Կորոնավիրուսը բյուջեին 90 միլիարդ դրամի վնաս է հասցրել. ի՞նչ սպասել առաջիկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Կորոնավիրուսի պատճառով այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի բյուջե ծրագրվածից 90 միլիարդ դրամ պակաս է մտել: Համավարակը լուրջ հարված է հասցրել թե՛ աշխարհի, թե՛ մեր երկրի տնտեսությանը, և դեռ պարզ չէ՝ երբ է կարգավորվելու այս իրավիճակը: Հայաստանի կառավարությունում ստեղծված ճգնաժամից ելքեր են փնտրում:

«Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թ-ի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից,- գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել,- Տնտեսությունը, առաջին հերթին, ձևավորվող ավելացված արժեքը և պետական բյուջեի եկամուտներն են, որ նաև ապահովում են մեր երկրի անվտանգային կարիքները, որը մեզ համար եղել է առաջնահերթություն, կա առաջնահերթություն և առաջիկայում էլ լինելու է առաջնահերթություն»:

2020թ․ բյուջեն ծրագրելիս Հայաստանի կառավարությունն առաջին կիսամյակի համար նախատեսել էր 770 մլրդ դրամի հարկային եկամուտների հավաքագրում, մինչդեռ փաստացի հավաքագրվել է 680.3 մլրդ դրամ, այսինքն՝ շուրջ 90 միլիարդով պակաս։ Սակայն պատասխանատուները պնդում են՝ թերակատարում չկա: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ կորոնավիրուսի պայմաններում կառավարությունը վերանայել էր հարկային հավաքագրումների ցուցանիշը. «Գնահատելով համադրելի ցուցանիշները, կառավարության կողմից սահմանվեց առաջին կսիամյակի համար 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշ, որը ՊԵԿ կողմից ամբողջությամբ ապահովվել է: Այս գումարից հարկերի և պետական տուրքերի մասով հավաքագրումների ծավալը կազմել է 622.2 մլրդ դրամ: Նույն ցուցանիշը 2019թ-ին կազմել է 602.8 մլրդ դրամ: Այսինքն՝ 2020 թ. առաջին կիսամյակում հարկերի և պետական տուրքերի գծով ավել գումար է հավաքագրվել՝ 19.4 մլրդ դրամ»:

Նախորդ տարվա համեմատ այս տարի 37 մլրդ դրամով պակասել են մաքսային մարմինների կողմից հավաքագրումները՝ 2020թ-ի հուլիսի 1-ի դրությամբ դառնալով 123.4մլրդ դրամ: Պատճառը հիմնականում ավտոմեքենաների ներկրման կտրուկ կրճատումն է:

Հարկային օրենսգրքի փոփոխություննրով՝ այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած շահութահարկի գումարը զիջվել է տնտեսությանը՝ մոտ 32 մլրդ դրամ: Նաև ԱԱՀ և հիփոթեքային վարկերի գծով եկամտահարկի վերադարձն է շատ եղել՝ մոտ 15 մլրդ դրամով: Ամեն դեպքում, ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ հարկային եկամուտների հավաքագրման գործընթացը վերահսկելի է. «Մենք ավելի կարևորել և թիրախավորել ենք ստվերի դեմ պայքարը, ուժեղացրել հարկային հսկողությունը, և հասցեական, թիրախավորված վարչարարությունն այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք գտնվում են ռիսկային դաշտում: Հաշվի առնելով 2020 թ. առաջին ամիսների ընթացքում տնտեսության կողմից արձանագրված տեմպերի բավականին բարձր ցուցանիշը, մասնավորապես՝ հունվար-փետրվար ամիսներին մենք ունեցել ենք տնտեսության 9-ից ավելի տոկոս աճ, և ես հակված եմ գնահատելու, որ տարվա ավելի ակտիվ ամիսներին, սեզոնայնությամբ պայմանավորված, տնտեսության աճի տեմպերն ավելի բարձր ցուցանիշ կարձանագրեին և այդ կտրվածքով, իմ գնահատմամաբ, մենք 2020 թ. առաջին կիսամյակում կունենայինք մոտ 40-50 մլրդ դրամի գերակատարում»:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ հարկային մուտքերի նվազումը սպասելի էր, ինչի համար էլ բյուջեում մեծացվել է դեֆիցիտը: Իսկ ցուցանիշների փոփոխությունները, նրա կարծիքով, պետք է դիտարկել ըստ ժամանակահատվածների. «Հունիսը նախորդ տարվա հունիսի համեմատ նվազումը շատ է, բայց այն հիմնականում պայմանավորված է շահութահարկերի կանխավճարներով և դա մեզ համար ոչ թե անսպասելի է, այլ մենք հենց օրենքում փոփոխություն կատարեցինք և շահութահարկի կանխավճարների վճարումից տնտեսվարողներին ազատեցինք, այսինքն՝ երկրորդ եռամսյակի համար տնտեսվարողները կանխավճար չեն մուծել»:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի համոզմամբ՝ կառավարությունն այդ գումարների կարիքը բիզնեսից ավելի շատ ունի, քանի որ, նրա հաշվարկներով, բյուջեի մուտքերը նախատեսվածից ոչ թե 90, այլ 135 մլրդ դրամով են քիչ եղել. «Սա լուրջ բացթողում է: Այսինքն՝ մենք պետք է պետական բյուջեի ծախսային եկամուտները կրճատենք, կամ ավելացնենք պարտքը»:

Սուրեն Պարսյանը վստահ է՝ կառավարության նախկին ու ներկա ֆինանսիստները պատասխան կտան նախկին ու ներկա որոշումների համար:

Պետական ֆինանսների կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի համար բնական է, որ առողջապահական ճգնաժամին հետևած տնտեսական անկման պայմաններում նաև բյուջեի եկամուտների նվազում պետք է դիտվեր. «Երբ պետական պաշտոնյան համեմատում է և խոսում է թվերից, սովորաբար նշում է վերանայված բյուջեի թվերի մասին, այսինքն՝ կառավարությունն արդեն որոշ առումով վերանայել է իր ծրագրերը, արձագանքելով  տնտեսական ճգնաժամի հետևանքով եկամուտների անկմանը: Այդ առումով պետական պաշտոնյաները ճիշտ են: Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք է պետք հաշվի առնել, որ առայժմ ծախսերի վերանայման մասին չենք լսել»:

Մայիս-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացված արժեքի հարկի գծով մոտ 25% անկում է եղել: Դա նշանակում է, որ տնտեսությունում նվազել է փողի շրջանառությունը: Այս առումով փորձագետը դրական է որակում շահութահարկի կանխավճարից բիզնեսին ազատելը: Միաժամանակ Արտակ Քյուրումյանը զգուշացնում է Փաշինյանի կառավարությանը՝ չկրկնել նախորդների սխալը և չփորձել լուծել իրացվելիության խնդիր, ինչպես արվում էր 2008-2009-ին. «Կարծում եմ, այստեղ էական տարբերություն կա, խնդիրն իրացվելիությունը չէ, այլ համեմատաբար ավելի երկարաժամկետ է, ավելի կառուցվածքային փոփոխություններ պետք է տեղի ունենան մեր տնտեսությունում: Այդ առումով վարկերի  և ինչ-որ առումով նաև նպաստների միջոցով չեմ կարծում, թե էական փոփոխություններ և հաջողություններ կարելի կլինի արձանագրել»:

Իշխանությունը հույս ունի, որ բիզնեսի մոտ լիկվիդային ավելի մեծ միջոցների կուտակումը կթեթևացնի տնտեսվարողների խնդիրները: Սակայն տարեվերջյան արդյունքներն, իհարկե, կախված են առողջապահական իրավիճակից:

«Եթե նայում ենք օրինակ՝ մարտ, ապրիլ, մայիս դինամիկան, ըստ ամիսների անկման տեմպը թուլացել է: Հունիս ամսվա տվյալները դեռ չկան, հույս ունեմ, որ հունիսին այդ անկման տեմպն ավելի թուլացած կլինի: Իհարկե, ըստ ամենայնի, տարին չենք փակի տնտեսական աճով, կլինի որոշակի անկում, բայց այդ անկումն ինչքան կլինի, այս պահին չեմ կարող ասել: Բայց որ որոշակի փուլից սկսած անկման տեմպը պետք է նվազի, դրանում կասկած չունեմ»,- ասում է Բ.Թունյանը:

Առայժմ փորձագետները Հայաստանի ՀՆԱ-ի 4% անկումն էլ լավատեսական են համարում: Համաշխարհային բանկն աշխարհի համար 5.2 % տնտեսական անկում է կանխատեսում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան