Ինչպես Սամվել Ուզունյանին հաջողվեց լքել Հայաստանը․ գործով քննիչի ու քննչականի պետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը մնացել է անփոփոխ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, կազմով՝ դատավորներ Արշակ Վարդանյանի և Արսեն Նիկողոսյանի,  անփոփոխ  է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի գործով  քննիչին և գործը քննած  Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին  արդարացնելու որոշումը։ Հիշեցնենք, որ Լեռնիկ Ստեփանյանի և Էդգար Պողոսյանի  նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանք գործի վարույթը կարճելու որոշումը կայացրել է Երևանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը՝  առանց դատաքննություն նշանակելու։

2019 թվականին Սամվել Ուզունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել կաշառք ստանալու և ենթադրյալ այլ հանցավոր արարքներ կատարելու հոդվածներով, սակայն մինչ նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվեր դատարան, լքել է Հայաստանը։  Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը։ Ուզունյանը ԲԴԽ-ում իր վերաբերյալ այս հարցերի քննությանը չի մասնակցել, և այն բանից հետո երբ Խորհուրդը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև  նրան ազատությունից զրկելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելու համաձայնություն է տվել, Երևան-Մոսկվա չվերթի տոմս է գնել և Զվարթնոց օդանավակայանով լքել Հայաստանը։

Դրանից հետո  պաշտոնեկան անփութության մեղադրանք է առաջադրվել քննիչ Լեռնիկ Ստեփայանին և Էդգար Պողոսյան։

Հատկանշական է այն հանգամանքը, որ քրեական գործի հարուցումից հետո՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին,  երբ Ուզունյանը դեռևս գործով մեղադրյալի կարգավիաճկ չի ունեցել , քննիչ  Լեռնիկ Ստեփանյանը գրություն է ուղարկել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ Սամվել Ուզունյանի կողմից ՀՀ սահմանը հատելու նկատմամբ հսկողություն իրականացնելու, ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելու դեպքում նախքան սահմանը հատելը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնելու պահանջով։

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Հովսեփյանը 03.12.2019 թվականի գրությամբ պատասխանել է, որ Սամվել Ուզունյանի սահմանահատումների նկատմամբ հսկողության սահմանելու և վերջինիս կողմից ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելու դեպքում նախքան սահմանը հատելը այդ մասին վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնելու պահանջը հնարավոր չէ բավարարել, քանի որ ՀՀ ոստիկանությունը անձանց սահմանային տեղաշարժը հսկելու լիազորություն չունի և նման գործառույթ չի իրականացնում։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ «Զվարթնոցում» Ուզունյանի ուղեբեռը ստուգելիս նրա մոտ հայտնաբերվել է փամփուշտ, սակայն նախկին դատավորը բերման չի ենթարկվել, հետագայում այս դեպքի առթիվ ապօրինի ռազմամթերք պահելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։

Ինչում են մեղադրվում Էդգար Պողոսյանը և Լեռնիկ Ստեփանյանը

Այն բանից հետո, երբ քննիչ Լեռնիկ Ստեփայանը համարել է, որ առկա է ապացույցների բավարար համակցություն՝ Սամվել Ուզունյանին մեղադրանք առաջադրելոեւ համար, քրեական գործն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի քննարկվի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ սահմանված կարգով միջնորդություն ներկայացնելու հարցը:

2019 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ներկայացված երկու վերոհիշյալ միջնորդությունները բավարարվել են և նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից կայացվել է որոշում՝ Սամվել Ուզունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Էդգար Պողոսյանին առաջադրված մեղադրանքում նշված է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը, հաշվի առնելով որոշման պահանջները կատարելու՝ մեղադրանք առաջադրելու և խափանման միջոց կիրառելու հրատապությունը, հեռախոսազանգով անմիջապես տեղեկացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին՝ հայտնելով գործով քննիչի կողմից նշված որոշման, ինչպես նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումների օրինակներն ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններն անհապաղ կատարելու անհրաժեշտության մասին: Նույն պահին Էդգար Պողոսյանն այդ մասին տեղեկացրել է ՀԿԳ ավագ քննիչ Լեռնիկ Ստեփանյանին, սակայն ինչպես վերջինս, այնպես էլ Էդգար Պողոսյանն, ըստ մեղադրանքի,  հրաժարվել են անմիջապես միջոցներ ձեռնարկել որոշումները ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները կատարելուց՝ հայտնելով, որ որոշումները կստանան հաջորդ օրը:

Ժամեր անց՝  դեկտեմբերի 21-ին, Սամվել Ուզունյանը մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, գնել է ժամը 02։50-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթի տոմս և պատրաստվել թռիչքի: Այդ մասին տեղեկացել է ՀՀ ԱԱԾ աշխատակից Ավագ Մարգարյանը և ժամը 01։45-ին, զանգահարել է Էդգար Պողոսյանին՝ հայտնելով, որ Սամվել Ուզունյանը պատրաստվում է լքել ՀՀ տարածքը: Տեղեկանալով այդ մասին՝ Էդգար Պողոսյանը ժամը 01։50-ին զանգահարել է Լեռնիկ Ստեփանյանին՝ հայտնելով, որ Սամվել Ուզունյանը գտնվում է օդանավակայանում և պատրաստվում է մեկնել ՀՀ-ից: Ըստ մեղադրանքի՝  Էդգար Պողոսյանը, ի պաշտոնե հանդիսանալով քննչական բաժնի պետ, պետական պաշտոնատար անձ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի համաձայն՝ հետևում է իրեն անմիջականորեն ենթակա քննիչների կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերով քննչական գործողությունները ժամանակին կատարելուն,  իրավունք ունի մասնակցել իրեն անմիջականորեն ենթակա քննիչի վարույթում գտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը, անձամբ կատարել նախաքննությունը` օգտվելով քննիչի լիազորություններից, դրսևորել է անգործություն՝ հանցավոր ինքնավստահություն և մինչ Սամվել Ուզունյանի կողմից ՀՀ-ից մեկնելը, հստակ տեղեկացված լինելով վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայության, ինչպես նաև վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդի կողմից կայացված որոշման մասին, միջոցներ չի ձեռնարկել դրանք անհապաղ ստանալու և դրանից բխող անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու համար, այն պարագայում, երբ իրեն անմիջականորեն ենթակա քննիչի կողմից  քրեական գործով դատախազություն ներկայացված միջնորդությամբ, ի թիվս այլնի, նշվել է նաև Սամվել Ուզունյանի կողմից քննությունից թաքնվելու բարձր հավանականության մասին: Այսպիսով, ըստ մեղադրանքի, Էդգար Պետրոսյանը դրսևորել է հանցավոր ինքնավստահություն, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք է  դրսևորել՝  չցանկանալով գիշերային ժամերին կատարել անհապաղ ու անհրաժեշտ դատավարական գործողություններ, ունենալով քրեադատավարական առավել քան բավարար գործիքակազմ, միջոցներ չի ձեռնարկել Ուզունյանի փախուստը կանխելու ուղղությամբ, քննիչ Ստեփանյանին ցուցում չի տվել Ուզունյանի նկատմամբ ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու և այսպիսով նրա ելքը ՀՀ տարածքից սահմանափակելու ուղղությամբ։

Լեռնիկ Ստեփանյանի մեղադրանքում  ևս  նշվում է, որ վերջինս, դրսևորելով հանցավոր ինքնավստահություն՝  չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ծառայության նկատմամբ դրսևորել է  անբարեխիղճ վերաբերմունք, այն է՝ չցանկանալով գիշերային ժամերին կատարել անհապաղ ու անհրաժեշտ դատավարական գործողություններ,տեղեկացվելով, որ իր վարույթում քննվող քրեական գործով ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Սամվել Ուզունյանը պատրաստվում է հեռանալ ՀՀ-ից՝ այդ կերպ խուսափելով քրեական պատասխանատվությունից ու սպասվելիք պատժից, և ունենալով քրեադատավարական առավել քան բավարար գործիքակազմ, միջոցեր  չի ձեռնարկել, որի հետևանքով Ուզունյանը լքել է ՀՀ-ն։ Ըստ մեղադրանքի՝  Լեռնիկ Ստեփանյանի և Էդգար Պողոսյան  անգործությունը   անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝  այն է  հեղինակազրկվել է ՀՀ պետական իշխանության մարմին հանդիսացող իրավապահ համակարգն, ինչպես նաև ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ տարածքը՝ այդ կերպ թաքնվել է քննությունից՝ խուսափելով քրեական պատասխանատվության ենթարկվելուց, ինչի արդյունքում տևական ժամանակ կյանքի չի կոչվել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը և ոտնահարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսդրության խնդիրները:

Պաշտպանը միջնորդել է կարճել քրեական գործի վարույթը

2022 թվականի ապրիլի 25-ին Ստեփանյանի և Պետրոսյանի վերաբերյալ  քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան  և մակագրվել դատավոր Կարեն Ֆարխոյանին:

Ապրիլի 29-ին դատարան է մուտքագրվել պաշտպան Արման Թամրազյանի միջնորդությունները՝ մեղադրյալներ Էդգար Պողոսյանի և Լեռնիկ  Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: 

Պաշտպանը նշել է, որ Ստեփանյանին և Պողոսյանին մեղսագրվող արարքի՝    պաշտոնեական անփութության համար պաշտոնատար անձը պատասխանատվության է ենթարկվում, եթե չի կատարել կամ թերի է կատարել այն գործողությունները, որոնց կատարումը մտնում է նրա պարտականությունների մեջ, մինչդեռ Էդգար Պողոսյանը և Լեռնիկ Ստեփանյանը որևէ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով պարտականություն չեն ունեցել ՀՀ գլխավոր դատախազության որևէ պաշտոնատար անձից որոշումների կայացման վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո «անմիջապես միջոցներ ձեռնարկել՝ որոշումները ստանալու  համար», իսկ առանց որոշումները ստանալու նրանք այդ որոշումներից բխող բխող անհրաժեշտ գործողություններ կատարելու պարտականություն ունենալ ևս չէին կարող:

Պաշտպանը նշել է նաև, որ ՀՀ դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունը երբեք չեն գտնվել վերադաս-ստորադաս  հարաբերություններում, որից հնարավոր լիներ գոնե ենթադրել, որ եթե դատախազության աշխատողներից որևէ մեկը, այդ թվում վարչության պետը, կամ անգամ գլխավոր դատախազը քննիչին կամ քննչական բաժնի պետին բանավոր հայտնում են, որ պետք է գնան և ստանան ինչ-որ փաստաթուղթ, ապա դա քննիչի և քննչական բաժնի պետի համար պարտականություն է առաջացնում նրանց հրամանները կամ պահանջները կատարելու։ Ավելին, օրենքով սահմանված չէ որևէ լիազորություն, որ դատախազն իրավասու է քննիչին կամ քննչական բաժնի պետին կարգադրել այս կամ այն փաստաթուղթը ստանալու համար ներկայանալ դատախազություն։ Պաշտպանը նաև նշել է, որ փաստաթուղթը ուղարկող մարմինն է պատասխանատու փաստաթղթի ուղարկման համար և ոչ թե փաստաթուղթը ստացող մարմինը։ Սույն գործով փաստաթուղթը ուղարկելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, և եթե Արսեն Մարտիրոսյանը որոշել է առանց օրինական հիմքի՝ փաստացի, ստանձնել իր վերադասի պարտականությունները, ապա նա է պարտավոր եղել  Սամվել ՈՒզունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և մյուս որոշումները ուղարկել ՀՔԾ։

Տվյալ դեպքում,  ըստ պաշտպան Թամրազյանի,  Ուզունյանը 21․12․2019թ-ին, ժամը 01:30-ին արդեն իսկ հատել է ՀՀ սահմանը, որի վերաբերյալ Էդգար Պողոսյանը տեղեկացել է նույն օրը, ժամը՝ 01:45-ին,  և նրա նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու որոշում կայացված լինելու մասին տեղեկատվություն ՍԷԿՏ համակարգում չի եղել։ Դրանից հետո ՍԷԿՏ համակարգում նման տեղեկություն մուտքագրելու դեպքում անգամ Ուզունյանը հետ չէր վերադառնա ինքնաթիռից և տեղեկատվության ներառումը որևէ կերպ չէր կարող ազդել Ուզունյանի կողմից ՀՀ սահմանը հատելու վրա։

Պաշտպանը դիրքորոշում է հայտնել, որ այն պայմաններում, երբ արդեն իսկ պարզ էր, որ միայն կալանավորումը կարող է ապահովել Սամվել Ուզունյանի պատշաճ վարքագիծը, նրա նկատմամբ չէր կարող խափանման միջոց ընտրվել ստորագրությունը, բայց եթե անգամ նրա  նկատմամբ  կարող էր որպես խափանման միջոց կիրառվել   ստորագրությունը, ապա հիշյալ որոշումն իրավասու է եղել կայացնելու ՀՀ գլխավոր դատախազը կամ նրա պարտականությունները ժամանակավոր կատարող պաշտոնատար անձը, իսկ Էդգար Պողոսյանը և Լեռնիկ Ստեփանյանը նման իրավասություն չեն ունեցել։ Նշենք, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացնում է Գլխավոր դատախազը  կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:

Պաշտպանը պնդել է, որ Սամվել Ուզունյանին բերման ենթարկելու մասին որոշում Էդգար Պողոսյանի և Լեռնիկ Ստեփանյանի կողմից նույնպես չէր կարող կայացվել, քանի որ անձին բերման ենթարկելու որոշման կայացման համար անհրաժեշտ է, որպեսզի բերման ենթարկվող անձը առանց հարգելի պատճառի չներկայանա քննության՝ ծանուցագիր ստանալուց հետո, և Էդգար Պողոսյանը և Լեռնիկ Ստեփանյանը,  տվյալ պահին չունենալով Սամվել Ուզունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, ինչպես նաև ՀՀ ԲԴԽ որոշումները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ, լիազորված չեն եղել նրան ծանուցագիր ուղարկելու, իսկ ոստիկանությունն էլ իր հերթին  առանց բերման ենթարկելու մասին որոշման առկայության չէր կարող  Սամվել Ուզունյանին բերման ենթարկել։

Պաշտպանը նշել է, որ Էդգար Պողոսյանի և Լեռնիկ Ստեփանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության փաստը հնարավոր է հաստատել առանց դատական քննության, քանի որ հանցակազմի բացակայության փաստը հաստատելու համար քրեական գործում առկա ապացույցները կամ փաստաթղթերը հետազոտելու անհրաժեշտությունը բացակայում է։ Այլ կերպ՝ Էդգար Պողոսյանի և Լեռնիկ Ստեփանյանի պաշտոնից բխող պարտականությունները կարող են սահմանվել բացառապես օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, և նրանց մեղսագրված ենթադրյալ պարտականություններն իրականում չունենալու հանգամանքը հաստատելու համար անհրաժեշտ է միայն ուսումնասիրել քննչական բաժնի պետի պարտականությունները սահմանող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը և ոչ թե քրեական գործում եղած ապացույցները։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը, որը քննել է Սամվել Ուզունյանի գործը, այժմ լուծարված է։ Քննիչ Լեռնիկ Ստեփանյանն ու Էդգար Պետրոսյանը ՀՔԾ-ի լուծարումից հետո շարունակել են պաշտոնավարել Հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վերաբերյալ գործերը, ըստ օրենքի, քննում է ԱԱԾ-ն, մինչդեռ  քննիչների վերաբերյալ այս գործն, ինչպես արդեն նշեցինք, քննել է Քննչական կոմիտեն։ Պաշտպանն այս հանգամանքին ևս անդրադարձել է և նշել, որ, փաստորեն, գործով բոլոր ապացույցներն ու փաստական տվյալները ձեռք են բերվել ոչ պատշաճ դատավարական սուբյեկտի կողմից՝ այսինքն՝ օրենքով չսահմանված կարգով։

Վերը նշված և այլ հանգամանքներ մատնանշելով՝ պաշտպանը պնդել է, որ քրեական գործով մինչդատական վարույթը կատարվել է քրեադատավարական օրենքի էական խախտումներով, որպիսի հանգամանքը հիմք է հանդիսանում  առանց դատաքննության  Էդգար Պողոսյանի և Լեռնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու համար։

Դատարանը վերլուծելով Էդգար Հայկի Պողոսյանին և Լեռնիկ Հայկի Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը՝ փաստել է, որ դրանում նկարագրված չեն պարտականություններ, այլ մատնանշված են լիազորություններ, իսկ պարտականությունը՝ պետության կողմից պաշտոնատար անձի համար սահմանված իրավաբանական անհրաժեշտություն է, որով սահմանվում է նրա վարքագծի պարտադիր չափն ու տեսակը և այն ենթակա է պարտադիր կատարման, այլապես կկիրառվի պետական հարկադրանք, իսկ լիազորությունը պետության կողմից պաշտոնատար անձին տրված գործիքակազմն է՝ պարտականությունները կատարելու համար: Այսինքն, եթե լիազորությունների դեպքում խոսքը վերաբերում է թույլատրելիին՝ պաշտոնատար անձն ազատ է ընտրել, թե որ լիազորության միջոցով է կատարելու պարտականությունը, այնինչ պարտականության դեպքում ընտրության հնարավորությունը բացակայում է:

Դատարանը համաձայնել է պաշտպանի այն փաստարկի հետ, որ տվյալ դեպքում Էդգար Պողոսյանի և Լեռնիկ Ստեփանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության փաստը հնարավոր է հաստատել առանց դատական քննության, քանի որ հանցակազմի բացակայության փաստը հաստատելու համար քրեական գործում առկա ապացույցները կամ փաստաթղթերը հետազոտելու անհրաժեշտությունը բացակայում է։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ գործը պետք է քննվեր ոչ թե Քննչական կոմիտեում, այլ ԱԱԾ-ում, դատարանը նշել է, որ  այն պահից, երբ վարույթն իրականացնող մարմինը, առերևույթ կամ հիմնավոր ենթադրություններ է ունեցել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրայալ են ենթակա ներգրավվման անձինք, ովքեր հանդիսանում են այդ պահին արդեն ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներ, պարտավոր էր քննարկել կամ հարց բարձրացնել քննչական ենթակայությունը որոշելու մասին։

Դատարանն արձանագրում է, որ թույլ տրված դատավարական, սահմանադրական ու քրեադատավարական օրենքների խախտումները, հանգեցրել են որպես մեղադրյալ ներգրավված Էդգար Հայկի Պողոսյանի և Լեռնիկ Հայկի Ստեփանյանի արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման և այդ խախտումները չեն կարող վերացվել դատական քննության ընթացքում, ուստի մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման և քրեական գործի վարույթը կարճման՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Այս որոշման դեմ դատախազը  բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն որոշումը մնացել է անփոփոխ։

Արաքս Մամուլյան