Իրազեկումները չեն պաշտպանում հանցագործներից․ list.am կայքի միջոցով կատարված խարդախության դեպքերի թիվը հատել է 200-ի սահմանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.12.2024 | 14:45
ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության համար
13.12.2024 | 14:42
Վարչապետը ժամանել է Մոսկվա
13.12.2024 | 14:22
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում
13.12.2024 | 14:08
Դամասկոսում Թուրքիայի դեսպանությունն ավելի քան մեկ տասնամյակ անց կվերսկսի գործունեությունը
13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
Բոլորը

Առևտրի ամենակիրառելի հայկական առցանց հարթակի՝ list.am-ի միջոցով գումար շորթողները կատարելագործում են հմտությունները․ նրանք արդեն սկսել են հայատառ հաղորդակցվել պոտենցիալ զոհերի հետ։

Այս տարի առցանց հարթակների միջոցով գումար կորզելու նոր ձև է ավելացել՝ list.am-ի հայտարարություններին կցված հեռախոսահամարների կիրառմամբ։ Մասնավորապես, ենթադրյալ հանցագործները կապվում են վաճառք իրականացնողի հետ WhatsApp հավելվածով՝ ներկայանալով որպես գնորդ։

Երևանի բնակիչ Աննա Տոնոյանն ընկել է կիբերհանցագործների թակարդը հագուստի վաճառք իրականացնելիս․ նրա հետ կապվել են WhatsApp հավելվածի միջոցով, քարտի տվյալներ ուզել և գումար կորզել։

«Տղամարդ էր զանգահարողը, ռուսերեն էր խոսում՝ շատ նորմալ, հարգանքով: Ասաց, որ ուզում է գնել, բայց հիմա Հոկտեմբերյանում է և անձամբ չի կարող գալ, տաքսի կուղարկի, որ ապրանքը փոխանցեմ: Հղում ուղարկեց, ասաց, որ պարտադիր հավելվածը քաշեմ և բանկային քարտի տվյալները կցեմ: Իր ասածով արեցի, մեկ էլ տեսնեմ՝ չեմ կարողանում մտնել այդ հավելվածը: Մի քանի րոպե հետո 10 հազար դրամ նստեց հաշվիս, բայց վայրկյանների ընթացքում կորավ։ Հետո գրելով տեղեկացրեց, որ սխալմամբ է քաշել գումարը, չի ստացվում հետ փոխանցել ու ասաց, որ ուրիշ բանկային քարտ կցեմ: Բայց փաստացի, իմ հաշվից տարել էին այդ գումարը: Բախտս բերեց, որ ընդամենը 10 հազար էր քարտիս»,- պատմում է Աննա Տոնոյանը:

Նա ահազանգել է Ոստիկանություն, դեպքն արձանագրվել է, 30 րոպե հետո իր հետ կապվել է քննիչն ու տեղեկացել դեպքի մանրամասներին, ինչպես նաև ասել, որ հաջորդ օրը կզանգահարեն, որ ներկայանա բաժին։

«Չեն զանգել, բաժին չեմ գնացել, որ գրավոր ինչ-որ բան գրեմ: Կարծում եմ՝ կա՛մ շատ քիչ գումար է, կա՛մ էլ խաբեություններն այնքան շատ են, որ չեն հասցնում արձագանքել»,- նշեց նա:

Ըստ Ոստիկանության տվյալների՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործության 957 դեպք, որոնցից 228-ը list.am կայքի միջոցով կատարված խարդախություններն են:

«Խարդախություն կատարելու հիմնական սխեման այն է, որ տվյալ կայքում գրանցված օգտատերերի կողմից վաճառվող ապրանքը գնելու կամ բնակարան վարձակալելու նպատակով հանցագործը վաճառողի կողմից իր անհատական էջում նշված հեռախոսահամարի WhatsApp հավելվածին էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում՝ ցանկություն հայտնելով ձեռք բերել վաճառվող ապրանքը կամ վարձակալել բնակարանը, այնուհետև վճարումն իրականացնելու կամ ապրանքն առաքելու նպատակով հղում է ուղարկում՝ լրացնելու բանկային  քարտի տվյալները, ինչի արդյունքում խաբեությամբ և վաճառողի վստահությունը չարաշահելով՝ ձեռք է բերում վերջինիս բանկային քարտի տվյալները՝ հափշտակելով քարտի մեջ առկա դրամական միջոցները»,- Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել են Ոստիկանությունից։

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի հայաստանյան ծրագրերի համակարգող, մեդիափորձագետ Արթուր Պապյանի գնահատմամբ՝ ամեն դեպքում, կարևոր է շարունակել իրազեկման արշավները։

«Մենք պայմանագիր ունենք Facebook, Instagram և WhatsApp ցանցերի սեփականատեր META ընկերության հետ, որի շրջանակում հասարակության իրազեկման արշավ ենք իրականացնելու։ Նաև գործարկել ենք «Սպառնալիքների հետազոտության լաբորատորիա», որի շրջանակում կարողանում ենք հետազոտել, ուսումնասիրել տարբեր տիպի կիբերհարձակումներ և դրանից բխող եզրակացությունների հիման վրա ինչ-որ հակազդեցության մեխանիզմներ առաջարկել և գործողություններ ձեռնարկել»,- մանրամասնեց նա։

Այդուհանդերձ, չկա ոլորտի համապարփակ ուսումնասիրություն ու վիճակագրություն, հետևաբար, Պապյանը դժվարանում է գնահատել՝ արդյո՞ք այն, ինչ արվում է, բավարար է իրազեկման ու հանցագործությունների կանխարգելման համար։

«Անհրաժեշտություն կա, որպեսզի իրավապահ մարմինները ներկայացնեն, թե իրենք ինչ են անում այդ առումով, որքանով է դա արդյունավետ և փորձել հասկանալ՝ արդյո՞ք իրավապահները պետք է ավելին անեն, թե՞ այն, ինչ անում են, բավարար է»,- հավելեց Արթուր Պապյանը։

Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունից նշել են, որ «տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ համացանցի կիրառմամբ հանցագործությունների պոտենցիալ զոհ դառնալու սպառնալիքների մասին հանրության իրազեկումն ապահովելու նպատակով Ոստիկանությունը համագործակցում է ԶԼՄ-ների հետ, մասնակցում է տեղեկատվական արշավների, բանավեճերի, հրապարակումներ են կատարվում սոցիալական կայքերում»։

Օգտատերերին գրում են հիմնականում այլ երկրների համարներից՝ մանրամասն ուղղորդելով ուղարկված հղումից օգտվելու համար։ Որոշ քաղաքացիներ ցուցաբերում են զգուշավորություն:

«Ես հասկացել էի, որ մի բան այն չի, որովհետև չափից շատ տվյալներ էին ուզում: Եթե ես ընդամենը պետք է փող ստանամ, դրա համար հերիք է, որ իմ քարտի վրայի համարներն ասեմ, ոչ թե հավելյալ անձնագրային տվյալներ, քարտի հետևի թվեր»,- նշում է Երևանի բնակիչ Էլեն Սուքիասյանը:

Նրան list.am կայքին արտաքին ձևավորմամբ նման կայքի հղում էին ուղարկել՝ տվյալները մուտքագրելու համար։

«Այդ դեպքից հետո որոշեցի ֆեյսբուքյան խմբում կիսվել իմ պատմությամբ, որպեսզի մյուսներն էլ տեղյակ լինեն և զգուշանան, սակայն իրավապահ մարմիններին չեմ դիմել, որովհետև լսել եմ, որ սովորաբար նման դեպքերում նրանք ասում են, որ չեն կարող պարզել, թե ով է տվյալ անձը: Անիմաստ քաշքշուկից խուսափելու համար, ամեն դեպքում, չդիմեցի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունը՝ կախված չափերից, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով:

Ռոզա Խաչատրյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: