Փաշինյանի ասած՝ թալանչի «մկներն ու ձկները» անարգել հեռանում են Հայաստանից. ո՞վ պետք է պատասխան տա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հայկական թավշյա հեղափոխությունը հարյուրհազարավոր մարդկանց փողոցներ էր դուրս բերել ո՛չ միայն զուտ իշխանությունը փոխելու, այլ նաև, որ ՀՀԿ-ի 2 տասնամյակ կառավարման շրջանում պետության բյուջեն անպատիժ թալանածները, մարդկանց աղքատացման գնով ապօրինի հարստացածները կանգնեն դատարանի առաջ։ Սա հեղափոխության առաջնորդի խոստումն էր.

«Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի՛ պլստալու, չի՛ պլստալու։ Հայաստանում գողերի ժամանակը անցել է, ամերիկաներից լինի, ավստրալիաներից լինի, ռուսաստաններից լինի՝ գտնելու ենք բերենք գողացած ամեն լումա»։

Սակայն կյանքը ցույց տվեց՝ այս հայտարարությունները մնացին լոկ հեղափոխական լոզունգներ։ Այսօր հեշտ է հիշել իրավապահների ձեռքից չպլստացած, վարչապետի բնորոշմամբ՝  հատուկենտ մկներին ու ձկներին, ավելի բարդ թվարկել՝ իրավապահների աչքի առաջ օրը ցերեկով Հայաստանից անպատիժ հեռացածներին։

Օրերս վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը սոցցանցի էջում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ու Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի կողմից ենթադրյալ ապօրինի հարստացման մասին տվյալներ էր հրապարակել՝ ընդգծելով, որ վարչապետն ակնկալում է՝ իրավապահները ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ։

Վարչապետի խոսնակի հայտարարության թանաքը, ինչպես ասում են, դեռ չէր չորացել, երբ հայտնի դարձավ, որ ամբողջ Հայաստանի ուշադրությունը գրաված միլիոնավոր դոլարների չարաշահում ենթադրող քրեական պատմությունների հերոսը՝  «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանը թաքնվում է։ Դատարանը կալանավորելու որոշում է կայացրել, ԱԱԾ-ն հայտարարել է հետախուզում։ Հեռանալուց առաջ թողած նամակում Գուրգեն Խաչատրյանն իր քայլը հիմնավորել է՝ նպատակահարմար չի համարում կալանավորվել։

Սա այս օրերի կոռուպցիոն թեմայով վերջին պայթյունը չէր։ Օրերս ՊԵԿ քննչական վարչությունը ապօրինի հարստանալու և փողերի լվացման համար մեղադրանք առաջադրեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։ Նրա անունը շրջանառվում է նաև պետական նշանակության օբյեկտի՝ «ՁորաՀԷԿ»-ի ապօրինի սեփականաշնորհման գործով։ Մինասյանը արտերկրում է ու հայտարարում է՝ պետական բյուջե իր ձեռքը երբեք չի մտցրել։

Օրը ցերեկով ԱԱԾ-ի թվացյալ արգելքը շրջանցելով Հայաստանը լքել է նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որին մեղսագրվում է 233 միլիոն 470 հազար դրամ արժողությամբ մանկապարտեզի յուրացում։ ԱԱԾ-ն ձեռք է բերել Գագիկ Բեգլարյանի կողմից ևս 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու և յուրացնելու վերաբերյալ տվյալներ։

Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական իշխանության կարկառուն դեմքերին առնչվող քրեական պատմությունների մանրամասնումը կարող է ժամեր տևել։ Պարզապես անուն առ անուն հիշենք, թե ովքեր են հաջողեցրել կասկածելի պայմաններում ճեղքել իրավապահների արգելքն ու հեռանալ Հայաստանից՝ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյան, խնամի՝ Արա Մինասյան, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյան, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյան, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան, Մանվել Գրիգորյանի որդի՝ Արման Գրիգորյան, 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյան, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյան, Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյան։ Երկրում չէ  ու հայտնի չէ՝ երբ կվերադառնա պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որին առնչվող գործը կապ ունի զինծառայողներին բնակարանների բաշխման կարգի խախտումների հետ։ Հետախուզվում է նաև Ծաղկաձորի ճոպանուղու նախկին տնօրեն Ասատուր Պողոսյանը, այս գործով խոսք է գնում պետությանը 476 միլիոն դրամի վնաս հասցնելու մասին։ Իրավապահների աչքի առաջ Հայաստանից հեռացածների շարքը շարունակելի է։

Իրավապահ համակարգը ձախողում է կոռուպցիայի դեմ պայքարը, համոզված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը։ Ինչո՞ւ և ինչպե՞ս են խոշոր չարաշահումների մեջ մեղադրվողները հեշտորեն հեռանում, ըստ Այվազյանի՝ նրանց օգնում են նախկին իշխանություններին շաղկապված իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Սակայն հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարի համար անբացատրելի է մեկ հարց՝ ինչո՞ւ է քաղաքական իշխանությունը ձախողակ բարձրաստիճան պաշտոնյաներին թողնում իրենց տեղերում։

«Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ չեն ձեռնարկում ավելի կոշտ քայլեր՝ վերանայելու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնավարումը, թեկուզ ունենալով կասկածներ, որ նրանք կարող են ինֆորմացիա դուրս հանել կամ երաշխավորել հետապնդման մեջ գտնվող անձանց՝ Հայաստանից դուրս գալը։ Հստակ գործում է որոշակի շղթա, ցանց, բայց որևէ բան չի փոխվում։ Իրավապահ և դատական համակարգերի նկատմամբ ամենացածրն է հասարակության վստահությունը, և կարծում են, որ նրանք կոռումպացված են, բայց որևէ բան էս ուղղությամբ հասարակությունը չի տեսնում»,- ասաց Սոնա Այվազյանը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը պատահական չի համարում, որ նախկին իշխանության կոռումպացված ներկայացուցիչներն ու նրանց մոտ կանգնած բիզնեսմենները հաջող հեռանում են Հայաստանից՝ չենթարկվելով քրեական պատասխանատվության։ Քաղաքագետը նկատում է՝ իշխանությունն անպատասխան թողեց Միքայել Մինասյանի՝ օրերս հնչեցրած այն մեղադրանքը, թե կա գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու կոռուպցիոն պրակտիկա։

«Էդ հարցին պիտի պատասխանի Նիկոլ Փաշինյանը, Միքայել Մինասյանին նա այդպես էլ չարձագանքեց։ Միքայել Մինասյանը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի մեջ՝ Նիկոլ Փաշինյանը փող է վերցնում և քրեական հետապնդումները ձախողվում, չեն իրականացվում, այդ հարցը հանրության համար մնալու է խնդրահարույց։ Կոռուպցիայի դեմ պայքարը ավելի շատ իմիտացիոն բնույթ է կրում, հարստացնում է ինչ-որ մարդկանց, բայց ոչ պետությանը»,- ասաց Ղուկասյանը։

Իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանք, ու նաև նրանց կողմից հանցավոր համագործակցություն, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած՝ խոշոր ձկների ու մկների հետ, ըստ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի՝ կոռուպցիոներների փախուստն ունի այսպիսի բացատրություն։ Սակայն քաղաքական իշխանության գործելակերպն ու որոշ անպատասխան հարցեր կասկածները խորացնում են:

«Ես սկսում եմ կասկածել, որ նույնիսկ քաղաքական այրերի իմացության պայմաններում էլ է կատարվում, չեմ բացառում, որովհետև կա պարբերականություն և այն, որ ոչ մի քաղաքական հետևանք չի ունենում։  Մարդիկ գնում են երկրից, պատասխանատվությունից խուսափում են, ու դրա մեղավորները նույնպես պատասխանատվության չեն ենթարկվում։ Էդտեղ, ինձ թվում է, որոշակի քաղաքական շահեր էլ կան այն մարդկանց շրջանակներում, ովքեր պիտի պատասխանատվության կանչեն մեղավորներին»,- նշեց ՔՈ կուսակցության անդամը։

Ի պատասխան մեղադրանքների, իշխանությունը տվյալ է բերում, թե հեղափոխությունից ի վեր քրեական գործերով վերականգնվել է 40 միլիարդ դրամ, իսկ պետական բյուջեն այս երկու տարում ավելացել է 1․1 միլիարդ դոլարով։ Անդրիաս Ղուկասյանին այս թվերը չեն համոզում. «Վերականգնված գումարները եսիմինչ բան չեն՝ համեմատ կոռուպցիայի այն մասշտաբների, որ տեղի է ունեցել։ Սա թոզ է, ցուցանիշ, որ հարկավոր է բերել դնել, սեղանին, ասել սա է։ Սա քաղաքական կամքի բացակայություն է, իսկ դրա պատճառը կոռուպցիա է, թե քաղաքական պայմանավորվածություներ, դա կարող է միայն անաչառ և հավասարակշռված մարմնի կողմից հաստատվել»։

Այսօր ունենք անհերքելի փաստ՝ անպատիժ են մնացել Հայաստանը թալանած օլիգարխները, ատկատներով ու հովանավորչության միլիոնավոր դոլարներ կուտակածները, իսկ նրանցից որոշները վերածվել են խոշոր սեփականատերերի։ Ա՞յս իշխանության, թե՞ հաջորդի օրոք կբացահայտվի ճշմարտությունը՝ մկների ու ձկների առեղծվածային անհետացումների մասին, ցույց կտա ժամանակը։

 

Ռոբերտ Անանյան