Դատավորը հաստատել է որդեգրման դիմումը, թեև երեխան որդեգրման ենթակա չի եղել. ԲԴԽ որոշումը՝ Ալեքսեյ Սուքոյանի գործով

Լուրեր

15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի կայքում հրապարակվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը, որում առկա են մանրամասներ՝ դատավորին վերագրվող կարգապահական խախտման վերաբերյալ։ Դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը վերաբերում էր որդեգրման գործով ենթադրյալ խախտումներ թույլ տալուն։ Գործը ԲԴԽ-ում դռնփակ է քննվել՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը, իսկ որոշումը կայքում հրապարակվել է՝ որդեգրողին և երեխային նույնացնող տվյալները փակված:

Ըստ կարգապահական գործի՝ դատարան է ստացվել երեխայի որդեգրման վերաբերյալ դիմում, և Երևանի վարչական շրջաններից մեկի խնամակալության և հոգաբարձության մարմինը, դիմելով դատարան՝ խնդրել է երեխայի որդեգրումը հաստատել: Միաժամանակ դատարանին միջնորդություն է նեկայացվել երեխայի անունը, ազգանունն, ինչպես նաև ծննդյան վայրը փոխելու, ինչպես նաև որպես երեխայի մայր որդեգրողի, իսկ որպես հայր՝ որդեգրողի հետ ամուսնական չգրանցված հարաբերությունների մեջ գտնվող անձի անունը նշելու, երեխային այդ անձի հայրանունը տալու վերաբերյալ:

Դիմումի փաստական հիմքերում, ի թիվս այլնի, դրվել է նաև այն հանգամանքը, որ երեխայի կենսաբանական մայրը երեխային ծննդաբերելուց հետո վերցրել է հիվանդանոցից, սակայն շուրջ մեկուկես ամիս անց հանձնել է մանկատուն: Երեխային մանկատուն հանձնելուց հետո, ըստ մանկատան աշխատակիցների տված տեղեկատվության, երեխայի կենսաբանական մայրը ընդամենը 2 անգամ է այցելել՝ երեխային տեսակցելու, այն էլ` մինչև դիմողի՝ երեխայի խնամատար ծնող դառնալը: Խնամատար ծնողի՝ երեխային իր տուն տանելու օրվանից մինչև դատարան որդեգրման վերաբերյալ դիմումը ներկայացնելու օրը երեխայի մայրը չի այցելել նրան և չի հետաքրքրվել նրանով: Երեխայի մայրը որևէ հարգելի պատճառ չի ներկայացրել պետական մարմիններ, թե ինչու չի այցելում իր երեխային, և շուրջ 1 տարուց ավելի երեխայի հետ համատեղ չի ապրում, խուսափում է նրան դաստիարակելուց ու պահելուց: Երեխայի հայրը անհայտ է: Դիմումում նշվել է նաև, որ երեխայի մայրը երեխային մանկատուն հանձնելիս նրանից չի հրաժարվել, այլ պատճառաբանել է, որ բավարար միջոցներ չունի՝ նրան պահելու և խնամելու համար, հիշատակվել է օրենսդրական կարգավորումն առ այն, որ եթե մայրը երեխային հանձնել է մանկատուն և շուրջ 1 տարի չի այցելել երեխային, չի զբաղվել նրա խնամքով և դաստիարակությամբ՝ նշվածը իրավունք է վերապահում պետական մարմիններին երեխային ներգրավել որդեգրման ցուցակի մեջ:

Դատարանը վարույթ է ընդունել դիմումը, ապա վերջնական դատական ակտով այն բավարարել է և հաստատել երեխայի որդեգրումը: Վճռել է երեխայի տվյալները գրանցել՝ ի թիվս այլնի՝ որպես հայրանուն նշելով նաև որդեգրողի հետ չգրանցված ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձին:

Վճռի՝ «գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր» բաժնում, ըստ ԲԴԽ-ի որոշման՝ առկա են որդեգրման գործընթացի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ, սակայն երեխայի կենտրոնացված հաշվառման և դրա արդյունքում կազմված համապատասխան տեղեկանքի վերաբերյալ որևէ նշում կատարված չէ: Չնայած այդ հանգամանքին՝ վճռի պատճառաբանական մասում նշվել է, որ «սույն գործով ներկայացված ապացույցների հետազոտման արդյունքում դատարանն արձանագրում է, որ դիմողի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական են, իսկ դիմողի բնութագրերը և իրավասու մամինների տված եզրակացությունները, ինչպես նաև գույքային վիճակի մասին հավաստող փաստաթղթերը հիմք են տալիս դատարանին ենթադրելու, որ որդեգրումը տվյալ դեպքում բխում է երեխայի՝ լավագույն շահերից: Հետևաբար՝ դատարանը փաստել է, որ որդեգրումը մերժելու հիմքեր առկա չեն, դիմումը ենթակա է բավարարման»:

Վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից կատարվել է պետական գրանցում, երեխային տրվել է նոր ծննդյան վկայական, սակայն վճռի ուժի մեջ մտնելուց երկու տարի անց վերաքննիչ բողոք է ներկայացրել Երևանի այն վարչական շրջանի ղեկավարը, որի խնամակալության և հոգաբարձության մարմինը Սուքոյանի վարույթի շրջանակներում երեխայի որդեգրումը հաստատելու պահանջի մասին դիմում էր ներկայացրել: Վերաքննիչ բողոքից բացի միջնորդություն է ներկայացվել վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ: Ըստ քաղաքապետարանի՝ վճռի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ անչափահաս երեխայի հաշվառված չի եղել որպես որդեգրման ենթակա երեխա։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից՝ դատավորներ՝ Կարեն Չիլինգարյանի, Լևոն Գրիգորյանի, Նորա Կարապետյանի կազմով, կայացվել է միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում:

Վճռի դեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ևս ներկայացվել է վերաքննիչ բողոք և դատական նույն կազմը այս բողոքի ընդունումը նույնպես մերժել է:

Խորհուրդը Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման մեջ նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածով սահմանված են երեխայի որդեգրման վերաբերյալ դիմումին առաջադրվող պահանջները, ըստ որի, ի թիվս այլ պահանջների, երեխայի որդեգրման դիմումին կից պարտադիր պետք է դատարան ներկայացվի որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին օրենքով սահմանված կարգով տրված տեղեկանք։ Միաժամանակ նույն հոդվածի 3-րդ կետով սահմանված է վերը նշված պահանջը չպահպանելու դեպքում դատական վարույթ սկսելու փուլային արգելք, այսինքն՝ երեխային որդեգրելու պահանջի վերաբերյալ դիմում ներկայացվելու դեպքում դատարանը պարտավոր է այն վարույթ ընդունել, եթե դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը բավարարում են օրենքով սահմանված պահանջներին, հակառակ դեպքում դատարանը դիմումը վերադարձնում է։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ նշված նորմով սահմանված պահանջներին չբավարարող դիմումը վերադարձնելը ոչ թե դատարանի հայեցողական լիազորությունն է, այլ դատարանը պարտավոր է վերադարձնել օրենքով սահմանված պահանջները չբավարարող դիմումը, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նորմը իմպերատիվ բնույթ ունի։

Տվյալ դեպքում Խորհուրդն արձանագրում է, որ երեխայի որդեգրումը հաստատելու մասին դիմումին կից դիմողը դատարան չի ներկայացրել որդեգրման ենթակա երեխային որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին օրենքով սահմանված կարգով տրված տեղեկանք։ Նշված փաստը չի հերքվել ու հաստատվել է դատավորի կողմից խորհրդին ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ, ուստի՝ առկա է եղել դիմումը վերադարձնելու հիմքը։

