Փաշինյանի ու Վանեցյանի լուռ համաձայնությունը. 3 տարի անց աղմկահարույց գաղտնալսման պատվիրատուի անունը չի հրապարակվում․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.09.2021 | 16:02Երեք տարի առաջ այս օրը՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, հրապարակվեց ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, որը մեծ իրարանցում առաջացրեց Հայաստանում:
Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում էին 1998-2008 թվականներին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին և Զինված ուժերի ԳՇ նախկին պետ, այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործի շրջանակում կալանավորելու միջնորդությունները:
Այս գաղտնալսումը սկանդալային համարվեց նախ՝ նրանով, որ հեռախոսային արդարադատություն իրականացնելու նախկինների պրակտիկան մերժելու մասին հայտարարած հեղափոխական իշխանության ներկայացուցիչները դրանում ուղղակի ցուցում էին տալիս դատավորին, ապա և՝ նրանով, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գաղտնալսվել էին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և ՀՔԾ պետը: Հատուկ ծառայությունների ղեկավարների խոսակցության բովանդակությունը կարճ ժամանակում արագորեն տարածվեց լրատվամիջոցներով՝ դառնալով քննարկվող թոփ թեման և ստվերելով Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: Հայաստանը ցնցած գաղտնալսման հրապարակումից կարճ ժամանակ անց թեմային ֆեյսբուքյան լայվի միջոցով արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ օրերին Հայաստանում բարձր վարկանիշ ունեցող Փաշինյանը ժողովրդին խոստացավ բացահայտել գա
Փաշինյանի այս հայտարարությունից անցել է երեք տարի, սակայն մինչ օրս ո՛չ գաղտնալսումները կազմակերպած դավադիրներն են բացահայտվել, ո՛չ էլ պատասխանատվության ենթարկված անձինք կան: Ավելին, 2018-ի սեպտեմբերին հրապարակված գաղտնալսման ձայնագրությունից մի քանի ամիս անց՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ հրապարակվեց գաղտնալսման երկրորդ հատվածը, այս անգամ՝ արդեն Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:
Գաղտնալսման պատվիրատուների և իրականացնողների ինքնությունը բացահայտելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերին Գլխավոր դատախազությունը քրեական գործեր հարուցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքերի առթիվ։
Քրեական գործի շրջանակում Քննչական կոմիտեն ու Ոստիկանությունը սեպտեմբերի 17-ին 7 ժամ խուզարկություն իրականացրեցին Ռոբերտ Քոչարյանի հետ կապվող yerevan.today լրատվամիջոցի խմբագրությունում, առգրավեցին խմբագրության մի քանի համակարգիչների հիշողության կրիչները։ Yerevan.today-ից բացի՝ իրավապահները, դատարանի որոշմամբ, խուզարկություն իրականացրեցին նաև 5 այլ հասցեներում:
Քրգործի շրջանակում 2020 թվականի հունվարի 15-ին Քննչական կոմիտեում հարցաքննվեց Նիկոլ Փաշինյանը: Թե գործի բացահայտմանը նպաստելու համար Փաշինյանն ինչ էր փոխանցել իրավապահ մարմիններին, այդպես էլ անհայտ մնաց։ Փոխարենը վարչապետը սելֆի հրապարակեց և իր՝ ՔԿ հարցաքննության գնալը համարեց աննախադեպ: Նույն քրեական գործի շրջանակում հարցաքննվեցին նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Փաշինյանը, Խաչատրյանը և Վանեցյանը հարուցված գործերից մեկով ունեին վկայի, մյուսով՝ տուժողի կարգավիճակ։
Երեք տարի անց՝ 2021 թվականի ապրիլին, սակայն, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Factor TV-ի հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնում են, որ քրգործի շրջանակում կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ապա դրա նախաքննությունը շարունակվում է:
Անցած երեք տարիներին Քննչական կոմիտեին հաջողվել է միայն պարզել, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումն իրականացվել է ՀՀ սահմաններից դուրս և հանրայնացվել ԱՊՀ երկրներից մեկից: Ուշագրավ է, սակայն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, թե գաղտնալսման տեսանյութը յութուբում հրապարակվել է Իսպանիայից:
Գաղտնալսման առաջին օրերին դրա հեղինակներին բացահայտելու և օրենքի առջև կանգնեցնելու մեծ վճռականություն կար: Համենայն դեպս, վարչապետ Փաշինյանն այդպիսի խոստումներ պարբերաբար էր տալիս՝ նշելով կոնկրետ շրջանակներ։
Արթուր Վանեցյանն էլ շատ վստահ տոնով պնդում էր, որ պատվիրատուն հայտնի է՝ հավելելով, որ նա լայն ճանաչում ունի հանրության շրջանում: Թե ով է հանրության շրջանում լայն ճանաչում ունեցող այդ անձնավորությունը, իշխանություններն ու արդեն ընդդիմադիր դարձած Արթուր Վանեցյանը լռում են: Չկա նաև բացահայտումներից խոսելու նախկին ոգևորությունը:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Վանեցյանի այս հայտարարությունը տարակուսելի է համարում՝ հիշեցնելով, որ նա հատուկ ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց հետո չի խուսափել ի պաշտոնե ձեռք բերված տեղեկություններ հրապարակել։
Դեռևս 2019 թվականի մայիսին «Իրազեկ աղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում ևս ակնարկել էր, որ այդ գաղտնալսման հրապարակումը ձեռնտու էր Արթուր Վանեցյանին։ Գաղտնալսումից երեք տարի անց, սակայն, Դանիել Իոաննիսյանը թեմայի վերաբերյալ չցանկացավ մեկնաբանություն տալ: Արթուր Վանեցյանը նույնպես, որը նախկինում անհեթեթություն էր համարել մեղադրանքերն առ այն, որ ինքն է գաղտնալսումն իրականացրել ու հրապարակել, նշեց, որ թեմայի մասին խոսել չի ցանկանում:
Քննչական կոմիտեից, որը, ի դեպ, արդեն ղեկավարում է Արգիշտի Քյարամյանը, մեր գրավոր հարցերը՝ ո՞վ է հանրության լայն շրջանակներին հայտնի անձնավորությունը, որը պատվիրել է գաղտնալսումը, ԱՊՀ ո՞ր երկրում է իրականացվել գաղտնալսումը և ինչո՞ւ չեն պատժվում մեղավորները, թողել են անպատասխան: Քննչական կոմիտեի այս լռությունը տարակուսելի է կառույցի ղեկավար Արգիշտի Քյարամյանի՝ նախկինում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու շրջանում այս թեմայի վերաբերյալ Արթուր Վանեցյանին ուղղված հայտարարության ֆոնին:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է՝ բացահայտումներ չեղան, քանի որ Հայաստանի իրավապահ մարմիններն անկախ չեն:
Ուշագրավ է, որ Արթուր Վանեցյանը մասնավոր զրույցի ընթացքում գաղտնալսման պատվիրատուի անունը հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Factor TV-ի հարցին՝ ո՞ւմ անունն է հայտնել Վանեցյանը, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Այդ մասին պետք է Արթուր Վանեցյանը հայտարարի»։
Այսպիսով, հնչեղություն ստացած գաղտնալսման դեպքը մնում է չբացահայտված, պատվիրատուները՝ չպատժված, իսկ Փաշինյանի խոստումը՝ չկատարված: Գաղտնալսումների այս տխրահռչակ պատմութունը, սակայն, կհիշվի որպես հեղափոխական իշխանության կողմից հեռախոսազանգերով արդարադատություն իրականացնելու մեկնարկ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան