Ինչպես են իշխանություններից «անկախ» ՍԴ դատավորները 20 տարի դակել կեղծված ընտրությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.06.2020 | 20:59Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունների դադարեցման ու ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու նախագծի ընդունումից հետո հեռացման վտանգի տակ հայտնված բարձր դատարանի անդամները այսօր ևս հայտարարեցին, թե քաղաքական պատվերներ նախկինում չեն կատարել, ավելին՝ հաճախ դեմ են գնացել նախկին իշխանություններին, գործել են անկախ։ Ալվինա Գյուլումյանն ասաց․ «Ես կցանկանայի տեսնել որևէ մեկին, որը ընդունել է ավելի համարձակ որոշումներ և՛ նախորդ իշխանության դեմ, և՛ մյուսի, որն ավելին է արել, քան ես եմ արել։ Ես առաջին նախագահի օրոք այն դատավորն եմ եղել, որը չնայած ամեն տեսակ ճնշումների, կարողացել է ՀՅԴ-ի գործը երկրորդ անգամ չկասեցնել։ Ես այն դատավորն եմ, որ 95 թվականին գործ քննելուց կարողացավ դատարանի դահլիճում կանգնել և հայտարարել, որ դատարանը ձեզ համար ստալինյան տրոյկա չի, որ ինչ բերեք դակենք։ Ի վերջո, ես այն դատավորն եմ, որը ՄԻԵԴ-ում կայացրել եմ որոշումներ, քվեարկել եմ այն որոշումների օգտին, որոնցով խախտումներ են արձանագրվել և՛ երկրորդ նախագահի, և՛ երրորդ նախագահի իշխանության օրոք»։
Իսկ Ֆելիք Թոխյանը հարկ համարեց նկատել․ «Ես 25 տարի ծառայել եմ իմ ժողովրդին, ոչ մի իշխանության էլ չեմ ծառայել։ Ժողովուրդն է ինձ ասել՝ Թոխյա՛ն ջան, կարաս մնաս, ժողովուրդն էլ կարա ասի՝ քեզնից հոգնել ենք, գնա տուն»։ ՍԴ դատավորները նաև հավաստիացրեցին, թե իրենց գործունեության ընթացքում չեն դակել կեղծված ընտրությունների արդյունքները՝ հօգուտ իշխանության։ Factor TV-ն վերհիշել է, թե իր գործունեության ընթացքում ՍԴ-ն համապետական ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացներում ինչպիսի որոշումներ է կայացրել։
1996 թվականի նախագահական ընտրություններ
1996 թվականից ի վեր Սահմանադրական դատարանի մասին հասարակությունը հիշում էր, երբ հերթական անգամ կեղծվում էին նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները։ Հայաստանցի ընտրողը առաջին անգամ հայացքն ուղղեց ՍԴ-ի կողմ 1996-ին, երբ Հայաստանը երկրորդ անգամ ընտրել էր նախագահ։ Պաշտոնավարման երկրորդ ժամկետի գնացող Լևոն Տեր-Պետրոսյանի առանցքային հակառակորդը ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն էր։ Պաշտոնական արդյունքներով ընտրողների 51․57%-ը ձայն էր տվել Տեր-Պետրոսյանին, իսկ ընտրողների 41․29%-ը կամ կես միլիոնից ավելի մարդ քվե էր տվել Վազգեն Մանուկյանին։ Նա և 1%-ի շեմը չհաղթահարած թեկնածու Աշոտ Մանուչարյանը դիմեցին ՍԴ՝ վիճարկելով արդյունքները։ Բարձր դատարանը երկու ամիս անց մերժեց ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը։
1998 թվականին Քոչարյանը՝ նախագահի թեկնածու
1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Հայաստանը կանգնեց նոր նախագահ ընտրելու խնդրի առաջ։ Սահմանադրական դատարանը քաղաքական գործընթացների այս էտապում երևաց արդեն ոչ թե իբրև ընտրությունների լեգիտիմությունը ստուգող արբիտր, այլ կայացրեց քաղաքական շատ կարևոր մեկ այլ որոշում։ 1997 թվից Տեր-Պետրոսյանի որոշմամբ Հայաստանի վարչապետ դարձած Ռոբերտ Քոչարյանը 1998-ին առաջադրվեց նախագահի թեկնածու և թիվ 1 պաշտոնի համար պայքարելու էր Կարեն Դեմիրճյանի հետ։ Սակայն Քոչարյանի առաջադրմանը դեմ արտահայտվողները փաստարկ էին բերում այն, որ նա չճանաչված ԼՂՀ քաղաքացի է, վերջին 10 տարում մշտապես չի բնակվել ՀՀ-ում, իսկ արցախցիները 96-ին չէին ընտրել ՀՀ-ի նախագահ։ Վճռորոշ խոսքը Գագիկ Հարությունյանի գլխավորած ՍԴ-ին էր, որը գտավ, որ Քոչարյանն իրավունք ունի մասնակցել նախագահական ընտրություններին։ Երկրորդ փուլում պարտված թեկնածու հայտարարված Կարեն Դեմիրճյանը չդիմեց ՍԴ-ին։
2003 թվականի նախագահական ընտրություններ
Ի տարբերություն հոր՝ Կարեն Դեմիրճյանի, 2003 թվականին Սահմանադրական դատարանում նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ Պաշտոնական տվյալներով՝ ընդդիմության առանցքային թեկնածուն Ռոբերտ Քոչարյանից կրկնակի քիչ ձայն էր հավաքել՝ 32․2%: Ընդդիմությունը սկսեց հանրահավաքային պայքար՝ ընդդեմ կեղծիքների։ Լայնամասշտաբ և զանգվածային կեղծիքների մասին փաստում էր ՍԴ ներկայացված 1617 էջ փաստաթղթերի տրցակը։ ՍԴ-ն, սակայն, անփոփոխ թողեց Ռոբերտ Քոչարյանին նախագահ ճանաչելու ԿԸՀ որոշումը, իսկ կեղծիքների առկա փաստերն ուղարկեց Դատախազություն՝ ուսումնասիրության։ Միաժամանակ, ՍԴ-ն առաջարկեց ԱԺ-ին ու նախագահին մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե՝ իբրև հասարակական դիմակայության հաղթահարման միջոց։ ՍԴ-ի առաջարկը Քոչարյանը թողեց թղթի վրա և հանրաքվեն չկայացավ։
2008 թվականի նախագահական ընտրություններ
Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից ու զոհերից 3 օր անց Սահմանադրական դատարանը սկսեց քննել պաշտոնապես նախագահական ընտրություններում պարտված, բայց դրա արդյունքները վիճարկող նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումները։ Արտակարգ դրության պայմաններում ՍԴ-ի շենքը պահպանում էին զինված ստորաբաժանումները։ Չնայած ՍԴ դիմած Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի ու Վահե Գրիգորյանի բերած փաստերին, որ ընտրախախտումները եղել են կազմակերպված, զանգվածային, Հ1-ն ու մնացյալ 8 հեռուստաալիքները Սերժ Սարգսյանին բացառապես դրական, Տեր-Պետրոսյանին՝ բացասական լույսի ներքո են ներկայացրել, մարտի 8-ին դատարանի անդամ Հրանտ Նազարյանի հրապարակած վճռով Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿՀԸ որոշումը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ընտրվել է ՀՀ նախագահ։ Այսպիսով, ՀՀԿ-ն ամրապնդեց իշխանությունը Հայաստանում։
2012 թվական խորհրդարանական ընտրություններ
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը Սահմանադրական դատարանում վիճարկեց նաև 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Մայիսի 31-ին Գագիկ Հարությունյանի գլխավորած բարձր ատյանը մերժեց դիմող ՀԱԿ ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանի դիմումը և ուժի մեջ թողեց ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը։ Ընդդիմադիր ՀԱԿ-ը փաստարկներ էր ներկայացրել առ այն, որ ընտրությունների արդյունքը չի արտացոլում ընտրողների ազատ կամքը, ընտրական գործընթացն անցել է Սահմանադրության ու օրենսդրության զանգվածային խախտումներով, պետությունը չի երաշխավորել կրկնաքվեարկությունների բացառման պահանջը, կոպտորեն խախտվել է քաղաքական ուժերի միջև հավասար մրցակցության սահմանադրական և օրենսդրական պահանջը։
2013 թվականի նախագահական ընտրություններ
2013-ին նախագահի ընդդիմադիր թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն էր։ Պաշտոնական տվյալներով նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը՝ 861 000 ձայնով, իսկ պարտված հայտարարված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին քվե էր տվել 539 000 քաղաքացի։ Պարտված թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ-ում վիճարկեցին ԿԸՀ-ի որոշումը, ըստ որի՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը։ Բաժանվել է ընտրակաշառք, կիրառվել է վարչական ռեսուրս՝ ընդդիմադիրների փաստարկներն էին։ Սակայն Սահմանադրական դատարանը հերթական անգամ մերժեց ընդդիմությանը՝ նպաստելով Սերժ Սարգսյանի՝ երկրորդ ժամկետում պաշտոնավարմանը։
2015 թվականի սահմանադրական հանրաքվե
Ըստ ընդդիմադիրների՝ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը միտված 2015 թվականի սահմանադրական հանրաքվեն ևս վիճահարույց գնահատվեց՝ ընտրակեղծիքներ, կրկնաքվեարկություններ։ Դեկտեմբերին կայացած քվեարկությամբ Հայաստանում փոխվում էր 2005-ին ընդունված Սահմանադրությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ին չհաջողվեց ԱԺ-ում հավաքել 27 պատգամավորի ստորագրություն՝ հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար։ Իշխող Հանրապետականից բացի, նախաձեռնությանը չէին միացել նաև «Բարգավաճ Հայաստան»-ն ու Դաշնակցությունը: Իսկ դեկտեմբերի 18-ին ՍԴ աշխատակազմի ղեկավարը չընդունեց ՀԱԿ ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի բերած փաստաթուղթը, համարելով, որ փաստաբանն իրավասու անձ չէ։ 2015-ի վիճահարույց Սահմանադրությունը ուժի մեջ է մինչև օրս։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններ
«Խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն իր կամքն ազատորեն չի արտահայտել․ երկրով մեկ գործել է ընտրողներին ահաբեկելու, հօգուտ իշխող Հանրապետականի վարչական ռեսուրսի չարաշահման համակարգ, բաժանվել է ընտրակաշառք»,- այսպիսի փաստարկներով էր ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքը 2017 թվականին դիմել ՍԴ՝ ընտրությունների արդյունքներին վերաբերող ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Ընդդիմադիր ուժը փաստարկների փաթեթում ընդգրկել էր ինչպես ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ գրուպի աշխատակիցների մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությունը, այնպես էլ 114 ուսուցիչների ձայնագրված խոստովանությունն այն մասին, որ ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքում։ Ապրիլի 28-ին ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը՝ ընտրությունները ճանաչելով լեգիտիմ։ Ու չնայած հանգամանքին, որ պաշտոնապես 2017-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն հավաքել էր 49 % ձայն, ընդամենը 1 տարի անց հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացված Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից։ Այսպիսով, անկախ Հայաստանում Սահմանադրական դատարանը ոչ մի անգամ չի ընդառաջել ընդդիմությանը ու չի ճանաչել ընտրությունների կեղծումը։
Ռոբերտ Անանյան