Կոլապս, թե զարգացում․ Երևանում 6 տարում 20 հազար շինթույլտվություն է տրվել. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Երևանի Սարյան փողոցը Կենտրոնի ամենածանրաբեռնված փողոցներից է, որտեղ օրվա տարբեր ժամերին հսկայական խցանումներ են լինում։ Բայց սա էլ երանությամբ կհիշենք, երբ կյանքի կոչվի Հայաստանի կառավարության հաստատած մեգանախագիծն ու «Հայփոստ»-ի վարչական մասնաշենքի տեղում կառուցվի «Համաշխարհային առևտրի կենտրոնը»։ Նման որոշում 2023 թ-ի սեպտեմբերին ընդունել է գործադիրն ու այս շենքն օտարել «Ռենշին» ընկերությանը։ 2024-ի հունիսին էլ այս ողջ տարածքը՝ 12 հազար քմ մակերեսով, կառավարությունը ճանաչել է գերակա շահ:
«Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք այդ մասշտաբի շենք դեռ չենք կառուցել»,- 2023 թ-ի սեպտեմբերին կառավարության նիստում ասել է վարչապետը։

Մասշտաբներ, շենքեր, մեգահամալիրներ․․․ Ի՞նչ է կատարվում քաղաքաշինության ոլորտում, քանի՞ շինարարական թույլտվություն է տրվել, հնարավո՞ր է լինելու ապահովել նոր կառուցվող շենքերի առաջնային սպասարկումը, օրինակ՝ ջրամատարակարարումն ու ջրահեռացումը, արդյոք կետային կառուցապատման թույլտվություն տալուց առաջ կատարվում է, ասենք՝ փողոցների թողունակության տարրական հաշվարկ և, վերջապես, ո՞ւր է տանում ներկայիս քաղաքաշինությունը՝ դեպի զարգացո՞ւմ, թե՞ կոլապս։

Factor TV-ն ուսումնասիրել է վերջին տարիների քաղաքաշինական զարգացումներն ու արձանագրել ռիսկեր, որոնց մասին պատասխաատուները չեն խոսում, որոնք, սակայն, կարող են կաթվածահար անել քաղաքը։

Հայաստանում մեգահամալիրների և հատկապես՝ բնակելի շինարարության, մեծ մասը՝ ավելի քան 60%-ը, բաժին է ընկնում Երևանին։ Քաղաքապետարանի կայքում առկա վիճակագրության համաձայն՝ մայրաքաղաքում կառուցապատման ծավալները շեշտակի աճել են «թավշյա հեղափոխությունից» հետո․ 2018 թ-ի համեմատ տրամադրված շինթույլտվությունների քանակը 6 տարում ավելի քան եռապատկվել է, իսկ 2015 թ-ի համեմատ՝ քառապատկվել․ այսինքն՝ 2023 թ-ին հատկացվել է 4448 շինթույլտվություն՝ 2018 թ-ի 1480-ի փոխարեն։ 2023-ին ավարտին է հասցվել 599 շինարարություն, 2018թ-ին` 532), այսինքն՝ դրանք ստացել են ավարտական ակտ և կարող են պաշտոնապես շահագործվել։ 2024թ. հունվար-մայիսին տրամադրվել է 1723 շինթույլտվություն և 238 ավարտական ակտ:

Երևանում տրված շինարարական թույլտվություններն ու ավարտական ակտերը by Factor tv

Բացի առանձին շենքերից, որ պարզապես բուսնում են փոքրիշատե ազատ տարածքներում, Երևանում հսկա թաղամասեր են կառուցվում գրեթե բոլոր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Դավթաշենում, Մալաթիա-Սեբաստիայում, Նոր Նորքում, Շենգավիթում, և նույնիսկ մեծ ու փոքր Կենտրոնում։ Երևանի զարգացման 2024 թ-ի ծրագրում ներառված են «խարխուլ» բնակֆոնդի և պատմական թաղամասերի վերակառուցման նախագծեր, օրինակ՝ գինու գործարանին հարող տարածքում, Կոնդում, Ֆիրդուսի շուկայի տարածքում, կրկեսի հարևանությամբ, Նորագյուղի տարածքում։

«Եթե մինչև 2018 ունեինք հատվածներ՝ Հյուսիսային պողոտա և այլն, հիմա դա մասսայական է ու Երևանի կենտրոնը կոլապսի տանելուց հետո ողջ Երևանն ենք կոլապսի տանում, և արդեն ոչ միայն Երևանը, այլև Երևանի շրջակա մարզերը՝ Զովունիում, Արգավանդում ևս բազմահարկ շենքեր են կառուցվում։ Այսինքն՝ մենք բնակության համար ոչ նպաստավոր պայմաններ ենք ստեղծում երևանյան ողջ ագլոմերացիայում, որը շատ ավելի մեծ տարածք է, քան բուն Երևանը»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը։
Կառուցվող բոլոր շենքերին՝ բնակելի, թե ոչ բնակելի, բնականաբար, անհրաժեշտ են ենթակառուցվածքներ՝ ջրամատակարարում և ջրահեռացում, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարում, տրանսպորտային ապահովվածություն։ Վերջին 10 տարիներին մայրաքաղաքի բեռնվածությունն ինչքա՞ն է ավելացել և ինչիպիսի հաշվարկ կա առաջիկա տասնամյակի համար։ Factor TV-ի այս հարցին քաղաքապետարանից պատասխանել են՝ նման հաշվարկ չունեն։

«Ժամանակին արվեց մի քանի մեծ թաղամասեր հիմնական մայրուղիների վրա, որտեղ տրանսպորտային հոսքերը ամենամեծն են, հիմա այդտեղ ավելացել է մի քանի տասնյակ հազար բնակչություն։ Պատկերացրեք մեքենաների քանակը, տրանսպորտի անհրաժեշտությունը և մնացածը։ Դա քաղաքաշինական խնդիր է։ Քաղաքը գերծանրաբեռնված է։ Եթե մենք շարունակենք նույն ձևով կառուցապատել, հատկապես Կենտրոնը, ոչ մի նոր մագիստրալ կարող է մեզ չփրկի»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։

Վերջին 10 տարում Երևանի մշտական բնակչությունն ավելացել է շուրջ 53 հազարով՝ հասնելով 1 մլն 127 հազարի։ Սրանք պաշտոնական թվերն են։ 2005թ-ին մշակված գլխավոր հատակագծով նախատեսված է, որ Երևանի բնակչության առավելագույն թվաքանակը պետք է լինի 1 մլն 200 հազար։

Երևանի բնակչությունը by Factor tv

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը կառավարող «Վեոլիա ջուր» ընկերությունը 2023թ-ին սպասարկել է 336 603 բաժանորդի։ Գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը տարեվերջին եղել է 308 997, միայն 2023 թ-ին համակարգին միացվել է մոտ 5900 սպառող։ 2024-ի տարեսկզբին կառուցման տարբեր փուլերում է գտնվում մոտ 87 հազար բնակելի միավոր, այսինքն՝ բնակարան կամ տուն։ Սա ապագա բաժանորդներն են։

2023թ-ի հունիսի 16-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսել է խնդրի մասին․ «Արդեն երկար ժամանակ բախվում ենք իրավիճակների, երբ օրինակ՝ բազմաբնակարան շենքերը կառուցված են, պատրաստ են շահագործման, բայց, ըստ էության, չի ստացվում շահագործման հանձնել, որովհետև ենթակառուցվածքային պրոբլեմներ ունեն, այսինքն՝ բնական գազի, երբեմն լինում է նաև էլեկտրական էներգիայի, երբեմն լինում է խմելու ջրի հետ կապված»։

Կարգը կա, իսկ կարգին հետևո՞ղ

Արդյո՞ք շինթույլտվությունների տրամադրման ժամանակ հաշվարկվում են ենթակառուցվածքների՝ ջրի, գազի, հոսանքի մատակարարման խնդիրները։ Այս հարցի պատասխանատուն, Երևանի քաղաքապետարանի հավաստմամբ, մատակարար ընկերություններն են. «Մինչ կառուցապատման թույլտվությունների տրամադրումը, սահմանված կարգի համաձայն հարցումներ են կատարվում մատակարար ընկերություններին, և վերջիններիս դրական պատասխանի առկայության դեպքում է միայն, որ քննարկվում է նախագծման թույլտվության հարցը»:
Ճանապարհների թողունակության ապահովման առումով քաղաքապետարանը նույնպես հանձնառություն չի ստանձնում։ Factor TV-ի հարցմանը՝ բարձրահարկ բնակելի համալիրների և բիզնես կենտրոնների կառուցապատում թույլատրելիս հաշվի առնվո՞ւմ է ճանապարհների թողունակությունը, քաղաքապետարանից պատասխանել են․ «Մինչ շինթույլտվության տրամադրումը բազմահարկ բնակելի համալիրները պետական համալիր փորձաքննության ենթարկվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից»:

Քաղաքաշինության կոմիտեն իր հերթին որոշումների պատասխանատվության սլաքներն այլ կողմ է ուղղում․ Factor TV-ին փոխանցած պատասխանում նշված է՝ կոմիտեն նախագծեր չի հաստատում, այլ դրանք համաձայնեցվում կամ ենթարկվում են պետական համալիր փորձաքննության՝ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

Մասնավոր զրույցներում շինարարները դժգոհում են՝ մայրաքաղաքում հատկապես ջրամատակարարման համակարգին միացման թույլտվություն ստանալը լուրջ մարտահրավեր է․ «Վեոլիա ջուրը գալիս, նայում է, տեղում ինչ ջրագիծ, կոյուղի է անցնում, պահանջվող ծավալները, և ասում է՝ դա բավարար է արդյոք նոր միացվող ջրագծի համար։ Ու ինքը կարա, իր քմահաճույքից ելնելով որոշի, ասի՝ չէ, սա չի բավարարում, բավարարում է 3 կմ հեռավորությամբ անցնող ջուրն ու կոյուղին։ Ու դե գնա շինարար կամ կառուցապատող, օրերով ամիսներով մտածի էդ հարցը ոնց լուծես, և այլն, ու ինչ-ինչ ճանապարհներով մեկ էլ գալիս ա մի պահ, պարզվում ա՝ չէ, բավարարում է մոտ անցնող այդ ջրագիծը կամ կոյուղին»։
Մեր հարցին, թե «ինչ-ինչ ճանապարհը» ո՞րն է, շինարարը պատասխանել է․ «Չգիտե՞ք մեր իրականության մեջ ոնց ա․ ծանոթ ես գտնում կամ մի լավություն ես անում ու էդ հարցերը լուծվում են»։

Factor TV-ն «Վեոլիա ջուր» ընկերությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են կառուցապատողները նման իրավիճակում հայտնվում, երբ ստիպված են կա՛մ օրենքից դուրս գումարներ ծախսել, կա՛մ կիլոմետրերով խողովակաշար անցկացնել իրենց ենթակառուցվածքը համակարգին միացնելու համար, և արդյո՞ք բազմաբնակարանների կառուցապատման իրավունք տրամադրելուց առաջ պետական մարմինները ընկերության հետ քննարկում են ջրամատակարարման-ջրահեռացման հնարավորության հարցերը։

Ի պատասխան՝ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը թվարկել է այն որոշումներն ու հրամանները, որոնցով կարգավորվում է դաշտը, իսկ շինարարների բուն մեղադրանքն անտեսել է և միայն նշել․

«Նոր կառուցվող համակարգերը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման հարցերը կարգավորվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30․11․2016 թ-ի թիվ 378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ»-ով (ելնելով ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի թողունակության, հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և դիմող անձի նոր միացման համար անհրաժեշտ աշխատանքները նվազագույն ծախսերով իրականացնելու պայմաններից)»։
Նորակառույցները գազասպառման համակարգին միացնելը ևս հաճախ խնդրահարույց է, ծավալները չեն բավականացնում։ 2023 թ-ի հունիսին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից Factor TV-ին հայտնեցին, որ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Խոսքը քաղաքի 4 ուղղություններով 4 գազատարների ու գազի ճնշման կարգավորման հանգույցների կառուցման մասին է։ Նախատեսվում է, որ արդյունքում հնարավոր կլինի անհրաժեշտ ռեժիմով ապահովել Երևանի ողջ գազամատակարարումը:

Եթե օրենքը գործում է, ապա ի՞նչը չի գործում

Քաղաքապետարանը, Քաղաքաշինության կոմիտեն վստահեցնում են՝ Երևանում կառուցապատումն իրականացվում է սահմանված օրենքների ու նորմերի համաձայն։ Սակայն ինչ օրենքների և նորմերի մասին է խոսքը, եթե մայր օրենքը՝ քաղաքապետարանի դեպքում՝ քաղաքի գլխավոր հատակագիծը, ժամկետանց է։

