Ինչու են դադարեցվել դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները․ ԲԴԽ-ն հրապարակել է որոշումը

Լուրեր

14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի կայքում հրապարակվել է Երևանի քրեական դատարանի՝ արդեն նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի գործով որոշումը։

Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից` ապրիլի 7-ին Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցից հետո։ Հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր դատավորի լիազորությունները։

Ի՞նչ էր հայտնել դատավոր Դավիթ Հարությունյանը լրագրողներին

Բարձրագույն դատական խորհրդի՝ արդեն նախկին անդամ Մեսրոպ Մակյանը 2023 թվականի մարտի 17-ին Factor TV-ի և News.am-ի լրագրողներին տված հարցազրույցում, ի պատասխան հարցին, թե արդյոք ԲԴԽ-ում ճգնաժամ կա, ասել էր, որ որ ԲԴԽ-ում ճգնաժամ չկա։

«ԲԴԽ-ում կա բացարձակ կոնսենսուս։ Եթե ուշադիր եք լինում, հատկապես վերջին շրջանում ԲԴԽ-ում բոլոր որոշումները միանձնյա են ընդունվում։ Իհարկե, դրա հետևում կա և՛ բանավեճ, և՛ անհամաձայնություն, և՛ բուռն քննարկումներ, բայց բոլորը՝ գործընկերային շրջանակներում, որի արդյունքում ծնվում է այն ճիշտ որոշումը, որի տակ ստորագրում են բոլոր անդամները»,- ասել է Մակյանը։

Ապրիլի 7-ին լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում դատավոր Դավիթ Հարությունյանն, արձագանքել էր Մակյանի հարցազրույցին, վերջինիս՝ բացարձակ կոնսենսուսի առկայության և ԲԴԽ-ում որոշումները միանձնյա ընդունվելու մասին հայտարարություններին։

Այդ օրը հրավիրված դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ դատավորները ԲԴԽ դատավոր անդամ պետք է ընտրեին։ Դավիթ Հարությունյանը հույս էր հայտնել, որ կընտրվեն արժանի թեկնածուներ, որոնք կստիպեն խախտել ԲԴԽ-ում միանձնյա կոնսենսուսը, ինչն, ըստ Դավիթ Հարությունյանի, հարիր չէ սահմանադրական, խորհրդակցական մարմնին։

Լրագրողի ճշտող հարցին՝ կարծում եք՝ ԲԴԽ-ում միանձնյա կոնսենսուս կա՞, ընդդիմացողներ, ըմբոստ ԲԴԽ անդամներ, հակառակվողներ չկա՞ն, Դավիթ Հարությունյանը պատասխանել էր․

«Դե, հիմա, եթե հրապարակային, առանց կաշկանդվելու հայտարարում են, որ կա բացարձակ կոնսենսուս այն մարմնում, որտեղ կա 10 անդամ, ես չգիտեմ՝ էդտեղ ի՞նչ է նշանակում հակառակվող կամ առանձին կարծիք ունեցող որևէ սուբյեկտ»։

Լրագրողի հարցին՝ ԲԴԽ-ի և դատավորների միջև լարվածությունն ինչի՞ց սկսվեց, Դավիթ Հարությունյանը պատասխանել էր, որ ինքն այդ հարաբերությունները լարվածություն չէր բնութագրի, բայց ամեն դեպքում վերջին մեկ տարվա ընթացքում Դատավորների միությունը հանդես է գալիս դատավորների անկախության, դատավորների պաշտպանության դիրքերից՝ այն, ինչ պետք է ԲԴԽ-ն աներ։

«Եթե ԲԴԽ-ն այդ քայլերը պատշաճ չի կատարում, դա կարող է լինել հակասության, տարբեր դիրքորոշումների կամ լարվածության առիթ, ինչպես դուք եք բնութագրում»,- ասել էր Հարությունյանը։
Լրագրողի հարցին՝ քաղաքական իշխանության կողմից ուղղորդում, նպատակադրում այս մասով տեսնո՞ւմ եք, որ հատուկ է արվում, Հարությունյանը պատասխանել էր․

«Գիտեք անկախ նրանից ուղղորդում լինի, ում կողմից լինի, երբ որ կանգնում ասում են, որ իրանց մոտ բացարձակ կոնսենսուս ա, դա էդպես չի կարա լինի ուղղակի, դա ինչ-որ նշանակում ա, եթե բացարձակ կոնսենսուս կա, ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում ա, իսկ դա չի կարող էդպես լինել։ Դատավորը նաև նշել է, որ հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան։ Եթե տասը իրավաբան, որոնք սովորել են տարբեր բուհերում, տարբեր ժամանակներում, տարբեր կենսափորձ ունեն, կեսը՝ գիտնական, կեսը՝ դատավոր, հնարավոր չէ էդ տասը հոգին չունենան իրենց սեփական, ինքնուրույն կարծիքը, աշխատեն բացարձակ կոնսենսուսի պայմաններում(…) եթե ասում են՝ իրենք վիճում են, հետո ինչ-որ մի որոշման են ընդհանուր հանգում, էդպես չի կարող լինել, եթե վիճում են, պետք է ամեն մեկը, գոնե մի մասը, գոնե տասից մեկը մի կարծիք ունենա, բայց էստեղ ստացվում ա՝ իրանք, ընդ որում՝ առանց կաշկանդվելու, ասում են, , թե բացարձակ կոնսենսուսի պայմաններում ենք աշխատել»։

Լրագրողներից մեկն էլ բառացիորեն հետևյալ կերպ էր ձևակերպել իր հարցը․

«Մի խումբ դատավորների պաշտոնավարում դադարեցվեց նաև իրենց խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար՝ Զարուհի Նախշքարյանի պարագայում, Ձեր կարծիքով այդ դատավորները պաշտոնի վերականգնվելու իրավական մեխանիզմներ ունե՞ն և ինչ ազդեցություն են ունեցել այդ գործընթացները դատական համակարգի անկախության վրա»։

Ի պատասխան այս հարցի՝ դատավորը նշել էր, որ ցանկացած դատավորի լիազորության դադարեցնում, հատկապես այս վեջին 6 ամսվա ընթացքում, ինչին որ ականատես ենք եղել, բացասական ազդեցություն է ունեցել։
«20-ից ավելի դատավորի լիազորություն, տարբեր եղանակներով, ըստ իս, անօրինական կերպով, դադարեցվել է»,- ասել էր Հարությունյանը։

Ինչպե՞ս է Արդարադատության նախարարությունը մեկնաբանել դատավորի խոսքը

Արդարադատության նախարարությունը դատավորի կողմից հնչեցված վերոնշյալ արտահայտություններն է դրել կարգապահական վարույթի հիմքում։ Ըստ նախարարության՝ դատավորին արգելվում է կասկածի տակ դնել դատարանի, այդ թվում՝ որպես դատարան հանդես եկող ԲԴԽ-ի կողմից կայացված դատական ակտերը, դատարանի գործողությունները, արգելվում է կասկածի տակ առնել դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը, ինչպես նաև չի թույլատրվում դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորել։

Ըստ նախարարության՝ դատավորը հրապարակային կարծիք է արտահայտել այն մասին, որ Խորհրդի անդամներն իրենց որոշումները (դատական ակտերը) կայացնելիս անկախ և անաչառ չեն՝ կաշկանդված լինելով որոշակի ուղղորդումներով (կամ ցուցումներով)։

«Դատավորը Խորհրդի կոնսենսուսային որոշումներ կայացնելու վերաբերյալ փաստը ներկայացնելով, ըստ էության, միտումնավոր կերպով փորձել է այնպիսի տպավորություն ստեղծել հասարակության լայն շրջանակներում, որ կոնսենսուսային որոշման կայացումը բացառում է կոլեգիալ մարմնի անդամների կողմից իրենց դիրքորոշման արտահայտման հնարավորությունը և կարող է որոշակի ցուցման (ուղղորդման) առկայության հետևանք լինել միայն»,- միջնորդության մեջ նշել է Արդարադատության նախարարությունը։

Նկատենք՝ Դավիթ Հարությունյանը խոսել է «բացարձակ կոնսենսուսով», այլ ոչ թե կոնսենսուսով որոշումների մասին, բացի այդ՝ Մեսրոպ Մակյանն իր խոսքում գործածել է ոչ թե «միաձայն», այլ «միանձնյա որոշում» արտահայտությունը, և Հարությունյանն էլ խոսել է միանձնյա որոշումների մասին։
Վարույթ հարուցած մարմինը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ Հարությունյանի հարցազրույցին նախորդող վեցամսյա ժամանակահատվածում Խորհրդի կողմից կայացվել են նաև ոչ միաձայն որոշումներ, որոնց մասին հրապարակային գնահատականներ տալուց առաջ դատավորը պարտավոր էր տեղյակ լինել։

Ըստ նախարարության՝ դատավորը հարցազրույցին նախորդած վերջին վեց ամսվա ընթացքում 20-ից ավելի դատավորների, այդ թվում՝ դատավորներ Աննա Փիլոսյանի, Սուրեն Անտոնյանի, Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի դատական ակտերն «անօրինական» է բնորոշել, ինչի իրավունքը չուներ։ Թեև Դավիթ Հարությունյանը լրագրողներին տված հարցազրույցում որևէ դատավորի անուն չի հնչեցրել՝ նախարարությունը նշել է, որ իրենք եզրահանգել են, որ դատավորն «անօրինական» է որակել դատավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատական ակտերը՝ տեսանյութում արտացոլված լրագրողի հարցի և դատավորի պատասխանի կոնտեքստը, դատողությանն առնչվող ժամանակահատվածը, ինչպես նաև լիազորությունները դադարեցված դատավորների վերաբերյալ թվաքանակը հաշվի առնելով։

Նախարարությունը նշել է, որ Դատավորի վարքագծի Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճելի հարցի մասին, այն է՝ երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության վրա (ինչը կարող է ներառել դատավորների աշխատավարձերը կամ սոցիալական երաշխիքները), արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության հիմնարար ասպեկտները։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս հարցերում դատավորը պետք է գործի մեծ զսպվածությամբ։

Թեև դատավորը կարող է հրապարակայնորեն Կառավարության ուշադրությունը հրավիրել նշված հարցերի վրա, սակայն դա չպետք է դիտվի որպես «լոբբիստական» որպես Կառավարության ուղղորդում, կամ ինչ-որ կերպ ցույց տա, թե նա ինչպես որոշում կկայացնի, եթե տվյալ հարցի լուծումը տրվի դատարանին։ Ավելին, դատավորը պետք է հիշի, որ իր հրապարակային մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես դատական իշխանության տեսակետների արտացոլում, դատավորի համար երբեմն կարող է դժվար լինել արտահայտել այնպիսի կարծիք, որը կընդունվի որպես զուտ անձնական, այլ ոչ թե ընդհանրապես դատական իշխանությանը։

«Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների հետ փոխհարաբերության կանոնները հաստատելու մասին» ԲԴԽ որոշման համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ու դատավորները, իրենց հայեցողությամբ զանգվածային լրատվության միջոցներով հանդես գալու դեպքում, ընդգծում են, որ իրենք ներկայացնում են իրենց սեփական կարծիքը, եթե տվյալ դեպքում այն տարբերվում է համապատասխան հարցադրման առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի՝ որոշակիորեն արձանագրված դիրքորոշումից։ Տվյալ դեպքում դատավոր Դավիթ Հարությունյանն իր խոսքում օգտագործում է «ըստ իս» արտահայտությունը այսպիսով շեշտելով, որ ինքը ներկայացնում է իր անձնական կարծիքը։

Դատավոր Դավիթ Հարությունյանի փաստաբանները լրագրողների հետ զրույցում պարզաբանել են, որ դատավորը, ապրիլի 7-ին տված հարցազրույցում, խոսելով «20 դատավորների լիազորություն տարբեր եղանակներով, անօրինական դադարեցնելու մասին», նկատի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին Դատական օրենսգրքում կատարված լրացումների ու փոփոխությունների հետևանքով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող և օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ միջնորդություններ քննող դատավորներին ռեզերվային դատավորի կարգավիճակ տալու և քրեական հետապնդման մեջ գտնվող դատավորների թափուր տեղերն արձանագրելու մասին ԲԴԽ որոշումները։

Այս դեպքում կստացվի, որ դատավորը խոսել է դատավորների անկախության ու սահմանադրական այլ երաշխիքների, դատավորների գործունեության մասին, այլ ոչ թե որպես դատարան հանդես եկող ԲԴԽ-ի որոշումներն է կասկածի տակ դրել, սակայն նախարարությունը, փաստորեն, այլ կերպ է մեկնաբանել դատավորի խոսքն ու նրան վերագրել նաև ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալիս կայացրած դատական ակտերը կասկածի տակ դնելու արարք։

Ըստ նախարարության՝ դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը և վարքագծի կանոնների խախտումները կատարվել են դիտավորությամբ։

Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Դատավոր Դավիթ Հարությունյանը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ Խորհրդի առջև դիրքորոշում հայտնելու հնարավորություն չի ունեցել․ մինչ այդ փուլին հասնելը հունիսի 26-ին՝ այն օրը, երբ վերջինիս փաստաբանները գործադուլ էին անում, ու Հարությունյանը միայնակ էր մասնակցել ԲԴԽ նիստին, նա դահլիճից հեռացվել էր, որից րոպեներ անց Խորհուրդը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Չնայած վերը նշված հանգամանքին՝ այս բաժնում, որպես դատավորի դիրքորոշում, ԲԴԽ-ն մեջբերել է դատավորի կողմից վարույթի հարուցումից հետո Արդարադատության նախարարին հասցեագրված գրությունները, որոնք ևս ոչ թե վարույթի վերաբերյալ գրավոր բացատրություններ են, այլ պատասխաններ ակնկալող հարցադրումներ։

Մասնավորապես՝ Դավիթ Հարությունյանը մայիսի 15-ին Արդարադատոթյան նախարարին ուղարկված գրությամբ պահանջել է պարզաբանել՝
-վարույթի ենթադրյալ խախտման հիմքն ու բովանդակությունը, մասնավորապես՝ պարզաբանել, թե ով է սղագրել հարցազրույցը, նյութը,
– վարույթի հեղինակն ինչի՞ց է ենթադրել, թե դատավորը կասկածի տակ է դրել չորս դատավորի վերաբերյալ Խորհրդի դատական ակտերը,
– Դատավորի՞, թե՞ այլ անձանց խոսքերից է վարկաբեկվել Խորհուրդը, ինչո՞վ է վտանգվում դատական իշխանության հեղինակությունը ու նվազում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ և վերաբերելի խոսքերի հեղինակների, հնչեցրած ու գործողություններ կատարած նախորդ այլ անձանց հրապարակային խոսքն ու գործողություններն ուսումնասիրվել են նախարարության կողմից, թե ոչ, սակայն այս հարցադրումների վերաբերյալ, ըստ էության, բովանդակային պատասխաններ չի ստացել:

Դատավորի լիազորություննները դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Խորհուրդը, որը չի լսել դատավորի դիրքորոշումը կարգապահական վարույթի վերաբերյալ, որոշման մեջ նշել է, որ լսելով դատավորի ու նրա ներկայացուցիչների դիրքորոշումները, Արդարադատության նախարարի տեղակալի և ներկայացուցիչների դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման։

Դատավորի խոսքի ազատության սահմաններին անդրադառնալով՝ Խորհուրդը մեջբերել իր ԲԴԽ-48-Ո-Կ-17 որոշումը, որում արձանագրել է, որ թեև խոսքի ազատության իրավունքը դատավորի անքակտելի իրավունքներից մեկն է՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, բայց այդ իրավունքը բացարձակ չէ, դատավորներն, ի պաշտոնե պարտավոր են պահպանել զսպվածություն՝ վտանգի տակ չդնելով իրենց անաչառությունը, դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը, ինչպես նաև պարտավոր են համատեղել իրենց վարքագիծը և կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ իրենց՝ որպես դատավորի, ազատ արտահայտման իրավունքի իրացման արդյունքում:

Ըստ խորհրդի՝ դատավորներն իրենց վարքագծով ոչ միայն պետք է ձեռնպահ մնան դատական համակարգը վարկաբեկելուց, այլև պետք է խթանեն դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը:

Ըստ Խորհրդի՝ այն բացառիկ դեպքում, երբ դատավորները լրատվամիջոցների առջև հայտարարություններով են հանդես գալիս քննության փուլում գտնվող դատական գործերի վերաբերյալ կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ մեկնաբանություններ են անում, վերջիններս պետք է դրսևորեն բացառիկ շրջահայացություն՝ խուսափելով որևէ կերպ դատական համակարգի անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ առնելուց:

Տվյալ դեպքում, ըստ խորհրդի, դատավորի կողմից արված արտահայտությունները տեսանյութը դիտող յուրաքանչյուր օբյեկտիվ դիտորդի մոտ ողջամտորեն կարող է ձևավորվել արդարացի հետևություն առ այն, որ Խորհրդի որոշումներն ուղղորդված են:

20-ից ավելի դատավորի լիազորություն «անօրինական կերպով դադարեցնելու» հայտարարության հանգամանքին անդրադառնալով՝ խորհուրդը նշել է, որ լրատվամիջոցով դատավորի կողմից հայտնված կարծիքը պաշտպանված չէ

Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, համաձայն որի՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց՝ բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի:
Խորհուրդը նշել է, որ եթե անգամ 20 դատավորի լիազորություն դադարեցնելու մասին հրապարակային խոսքը դիտարկի այն կոնտեքստում, որի մասին դատավորն է պնդում կատարում, ապա նման պարագայում ևս դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։

Դատավորներն, ըստ ԲԴԽ-ի, հաշվի առնելով իրենց խոսքի ազդեցիկությունը, պարտավոր են հանրությանը մանրամասն բացատրել իրենց քննադատության պատճառները և հիմնավորումները։ Ավելին, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է դրսևորեն հավասարակշիռ մոտեցում, խուսափեն որևէ կողմնակալության տպավորություն ստեղծելուց և փոխարենը ձգտեն արդարացի և բազմակողմանի ներկայացնել խնդրի բոլոր կողմերը։

Նշած պահանջների կարևորությունն, ըստ ԲԴԽ-ի, առավել ակներև է, երբ դատավորների քննադատության թիրախը հանդիսանում է Բարձրագույն դատական խորհուրդը, քանի որ դատական համակարգի անկախության երաշխավոր հանդիսացող մարմինը հեղինակազրկող խոսքերն ուղղակիորեն կասկածի տակ են դնում դատական ամբողջ համակարգի անկախությունը։ Դատավորի կողմից քննադատական խոսքը չպետք է նպատակ ունենա որևէ մարմնի, առավել ևս՝ Բարձրագույն դատական խորհրդին հեղինակազրկել, և այն պետք է լինի կառուցողական։

«Այն պարագայում, երբ դատավորներն առանց հիմնավորման և կողմնակալ կերպով քննադատության են ենթարկում Խորհրդի գործողությունները և որոշումները, ապա որպես հետևանք վնասվում է ոչ միայն Խորհրդի հեղինակությունը, այլև կասկածի տակ է դրվում ամբողջ դատական համակարգի անկախությունը և վստահելիությունը։ Ելնելով վերոգրյալից՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դավիթ Հարությունյանի կողմից կատարված արտահայտությունները վարկաբեկում են դատական իշխանությունը, նման արտահայտություններով նվազեցվում է հանրության վստահությունը դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ, ինչպես նաև հրապարակայնորեն կասկածի տակ են առնում Խորհրդի որոշումների օրինականությունն ու որոշումների կայացման ընթացքում Խորհրդի անդամների անկախությունը և անաչառությունը՝ անկախ այն հանգամանքից, թե՛ Դատավորի կողմից «անօրինական» որակված Խորհրդի որոշումները հանդիսանում են Խորհրդի՝ որպես դատարանի իրավակիրառ գործունեության և թե՛ Օրենսգրքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման արդյունք»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ։

Ստացվում է, որ ըստ Խորհրդի այս դատական ակտի՝ ԲԴԽ-ին քննադատելը խնդրահարույց է ոչ միայն այն դեպքում, երբ ԲԴԽ-ն որպես դատարան է հանդես գալիս, այլ նաև երբ կայացնում է այլ որոշումներ։

Ըստ խորհրդի՝ դատավորի կողմից թույլ տրված խախտումներն այնքան ակնհայտ են, որ վերջինս չէր կարող չգիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, խոսքի ազատության իրավունքի սահմանազանցումը ողջամիտ կասկածից վեր է՝ հետևաբար, այն չէր կարող դրսևորվել որևէ այլ կերպ, քան դիտավորությունն է։

Խորհրդի անդամներին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները

Հունիսի 19-ին մեկնարկել է գործի քննությունը։ Խորհրդի որոշման մեջ նշվում է, որ Նույն օրը Խորհուրդն արձանագրային որոշումներով բավարարել է Խորհրդի անդամ Նաիրա Հովսեփյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի և վարույթ հարուցած մարմնի կողմից Խորհրդի անդամ Արշակ Վարդանյանին ներկայացված բացարկի միջնորդությունները՝ առանց որևէ նշում կատարելու միջնորդության հիմքերի մասին։
Այնուամենայիվ, հայտնի է, որ Նաիրա Հովսեփյանն ինքն է բարձրացրել իր ինքնաբացարկի հարցը՝ նշելով, որ դատավոր Դավիթ Հարությունյանի հետ մտերիմ, ընտանեական հարաբերություններ ունի, իսկ Արշակ Վարդանյանի ինքնաբացարկի հարցը բարձրացրել են Արդարադատության նախարարության ներկայացուցիչները՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ որպես վարույթի կողմ հանդես եկող Դավիթ Հարությունյանն ու Արշակ Վարդանյանը ընկերական հարաբերություններ ունեն։ Այսինքն՝ դատավորի հետ ընկերական հարաբերությունների հանգամանքը ԲԴԽ երկու անդամի ինքնաբացարկի հիմք է հանդիսացել։

Դատավորի ներկայացուցիչները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին՝ նշելով, որ վերջինս միջնորդություն ներկայացրած Արդարադատության նախարարի հետ ոչ միայն ընկերական, այլ նաև տնտեսական, աշխատանքային և քաղաքական կապեր ունի, սակայն այս միջնորդությունը մերժվել է։

Ստացվում է՝ դատավարության մի կողմ հանդիսացող Դավիթ Հարությունյանի հետ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանի և Նաիրա Հովսեփյանի ընկերական հարաբերություններն ինքնաբացարկի հիմք են, իսկ դատավարության մյուս կողմ հանդիսացող Գրիգոր Մինասյանի և Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի ընկերական և այլ կեպերը՝ ոչ։

Կարեն Անդրեասյանին ներկայացված ինքնաբացարկը մերժելու հանգամանքին անդրադառնալով՝ Խորհուրդը հղում է կատարել մեկ այլ կարգապահական գործի քննության շրջանակներում իր կողմից արդեն իսկ հայտնած դիրքորոշմանը:

Այս որոշման մեջ Խորհուրդը նշել է, որ «ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի նկատմամբ, գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի կողմերից մեկի հետ։
Ըստ խորհրդի՝ տնտեսական շահ կարող է առկա լինել բացառապես այն պարագայում, երբ կողմերից մեկն ունենա այնպիսի առարկայական լծակներ, որոնք ուղղակիորեն կարող են ներազդել դատավորի կամ իր մերձավոր ազգականի տնտեսական շահերի վրա։ Խորհուրդը հիշատակել է նաև ԲԴԽ-ում քննված մեկ այլ գործի շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիրքորոշումը տնտեսական շահի առնչությամբ։

Շահերի բախման համատեքստում, հանձնաժողովն անհրաժեշտ է համարել գնահատել, արդյո՞ք ընկերական, գաղափարական կապերի և առկա ընդհանուր տնտեսական շահերի առկայության պայմաններում մի պետական մարմնի ներկայացուցչի՝ այս դեպքում Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելը հանգեցնում է վարքագծի կանոնների, շահերի բախման և անհամատեղելիության պահանջների խախտման:

Հանձնաժողովը նշել է, որ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես Արդարադատության նախարարի մասնավոր շահի սպասարկում, մինչդեռ, շահերի բախումը անձի մասնավոր շահի անհարկի ազդեցությունն է պաշտոնեական պարտականությունների կատարման անաչառության վրա, օգուտ կամ առավելություն ապահովելով իր հետ փոխկապակցված անձի կամ կազմակերպության համար:

Նկատենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անդրադարձել է ոչ թե Կարեն Անդրեասյանի կողմից որպես դատավոր վարույթի քննությանը մասնակցելու, այլ նախարարի կողմից վարույթ հարուցելու գործընթացին։
Խորհուրդն արձանագրել է նաև, որ դատավորի ներկայացուցչի կողմից ներկայացված հանրահայտ փաստերն ինքնին բավարար չեն եզրակացնելու, որ Կարեն Անդրեասյանը կարող է դրսևորել կողմնակալություն։ Թե դատավորի ներկայացուցիչներն ինչ հանրահայտ փաստեր են ներկայացվել, խորհրդի որոշման մեջ առկա չէ։ Խորհրդի որոշումից պարզ չէ նաև, թե ինչու Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի ընկերական հարաբերությունները չեն կարող գործի ելքով չշահագրգռված, օբյեկտիվ դիտորդի մոտ կասկած հարուցել Կարեն Անդրեասյանի կանխակալության վերաբերյալ, հատկապես, երբ Արշակ Վարդանյանի և Նաիրա Հովսեփյանի կանխակալության վերաբերյալ նույն գործի շրջանակներում արձանագրվել են կասկածներ։

Հիշեցնենք՝ այն օրը երբ դատավոր Հարությունյանի ներկայացուցիչները Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի հիմքով ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, Անդրեասյանն ու Մինասյանը սրճարանում հանդիպել էին: Կարեն Անդրեասյանը մեկ այլ գործի շրջանակներում, անդրադառնալով այս հանդիպմանը նշել էր, որ ԲԴԽ անդամները իրավունք ունեն հանդիպել Կառավարության ներկայացուցիչների հետ։ Բայց պետք է փաստել, որ այս հանդիպումից երկու ամիս է անցել, սակայն մինչև հիմա Խորհուրդը կամ Արդարադատության նախարարությունը առարկայական պարզաբանում չեն տվել, թե երկու պաշտոնատար անձինք, այն էլ Խորհրդի նիստի կարճատև ընդմիջման ժամանակ, ի՞նչ գործնական հանդիպում էին ունենում, ինչո՞ւ էին այդ հանդիպումը սրճարանում ունենում և իրենց պաշտոնեական պարտականություննեից բխող ի՞նչ հարց էին քննարկում սրճարանում։

Խորհուրդը մեջբերել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Rustavi 2 Broadcasting Company Ltd-ը և այլք ընդդեմ Վրաստանի» գործը, որով վիճարկվում էր միաձայն որոշում կայացրած, իննը դատավորից բաղկացած կազմը նախագահող դատավորի անկողմնակալությունը և որով ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտում առկա չէ։
Նույն որոշմամբ վկայակոչվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Fazli Aslaner-ն ընդդեմ Թուրքիայի» գործով արձանագրումը, ըստ որի՝ դատավորներից ոմանց նախկինում որոշակի դիրք ունենալն ինքնին բավարար չէ եզրակացնելու, որ ողջ կազմը եղել է կողմնակալ։ ՄԻԵԴ–ն ընդգծել է, որ նմանաբնույթ իրավիճակներում անհրաժեշտ է հաշվի առնել նաև այլ գործոններ։ Խորհուրդը, որն ինքն է հղում կատարել ՄԻԵԴ այս նախադեպին, որևէ կերպ չի պատճառաբանել, թե տվյալ դեպքում ինչ գործոններ հաշվի առնելով՝ են եզրահանգել, որ Կարեն Անդրեասյանի կամ խորհրդի մյուս անդամների որոշակի դիրք ունենալու հանգամանքը չի կարող կասկածի տակ դնել ԲԴԽ ողջ կազմի կողմնակալությունը։

Նշենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանի գործը քննել ու նրա լիազորությունները դադարեցնելու որոշումը ԲԴԽ-ն 6 հոգանոց կազմով է կայացրել։ Այդ կազմում երկու դատավոր անդամ և Ազգային ժողովի կողմից ընտրված 4 գիտնական անդամ է եղել։ Դատավորներից մեկը Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանն է, գիտնական անդամներից մեկը՝ Կարեն Անդրեասյանի՝ ՄԻՊ և Արդարադատության նախարար եղած ժամանակ, վերջինիս տեղակալ Երանուհի Թումանյանցը։

Ստացվում է, որ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Այն քննել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Կարեն Անդրեասյանը, վերջինիս սանիկը և տարբեր պաշտոններում վերջինիս տեղակալը, ընդ որում՝ Կարեն Անդրեասյանի անկողմնակալությունը ոչ միայն այս, այլ նաև դատավորներ Զարուհի Նախշքարյանի, Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառառյանի և այլ գործերով է կասկածի տակ դրվել։

«Ինչ վերաբերում է Խորհրդի մյուս անդամներին հայտնված ինքնաբացարկներին, ապա դրանք մերժվել են հիմնավոր չլինելու հանգամանքով պայմանավորված»,- նշված է խորհրդի որոշման մեջ, սակայն որևէ տվյալ առկա չէ, թե ինչ հիմքով էր խորհրդի մյուս անդամներին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվել։
Գործի դռնփակ քննությունը և դատավորին նիստերի դահլիճից հեռացնելու ԲԴԽ որոշումը
Դավիթ Հարությունյանի գործի քննությունը սկսվել էր դռնբաց, սակայն Արդարադատության նախարարության ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել այն դռնփակ քննելու վերաբերյալ՝ հղում կատարելով արդարադատության շահի պաշտպանությանը։ Ըստ միջնորդություն ներկայացրած նախարարության՝ դատավորի խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, հանրության վստահության պահպանման համատեքստում։

Այս դեպքում, նույն տրամաբանությամբ, հարց է առաջանում, թե խորհրդի որոշումը ԲԴԽ կայքում ամբողջությամբ հրապարակելը, որում պարբերաբար կրկնվում են դատավոր Հարությունյանին վերագրվող արտահայտությունները, արդյոք չի՞ հեղինակազրկում դատական իշխանությունը։

Խորհրդի որոշման մեջ նաև նշված է, որ նիստը դռնփակ անցկացնելու որոշում կայացնելիս Խորհուրդը, կարևորելով գործի քննության հրապարակայնության սկզբունքը, քննարկել է դատական վարույթի մի մասը դռնփակ անցկացնելու հնարավորությունը, սակայն դատական վարույթի ընթացքում դատավորի և նրա որոշ ներկայացուցիչների վարքագիծը առավել քան մտահոգիչ էր և ուղղակիորեն միտված էր դատական իշխանության հեղինակազրկմանը և վարկաբեկմանը:

«Դատավորի, ինչպես նաև նրա որոշ ներկայացուցիչների կողմից ոչ միայն չեն պահպանվել վարքագծի կանոնները, այլև որոշ դեպքերում վերջիններիս գործողություններն այնպիսի դրսևորումներ են ունեցել, որ անընդունելի են հասարակության մեջ և չեն համապատասխանում անգամ սոցիալական նորմերի կանոններին, որի արդյունքում նիստը նախագահողը բազմաթիվ անգամ ստիպված է եղել հիշեցնել օրենսգրքով սահմանված դատական սանկցիա կիրառելու հնարավորության մասին, իսկ որոշ դեպքերում Խորհուրդը ստիպված է եղել կիրառել դրանք,- ասված է որոշման մեջ։

Նկատենք, որ առկա չէ որևէ նշում, թե դատավորն ու վերջինիս ներկայացուցիչներից հատկապես ով և ինչ վարքագիծ էր դրսևորել։

Անդրադառնալով դատավոր Հարությունյանին ԲԴԽ նիստերի դահլիճից հեռացնելու հանգամանքին՝ Խորհուրդը նշել է, որ դատավորի կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում դատարանը կարող է դատական սանկցիա կիրառել, ինչը տվյալ պարագայում Խորհրդի կողմից համաչափորեն օգտագործվել է, քանի որ Դատավորը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումները դադարեցնելու մասին նախագահողի կողմից հնչեցված մի քանի զգուշացումներից հետո ևս շարունակել է նույնանման վարքագծի դրսևորումները, որոնք իրենց հերթին նաև փաստել են Խորհրդի նկատմամբ դատավորի ակնհայտ անհարգալից վերաբերմունքի մասին: Ավելին, Խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իրավակարգավորումները, Դատավորին արտահայտվելու հնարավորություն է տվել՝ առաջարկելով ընդունել իր արարքի հակաիրավականությունը և հայցել դատարանի ներողամտությունը՝ պարզաբանելով նման պայմաններում անձի նկատմամբ դատական սանկցիա չկիրառելու վերաբերյալ իրավական կարգավորումները: Մինչդեռ, դատավորը արտահայտվելու իրավունքն օգտագործել է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու համար՝ ևս մեկ անգամ փաստելով Խորհրդի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքը»:

Խորհրդի որոշման մեջ որևէ նշում չկա, թե հատկապես ինչ է արել դատավոր Դավիթ Հարությունյանը, որը խորհուրդը գնահատել է անհարգալից։

Ըստ խորհրդի՝ որոշումը ԲԴԽ կայքում ամբողջությամբ տեղադրելով՝ ապահովվել է այս վարույթի հրապարակայնության սկզբունքը։

Անդրադառնալով հրապարակայնության սկզբունքի կարևորությանը՝ Խորհուրդը հղում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված չափանիշներին, ըստ որոնց՝ դռնբաց հրապարակման պահանջն ապահովված է համարվում այն դեպքերում, երբ վճիռը տրամադրվել է քարտուղարության կողմից և դրա տեքստը հասանելի է դարձել բոլորին և նշել, որ կարևորելով հրապարակայնության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, Խորհուրդը որոշումն ամբողջ ծավալով հրապարակում է Դատական իշխանության պաշտոնական կայքում:

Նշենք, որ ՄԻԵԴ-ը ARTEMOV v. RUSSIA գործով 2014 թ․ ապրիլի 3-ի վճռով արձանագրել է, որ «հրապարակային դատական քննության իրավունքը և դատավճռի հրապարակման իրավունքը 6-րդ հոդվածով նախատեսված երկու առանձին իրավունքներ են, և այն հանգամանքը, որ այդ իրավունքներից մեկն ապահովվել է, ինքնին դեռ չի նշանակում, որ մյուսը չի կարող խախտված լինել: Հետևաբար, դռնբաց դատական նիստում դատավճռի հրապարակումը չի կարող չեզոքացնել գործը դռնփակ քննելու անհիմն լինելը»։ Դեռ ավելին՝ Դավիթ Հարությունյանի գործով որոշման հրապարակմանը լրագրողների մուտքը արգելվել է նիստերի դահլիճ՝ առանց որևէ ողջամիտ հիմնավորման․ դատական կարգադիչները հայտնել են, թե դահլիճում տեղ չկա, այն դեպքում, երբ դահլիճում եղել են ազատ տեղեր, իսկ բազմաթիվ նստատեղեր էլ զբաղեցված են եղել հենց ԲԴԽ շենքի ներսում աշխատող անձանցով։

Գործի քննությունը վերսկսելու միջնորդության հիմնավորումներն ու ԲԴԽ-ի բացատրությունը

Այն ժամանակ, երբ Խորհուրդն արդեն հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ կարգապահական գործի վերաբերյալ որոշում կայացնելու, դատավոր Դավիթ Հարությունյանը գործի վարույթը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել, բայց այն չի վերսկսվել։

Հունիսի 26-ին՝ այն բանից հետո, երբ դատավորի նկատմամբ սանկցիա է կիրառվել, վերջինիս փաստաբանները ներկայացել են ԲԴԽ ու հայտնել, որ ցանկանում են մասնակցել վարույթի քննությանը, սակայն դատական կարգադրիչները հայտնել են, թե նիստը վերջացել է։ Դավիթ Հարությունյանը, նիստի արձանագրությունը ստանալով՝ պարզել է, որ նիստն իրականում վերջացած չի եղել, ավելին, դատավորի պնդմամբ, Կարեն Անդրեասյանին նիստի ընթացքում տեղյակ են պահել, որ փաստաբանները ցանկանում են մասնակցել դրան, բայց Անդրեասյանը ցածրաձայն ասել է՝ պետք չէ ոչ ոքի ներս թողնել։ Դրանից հետո Անդրեասյանը բարձրաձայն ասել է, որ այժմ միջնորդության վերաբերյալ դատավորի կողմից պատասխան ներկայացնելու ժամանակն է, բայց, ցավոք ո՛չ Հարությունյանը, ո՛ չ ներկայացուցիչները ներկա չեն ու անցել հաջորդ փուլին։

ԲԴԽ-ն նիստն առանց փաստաբանների անցկացնելու իր գործողությունը հիմնավորել է այն հանգամանքով որ դրան նախորդած նիստի ընթացքում նախապես տեղեկացրել է թե՛ Դատավորին, և թե՛ նրա ներկայացուցիչներին, որ 2023 թվականի հունիսի 26-ին նախապես հայտարարված գործադուլին դատավորի ներկայացուցիչների մասնակցության ցանկությունը որևէ կերպ չի կարող փոփոխել Խորհրդի հաստատված ժամանակացույցը։
Անդրադառնալով դռնփակ նիստի ընթացքում Խորհրդի նախագահի կողմից հնչեցված, Դատավորի կողմից վարույթը վերսկսելու միջնորդության մեջ վկայակոչված կարգադրություններին և հարցերին, Խորհուրդը նշել է, որ եթե նույնիսկ այդ կարգադրությունները և հարցերը ժամանակագրական առումով համապատասխանել են ներկայացուցիչների Խորհուրդ հասնելու և նիստերի դահլիճ մուտք գործելու ցանկություն հայտնելու ժամանակահատվածի հետ, ապա դրանք վերաբերել են ոչ թե ներկայացուցիչների դատական նիստերի դահլիճ մուտք գործելուն, այլ դատական սանկցիայի կատարումն ապահովելու նպատակով լրացուցիչ քանակով դատական կարգադրիչների ներգրավման նպատակահարմարության հարցի քննարկմանը:

Նշենք, որ դատավորի ներկայացուցիչները եկել են Խորհուրդ և ցանկություն հայտնել նիստերի դահլիճ մուտք գործելու այն ժամանակ, երբ դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ արդեն իսկ սանկցիա էր կիրառվել ու նա հեռացվել էր նիստերի դահլիճից։ Այդ ժամանակ դահլճում միայն Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն էին ու ԲԴԽ անդամները, հետևաբար, անհասնալի է, թե ո՞ւմ նկատմամբ սանկցիա կիրառելն ապահովելու նպատակով պետք է լրացուցիչ քանակով դատական կարգադիչներ ներգրավելու հարց առաջանար խորհրդի նիստում։

Անդրադառնալով Դատավորի վարքագծում էական կարգապահական խախտման առկայության հարցին՝ Խորհուրդը դիրքորոշում է հայտնել, որ դատավորի նման վարքագիծը ոչ միայն վարկաբեկում է դատական իշխանությունը, այլև իր կատարման հանգամանքներով պայմանավորված համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։
Խորհուրդն արձանագրել է նաև, որ կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Նշենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանը մինչ այս վարույթը որևէ կարգապահական տույժ չի ունեցել, դատավորները նրան ընտրել էին դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ, իսկ Helpcourt.am համակարգում, որտեղ դատավորներին գնահատում են փաստաբանները, ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն է։ Այս հանգամանքների մասին, սակայն,ԲԴԽ որոշման մեջ որևէ նշում առկա չէ։

Արաքս Մամուլյան