Դատավորը հայտնել է, որ տվյալ դեպքում դիմումը վարույթ է ընդունել՝ ելնելով երեխայի լավագույն շահերից, հաշվի առնելով գործի բնույթը և այն հանգամանքը, որ գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստեր կարող են պարզվել և պահանջվել նաև գործի քննությանն ընթացքում: Դատավորը նշել է, որ դիմումը վարույթ ընդունելու ընթացքում, ըստ դատական իշխանության պաշտոնական կայքում առկա տվյալների, իր կողմից ամեն օր ընդունվել է 30-50 քաղաքացիական գործ, և հնարավոր է, որ վկայակոչված գործերով որևէ տեղեկանքի առկա չլինելու հանգամանքը վրիպեր իր ուշադրությունից: Այդ փաստը ինքը չի ներկայացնում իրեն արդարացնելու համար, սակայն խնդրում է հաշվի առնել, որ խախտմամբ վարույթ ընդունելու որևէ դիտավորություն չի ունեցել:

Դատավորը հայտնել է, որ իր մոտ որևէ կասկած չի առաջացել, որ երեխան հաշվառված չէ որդեգրման ենթակա երեխաների կենտրոնացված գրանցամատյանում։ Հղում կատարելով օրենքներին՝ դատավոր Սուքոյանը նշել է, որ մանկատունը երեխաների՝ առանց ծնողական խնամքի մնալու վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո անհապաղ պետք է տեղեկացներ Երևանի քաղաքապետին, վերջինս տեղեկությունները ստանալուց հետո պարտավոր էր իրականացնել երեխաների հաշվառումը և հայտներ այդ մասին ՀՀ կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև՝ ապահովեր այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը, իրավունքների և շահերի պաշտպանությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Երևանի քաղաքապետի կողմից տեղեկություններ ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր էր իրականացնել որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառումը և տեղեկացնել աշխատակազմին, ինչպես նաև իրականացնել օրենքով նախատեսված որդեգրման գործընթացը, այն է՝ տվյալ դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխայի անձնական գործի պատճենահանված մեկ օրինակը հաշվառման մասին տեղեկությունների հետ միասին պետք է ուղարկեր Արդարադատության նախարարություն՝ «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված կենտրոնական մարմին, որը չի կատարվել:

Ըստ դատավորի՝ վերոգրյալ իրավական կարգավորումները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի՝ դատարանի մոտ գործել է իրավական կանխավարկած, որ գրեթե 2 տարի մանկատան խնամքի ներքո գտնվող և խնամատարության հանձնված երեխան օրենքով նախատեսված կարգով գրանցվել է որպես որդեգրման ենթակա երեխա: Ավելին, դատական նիստին ներկայացել է Երևանի քաղաքապետարանին ենթակա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից լիազորված անձ, որը դատարանին հայտնել է, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը որևէ խանգարող հանգամանք չի տեսնում որդեգրողի կողմից երեխայի որդեգրումը հաստատելու համար, և որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահերից:

Դատավորը նշել է, որ իր համար անհայտ է մնացել այն հարցը, թե իր կողմից կայացված դատական ակտն ի՞նչ կերպով է հեղինակազրկել դատական իշխանությունը, և առհասարակ ո՞ւմ իրավունքն է խախտվել կամ սահմանափակվել: Կարելի էր հասկանալ, եթե երեխայի կենսաբանական մայրը կամ կենսաբանական հայրը բողոք ներկայացնեին դատական ակտի դեմ, սակայն երեխայի կենսաբանական ծնողները երեխայի ճակատագրի նկատմամբ ցուցաբերել են բացարձակ անտարբեր վերաբերմունք:

Ըստ դատավորի՝ երեխան իր ամբողջ կյանքի կարճ ժամանակահատվածի ընթացքում դիմումատուին ընկալել է որպես իր մայր ու դիմել «մայրիկ»-ով, իսկ դիմումատուի հետ համատեղ կյանքով ապրող անձին՝ որպես «հայրիկ», և դատարանի համոզմամբ երեխայի և դիմումատուի միջև ձևավորվել է հոգեբանական և էմոցիոնալ սերտ կապ:

