Ով է Երևանին ծառեր մատակարարել․ գործարքը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 16:24
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
13.12.2024 | 16:19
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
Բոլորը

Երևանում օդի ջերմաստիճանի աճին զուգահեռ ավելի ու ավելի է աչքի ընկնում կենտրոնական փողոցների սաղարթախիտ ծառերի բացակայությունը։ Անցած ամիսներին հարյուրավոր թեղիներ հատվեցին, փոխարենը հուդայածառեր, սակուրաներ և նորաոճ այլ ծառատեսակներ բերվեցին։ Օդի աղտոտվածությամբ անհանգստացած երևանցիներն ահազանգում են՝ դեմ արտահայտվելով բարձր սաղարթ ունեցող ծառերի ոչնչացմանը, քաղաքապետարանից, մինչդեռ, պնդում են՝ ամեն ինչ հաշվարկված է։

Իսկ ովքե՞ր են մայրաքաղաքի հաստաբուն թեղիների ու հացենիների փոխարեն նորաոճ տնկիների մատակարարները, արդյո՞ք քաղաքային իշխանության ամենաբարձր օղակներում չկան շահագրգիռ պաշտոնյաներ, որոնց հետ կապակցված անձինք այս կամ այն կերպ առնչվել են  աճուրդներում հաղթած ընկերության հետ։

Factor TV-ն ուսումնասիրել է ծառերի գնման պայմանագրերը և պարզել, որ վերջին տարիների մի քանի աճուրդներում հաղթող ճանաչված ընկերության սեփականատերը նախկինում համագործակցել է Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի հետ։ Արդյո՞ք այս համագործակցությունը կարող էր որևէ կերպ ազդել աճուրդի ընթացքի վրա, և արդյո՞ք այս գործարքներում չկան կոռուպցիոն այլ ռիսկեր՝ փորձել ենք պարզել փաստերի ստուգման միջոցով։

Երևանում թեղիների հատումից հետո տնկվող ծառերի մատակարարը «Բերրի Վորլդ» ՍՊԸ-ն է։ Երևանի քաղաքապետարանն այս ընկերության հետ յոթ պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 198 մլն 632 հազար դրամ։ Պետական գնումների համակարգի ուսումնասիրությունից Factor TV-ն բացահայտում է, որ այս բազմամիլիոնանոց գործարքների մեծ մասն իրականացվել է 2023 թվականին։ Միայն 82 մլն դրամ արժեցող պայմանագիրն է կնքվել այս տարի։ Նույն աղբյուրի համաձայն՝ քաղաքապետարանը ծառայությունները ձեռք է բերել էլեկտրոնային աճուրդի միջոցով։

2024 թվականի փետրվարի 23-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «Բերրի Վորլդ» ՍՊԸ-ն 82 մլն դրամի շրջանակում մատակարարելու է 11 տեսակի ծառ։

Մասնավորապես՝

Սոսի արևելյան – 100 հատ, ընդհանուր արժեքը՝ 7 մլն 998 հազար դրամ, մեկ հատի արժեքը՝ 79 հազար 980 դրամ,

Կատալպա սովորական 3 մետրանոց – 100 հատ, ընդհանուր արժեքը՝ 6 մլն 928 հազար դրամ, մեկ հատի արժեքը՝ 69 հազար դրամ,

Կատալպա սովորական, գնդաձև, 2,5 մետրանոց – 200 հատ, ընդհանուր արժեքը՝ 13 մլն 858 հազար դրամ, մեկ հատի արժեքը՝ 69 հազար դրամ,

Կաղնի ամառային – 100 հատ, ընդհանուր արժեքը՝ 7 մլն 918 հազար դրամ, մեկ հատի արժեքը՝ 79 հազար դրամ,

Սոֆորա ճապոնական – 100 հատ, ընդհանուր արժեքը՝ 7 մլն 998 հազար դրամ, մեկ հատի արժեքը՝ 79 հազար դրամ,

Հուդայածառ եվրոպական – 200 հատ, ընդհանուր արժեքը՝ 17 մլն 818 հազար դրամ, մեկ հատի արժեքը՝ 89 հազար դրամ,

Բալենի ճապոնական – 50 հատ, ընդհանուր արժեքը՝ 3 մլն 999 հազար դրամ, մեկ հատի արժեքը՝ 79 հազար դրամ,

Բալենի ճապոնական ռոյալ բուրգունդի – 50 հատ, ընդհանուր արժեքը՝ 3 մլն 999 հազար դրամ, մեկ հատի արժեքը՝ 79 հազար դրամ,

Եղևնի փշոտ – 30 հատ, ընդհանուր արժեքը՝ 2 մլն 398 հազար դրամ, մեկ հատի արժեքը՝ 79 հազար դրամ,

Գիհի վիրգինյան – 50 հատ, ընդհանուր արժեքը՝ 2 մլն 248 հազար դրամ, մեկ հատի արժեքը՝ 45 հազար դրամ,

Ալբիցիա լենքորանյան – 100 հատ, ընդհանուր արժեքը՝ 6 մլն 999 հազար դրամ, մեկ հատի արժեքը՝ 69 հազար 990 դրամ։

Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվելու 1080 հատ տնկի։ Մարտի 22-ին ստորագրված համաձայնագրով՝ սկսվել է 150 տնկիների մատակարարման գործընթացը։

Իսկ ո՞ւմ է պատկանում «Բերրի Վորլդ» ընկերությունը, որը մեկ տարվա ընթացքում Երևանից շուրջ 510 հազար դոլար է ստացել ծառերի, ծաղիկների, սերմերի և թփերի դիմաց։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից Factor TV-ն տեղեկանում է, որ «Բերրի Վորլդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին։ Միակ սեփականատերը Դավիթ Աբովյանն է՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղից, Armeps կայքի համաձայն՝ պետական գնումների սկսել է մասնակցել 2023 թվականի փետրվարից։ «Բերրի Վորլդ» ՍՊԸ-ի հետ Երևանի քաղաքապետարանը յոթ պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 198 մլն 632 հազար դրամ։ Այս գնումները կատարվել են էլեկտրոնային աճուրդի և գնանշման հարցման միջոցով։

Դավիթ Աբովյանը 38 տարեկան է, գործարար։ 2017 թվականին հիմնադրել և ղեկավարում է «ԲԵԹՄԵՅՔԵՐՍ» ՍՊԸ-ն։ Այն գործունեություն է ծավալում ՏՏ ոլորտում և ընդգրկված է պետության կողմից արտոնություններ ստացող ընկերությունների ցանկում։ Դավիթ Աբովյանին է պատկանում կառուցապատում իրականացնող «Արթ-Գրուպ» ՍՊԸ-ն, որն այժմ զբաղվում է բնակարանների կառուցապատմամբ, «ԱՍԿ Կոնսալտ» ֆինանսաիրավական խորհրդատվություն տրամադրող ընկերության 55 տոկոսը, 2022 թվականին ամբողջությամբ ձեռք է բերել «ԷՆԵՐՋԻ ՊՐՈՎԱՅԴԵՐ» ՍՊԸ-ն, որն էլեկտրաէներգիայի բիզնեսում է գործունեություն ծավալում։ 2022 թվականին հիմնադրել և 2023-ին հորն է փոխանցել «Ուայթ Էներջի» ՍՊԸ-ն, որն արևային էլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիա է արտադրում։ 2023-ին հիմնադրված «ՏԱՎՈՒՇ ՎԻՎԱԻ» ՍՊԸ-ում 35 տոկոսի բաժնետեր է, գործընկերներն իտալացիներ են։ Այս տարի էլ 56 տոկոս բաժնեմաս է ձեռք բերել «Էկո Ինվեստ» ՍՊԸ-ում։

Դավիթ Աբովյանի ընտանիքին է պատկանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտնում գործունեություն ծավալող «Իքս-Արթ» ընկերությունը։ Նա 2011-16 թվականներին եղել է ընկերության տնօրենը։ 2017 թվականին տասը ամսով զբաղեցրել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի տնօրենի, ինչպես նաև այդ հիմնադրամին պատկանող «Արդիվեր» ընկերության տնօրենի պաշտոնը։ 2019-2020 թվականներին զբաղեցրել է «Մալխասյանց 12» ԲԲԸ-ի տնօրենի պաշտոնը, որը զբաղվում է կառուցապատմամբ։

Տպավորիչ է ոչ միայն 38-ամյա Դավիթ Աբովյանի բիզնես կարողությունը, այլ նաև նրա գործընկերների շրջանակը։ Factor TV-ն այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների և անձանց ուսումնասիրությունից պարզեց, որ Երևանի քաղաքապետարանին շուրջ 200 մլն դրամի ծառեր ու թփեր մատակարարած Դավիթ Աբովյանն ու Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը գործընկերներ են եղել։ Այս տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց նաև Դավիթ Աբովյանը։

Factor TV-ին մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ Դավիթ Աբովյանն ու Տիգրան Ավինյանի հայրն ընկերներ են։ Այս և ծառերի գնման գործընթացի հետ կապված շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ  Դավիթ Աբովյանը մեկնաբանություններ տրամադրելու համար պատրաստակամություն հայտնեց հանդիպել Factor TV-ի հետ՝ իր տնկարանում։ Գործարարը, սակայն, հետո տապալեց իր իսկ նախաձեռնությունը։ Հանդիպումից մի քանի րոպե առաջ, երբ արդեն Իջևանում գտնվող նրա տնկարանից մի քանի մետր հեռավորության վրա էինք պարզվեց, որ Դավիթ Աբովյանը տեղում չէ։ Այուհանդերձ, մեր հարցերը նրան ուղղեցինք կրկին հեռախոսազանգի միջոցով։ Դավիթ Աբովյանն ամբողջ զրույցի ընթացքում չպատասխանեց մեկ ուղիղ հարցի՝ արդյո՞ք Արմեն Ավինյանի հետ պարբերաբար հանդիպումներ ունենում է, թե՝ ոչ։

Տիգրան Ավինյանի հայրը ոռոգման համակարգերի տեղադրմամբ է զբաղվում «Իրիգեյթ» ՍՊԸ-ի միջոցով։ Այս ընկերությունը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, հիմնադրվել է 2011 թվականին՝ Տիգրան Ավինյանի կողմից։ 2018 թվականից, երբ նա զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը,  այս ընկերության սեփականատեր է դարձել  Ավինյանի եղբայրը՝ Դավիթ Ավինյանը, իսկ տնօրենը՝ հայրը՝ Արմեն Ավինյանը։ Հիշեցնենք, հենց այս ընկերության միջոցով էին Ավինյանները 2018 թվականին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից 35 հազար դոլարի դրամաշնորհ ստացել, ինչը ժամանակին աղմուկ բարձրացրեց։ Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ  Արմեն Ավինյանից։ Նա, սակայն, կտրուկ հրաժարվեց  խոսելուց՝ հայտարարելով, թե անխախտ սկզբունք ունի՝ երբեք  լրագրողների հետ չխոսել։

Դավիթ Աբովյանը պնդում է, որ իր ընկերությունը մրցույթներում հաղթող է ճանաչվել ոչ թե Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի հետ ունեցած գործընկերության, այլ իրենց առաջարկած մատչելի գների ու բարձր որակի համար։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ վստահեցրել է, որ գնումների գործարքում կոռուպցիան բացակայում է։

Դավիթ Աբովյանի և Արմեն Բեգոյանի այս հավաստիացումները որոշեցինք ուսումնասիրել վերջին՝ 82 մլն դրամ արժեցող պայմանագրի օրինակով, և  ուշագրավ բացահայտումներ արեցինք։ Էլեկտրոնային աճուրդին մասնակցել է չորս ընկերություն։ Բացի հաղթող ճանաչված «Բերրի Վորլդ» ՍՊԸ-ից՝ գնառաջարկներ են ներկայացրել LA IMPORT ՍՊԸ-ն, Արմեն Մստոյան ԱՁ-ն և «Շինարար Արգո» ՍՊԸ-ն։ Այս  ընկերություններն աստղաբաշխական գներ են առաջարկել։ Օրինակ՝ LA IMPORT ՍՊԸ-ն 35 մլն դրամ է առաջարկել միայն յուրաքանչյուր ծառատեսակի ամբողջ խմբաքանակի համար, Արմեն Մատոյան ԱՁ-ն-ն՝ 80 մլն դրամ, իսկ «Շինարար Արգո» ՍՊԸ-ն՝ 84 մլն դրամ։

Այս գործարքը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Factor TV-ին իրավապահ համակարգի աղբյուրները հայտնեցին, որ աճուրդին մասնակցած ընկերությունների ղեկավարները և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնյաները հրավիրվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն ևս հետաքրքրված է այն հարցով, թե ինչու են մյուս երեք ընկերությունները բարձր գներ առաջարկել և հետո հրաժարվել մասնակցել աճուրդին։ Մասնակիցներից երկուսի՝ LA IMPORT ՍՊԸ-ի և Արմեն Մստոյան ԱՁ-ի ներկայացուցիչները նույն պատասխանն են տալիս, թե դա գնագոյացման արդյունքում առաջացած արժեք չէ, այլ պարզապես նշել են, որ աճուրդի ժամանակ սակարկեն։ Նկատենք, սակայն, որ աճուրդին չեն մասնակցել։ Իսկ ահա «Շինարար Արգո» ՍՊԸ-ի ներկայացուցչի հետ զրուցել չհաջողվեց։ Զբաղվածությունը պատճառաբանելով՝ նա հրաժարվեց պատասխանել հարցերի: Factor TV-ին հայտնի դարձավ, որ Արմեն Մստոյան ԱՁ-ն և «Շինարար Արգո» ՍՊԸ-ն գործընկերներ են և համագործակցում են տարբեր նախագծերի շուրջ։ Տեղեկությունը հաստատեց նաև Արմեն Մստոյան ԱՁ-ի ներկայացուցիչը։

Ուշագրավ է նաև նախամրցութային փուլում գնառաջարկներ արած ընկերությունների ստեղծման ժամանակահատվածը։ Մասնավորապես, «ԼԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024 թվականի հունվարի 19-ին, ըստ էության, քաղաքապետարանի կողմից ծառեր գնելու հայտարարության փուլում։ Այս ընկերության հիմնադիրն Արմեն Եսայանն է։

Արմեն Մստոյան ԱՁ-ն հիմնադրվել է 2022 թվականին, իսկ «Շինարար Արգոն»՝ 2021 թվականին։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ այս երեք ընկերություններից որևէ մեկը որևէ ծառայություն չի մատուցել պետական կառույցներին։ Գնումների համակարգում համագործակցության վերաբերյալ պայմանագրեր չկան։

Արդյո՞ք կա կոռուպցիա այս գործարքում։ Առաջիկայում պարզ կդառնա, եթե Հակակոռուպցիոն կոմիտեն օբյեկտիվ քննությունն իրականացնի։ Մինչ այդ կարող ենք նշել, որ այն ռիսկային է արդեն իսկ բացահայտված փաստերի առումով․ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր գործընկերը դառնում է տնկիների մատակարար և միայն մեկ պայմանագրով 82 մլն դրամ է ստանում հարկատուներից։  դրամ է ստանում Երևանի քաղաքապետարանից։ Մյուս երեք մասնակիցները տասնապատիկ ավել գին են սահմանում աճուրդի նախնական փուլում և հրաժարվում մասնակցել աճուրդին՝ այդպիսով առաջացնելով բազմաթիվ հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան