Դատական դեպարտամենտի աղմկահարույց ֆիլմի հետքերով․ հայտնի քրեական գործերով դատավորները հավասարաչափ ծանրաբեռնված չեն եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Դատական դեպարտամենտը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Երանոսյանի և Սերժ Սարգսյանի գործերը քննող դատավորներին մեղադրում է այդ գործերը տապալելու կամ ձգձգելու մեջ, նրանց աշխատանքը համեմատում Գագիկ Խաչատրյանի ու Մանվել Գրիգորյանի գործերը քննած դատավորներ Արթուր Մկրտչյանի և Մնացական Մարտիրոսյանի աշխատանքի հետ ու պնդում՝ վերջին երկու դատավորներն ավելի մեծ ծանրաբեռնվածություն են ունեցել, բայց անհամեմատ արդյունավետ են աշխատել։

Factor TV-ն ուսումնասիրել է այս գործերի ձգձգման հանգամանքներն ու պարզել՝ արդյո՞ք հավասարաչափ են ծանրաբեռնված եղել դատավորները, ինչպես պնդում է Դատական դեպարտամենտը, և թե որքանով է դատավորների ծանրաբեռնվածությունն ազդել այս 5 գործերի քննության վրա:

2023 թվականի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեում ելույթ ունենալիս դժգոհեց զգայուն քաղաքական գործերով դատավճիռներ չլինելու հանգամանքից։

«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այդ դատական նիստերը տեղի են ունենում, այսպես ասած, կուրորտային ռեժիմով։ Դատական նիստը եղավ և հետաձգվեց մի ամսով, երկու ամսով, երեք ամսով, հինգ ամսով»,- դժգոհեց Նիկոլ Փաշինյանը։

Սրան հաջորդեց Հանրային հեռուստաընկերության եթերում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հարցազրույցը, որով դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի ղեկավարը հայտնեց, որ տեսանյութ է պատրաստվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործերի ձգձգման պատճառների վերաբերյալ։

«Ես իմ գործընկերներին խնդրել եմ 5 ամենահայտնի, ամենահարցված գործերի մասով պատրաստել տեսանյութ, թե ինչու, ում մեղքով են ձգձգվել այս գործերը»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

Մեկ ամիս անց հրապարակվեց տեսանյութը, որով գործերի քննությունը ձգձգելու մեջ մեղավոր ճանաչվեցին Լևոն Երանոսյանի գործը քննող դատավոր Հարություն Մանուկյանն ու Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը համոզված է՝ ֆիլմը քաղաքական իշխանության դժգոհություններից արդարանալու նպատակ է հետապնդում։ Դրանով նաև հստակ ազդակներ են ուղարկվում քաղաքական զգայուն գործեր քննող դատավորներին։

«Ինչ է ստացվում․ Բարձրագույն դատական խորհուրդը, տուրք տալով քաղաքական իշխանության դժգոհություններին, նկարահանում է ֆիլմը, որպեսզի ցույց տա, որ՝ 1․ քաղաքական իշխանությունները ճիշտ են և կոնկրետ դատավորների պատճառով են այդ գործերը ձգձգվում, 2․ այդ ֆիլմի միջոցով մեսիջ է ուղարկվում այն դատավորներին, ովքեր քննում են քաղաքական բաղադրիչ ունեցող գործերը, որ այդ գործերը քննեն ոչ թե իրենց ծանրաբեռնվածությունից ելնելով, այլ քաղաքական իշխանությունների կողմից նախօրոք իջեցված արագ քննելու պատվերով»,- դիտարկում է փաստաբանը։

Դատական դեպարտամենտի պատրաստած ֆիլմից հետո Արդարադատության նախարարությունը դատավորներ Մանուկյանի և Դանիբեկյանի վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցել։

Factor TV-ն ուսումնասիրել է Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Երանոսյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի դատական քննության ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն ու պարզել, թե որքանով են օբյեկտիվ ֆիլմում դատավորների հասցեին հնչող մեղադրանքները։

Լևոն Երանոսյանի գործ

Լևոն Երանոսյանը մեղադրվում է ցուցարարների նկատմամբ ապօրինի կերպով նռնակներ կիրառելու մեջ, ինչի հետևանքով ցույցի մասնակից 26 անձի պատճառվել է տարբեր աստիճանի մարմնական վնասված։ Գործը դատարանում է շուրջ 4 տարի, 10 ամիս։ Դատավորը Հարություն Մանուկյանն է։

Դատական դեպարտամենտի պնդմամբ՝ միջինացված հաշվարկները ցույց են տալիս, որ դատավոր Հարություն Մանուկյանը մինչև 2023 թվականը Լևոն Երանոսյանի գործով նիստերը նշանակել է յուրաքանչյուր 42-րդ օրը, իսկ 2023 թվականից հետո՝ յուրաքանչյուր 21-րդ օրը։

«Այս գործը յուրահատուկ է նրանով, որ դատավոր Հարություն Մանուկյանը հազվադեպ է նիստեր նշանակել և իր վարքագիծը փոխել է միայն նոր Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարությունից հետո՝ 2023 թվականին։ Այսպիսով կարելի է եզրակացնել, որ այս գործը ձգձգվելու հիմնական պատճառը դատավորի կողմից նիստերը մեծ ժամանակային տարբերությամբ նշանակելու արդյունք է եղել»,- ասվում է Դատական դեպարտամենտի ֆիլմում։

Մինչդեռ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրականում դատավոր Հարություն Մանուկյանի կողմից նշանակված նիստերի հաճախականությունը կապված է ոչ թե ԲԴԽ-ի նոր ղեկավարության, այլ հենց դատավորի ծանրաբեռնվածության հետ։ Միջինացված հաշվարկներ կատարելիս Դեպարտամենտը պարզապես չի նկատել, որ 2019 թվականին, երբ դատավորը համեմատաբար քիչ ծանրաբեռնվածություն է ունեցել, մեծ թվով նիստեր է նշանակել․ ճիշտ այնպես, ինչպես 2023-ին՝ ԲԴԽ նոր ղեկավարության ժամանակ։

Հարություն Մանուկյանը Լևոն Երանոսյանի գործը ստացել է 2019 թվականի մարտի 29-ին, մինչև տարեվերջ, այսինքն՝ 9 ամսում, նշանակել է 11 դատական նիստ, ստացվում է՝ ամսական 1-ից ավելի։ Այս տարվա ընթացքում դատավորը 110 քրեական գործ է ունեցել և 731 մինչդատական վարույթի միջնորդություն, այսինքն՝ կալանքի, խուզարկություն իրականացնելու և նախաքննության ընթացքում դատարանի թույլտվությամբ իրականացվող այլ գործողությունների վերաբերյալ գործեր:

Որպեսզի դատավորի ծանրաբեռնվածության պատկերը պարզ լինի, պետք է նկատի ունենալ, որ քրեական գործերի քննությունը մեծամասամբ տևում է ամիսներ և տարիներ՝ ի տարբերություն մինչդատական վարույթի գործերի, որոնք հիմնականում ավարտվում են 1-2 նիստով, սակայն այս գործերի յուրահատկությունն էլ այն է, որ հաճախ լինում են անհապաղ քննության ենթակա։

Հաջորդ տարի՝ 2020 թվականին, դատավորի վարույթում 151 քրեական գործ և 660 մինչդատական վարույթի միջնորդություն է եղել։ Նա տարվա ընթացքում 7 դատական նիստ է նշանակել, ավելին, քան երկու ամիսը մեկ անգամ։

2021-ին դատավորի վարույթում եղած քրեական գործերի քանակը հասել է 212-ի, իսկ մինչդատական վարույթի միջնորդությունների թիվը՝ 560-ի։ Դատավորը 2021-ի ընթացքում 6 նիստ է նշանակել, այսինքն՝ երկու ամիսը մեկ։

2022 թվականին դատավորի վարույթում քրեական գործերի թիվը հասել է 245-ի, բայց Մանուկյանը շարունակել է երկու ամիսը մեկ նիստ նշանակել։

2022-ին սկսել է գործել, այսպես ասած, կալանքի դատարանը։ Այս տարվա ընթացքում դատավորներն ավարտել են իրենց մակագրված մինչդատական վարույթի միջնորդություններն ու շարունակել քննել միայն քրեական գործեր՝ էականորեն թեթևացնելով իրենց ծանրաբեռնվածությունը։

2022-ին Հարություն Մանուկյանը հասցրել է ավարտել իր վարույթում կուտակված 200 քրեական գործի քննություն՝ 2023 թվական տեղափոխելով ընդամենը 45 գործ։ Ուստի, սկսած 2023 թվականից ծանրաբեռնվածությունն էականորեն թեթևացրած դատավորը սկսել է ավելի հաճախակի նշանակել Լևոն Երանոսյանի գործով նիստերը՝ ճիշտ այնպես, ինչպես 2019-ին էր նշանակում, երբ նոր էր ստացել գործը։

Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ դատավոր Հարություն Մանուկյանը ոչ թե Բարձրագույն դատական խորհրդի նոր ղեկավարության նշանակվելու, այլ իր ծանրաբեռնվածության հանգամանքով պայմանավորված է նիստերն ավելի ուշ կամ ավելի հաճախակի նշանակել։

Ռոբերտ Քոչարյանի գործ 

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր երկու առանձին գործով։ Դրանցից մեկը հայտնի Մարտի 1-ի գործն էր, որը, ըստ Դատական դեպարտամենտի ֆիլմի, փակվեց Սահմանադրական դատարանի որոշմամբ։

Մյուս գործով, ըստ մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 3 մլն դրամ կաշառք էր վերցրել գործարար Սիլվա Համբարձումյանից։ Այս գործը դատարանում էր 4 տարի 4 ամիս և կարճվեց վաղեմության հիմքով։ Քոչարյանը չարդարացվեց, բայց գործն այնքան ձգվեց, որ այլևս հնարավոր չէր մեղադրյալին պատժել։ Այս գործերով դատավորն Աննա Դանիբեկյանն էր։

«Տապալված նիստերի պատճառներն ու կորսված նիստերի քանակը հետևյալն է․ դատավորի պատճառով՝ 20 ամիս, 6 օր, փաստաբանների միջնորդությունների պատճառով՝ 15 ամիս։ Ակնհայտ է, որ դատավորը չի իրականացրել իր գործառույթներն այնպես, որ կասեցնի իրավունքի չարաշահումները կամ գոնե ստուգի բժշկական տեղեկանքների և այլ հետաձգումների արժանահավատությունն ու ողջամտությունը»,- նշվում է Դեպարտամենտի ֆիլմում։

Քննարկվող գործերից ամենաշատ նիստերը նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի գործով։ Քննության շրջանակում մեծ թվով միջնորդություններ են ներկայացվել` կապված Քոչարյանին վերագրվող Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության հետ։ Հենց այս հարցի վերաբերյալ իրավական վեճերն են, որ դարձել են գործով նիստերի ձգձգումների, դատավորին ինքնաբացարկ, դատախազներին՝ բացարկ հայտնելու առիթներ։ Այս հարցը դեռևս 2019 թվականի մայիսից գտնվում էր Սահմանադրական դատարանում և միայն 2 տարի անց որոշում կայացվեց, որ հոդվածը հակասահմանադրական է։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ եթե Սահմանադրական դատարանն ավելի վաղ կայացներ որոշումը, այս գործով սահմանադրական կարգի տապալման հոդվածը 2 տարի քննության առարկա չէր դառնա և գործով չէր կորսվի մոտ 2 տարի:

Ինչ վերաբերում է իրավունքի չարաշահումները կասեցնելուն, ապա եթե անգամ դատավոր Աննա Դանիբեկյանը համարեր, որ պաշտպանական կողմը չարաշահում է իր դատավարական իրավունքները, հնարավորություն չէր ունենա կասեցնելու այդ չարաշահումը և չթուլատրելու միջնորդություններ ներկայացնել։ Իրավունքի իրացման սահմանափակումը՝ որպես դատավարական սանկցիայի տեսակ, նախկին Քրեական օրենսգրքով նախատեսված չի եղել, այն նախատեսվել է միայն 2022-ի հուլիսին ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգրքով։

Դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ Դատական դեպարտամենտի հաջորդ քննադատությունն այն է, որ նա չի առանձնացրել Քոչարյանին վերագրվող երկու արարքների քննությունը։

«Մարտի 1-ի և կաշառք ստանալու գործերը քննվում էին մեկ վարույթի շրջանակում։ Եթե դատավոր Աննա Դանիբեկյանն առանձնացներ այս երկու գործերը, ապա չէր վատնի 19 ամիս, օրինակ՝ Մանվել Գրիգորյանի գործով Մնացական Մարտիրոսյանն իր կողմից քննվող դատական գործն առանձնացրել է 2 մասի և արդեն 2023 թվականին 2 գործով նիստերը կարողացել է ավարտել»,- որպես գործի քննության լավ օրինակ նշվում է ֆիլմում։

Գագիկ Խաչատրյանի գործ

Գագիկ Խաչատրյանին մեղադրում են պետությանը 34 մլն դրամ վնաս պատճառելու մեջ։ Գործի քննությունը տևում է արդեն 3 տարի, 6 ամիս։ Գործը քննում է դատավոր Արթուր Մկրտչյանը։

Դատական դեպարտամենտն այս գործով դատավորի կատարած աշխատանքը գնահատում է շատ որակյալ՝ չնայած այն հանգամանքին, որ հենց ֆիլմով արձանագրվում է, որ այս գործով նշանակված դատական նիստերի կեսը չի կայացել։

«Կարելի է եզրակացնել, որ այս գործը ձգձգվել է ամենաշատն ամբաստանյալի առողջական խնդիրների պատճառով, որի արդյունքում դատավորը բավարարել է բժշկական լրացուցիչ հետազոտություն անցկացնելու միջնորդությունը»,- նշվում է Դեպարտամենտի ֆիլմում։

Հատկանշական է այն հանգամանքը, որ առողջական խնդիրների պատճառով նիստերին չներկայացող Գագիկ Խաչատրյանի գործով մեղադրյալ է եղել նաև նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, սակայն Դատական դեպարտամենտն այս գործով դատավոր Արթուր Մկրտչյանին չի մեղադրում երկու մեղադրյալների գործերը չառանձնացվնելու մեջ՝ ի տարբերություն Աննա Դանիբեկյանի։ Նշենք, որ դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորություններն այս տարվա հունիսից դադարում են՝ տարիքը լրանալու կապակցությամբ։ Ըստ Դատական դեպարտամենտի՝ գործը շատ որակյալ քննած դատավորը կհասցնի դատավճիռ կայացնել, թե՝ ոչ, դեռևս հայտնի չէ․ նա նիստերը դռնփակ է դարձրել։

Սերժ Սարգսյանի գործ

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետությունից շուրջ 480 մլն դրամի հափշտակություն կատարելու մեջ։ Այս գործի քննությունը դատարանում տևել է շուրջ 4 տարի և դեռ շարունակվում է։ Դատավորը Վահե Միսակյանն է։

Այս գործին անդրադառնալով՝ Դեպարտամենտը եզրակացնում է, որ այս գործը ձգձգվել ու վաղեմության ժամկետը լրացել է կորոնավիրուսի, մահացած ամբաստանյալ Սերգեյ Կարապետյանի առողջական խնդիրների, փաստաբանների որոշ ձգձգումների, և փոքր չափով էլ՝ մինչև 2023 թվականը դատավորի կողմից նիստերը ոչ հաճախ նշանակելու պատճառով։

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատավոր Վահե Միսակյանը 2023 թվականին իսկապես արագացրել է նիստերի նշանակման տեմպերը։ Պատճառը դատավորի անունն այդ տարվա ընթացքում մի քանի անգամ գործերի բաշխման ցանկից հանելն է, որի դեպքում դատավորին նոր գործեր չեն մակագրվել, և նա հնարավորություն է ունեցել քննելու վարույթում կուտակված գործերը։

Մանվել Գրիգորյանի գործ 

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք և զինամթերք ունենալու, հափշտակություններ կատարելու համար։ Սա ընտրված 5 գործերից միակն է, որն առաջին ատյանում ավարտվել է 4 տարի, 5 ամիս քննությունից հետո։ Գործը քննում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Այս գործով մահացած ամբաստանյալ Մանվել Գրիգորյանն ու նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղավոր են ճանաչվել, սակայն դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել։

Դատական դեպարտամենտի ֆիլմում նշվում է, որ այս գործով վճիռն ուժի մեջ չի մտել բացառապես դատախազության բողոքարկման պատճառով, և եթե Դատախազությունը չբողոքարկեր այս դատավճիռը, ապա Մանվել Գրիգորյանից բռնագանձված կլիներ շուրջ 2 մլրդ դրամ, 9 տրանսպորտային միջոց, բենզալցակայան, զենք և զինամթերք։

Դատական դեպարտամենտի այս պնդումը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ Մանվել Գրիգորյանի գործով առկա տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վճիռն ուժի մեջ մտած չէր լինի, եթե անգամ Դատախազությունը բողոք չներկայացներ, քանի որ դատավճռի դեմ բողոքներ է ներկայացրել նաև Մանվել Գիգորյանի ու Նազիկ Ամիրյանի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը՝ պահանջելով արդարացնել նրանց։

Այսպիսով՝ ամփոփելով այս 5 գործերով դատավորի կատարած աշխատանքը՝ Դատական դեպարտամենտը եզրակացնում է․ Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Երանոսյանի գործերի ձախողումների պատճառը երկու դատավորների աշխատանքի որակն է, մյուս երկու գործերով՝ Մանվել Գրիգորյանի  և Գագիկ Խաչատրյանի գործերը քննող դատավորները կատարել են շատ որակյալ աշխատանք։ Սերժ Սարգսյանի գործն էլ միջին որակի քննված գործ է։ Այս գործերով հինգ դատավորներից առավել մեծ բեռ են ունեցել միայն ՄՆացական Մարտիրոսյանն ու Արթուր Մկրտչյանը։

Այսինքն՝ Դատական դեպարտամենտը գովաբանում է դատավորներ Արթուր Մկրտչյանի և Մնացական Մարտիրոսյանի աշխատանքը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն այս գովասանքի խոսքերը պատահական չի համարում։

«Խրախուսվում էին, գովասանքի էին արժանանում այն դատավորները, որոնք, իրենց կարծիքով, արագ են քննել, բայց նաև բարենպաստ դատական ակտեր են կայացրել։ Այս թաքնված մեսիջն այնքան էլ թաքնված չէ, ակնհայտ է, որ դատավորներին այդ մեսիջն է ուղարկվել, որ եթե ուզում եք դուք էլ գովասանքի խոսքերի արժանանալ, դուք էլ մեր ուզած դատական ակտերը կայացրեք»,- դիտարկում է Վարազդատ Հարությունյանը։։

Այժմ պարզենք՝ արդյո՞ք ճիշտ է դատական դեպարտամենտի այն պնդումը, որ 5 գործերով դատավորները հավասարաչափ են ծանրաբեռնված եղել։

Այս հարցի պատասխանը ստանալու համար ուսումնասիրել ենք վերջին 5 տարվա ընթացքում այս 5 դատավորների ծանրաբեռնվածությունը, մասնավորապես՝ դատավորների վարույթում մեկ տարվա ընթացքում առկա քրեական և մինչդատական վարույթի գործերը։

Օրինակ՝ 2022 թվականին դատավոր Հարություն Մանուկյանը քննել է 245 քրեական գործ, Վահե Միսակյանը՝ 220, Աննա Դանիբեկյանը՝ 185, Մնացական Մարտիրոսյանը՝ 149, Արթուր Մկրտչյանը՝ 37։

Ստացվում է, որ Արթուր Մկրտչյանը Հարություն Մանուկյանից 208 գործ պակաս է ունեցել, ինչը, բնականաբար, չէր կարող առաջացնել նույն ծանրաբեռնվածությունը։

Այդ տարվա ընթացքում Մկրտչյանը եղել է նաև Երևանի դատարանի նախագահն ու մյուս դատավորների համեմատ 35%-ով պակաս ծանրևաբեռնվածություն է ունեցել։ Բացի այդ, այդ դատավորը նաև քննել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ ու այդ հանգամանքով պայմանավորված՝ մյուս դատավորներից 25%-ով պակաս ծանրաբեռնվածություն է ունեցել, սակայն ակնհայտ է, որ ցանկացած հաշվարկի դեպքում էլ Մկրտչյանի և մյուս դատավորների ծանրաբեռնվածությունը հավասարաչափ չի եղել:

Ուսումնասիրել ենք նաև, թե գովասանքի արժանացող դատավորներն ամսվա ընթացքում քանի՞ նիստ են նշանակել իրենց վարույթում քննող գործերով։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատավորներ Մնացական Մարտիրոսյանն ու Արթուր Մկրտչյանը Մանվել Գրիգորյանի և Գագիկ Խաչատրյանի գործերով ամսվա ընթացքում 1-ից մինչև 4 նիստ են նշանակել։ Այժմ հաշվենք, թե, օրինակ, 2022 թվականին 245 գործ ունեցող դատավոր Հարություն Մանուկյանը կամ 220 գործ ունեցող Վահե Միսակյանն օրվա ընթացքում քանի՞ գործով նիստ պետք է նշանակեին, որպեսզի կարողանային ամսվա ընթացքում յուրաքանչյուր գործով 1-ից 4 նիստ անցկացնել։

2022 թվականին Հարություն Մանուկյանի վարույթում եղել է 245 գործ։ Միջինը 21 աշխատանքային օր ունեցող ամսվա ընթացքում դատավորը պետք է ամեն օր առնվազն 11 նիստ նշանակեր, որպեսզի կարողանար ամեն ամիս բոլոր գործերով 1 նիստ անցկացնել, իսկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր գործով մինչև 4 նիստ կայացնելու համար դատավորը պետք է 8 աշխատանքային ժամի ընթացքում նշանակեր 44 նիստ։

220 գործ ունեցող Վահե Միսակյանն էլ ամսվա ընթացքում բոլոր գործերով առնվազն 1 նիստ կայացնելու համար 1 օրում պետք է նշանակեր առնվազն 10 գործով նիստ, իսկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր գործով 4 նիստ նշանակելու դեպքում օրական նիստերի թիվը կհասներ 40-ի։

Ֆիլմի հրապարակումից հետո Բարձրագույն դատական խորհրդին քննադատեցին դատավորների անկախությունը երաշխավորելու փոխարեն՝ նրանց թիրախավորելու համար։ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն տարածեց, թե ֆիլմը ոչ թե ԲԴԽ-ն, այլ Դատական դեպարտամենտն է տարածել։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, սակայն, հիշեցնում է՝ Դատական դեպարտամենտն ընդամենը ԲԴԽ-ի աշխատակազմն է, իսկ դատական իշխանության բնական գործունեությունն ապահովող, քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինը ԲԴԽ-ն է։

«Ինչպե՞ս կարող է Դատական դեպարտամենտն առանց ԲԴԽ-ի ֆիլմ նկարի, ինչ-որ դատավորների գովասանքի, ինչ-որ դատավորների՝ կշտամբանքի արժանացնի»,- հարց է բարձրացնում փաստաբանը։

Հարությունյանը նաև պնդում է՝ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարող քննել դատավորներ Հարություն Մանուկյանի և Աննա Դանիբեկյանի վերաբերյալ հարուցված կարգապահական գործը:

«Ակնհայտ է, որ այն մարմինը, որն իրավասու է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին, եթե այդ մարմինը նախօրոք իր կարծիքն է հայտնում իքս դատավորի գործունեության վերաբերյալ, այդ կարծիքի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող սուբյեկտը հարուցում և ուղարկում է այն մարմին, որը նախապես կարծիք է հայտնել, ապա կարելի է պնդել, որ այդ կարգապահական վարույթի քննությունը ԲԴԽ-ում ի բնե ապօրինի է»,- բացատրում է փաստաբանը։

Այսպիսով՝ ոչ ամբողջական ու միակողմանի փաստեր մատնանշելով՝ Դատական դեպարտամենտը պատրաստել է ֆիլմ, որի հիման վրա երկու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Այս 5 գործերից Լևոն Երանոսյանի և Սերժ Սարգսյանի գործերն այժմ ավարտական փուլում են։

Դատական դեպարտամենտի հրապարակած ֆիլմում հնչեցված քննադատությունները կազդե՞ն այս գործերով դատավորների կողմից կայացվելիք որոշումների վրա, թե՝ ոչ, և ինչ ընթացք կունենա դատավորներ Մանուկյանի և Դանիբեկյանի վերաբերյալ կարգապահական վարութների քննությունը, պարզ կլինի առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան