ԱԱԾ-ի «մասկի շոուների» հետքերով․ ինչ ավարտ են ունենում աղմկահարույց տեսանյութերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Դիմակավորված ԱԱԾ-ականներ, աղմկոտ ձերբակալություններ և դրանց հաջորդած լռություն․ ինչ վերջաբան են ունեցել հատուկ ծառայության գործողությունները, որոնց կադրերը համացանցում երբեմն հայտնվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրներից։

Նիկոլ Փաշինյանի նկարագրած՝ ասֆալտին պառկեցնելու և պատերին տալու սցենարով տեսանյութերի պակաս հետհեղափոխական Հայաստանում չկար։ Իրավապահների կամ իշխանամերձ հարթակների կողմից նախկին իշխանության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների և օլիգարխիայի ներկայացուցիչներին ցուցադրաբար բերման ենթարկելու տասնյակ տեսանյութեր են հրապարակել 2018 թվականից հետո։

Factor TV-ն գնացել է Փաշինյանի իշխանության տարիների, այսպես կոչված, «մասկի շոուների» հետևից՝ հասկանալու, թե, ի վերջո, այդ տեսարաններն ինչ վերջնարդյունք են ունեցել։ Արդյո՞ք կոռուպցիայի հետ կոմպրոմիսի չգնալու մասին հայտարարող իշխանությունները հետևողական են, որ պատժվեն իրական մեղավորներ, թե՞ միայն տեսարաններ են ապահովում։

Վերջին թարմ դեպքը սա է․ հունիսի 10-ին դիմակավորված ԱԱԾ-ականները, Փաշինյանի բառապաշարով ասած, ասֆալտին փռելու եղանակով բերման են ենթարկում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցներ Արթուր Brothers անունով հայտնի եղբայրներին։ Միջազգային մամուլում եղբայրների՝ քրեական անցյալ ունենալու մասին հրապարակումների պակաս չկա։ Հայաստանի իրավապահներն էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանց ձերբակալել էին ապօրինի զենք պահելու կասկածանքով։

Արթուր և Արտակ Սարգսյանները, սակայն, 72 ժամ անց ազատ արձակվեցին, բայց այդ մասին տեսանյութեր չտարածվեցին, իսկ հասարակությունն այդպես էլ հստակ տեղեկություն չստացավ՝ նրանք իսկապես անօրինական զենք պահո՞ւմ են, թե՞ ոչ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության հենց առաջին ամսում ԱԱԾ-ն գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատնից մի տեսանյութ հրապարակեց, որը հանրության համար շոկային էր։ Գրիգորյանի պահեստներում բամաթիվ թանկարժեք մեքենաներ էին, զինամթերք, առաջնագծի համար նախատեսված շտապօգնության մեքենաներ, անգամ զինվորների համար նախատեսված սննդի փաթեթներ։ Ըստ հաղորդագրության՝ դրանք քառօրյա պատերազմի օրերին աշակերտներն էին հավաքել դիրքերում հերթապահող զինվորների համար։

Հասարակության հույզերի վրա ազդող տեսանյութի հրապարակումից միայն 5 տարի անց դատարանը հրապարակեց Մանվել Գրիգորյանի վճիռը։ Գրիգորյանն այդ ժամանակ արդեն ողջ չէր։

Դատավճռով այդպես էլ չտրվեց հարցի պատասխանը՝ արդյո՞ք երեխաների ջանքերով զինվորի համար հավաքված սնունդը Մանվել Գրիգորյանն իսկապես օգտագործել է կենդանիներին կերակրելու համար։

«Շմայս» մականունով հայտնի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատուն ԱԱԾ-ն, ինչպես ինքն էր բնութագրել, շնորհքով ներխուժել էին 2018 թվականի հունիսի 21-ին։ ԱԱԾ-ն ապօրինի զենք էր փնտրում։

Նույն տարվա դեկտեմբերին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Առաքել Մովսիսյանին առնչվող քրգործը կարճվել է։ Որպես հիմնավորում՝ նա նշեց ապօրինի պահվող զենք-զինամթերքի ինքնակամ վերադարձը, սակայն հանրության համար ԱԱԾ-ն նոր տեսանյութ չհրապարակեց և իրականությունն այդպես էլ մնաց չփաստարկված։

2020 թվականի ամռանն էլ հանրությանը հայտնի դարձավ, թե ներսից ինչ տեսք ունի Գագիկ Ծառուկյանի շքեղ առանձնատունը։ Այս կադրերում էլ, ըստ ԱԱԾ-ի, Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ցուցակներն են։ Լայնորեն քննարկված այս տեսանյութից հետո Գագիկ Ծառուկյանն անգամ կալանավորվեց և տեղափոխվեց ԱԱԾ մեկուսարան, սակայն 1 տարի անց ազատ արձակվեց։ Իրավապահ կառույցն անգամ քաղաքացիներին համագործակցության կոչ էր արել, բայց կադրերը, որոնք ներկայացվում էին որպես բացահայտում, այդպես էլ արդյունք չունեցան․ այս գործով վաղեմության ժամկետը լրացել է, և եթե անգամ հաստատվի Ծառուկյանի մեղավորությունը, ապա նա պատիժ չի կրի։

2020 թվականի նոյեմբերի 11-ին ԱԱԾ-ն ՀՅԴ-ի կենտրոնական գրասենյակից բերման ենթարկեց ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Նա և մի շարք այլ քաղաքական գործիչներ կասկածվում էին Ռազմական դրության ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար։ Մեկ օր անց, սակայն, Սաղաթելյանն ազատ արձակվեց։

Մի քանի օր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ին, ԱԱԾ-ն բիրտ մեթոդներով բերման ենթարկեց նաև «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանին։

Նա մեղադրվում էր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար։ Դանիելյանը նույնպես մեկ օր անց ազատ արձակվեց։

Նույն օրը ԱԱԾ-ն, արդեն առանց տեսանյութեր հրապարակելու, ձերբակալեց հատուկ ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, Սիսիանի կամավորական ջոկատի ղեկավար Աշոտ Մինասյանին։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք քննարկել էին Փաշինյանի հավանական սպանության տարբերակը և իշխանությունը յուրացնելու գործողությունները։ Մեկ օր անց Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց, իսկ ԱԱԾ-ի հաղորդագրությունից մեկ տարի անց հայտարարվեց, որ Վանեցյանին և մյուսներին առնչվող քրգործը կարճվել է։

2021 թվականի փետրվարին էլ ԱԱԾ-ի տեսախցիկի օբյեկտիվում հայտնվեց զենքի բիզնեսով զբաղվող Պատրոն Դավո մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանը։ Իրավապահները նրան մեղադրում են անորակ զինամթերք մատակարարելու համար՝ նշելով, որ պետությանը պատճառվել է շուրջ 5 մլն դոլարի վնաս։ Դավիթ Գալստյանն այդ գումարը վերականգնել է պետական բյուջե և 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։ Այս գործի նախաքննությունը շարունակվում է արդեն 3,5 տարի։

2021 թվականին ԱԱԾ-ի կողմից հարուցված մեկ այլ հնչեղ քրեական գործ 3 տարի անց կասեցվեց։ Խոսքը, այսպես կոչված, «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյսբուքյան էջին առնչվող վարույթի մասին է։ Այդ էջում հրապարակվում էին հայհոյանք ու բռնության կոչեր պարունակող գրառումներ․ գործի շրջանակում ԱԱԾ-ն ձերբակալել էր ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին ու ևս 5 անձի։ 2023 թվականին Factor TV-ին ԱԱԾ-ից փոխանցեցին, որ այս գործը կարճվել է, իսկ քրեական հետապնդումները՝ դադարեցվել։

Թրանսփարենսի Ինթերնեյշն հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Factor TV-ի հետ զրույցում մի քանի տարբերակ է առանձնացնում, թե ինչու Փաշինյանի խոստացած բացահայտումները տեղի չունեցան։

Հակակոռուպցիոն ոլորտի փորձագետի խոսքով՝ իրավապահների կարողությունները բավարար չեն, որպեսզի կարողանան բացահայտել այն ամենը, ինչ ներկայացվում է տեսանյութերում։ Հոկտանյանը սա հավանական տարբերակներից մեկն է համարում։

Փաստաբան Նորայր Նորիկյանի գնահատմամբ էլ՝ նախկին և ներկա իշխանության ներկայացուցիչները պայմանավորվածություններ են ձեռք բերել, ինչի արդյունքում ԱԱԾ-ի՝ հնչեղություն ստացած տեսանյութերն անհետևանք մնացին։

Տեսարանների պակաս իսկապես չեղավ, սակայն դատավճիռներ և պատժվողներ նույնպես չեղան, կամ եղան, բայց ոչ այն մասշտաբների, ինչպիսին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը։ Եվ չնայած Փաշինյանը 2021 թվականի նախընտրական քարոզարշավին մասնակցում էր մուրճը ձեռքին, որպեսզի քաղաքացիներից նաև արդարադատություն իրականացնելու մանդատ ստանա, սակայն, փորձագետների խոսքով, երկաթե մանդատն այդպես էլ կյանքի չի կոչվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան