Մեր պատմության և ժողովրդի այս նոր ժամանակաշրջանը ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու և հաստատ քայլերով մեր նպատակների հետևից գնալուց չվախենալու մասին է. վարչապետն այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
13.12.2024 | 17:52
«Վրացական երազանքն» անջատել է նախագահի նստավայրի ջեռուցումը․ Խազարաձե
Բոլորը

ՀՀ վարաչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Իտալիա պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան։

«Վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը։ Նիկոլ Փաշինյանը շրջել է Հռոմի Հայ Կաթողիկե եկեղեցում, ծանոթացել հայկական հոգևոր, կրթական մշակութային կառույցի և Քահանայապետական վարժարանի գործունեությանը, հանդիպել նաև Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի սաներին և Անարատ հղության հայ քույրերի միաբանության քույրերին։

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և «Լևոնյան» Քահանայապետական վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը ողջունել են վարչապետին և նրա տիկնոջը Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում և եկեղեցու անունից աջակցություն հայտնել Հայաստանի վարչապետի այն բոլոր քայլերին, որոնք միտված են հզորացնելու հայոց պետականությունը և բարեկեցիկ կյանք տալու հայ ժողովրդին ու Հայաստանին։ «Մեծ հետաքրքրությամբ հետևում ենք Սփյուռքի հայկական գաղթօջախներ կատարած Ձեր այցելություններին և ոգևորվում ենք հայկական ազգային նկարագիրը պահպանող կենտրոններ, ինչպիսիք են Վենետիկի Սուրբ Ղազար կղզին՝ Մխիթարյան միաբանությունը և Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցին Ձեր այցելություններով, որոնք, բացի կրթական և մշակությանին կենտրոններ լինելուց, հայ հոգևոր ինքնության պահպանման և հոգևորականների պատրաստման կաճառներ են», – նշել են նրանք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և իր խոսքում, մասնավորապես, նշել.

«Գերապայծառ Տեր,
հոգևոր հայրեր,
շնորհադարձ քույրեր,
ՀՀ կառավարության հարգելի ներկայացուցիչներ,
սիրելի ներկաներ,

ես մտածում էի Իտալիայի Հանրապետություն մեր ընթացիկ այցի մասին, և տպավորությունն այն է, թե այս այցն Իտալիա, հայ-իտալական հարաբերությունները, հետագա հնարավորություները ավելի լավ իմանալու, գիտենալու, ճանաչելու մասին է։ Բայց իրականում գործնականում գրեթե բոլոր այցերն ունեն շատ կարևոր մի հատված և առանձնահատկություն՝ մինչ այս պահին, հիմա առավել ևս ընդգծվում է։ Խոսքն այն մասին է, որ տարբեր երկրներ այցելելով, տարբեր հանդիպուներ ունենալով՝ մենք ոչ միայն ճանաչում ենք և իմանում ենք այդ երկրների մասին, այլև ավելի լավ ճանաչում ենք ինքներս մեզ, մեր պատմությունը, մեր ինքնությունը, և այս պաշտոնական այցերը նաև մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր պատմությունն ավելի լավ ճանաչելու մասին են։

Ընդհանրապես երբ խոսում ենք մեր ապագայի կերտման, մեր ինքնության պահպանման և զարգացման մասին, դրա համար և այդ ճանապարհին կա շատ կարևոր մի բանաձև. մենք իսկապես որպես ժողովուրդ պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորը իմանանք մեր պատմությունը, ավելի մանրամասն գիտենանք մեր ժառանգության մասին, և մեր ապագան կառուցելու ամենակարևոր գործողություններից մեկը մեր անցյալը ճանաչելու, մեր անցյալի հետ հաշտ լինելու գործընթացն է։ Իտալիա կատարած այս այցը, ինչպես նաև այլ երկրներ կատարած այցերը իսկապես շատ հսկայական հայկական ենթատեքստ ունեն. մենք սկսեցինք Վենետիկից՝ այցելելով Մխիթարյան միաբանություն, որը մեր ինքնության պահպանման և զարգացման գործում անուրանալի և անգնահատելի վաստակ է ունեցել։ Այսօր մենք Լևոնյան վարժարան այցելելու առիթ ունենք, Միլանի Հայ Առաքելական եկեղեցում հանդիպում ունեցանք։ Այս այցերը, անկեղծ ասած, մեծացնում են մեր ներուժի գնահատականը, անսահման հարգանքը ինքներս մեր պատմության, մեր ժառանգության նկատմամբ և մեր ապագայի հանդեպ հավատը։ Երբ մենք այցելում ենք հեռավոր Սինգապուր, և այնտեղ այցելության ամենակարևոր օջախներից մեկը հայկական եկեղեցին է, երբ այցելում ենք Ռուսաստան, Եվրոպայի երկրներ, Ֆրանսիա, ԱՄՆ, իրականում այդ բոլոր այցերի արդյունքներից մեկը մեր ինքնությունն ավելի լավ ճանաչելու պատեհությունն է, հնարավորությունն է, և սա իսկապես շատ բարձր գնահատանքի է արժանի։

Ես ուզում եմ ասել, որ իսկապես մենք շատ բարձր ենք գնահատում Հայ Առաքելական եկեղեցու, Հայ Կաթոլիկ եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու դերը մեր ինքնության պահպանման և զարգացման գործում։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ հայկական ինքնությանն այսքան մոտիկ և հարազատ մնալու, այդ ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու համար։ Այնպես ստացվեց, որ Միլանում հանգամանքների բերումով մեր ողջ հանդիպումն անցավ Ղուկասի ավետարանի Տասը մնասի առակի համատեքստում։ Ես կարծում եմ, որ այդ առակը հենց այսօր էլ շատ հրատապ է մեզ համար, որովհետև հարցն այն չէ, թե մենք ինչ հաշիվ ենք պահանջելու ինքներս մեզնից, հարցն այն է, թե մենք ինչ հաշիվ ենք տալու մեր սերունդներին, որովհետև այն ժառանգությունը, որ մենք ունենք ՀՀ-ում, աշխարհում, պետք է ոչ միայն ուղղակի պահպանվի, այլև պետք է զարգանա։ Այդ ժառանգությունը պետք է ուժեղացնի մեր ինքնությունը, մեր ժողովրդին, մեր պետությունը, մեր դիրքերը, ավելի վստահ դարձնի մեր ձայնը, ավելի մեծ պատասխանատվության դրդի հենց մեզ՝ ընդ որում, ոչ միայն ինքներս մեր ճակատագրի, այլև աշխարհի ճակատագրի, քրիոստոնեության, մարդկության առաջ մեր ունեցած պատասխանատվությունը։ Իսկ արդյոք մենք ընդհանրապես ունե՞նք այդպիսի պատասխանատվություն և կարող ենք ունենալ այդպիսի պատասխանատվություն և խոսել դրա մասին։ Այս հարցի պատասխանը մենք կարող ենք ստանալ միայն ինքներս մեզ ավելի լավ ճանաչելուց հետո։ Իսկ մենք ինչքան լավ ենք ճանաչում մեզ, հասկանում ենք, որ այսպիսի ժառանգություն ունեցող ժողովուրդը չի կարող ուղղակի անցորդ լինել մարդկության պատմության ճանապարհին, չի կարող ուղղակի դիտորդ լինել մարդկության պատմության թատերաբեմում։ Այսպիսի ժողովուրդը պետք է դերակատար լինի, և այդ դերակատար լինելու առաքելությունն ի կատար ածելու առաջին և նախնական ամենակարևոր գործողությունն ինքներս մեզ ճանաչելն է, որովհետև հնարավոր չէ որևէ նպատակի հասնել առանց սեփական ուժերը գնահատելու, առանց սեփական անցյալը ճանաչելու, առանց սեփական ժառանգությունը գնահատելու։ Իսկ մեր ժառանգությունը, որն առաջին հերթին հոգևոր է, որովհետև այն, ինչ այստեղ նյութական է, որևէ արժեք չէր ունենա և չի կարող ունենալ, եթե հենված չլինի հոգևոր ամուր և անսասան հիմքի վրա։

Մեր ժառանգությունն առաջին հերթին հոգևոր է, որովհետև կապ չունի՝ Հայ Առաքելական եկեղեցու, թե Հայ Կաթոլիկ եկեղեցու մասին ենք խոսում։ Կարծում եմ, որ շատերը չէ, որ սրա մասին գիտեն և ինձ համար նույնպես պետք է խոստովանեմ՝ անակնկալի որոշակի տարրեր կային, որ հենված են նույն արժեքների վրա։ Սուրբ Ղազար կղզում հաճույքով արձանագրեցի, որ տաճարի հիմնական խորանները նվիրված են Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին, Գրիգոր Լուսավորիչին, և սա այն հոգևոր ամբողջությունն է, որ մեզ բոլորիս միացնում է։ Ես ուզում եմ հավատալ, որ մեր պատմության և ժողովրդի այս նոր ժամանակաշրջանը հենց դրա մասին է, որ մենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի ամբողջական գնահատենք, չզլանանք դիտել մեր թերությունները, չվախենանք շեշտել մեր առավելությունները, չվարանենք բարձրաձայնել մեր նպատակները և չվախենանք հաստատ քայլերով գնալ մեր նպատակների հետևից։

Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և բարձր եմ գնահատում այն ամենը, ինչ միացրել է, միացնում է, միասնական է դարձնում մեզ բոլորիս»։