«Պատմուճանս չեմ պատռելու որևէ մեկի համար»․ Վաչագան Ղազարյանի գործով դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործի քննությունը։

Ղազարյանին 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել պաշտոնեկան դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դրդչության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 2 դրվագով՝ պաշտոնեական դիրքը՝ ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հանցավար ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականցնելու համար։

Խոսքն Իսակովի պողոտայի այն հողատարածքների մասին է, որոնք Ղազարյանն ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում վերադարձրել է պետությանը։

Հիշեցնենք, որ Դատախազությունը Ղազարյանի կողմից գույքը վերադարձնելուց հետո հայտարարություն է տարածել, թե վերադարձվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնին պատկանող անշարժ գույքը, մինչդեռ մենք պարզել էինք, որ իրականում Ղազարյանի կողմից վերադարձված գույքը կապ չունի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հետ։

Այսօր գործով նախնական դատալսումների փուլ էր։ Այս փուլում քննարկման ենթակա հարցերից մեկը դատավորին ինքնաբացարկ հայտնել-չհայտնելու հարցն է։ Դատավոր Վարդգես Սարգսյանը կողմերին ասաց, որ Դատախազությունում աշխատելու ընթացքում Ղազարյանի վերաբերյալ քրեական գործերից մեկով ինքն է եղել հսկող դատախազը, սակայն հետագայում տեղափոխվել է Դատախազության այլ վարչություն ու նույնիսկ տեղյակ չէ, թե, ի վերջո, այդ գործն ինչ ընթացք է ստացել։ Սարգսյանը նույն գործի շրջանակներում մասնակցել է նաև Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի դեմ բողոքի քննությանը, որի ժամանակ Վերաքննիչ դատարանը որոշել է Ղազարյանի նկատմամբ գրավ կիրառել։ Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել, և Սարգսյանը Վճռաբեկ դատարանում դատախազի ներկայացրած բողոքն է պաշտպանել։ Այս բողոքը բավարարվել է, ու Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կրկին փոխվել է կալանքով։

Ըստ դատավորի՝ ինքն, այսուհանդերձ, Վաչագան Ղազարյանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք չունի և կարող է անաչառ կերպով քննել նրա գործը։

Գործը, որի մասին դատարանում հայտնեց Վարդգես Սարգսյանը, վերաբերում է Վաչագան Ղազարյանի հայտարարագրերին։ Այս գործի քննության ընթացքում Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանը բարձրաձայնել է այն մասին, որ օրենքում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով Վաչագան Ղազարյանը հայտարարատու պաշտոնատար անձ չի եղել։

Դատավոր Վարդգես Սարգսյանի ինքնաբացարկի հարցին անդրադառնալիս հանրային մեղադրող Գորիկ Հակոբյանն ասաց, որ ինքն ինքնաբացարկի հիմք չի տեսում, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղազարյանի վերաբերյալ նախորդ գործը որևէ առնչություն չունի այս գործի հետ։ Մեղադրողը նաև մեկ այլ հանգամանք բացահայտեց։ Ինքն ու Վարդգես Սարգսյանը որպես դատախազ միասին աշխատել են, ավելին, Ղազարյանի պաշտպանությունը ստանձնած Մհեր Հակոբյանը ևս ժամանակին դատախազ է եղել, ստացվում է՝ ինքը՝ Հովակիմյանը և՛ դատավոր Վարդգես Սարգսյանի, և ՛ պաշտպան Մհեր Հակոբյանի հետ աշխատել է դատախազությունում, սակայն, ըստ Հովակիմյանի, այս հանգամանքները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի իրենք բոլորը պրոֆեսիոնալ կերպով կատարեն իրենց աշխատանքը։

Վաչագան Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանը նշեց, որ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ այն քրեական գործը, որի մասին դատավոր Սարգսյանն է մատնանշում, կարճվել է, ընդ որում՝ այն նույն հիմքով, որը ներկայացված է եղել Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության ժամանակ, ավելին, այդ միջնորդությունն ինքը ներկայացվել է նաև դատախազ Վարդգես Սարգսյանին ու վերջինս մերժել է այն։

Բացի այդ՝ Հակոբյանը նշեց նաև, որ Վճռաբեկ դատարանում Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի որոշման հիմքում դրված նորմերի՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցն ինքը վիճարկել է Սահմանադրական դատարանում, և այս դատարանը հաստատել է, որ այդ նորմերին տրվել է հակասահմանադրական մեկնաբանություն։

Ըստ Մհեր Հակոբյանի՝ այս պայմաններում օբյեկտիվորեն մարդկանց մոտ կարող է կասկած առաջանալ այժմ այս գործը քննող դատարանի անկողմնակալության ու անաչառության վերաբերյալ։

Հակոբյանը խնդրեց ժամանակ տրամադրել՝ իր վստահորդի հետ ինքնաբացարկի հարցը քննարկելու համար ու նշեց, որ, օրինակ, նախորդ գործով Վաչագան Ղազարյանի մոտ այն տպավորությունն է ձևավորված եղել, որ դատախազ Վարդգես Սարգսյանը կանխակալ վերաբերմունք է ունեցել իր նկատմամբ։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու իրենք ավելի վաղ չեն ներկայացրել միջնորդությունը, Հակոբյանը բացատրեց, որ իրենց համար էական է եղել, թե դատավորն ինչ դիրքորոշում է հայտնելու այս նիստով և ինչ երաշխիքներ է ներկայացնելու, որ ինքը կարող է անկողմնակալ լինել Ղազարյանի գործով։

«Ես որևէ երաշխիք չեմ պատրաստվում ներկայացնել, պատմուճանս չեմ պատռելու որևէ մեկի համար, ով ուզում է՝ լինի այս նիստերի դահլճում կանգնած, ուզում է՝ Վաչագան Ղազարյանը լինի, ուզում է՝ Հանրապետության նախագահը լինի, ինձ համար Ղազարյանն էլ, մյուսներն էլ բացարձակ միևնույնն են։ Ինչ վերաբերում է իմ մասով այդ գործով կողմնակալ վերաբերմունք ունենալուն, երբ ես Վերաքննիչ դատարանում իմ դիրքորոշումը պնդել եմ, Վերաքննիչն իմ դիրքորոշման հետ առնվազն չի համաձայնել ու որոշել է, որ կալանքը պիտանի խափանման միջոց չէ Ղազարյանի համար, բայց նրա՝ հայտարարատու պաշտոնատար անձ լինելու հանգամանքը Վերաքննիչը ևս իրատեսական է համարել։ Այսինքն՝ առվազն Վերաքննիչ դատարանը փաստել է, որ հայտարարատու անձ լինելու մասով ես ճիշտ եմ։ Վճռաբեկ դատարանում Վճռաբեկ բողոքը դատախազն է բերել։ Ինձ այնտեղ հարցրել են՝ ազատության մեջ Ղազարյանը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորե՞լ է, թե՞ ոչ, ես ասել եմ, որ չի դրսևորել, ապա գլխավոր դատախազի բողոքը բավարարվել է, միայն Սերժիկ Ավետիսյանը հատուկ կարծիք է ունեցել»,- ասաց դատավոր Սարգսյանը՝ հավելելով, որ իր՝ անկողմնակալ լինելու վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ այլևս որևէ միջոց չի պատրաստվում ձեռնարկել։ Դատավորը նաև ասաց, որ ինքը ո՛չ խուսափում է արդարադատություն իրականացնելուց, և ո՛չ էլ, հակառակը, անհամբեր սպասում էր, թե երբ է Ղազարյանի վերաբերյալ գործը գնալու դատարան, որպեսզի քններ։

Այնուամենայնիվ, այսօրվա նիստը նա հետաձգեց՝ իրեն ինքնաբացարկ հայտնել կամ չհատնելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը հստակեցնելու համար։

Արաքս Մամուլյան