռ կկայացվի,կանխատեսել հնարավոր չէ. 8 տարի քննությունից հետո գործը սկսվել է  զրոյից: Գործն  արդեն  ավարտական փուլում էր,  երբ դադարեցվեց այն  քննող դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ Երկարատև քննությունից միայն տուժող կողմը չէ, որ դժգոհում է. 4 մեղադրյալ  8 տարի կալանքի տակ է գտնվել , հինգերորդը  մահացել է քրեակատարողական հիմնարկում, այսինքն՝ գտնվելով պետության հսկողության ներքո։

Հանրային մեղադրող Տիգրան Պողոսյանն է մանրամասներ պատմում քրեական գործից։ Ըստ մեղադրողի՝ Նուբարաշենի խճուղում առաջացած վթարային իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի: 2016 թվականի հունիսի 4-ին գործով մեղադրյալ Խաչիկ Կոսյանը մյուս մեղադրյալ Արտաշես Չիչոյանի մեքենայով վթարի է ենթարկվել, զանգահարել է  իր ընկեր Արթուր Զաքարյանին, վերջինս էլ  ընկերոջ՝ Հարություն Գրիգորյանի հետ գնացել է Կոսյանին օգնության։ Քարշակ են կանչել ու մեքենան տեղափոխել Նուբարաշենի խճուղում գտվնող  No problem ավտոտեխսպասարկման  կետ: Դեպքի մասին տեղյակ են պահել նաև Արտաշես Չիչոյանին, որը Արարատ Նիկողոսյանի և  Յուրի Հակոբյան հետ, վերջինիս մեքենան վարելով, շտապել են դեպքի վայր։

«Ճանապարհին հանդիպում են գործով  տուժողին, որը ընտանիքին նվիրված անձնավորություն է լինում։ Այդ օրը մայրիկի հետ մասնակցել էր հարսանեկան արարողության և հարսանիքից շուտ էր վերադարձել տուն: Որոշ ժամանակ մնալով Էրեբունու իր տանը, հանգստանալով  մոր՝ 75-ամյա կնոջ հետ, որը նույնպես տուժող է այս գործով,  ուղևորվում են դեպի Դեղձուտ գյուղ։ Ճանապարհին հիշում են, որ բանալին մոռացել են տանը, Նուբարաշենի խճուղիով վերադառնում են Էրեբունի վարչական շրջան, որպեսզի վերցնեն բանալին։ Այդ ժամանակ այդ երեք երիտասարդները չթույլատրելի հատվածից շրջադարձ են իրականացնում  և տուժողը կտրուկ արգելափակում է մեքենան, կանխում է վերահաս վթարը, որից կարող էին  տուժել այդ երիտասարդները»,- դիտարկում է հանրային մեղադրողը։

Այս հարցի շուրջ վիճաբանություն է առաջանում։ Եղիշե Խաչատրյանը նկատողություն է անում երիտասարդներին։

«Նրանք, լինելով ոգելից խմիչքի ազդեցության  տակ, երիտասարդներ, որոշակի ճանապարհ անցած, այսպես կարող ենք ասել, շատ  ցավագին են ընդունում դիտողությունը, սկսում են հայհոյանքներ հնչեցնել նրա հասցեին, մոտենում են ավտոմեքենային, իջեցնում ավտեմեքենայից, վեճ է առաջանում և երեքով սկսում են ծեծել տուժողին։ Վիճաբանությանը միջամտում է տուժողի մայրը՝ 75-ամյա կինը  և փորձում է  բաժանել վիճաբանողներին»,-պատմում է Տիգրան Պողոսյանը։

Ըստ մեղադրողի՝ վիճաբանողներին միացել են ավտոտեխսպասարկման կետում գտնվող մյուս երեք ընկերները։ 

«Մոտեցել են, առանց որևէ հանգամանք ճշտելու միանգամից հարձակվել են տուժողի վրա, միացել են այն առաջին եռյակին և համատեղ սկսել են հարվածներ հասցնել  գլխին, մարմնի տարբեր մասերին։ 11 հարված միայն եղել է գլխի հատվածում, 8-ը՝ մարմնի տարբեր մասերում։ Մահվան պատճառ է հանդիսացել  հենց գլխին առնվազն 11 հարվածը»,- պնդում է հանրային մեղադրողը։

Ահա այս մեղադրանքն է, որ դատարանում քննվում է արդեն 8 տարի: Դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարելուց հետո գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին:  Թե՛ տուժող կողմը, թե ՛ մեղադրալները պնդում են. եթե անգամ  վաղը դատավճիռ կայացվի, արդեն իսկ խախտվել է իրենց արդար դատաքննության իրավունքը: Մեղադրյալներից մեկը՝ Խաչիկ Կոսյանը երկարատև կալանքի տակ գտնվելու համար  դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և դատարանը վարույթ է ընդունել գործը: 

Ինչ են պատմում կողմեր

Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը պնդում է, որ մեղադրյալ Յուրի Հակոբյանն այս պատմության մեջ հայտնվել է միայն այն պատճառով, որ Արտաշես Չիչոյանն ու Արարատ Նիկողոսյանը եղել են Յուրի Հակոբյանի մեքենայով։ 

«Այդ պահին Արտաշես Չիչոյանը մեքենա չի ունեցել, իր մեքենան գտնվել է Խաչիկ Կոսյանի մոտ, ով վթարի էր ենթարկվել, հենց այդ մեքենայի համար էին  գնացել։ Քրեական գործում կան ապացույցներ, որ հենց այդ նույն դեպքի ժամանակահատվածում Յուրի Հակոբյանը Էրեբունի հիվանդանոցի  մոտ, որը մոտավորապես 3 կմ հեռու է գտնվում դեպքի վայրից նա, գտնվել է բուքմեյքերային գրասենյակում։ Մտնում է զուգարանից է օգտվում, տարբեր անձանց հետ է խոսում»,- ասում է Միհրան Պողոսյանը։

Պաշտպանը  հիշում է. գործով դատական նիստերից մեկի  ժամանակ Էմմա Ահրահամյանին խնդրել են ցույց տալ  Յուրի Հակոբյանին, սակայն նա սխալ անձի է մատնացույց արել։

Տուժող Էմմա Աբրահամյանի և  Եղիշե Խաչատրյանի կնոջ՝  Փառանձեմ Մեյթիխանյանի  ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը, սակայն, պնդում է․ Յուրի Հակոբյանի այլուրեքությունը հերքվել է գործի քննությամբ։

«Մենք հանեցինք, բերեցինք տեսանյութերը, ժամերը չբռնեց, այսինքն՝ չէր եղել։
Բնականաբար  նրան մեկ ժամ անգամ չէին կարող պահել,եթե  այլուրեքությունը հաստատված լիներ»,- ասում է Ինեսսա Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է Էմմա Աբրահամյանի կողմից Յուրի Հակոբյանին չճանարելուն,Պետրոսյանը դիտարկում է․ որ Էմմա Աբրահամյանը 4 անգամ ներկայացել է դատարան ու ցուցմունք տվել․ յուրաքանչյուր հարցաքննությունից հետո նրան դատարանից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց․ պաշտպանները մշտապես  նրան շփոթեցնող հարցեր են տվել ու հասցրել  սթրեսային վիճակի։ Իսկ ահա նախաքննության ընթացքում՝ հանգիստ պայմաններում ճանաչման քննչական գործողության ժամանակ Էմմա Աբրահամյանը ճանաչել է Յուրի Հակոբյանին։

«Ավելին ասեմ, մինչև ճանաչման գործընթացը ես ինքս տիկին Էմմա Աբրահամյանին հորդորել էի, հաշվի առնելով,որ նա տարեց կին է այդպիսի ողբերգություն է ապրել, դաժան դժբախտության մեջ է գտնվում, որ տիկին Էմմա եթե կասկածեց, ավելի լավ է չճանաչեց, քանի որ սա շատ լուրջ հարց  է։ Բայց տիկին Էմմա Աբրահամյանը հստակ ճանաչել  է Յուրի Հակոբյանին»,- հավաստիացնում է Ինեսսա Պետրոսյանը։

Գործի քննության ընթացքում Էմմա Աբրահամյանը հայտնել է, որ դեպքի վայր եկած երկրորդ եռյակի մեջ եղել է Խաչիկ Կոսյանը, որը ձեռքին եղած բութ առարկայով հարվածել է որդու գլխին։

Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը պնդում է․ գործով առկա են փաստական տվյալներ այն մասին, որ Խաչիկ Կոսյանը միջադեպի ժամանակ գտնվել է ավտոտեպասարկման կետում, որտեղ   տեղի է ունեցել մեկ այլ միջադեպ․ դրան  մասնակից է եղել նաև Խաչիկ Կոսյանը, հետևաբար նա միաժամանակ երկու տեղում միջադեպի մասնակցել չէր կարող: Կոսյանը ևս Էմմա Աբրահամյանի ճանաչմանն է ներկայացվել: Պաշտպանը Կոսյանի ճանաչման գործությունը  համեմատում է  Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին ճանաչման ներկայացնելու գործողության հետ։ Կոսյանի ճանաչման ընթացքում 75-ամյա Էմմա  Աբրահամյանն, ըստ Պողոսյանի,  ագրեսիվ վարքագիծ չի դրսևորել՝ ի տարբերություն Չիչոյանի և Նիկողոսյանի ճանաչման գործողության։

«Ես մասնակցել եմ նաև Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին ճանաչելու գործողությանը․ Էմմա Աբրահամյանը մտավ  քննչական  գործողության սենյակ, մեզ համար հասկանալի ագրեսիվություն ցուցաբերեց՝ ըստ իր տրամաբանության՝  որդուն սպանողներն էին, փայտով փորձեց խփել, վիրավորանքների տարափ։ Անձը տեսել է իր որդու հետ կռված մարդկանց, որոնք պատճառով իր որդին մահացել է, բայց երբ նայում ենք Խաչիկ Կոսյանի հետ  ճանաչումը, միմյանցից սարերով-ձորերով տարբերվում են։ Ակնհայտ է, որ Խաչիկ Կոսյանն իր որդու սպանության հետ կապ  չի ունեցել, եթե վերլուծենք հոգեբանական վարքագիծը»,- վերլուծում է Միհրան Պողոսյանը։

Ինեսսա Պետրոսյանը, սակայն, պնդում է՝ ի սկզբանե Աբրահամյանը գոռացել ու գոչել է, որ իր տղային  6 հոգով են սպանել։

«Դա էմոցիայի հետ կապված պահ է, ես չեմ կարող մեկնաբանել, դա մեկնաբանման ենթակա չէ: Պաշտպանն ուղղակի յուրովի է մեկնաբանում  իրավիճակը:  Էմմա Աբրահամյանը մշտապես  պնդել է, որ իր տղայի վրա երեք հոգի, հետո էլի երեք հոգի են հարձակվել և սկսել ծեծել։ Իր ցուցմունքներում Էմմա Աբրահամյանը պնդել է, որ իր տղային  սպանել են 6 հոգով»,-հիշում է Ինեսսա Պետրոսյանը:

Իսկ ինչպես է Արթուր Զաքարյանը հայտնվել գործում; Փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ 2016-ի հունիսից մինչև նոյեմբեր Արթուր Զաքարյանն ու Հարություն Գրիգորյանը  գործով  որևէ կարգավիճակ չեն ունեցել։ Գրիգորյանին  և Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել նոյեմբերին։ Պաշտպանի խոսքով՝  Արթուր Զաքարյանին ու Հարություն Գրիգորյանին տրվող հիմնական հարցադրումը, հետևյալն է եղել․ Խաչիկ Կոսյանը ամբողջ ընթացքում ձեր տեսադաշտում է եղել, թե՞ ոչ։ Ըստ պաշտպանի՝  Հարություն Գրիգորյանը ցուցմունք է տվել,  որ եղել է 5 րոպեանոց դրվագ, որ Կոսյանը  իմ տեսադաշտում չի եղել, Հարություն Գրիգորյանին ձերբակալումից ազատել են, , այնուհետև քրեական հետապնդումը  նրա նկատմամբ դադարեցրել: Ապա  առաջ է քաշվել 6-րդ անձի վարկածը, որի ինքնությունը գործով պարզված չէ։

Ըստ Միհրան Պողոսյանի՝ եթե Արթուր Զաքարյանը Կոսյանի դեմ ցուցմունք տար, նա ևս ազատ կարձակվեր։

Հանրային մեղադրող Տիգրան Պողոսյանը, սակայն, բնական է համարում պաշտպանները նման բովանդակությամբ հայտարարությունները:

«Առնվազն պաշտպանական կողմը շատ  լավ տեղյակ է ինչ ապացույցներ կան գործում, հատկապես Արթուր Զաքարյանի մասին։ Իհարկե  զարմանալի կլիներ, որ  այլ վարկած առաջ քաշեին, իհարկե դա պաշտպանական տակտիկա է և նրանք պետք է ասեն, որ Արթուր Զաքարյանն այնտեղ չի եղել»,- համոզմունք է հայտնում հանրային մեղադրողը։

Ինչու է ձգձգվել գործի քննությունը

Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը պնդում է, որ գործը դատարան է ուղարկվել թերի նախաքննությամբ՝ դեպքից ընդամենը 6 ամիս անց։

«Եթե այս գործով նախաքննությունն իրականացվեր լրիվ ամբողջական և օբյեկտիվ, ապա գործի քննությունը չէր տևի այնքան ժամանակ, որքան տևել է։ 

Կհաստատվեր Արթուր Զաքարյանի, Խաչիկ Կոսյանի և Յուրի Հակոբյանի չմասնակցելը դեպքին, կհաստատվեր, որ Չիչոյանի գործողությունները ոչ թե սպանություն են, այլ ծանր մարմնական վնասվածք  հասցնել, որն անզգուշությամբ բերել է մահվան»,- համոզված է Միհրան Պողոսյանը։

Մինչդեռ տուժող կողմի պնդմամբ՝ նախաքննությունն իրականացվել է պատշաճ, պարզվել են դեպքի բոլոր հանգամաքները, այդ դատարանի և պաշտպանական կողմի պատճառով է, որ 8 տարի քննությունից հետո գործով առկա չէ դատավճիռ։

«Յուրաքանչյուր երկուշաբթի նշանակված էին դատական նիստեր, և ինչ ծավալի, ինչ բարդության էլ լիներ գործը, պետք է որ երեքից չորս տարվա մեջ դա արդեն ավարտված լիներ։ Դատարանը փորձել է պաշտպանական կողմի  գրեթե բոլոր միջնորդությունները բավարարել,  իսկ  դրա հետևանքով  առաջացել է մի իրավիճակ, որ ամեն միջնորդության քննությունից հետո նիստը մինչև 6 ամիս հետաձգվել է. օրինակ՝ միջնորդել են վկայի հրավիրել, 6 ամիս տևել է մինչև այդ վկային կարողացել ենք լսել»,- հիշեցնում է Ինեսսա Պետրոսյանը;

8 տարի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանը Factor TV-ի եթերում պարզաբանել է, որ վկաներին հայտնաբերելն ու հարցաքննելը էական նշանակություն է ունեցել գործի համար,  հենց նմանատիպ հանգամանքներով պայմանավորված՝ ավելի վաղ հնարավոր չի եղել իրականացնել գործի քննությունը։

«Շատ բարդ էր, դատակոչված էին բազմաթիվ վկաներ, դատարանին շատ մեծ դժվարությամբ հաջողվեց բոլոր վկաներին հայտնաբերել և հարցաքննել»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է Աննա Դանիբեկյանը։