Դատավորը նշել է, որ վճիռը կայացնելիս հաշվի է առել է առել նաև դիմումատուի անձը, հանգամանքը, որ նա բնութագրվել է դրական, ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, որը բավարար է երեխայի համար անհրաժեշտ կենսական պայմանները ստեղծելու համար, որոնք ավելի բարենպաստ են, քան մանկատան պայմանները: Բացի այդ՝ դատաքննության ընթացքում դիմումատուն ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը և իր հետ համատեղ կյանքով ապրող անձը օրինական կարգով ամուսնացած են եղել և համատեղ կյանքում ապրել են մոտ 10 տարի, այնուհետև ինչ-ինչ պատճառներով ամուսնալուծվել են, իսկ իր կողմից երեխային խնամատարության ներքո վերցնելու պահից նա վերադարձել է ընտանիք, և մինչև օրս միասին բնակվում և դաստիարակում են փոքրիկին, ցանկանում են նորից օրինականացնել իրենց հարաբերությունները:

Դատավորը նշել է նաև, որ նրանց երկուսից էլ բացատրություն է վերցրել և տեսել է նրանց ոգևորությունը, նկատել է վերջիններիս հույզերը, և ցանկությունը՝ երեխայի օրինական կարգով ծնող համարվելու համար:

Խորհուրդն, այնուամենայիվ, դատավորի կողմից ներկայացված փաստարկները համարել է անհիմն, քանի որ դատավորի կողմից Խորհրդին չի ներկայացվել որևէ փաստարկ կամ ապացույց առ այն, որ դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ գործի քննության ընթացքում, ապացուցվել է որդեգրման ենթակա երեխայի հաշվառման վերցված լինելու հանգամանքը։ Խորհուրդն արձանագրում է նաև, որ երեխայի որդեգրման վերաբերյալ գործերով նույնպես կարևոր նշանակություն ունի երեխայի լավագույն շահերի բացահայտումն ու դրանց առաջնային նշանակության տրամադրումը, քանի որ այդ գործերով կայացվող դատական ակտն առնչվում է երեխայի և այլ անձանց իրավունքներին ու շահերին, և առկա է դրանց հավասարակշռման անհրաժեշտություն։

Խորհուրդը միաժամանակ անհրաժեշտ է համարել արձանագրել, որ երեխայի լավագույն շահերի բացահայտմանը դատարանը կարող է անդրադառնալ գործը վարույթ ընդունելուց հետո՝ գործը դատաքննության նախապատրաստելու, դատաքննության և եզրափակիչ ակտ կայացնելու դատավարական փուլերում։ Իսկ դիմումը վարույթ ընդունելու փուլում դատարանի առաջնահերթ խնդիրը դիմումը օրենքով սահմանված պահաջներին համապատասխան ներկայացված լինելու փաստի ստուգումն է, միաժամանակ օրենսդիրը դատարանի համար իմպերատիվ ձևով սահմանել է պարտականություն` վարույթ ընդունելու միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը/դիմումը։

Վերը նշված հաշվառմամբ՝ Խորհուրդը գտել է, որ տվյալ դեպքում դատարանը դիմողի կողմից ներկայացված՝ երեխայի որդեգրումը հաստատելու մասին դիմումում նշված որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահերի բացահայտմանը կարող էր անդրադառնալ միայն նշված դիմումի վարույթ ընդունելու փուլը հաղթահարելուց, այսինքն՝ դիմումն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան դատարան ներկայացված լինելու փաստը պարզելուց և այն օրենքով սահմանված կարգով վարույթ ընդունելուց հետո։

Ըստ Խորհրդի դատավորն ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր տեղյակ լինել վերաբերելի իրավակարգավորումներին և դրանք խախտելու հնարավոր հետևանքներին: Նշվածը թույլ է տալիս ողջամտորեն եզրահանգել, որ դատավորի կողմից վերոնշյալ դատավարական նորմի խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ:

Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը՝ Խորհուրդը գտնում է, որ դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ և որոշել Արդադարադատության նախարարի միջնորդությունը՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել, դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

Արաքս Մամուլյան