Երևանի վերջին գլխավոր հատակագիծը մշակվել է 2005 թ-ին, գործողության ժամկետը եղել է 2006-2020 թթ-ը։ Երևանի ավագանին վերջին «շնչում»՝ 2020 թ-ի դեկտեմբերին, երկարացրել է 2005-2020 թվականների գլխավոր հատակագծի գործողության ժամկետը՝ մինչև նոր գլխավոր հատակագծի մշակումն ու հաստատումը, բայց ոչ ուշ, քան մինչև 2025 թ-ի հունվարի 1-ը: Սակայն այս երկարացումը փաստացի ձևական է, քանզի գլխավոր հատակագծում ամրագրված դրույթները մինչև 2020 թ-ի համար էին։

Ուրբանիստ Վիկտոր Մնացականյանի կարծիքով՝ աշխարը սպասում է իրենց գլխավոր հատակագծի ժամկետը երբ է լրանալու, դրանից 5 տարի առաջ արդեն սկում են մշակել․ «Հրավիրում են լավագույն սոցիոլոգների, լավագույն ճարտարապետների, լավագույն շինարարների, էկոլոգների, աշխարհագետների, որպեսզի զարգացնեն, պատրաստեն, որ հենց ավարտվի, գործի»։
Նման իրավիճակ էր նաև 2000-2005 թթ-ին, երբ չկար գլխավոր հատակագիծ և այդ ընթացքում հայեցողական որոշումների բում էր՝ փոխվում էին են հողերի կատեգորիաներ, կառուցապատվում՝ ըստ ներդրողների ցանկության։

«Գենպլանը բավական է մի թույլ օղակ լինի, օրինակ՝ թույլ քաղաքապետ, կամ որ փող շատ է սիրում, թույլ գլխավոր ճարտարապետներ, խայտառակություն է տիրում։ Այսինքն՝ գլխավոր հատակագծի դեպքում պետք է քաղաքական շատ ուժեղ կամք և իրավական ճիշտ լծակներ: Էդ 2-ից մեկը բացակայում է, կամ երկուսն էլ չի լինում, տեսնում ես մի բակում 12 հարկ են կառուցում։ Այ սա հեղինակազրկում է իշխանությունը՝ քաղաքային, պետական»,- նշել է Վ․ Մնացականյանը։

Գլխավոր հատակագիծը կանոնակարգում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը՝ տարածական զարգացման ուղղությունները, կառուցապատման փուլերը, հողերի նպատակային նշանակությունը և այլն։

Թե քաղաքաշինական ի՞նչ ռիսկեր կան գլխավոր հատակագծի «ժամկետանց» լինելու պարագայում, Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին պատասխանել են․ «Գլխավոր հատակագծի բացակայության պարագայում հնարավոր չէ իրականացնել քաղաքաշինական գործունեություն»:
«Երևանի գլխավոր հատակագիծը քաղաքաշինական նորմերի ֆունդամենտն է»,- ԱԺ-ում քննարկումների ժամանակ 2023 թ-ի նոյեմբերին ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ստացվում է, որ այս պահին մենք ունենք ժամկետանց, ձևական ֆունդամենտ։
Ի սկզբանե նշված ժամկետի սպառումից միայն 3 տարի անց՝ 2023 թ-ի նոյեմբերին, Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Կատարողը «Երևաննախագիծ» ընկերությունն է, արժեքը՝ 990 հազար դրամ, կատարման ժամկետը՝ 2024 թ-ի հունիսի 30-ը։ Այսինքն՝ այս կարևոր փաստաթղթի մշակման համար «Երևաննախագիծն» ունեցել է ընդամենը 7-8 ամիս ժամանակ։

Թե ինչո՞ւ է ձգձգվել նոր գլխավոր հատակագծի մշակումը, քաղաքապետարանից Factor TV-ին պատասխանել են․ «Ավելի շուտ նոր գլխավոր հատակագիծ ունենալու հիմնական խոչընդոտը Երևան քաղաքի վերջին երկու տասնամյակում ղեկավար կազմի (Երևանի քաղաքապետեր, գլխավոր ճարտարապետներ) հաճախակի փոփոխություններն են եղել: Պարզ ասած՝ քաղաքի գլխավոր հատակագծի մասին պատկերացումներն ու մոտեցումները տարբեր ղեկավարների մոտ բավական տարբեր են եղել, ինչն էլ որոշակիորեն խանգարել է փաստաթղթի վերջնական տարբերակը ավելի շուտ ունենալուն»։

Եվս մեկ անգամ արժե հիշեցնել, որ գլխավոր հատակագծի ժամկետը սպառվել է 2020 թ-ին։ Դրանից անցել է ամբողջ 3 տարի, այսինքն՝ 3 տարի և նախքան դա քաղաքային իշխանությունը գործուն քայլեր չի ձեռնարկել։ Իսկ 2018 թ-ի սեպտեմբերից կառավարող ուժը Քաղաքացիական պայմանագիրն է։ 2018-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքով ՔՊ ցուցակով քաղաքապետ է ընտրվել Հայկ Մարությանը։ 2021 թ-ի դեկտեմբերին նրան փոխարինել է Հրաչ Սարգսյանը՝ մինչև 2023 թ-ը։ Տիգրան Ավինյանը, որ ՔՊ հիմնադիր անդամ է, փոխքաղաքապետ է դարձել 2022-ի սեպտեմբերին, քաղաքապետ՝ 2023-ի հոմտեմբերին։ Եվ ի՞նչ կապ ունի այստեղ վերջին 2 տասնամյակը, ի՞նչ կապ ունի քաղաքապետերի հաճախակի փոփոխությունը, երբ գլխավոր հատակագիծը քաղաքապետը չի որոշում, թե ինչպիսին պետք է լինի, այս փաստաթուղթը չի կարող որևէ մեկ անձի ցանկությամբ կամ պակերացումներով ձևավորվել։

Գլխավոր ճարտարապետի մասին առավել ևս խոսելն ավելորդ է․ 2020 թ-ի մարտին գործող իշխանությունը փոփոխություն կատարեց օրենքում և ուղղակի վերացրեց գլխավոր ճարտարապետի հաստիքը։
Նոր գլխավոր հատակագծի փաթեթը՝ էկոլոգիական, քաղաքաշինական փորձաքննություններից հետո, ներկայացվելու է Քաղաքաշինության կոմիտե՝ միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը, ապա պետք է հաստատվի Երևանի ավագանու կողմից: Արդյո՞ք նոր գլխավոր հատակագիծը կլուծի Երևանի առջև ծառացած խնդիրները։ Այս հարցին Սարհատ Պետրոսյանը պատասխանել է․ «Ո՛չ։ Այս հանրային կառավարման տրամաբանության մեջ չեն կարողանալու լուծումներ գտնել։ Դա ուղղակի, այսպես ասած, թոզ է, որ փչում են հանրության մոտ։ Չի լուծելու գլխավոր հատակագիծն այդ խնդիրները։ Հակառակը, որոշակի դեպքերում ավելի բարդացնելու է, որովեհտև բարձրաձայնվող նախագծերը՝ Կոնդ, Նորագյուղ, ակադեմիական քաղաք, դրանք արտահայտվելու են գլխավոր հատակագծում»։

Մինչ քաղաքային իշխանությունը շտապում է նոր գլխավոր հատակագծի փաթեթը հաստատել, Վիկտոր Մնացականյանը պնդում է՝ ժամանակակից քաղաքի զարգացման համար անհրաժեշտ է ոչ թե գլխավոր հատակագիծ, այլ ռազմավարական մաստեր պլան, որն առավել ընդգրկուն փաստաթուղթ է, որ սահմանում է քաղաքի զարգացումը բոլոր ուղղություններով․ «Գլխավոր հատակագծի և ռազմավարական մաստեր պլանի տարբերությունն այն է, որ բնակիչը գլխավոր հատակագծի դեպքում ընդամենը սպառող է, ռազմավարական մաստեր պլանի դեպքում ինքը մասնակից է։ Իսկ մենք անընդհատ ասում ենք՝ եթե մենք իրոք ուզում ենք մարդամոտ հասարակություն, դիմագրավող, մրցակցային քաղաք, պետք է մասնակցային կառավարման անցնենք»։

Երևանի նոր գլխավոր հատակագիծը մտել է քննարկման շրջափուլ։ Այն մշակվել է նախնական 5 տարվա համար, որն, ըստ քաղաքապետարանի, մի շարք հանգամանքներով պայմանավորված կարող է դառնալ 10-15 տարի։
Իսկ մինչ գլխավոր հատակագիծը կհաստատվի, քաղաքապետարանը շարունակում է կառուցապատման թույլտվություններ տրամադրել։

Գայանե Խաչատրյան