Խախտվել են գործի քննության ողջամիտ ժամկետները

Այս գործի քննության ողջամիտ ժամկետների խախտման մասին բարձրաձայնում է թե՛ տուժող կողմը, թե՛  մեղադրյալների պաշտպանները։

«Արդար դատաքննության իրավունքը ոտնահարված է։ 8 տարի է՝  այս ընտանիքը դատարաններում փորձում է հասնել արդարության, փորձում է տեսնել արդարադատություն, սակայն մենք կանգնում ենք մի իրավիճակի առջև, երբ 8 տարի հետո նորից սկսվում են դատական նիստեր։ Սա տուժողի կրկնազոհականացման իրավիճակ է»,- ասում է տուժողի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը։

Մեղադրյալների պաշտպաններն էլ բարձրաձայնում են, որ առանց դատավճռի իրենց պաշտպանյալները  8 տարի կալանքի տակ են գտվել․ սա արդեն ոչ թե նախնական կալանք է, այլ պատիժ։ 

Գործի նոր քննությունը

Դատավոր Կարեն Ֆարխոյանի  վարույթում այս գործով  արդեն մի քանի  նիստ է տեղի ունեցել։ Քննարկվող ամենակարևոր  հարցը եղել է մեղադրյալներին կալանքից ազատելը։

Այս գործով նիստերը մշտապես անցել են  լարված մթնոլորտում ու պարբերաբար ուղեկցվել  միջադեպերով։ Կարեն Ֆորխոյանի վարույթում գործի քննության ընթացքում հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Այն ժամանակ,  երբ քննարկվում էր մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ տուժող կողմի ներկայացուցիչ Ինեսսա  Պետրոսյանը հիշեցրեց, որ այս 8 տարիների քննության ընթացքում ընդհուպ պղծել են մահացած Եղիշե Խաչատրյանի գերեզմանը։ Այս հանգամանքը բուռն զայրույթ առաջացրեց մեղադրյալ Արտաշես Չիչոյանի մոտ, նրան միացավ դահլիճում գտնվող հայրը։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը ստիպված եղավ հետաձգել նիստը: Մեղադրյալների խափանման միջոցի  քննության առանցքում նրանց երկարատև կալանքի հարցն էր։ Արթուր  Զաքարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նիստերից մեկի  ընթացքում փորձում էր դատավորին պատկերավոր կերպով բացատրել, թե որքան շատ է 8 տարի կալանքի տակ գտնվելը։

«Պատվարժա՛ն դատարան, 8 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրավվել է ՊՊԾ գունդը, էդ ժամանակ տղերքը կալանքի  տակ էին, Հայաստանում հեղափոխություն  է եղել, տղերքը նստած էին, քովիդ է եղել աշխարհում, տղերքը կալանքի տակ էին, պատերազմ է եղել, կալանքի տակ էին, Արցախ է հանձնվել, կալանքի տակ էին։ 8 տարին սա է։

Հիմա  ասում ենք 8 տարին կարճ ա, շատ ա, երկար ա, Եվրադատարանն ասում է սենց,  Վճռաբեկը՝ նենց ։ Բա Աստված ինչ է ասում, բա կյանքը ինչ է ասում կյանքի իրավունքը,  անձնական ազատության իրավունքը ։ Այդ սրբազան իրավունքները ինչ են ասում, պատվարժան դատարան։ Չէ՛ որ էդտեղ  մենք չենք հավաքվել էստեղ որ տեսնենք շատ է քիչ ա։ Շատ է»,- դատավորին հայտնեց Ալեքսանդր Կոչուբաևը։

Կյանքի իրավունքի մասին պաշտպանի հիշատակումն անարձագանք չմնաց  հանրային մեղադրող Տիգրան Պողոսյանի կողմից։

«Պարոն Կոչուբաևը սրբազան իրավունք նշեց՝ կյանքի իրավունքը։ Այս, այս գործը հենց կյանքի իրավունքի մասին է․ խախտվել է Եղիշե Խաչատրյանի՝ 58-ամյա անձնավորության կյանքի իրավունքը»,- հայտարարեց Տիգրան Պողոսյանը։

 Վերջինս դիրքորոշում հայտնեց, որ մեղադրյալներին սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում, իսկ վարույթի տևողությունն ինքնին հիմք չէ, որպեսզի նրանք կալանքից ազատվեն:

Ըստ Պողոսյանի՝ մեղադրյալներից ոմանք դատարանում գործի ընթացքում պատշաճ վարքագիծ չեն դրսևորել, Արտաշես Չիչոյանի նկատմամբ անգամ քրեական գործ կա հարուցված՝ դատավարության մասնակիցներին կապիկ անվանելու համար։ 

Խոսեց նաև մեղադրյալ Արտաշես Չիչոյանը՝ դատարանի առջև պնդելով, որ իր երեք ընկերները դեպքին մասնակից չեն եղել, իսկ ինքը Եղիշե Խաչատրյանին սպանելու մտադրություն չի  ունեցել։

«Ես էդ դեպքին ականատես եղել եմ, ես տեսել եմ, ամենալուրջ վկան ես եմ, ես եկել, ասել եմ  ամեն ինչ։ 9 տարի մարդկանց անիմաստ նստացրել են։ Կռիվ եմ արել հա, հետո մարդուն տարել եմ, նստացրել ավտոն, էլի շարունակել ա, ես էլ կռիվ եմ  արել։ 9 տարի էս մարդիկ հավայի նստած են։ Կապիկությունից էլ վերան ա»,- ասաց Արտաշես Չիչոյանը։ 

Տուժող կողմի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը պնդեց, որ մեղադրյալների վարքագիծը զսպող միակ խափանման միջոցը կարող է կալանքը լինել;

«Սա բացառիկ դեպք է բացառիկ դաժան դեպք է, հենց այնպես չէ, որ այս անձինք 8 տարի գտնվում են կալանքի տակ։ Հարգելի՛ դատարան, դաժան սպանություն է տեղի ունեցել»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը։

Տուժող Եղիշե Խաչատրյանի կինը ևս առարկեց մեղադրյալների նկատմամբ ազատազրկումից բացի այլ խափանման միջոց ընտրելու դեմ։ Նա դատարանին հիշեցրեց, որ երկու տղա ունի 30 և 36 տարեկան, որոնց իր կյանքի, առողջության հաշվին կարողացել է տանը պահել, բայց եթե մեղադրյալների խափանման միջոցը փոխվի, ինքն այլևս չի կարող վերահսկել իրավիճակը:

«Ես եմ իմ տղաներին ամեն օր տեսնում և գիտեմ ինչ է կատարվելու; Ես ուղղակի  խնդրում եմ դատարանին այս հարցում ուրիշ կերպ մտածել, մտածել որպես հայր, այս պահին այս քայլն իրականացնելը նշանակում է ողբալի հետևանքներ»,- ասաց Փառանձեմ Մեյթիխանյանը։

Դատարանը կալանքի հարցին առաջին անգամ անդրադառնալիս որոշեց մեղադրյալների կալանքը թողնել անփոփոխ, սակայն օրեր առաջ կրկին քննել է նրանց խափանման միջոցի հարցն ու որոշել Արտաշես Չիչոյանի և Խաչիկ Կոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը, իսկ Արթուր Զաքարյանի և Յուրի Հակոբյանի նկատմամբ՝ տնային կալանքը։

Դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու օրվա դրությամբ՝ նրա վարույթում 200-ից ավելի գործ է եղել: Դատավորի պնդմամբ՝դրանց մի մասը՝ երկարատև քննված գործեր էին։ 2018  թվականից ի վեր Հայաստանում կարգապահական պատասխանատվության ենթարկվելու հիմքով 18 դատավորի լիազորություն է դադարեցվել, որի հետևանքով մոտ 5000 քրեական և քաղաքացիական գործի քննություն  նորից է սկսվել։

Արաքս Մամուլյան