253 մլն դրամով քիչ ծախսեր՝ ավելի շատ այցերի համար. ինչպիսի՞ն է նոր իշխանության գործուղումների պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Հետհեղափոխական իշխանությունները մեկ տարվա ընթացքում ավելի շատ են գործուղման մեկնել, քան նախկին իշխանությունները։ Դրան զուգահեռ՝ գործուղումների համար ծախսվել է 253․1 միլիոն դրամով ավելի քիչ գումար։

Այսպիսով, հետթավշյա պետական գործուղումների համար ծախսված գումարի միջին ամսական ցուցանիշը կազմել է 83 մլն դրամ՝ 21 մլն դրամով պակաս, քան մինչև հեղափոխությունը։ Այնուհանդերձ՝ նոր իշխանությունների պաշտոնավարման ընթացքում ևս եղել են գործուղումների հետ կապված կասկածելի գնումներ․ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնն» ուսումնասիրել և մեկտեղել է 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի մայիսն ընկած պետական գոծուղումների պատկերը։

«Արժեքային գնահատականի առումով նոր իշխանություններին հաջողվել է մոտավորապես 20%-ով կրճատել ավիատոմսերի ձեռքբերման ծախսերը։ Սա եղել է ի հաշիվ այն հանգամանքի, որ բիզնես կարգի ավիատոմսերից անցում է կատարվել էկոնոմ կարգի ավիատոմսերի ձեռքբերման»,- «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը։

Հետհեղափոխական շրջանում 440-ով նվազել է գործուղման նպատակով ձեռքբերված ավիատոմսերի թիվը։

Ուշագրավ է նաև այն, որ եթե 2017-2018 թվականներին նախկին իշխանությունների կողմից մեկ տարում ձեռք էր բերվել 66 բիզնես կարգի ավիատոմս, ապա հետհեղափոխական շրջանում գնված բիզնես կարգի ավիատոմսերը 4-ն են։

Այսպիսով, 2018-ի ապրիլի 1-ից  2019-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 992,5 մլն դրամի ավիատոմսերի ձեռքբերում, որտեղ զգալի մասնաբաժինն ունի Պաշտպանության նախարարությունը՝ 206․3 մլն դրամ։

«Երբ ուսումնասիրում ենք արժեքային ցուցանիշները, տեսնում ենք, որ կոնկրետ կառույցներ, օրինակ՝ ՊՆ-ն, Արտաքին գործերի նախարարությունը, Ոստիկանությունը և ԵՊՀ հիմնադրամը, նախկինում նույն ժամանակահատվածում ավելի շատ են ծախսել, քան հետհեղափոխական շրջանում»,- ընդգծեց Արմենուհի Բուռնազյանը։

Պաշտոնյաներից ո՞վ քանի օր է գործուղման մեջ գտնվել, և արդյոք հեղափոխությունից հետո գործուղման մեկնելու մշակույթը Հայաստանում փոփոխության է ենթարկվել։

Այսպես, հետհեղափոխական շրջանում ամենահաճախ գործուղված պաշտոնյան ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն է։ Նրա գործուղումների օրաքանակը կազմում է 50 օր կամ ողջ գործուղումների 4 %-ը։

Երկրորդ տեղում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանն է։ Նրա գործուղումները  38 օր են տևել։

ԿԳՄՍՆ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը գործուղման մեջ 33 օր է եղել։ Նույնքան ժամանակ արտերկրում է գտնվել նաև Սուրեն Քրմոյանը՝ ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալը։ Եվս 33 օր արտերկրում անկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ինչ վերաբերում է գործուղումների ուղարկած գերատեսչություններին, ապա դրանց թվում առաջատարն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է՝ 160 օր գործուղում մեկ տարվա ընթացքում։

Արդարադատության նախարարությունը զիջում է մեկ շաբաթով՝ 153 օր գործուղմամբ։ Առավել հաճախ գործուղվել են նախկին նախարար Արտակ Զեյնալյանը և նրա տեղակալը՝ Սուրեն Քրմոյանը։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տարբեր աշխատակիցներ գործուղման մեջ 102 օր են գտնվել, Կրթության և գիտության նախարարության աշխատակիցները՝ 85 օր։ Վերջինի դեպքում ևս ամենահաճախ գործուղած պաշտոնյաները նախարար Արայիկ Հարությունյանն ու նրա տեղակալը՝ Արևիկ Անափիոսյանն են։

Առողջապահության նախարարության գործուղումների թիվը մեկ տարվա ընթացքում կազմել է  76 օր։ Հետաքրքիր է, որ այս գերատեսչությունից ամենահաճախ գործուղման մեկնած պաշտոնյաների եռյակի մեջ բացակայում է նախարարը՝ Արսեն Թորոսյանը։

«Գործուղումների օրերի քանակի տարբերությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նոր իշխանությունները փորձում էին նոր կապեր հաստատել տարբեր երկրների հետ։ Այս առումով հարկ է նշել, որ նոր իշխանություններն ամենից շատ գործուղվել են ՌԴ, ԱՄՆ, Ղազախստան։ Սա երևի որոշակի քաղաքականությամբ է պայմանավորված»,- ասաց Արմենուհի Բուռնազյանը։

Պետական գործուղումների օրերի ավելացմանը զուգահեռ՝ հեղափոխությունից առաջ և հետո գրեթե չեն փոխվել պետական գործուղումների ուղղությունները։ Երկու դեպքում էլ առաջին հնգյակում նույն երկրներն են՝ Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ղազախստան, Բելգիա  և Թաիլանդ։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնն ուսումնասիրել է նաև պետական կառույցների կողմից գործուղումների համար ձեռք բերված ավիատոմսերի արժեքային և քանակային վերլուծությունը։

Կենտրոնի տնօրեն Արմենուհի Բուռնազյանը նշում է, որ ուսումնասիրության ընթացքում իրենց կողմից նկատվել են որոշակի կասկածելի գնումներ։

Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերին Սփյուռքի նախարարության կողմից գնվել է 1 ավիատոմս Երևան-Բոստոն և հետադարձ ուղղությամբ՝ 1 մլն 147 հազար դրամով, այն դեպքում երբ նույն ժամանակահատվածում տոմսի շուկայական գինը սկսել է 700 հազար դրամից։

«Այդ նույն ամսում Սփյուռքի նախարարությունը ձեռք է բերել նաև 2 ավիատոմս՝ Երևան-Լոս Անջելես ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 814 հազար դրամ, մինչդեռ տվյալ ժամանակահատվածում  նշված ուղղությամբ ավիատոմսերի գները  սկսվում էր  350 հազար դրամից, և միայն Պրեմիում Էկոնոմ կարգի ավիատոմսերի գինը՝ 750 հազար դրամից։ Այսինքն՝ կամ ձեռք է բերվել այդպիսի ավիատոմս կամ, չգիտես՝ ինչ հանգամանքներում, շուկայականից ավելի թանկ գնով է ձեռք բերվել»,- ընդգծեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» գործադիր տնօրենը։

Նմանատիպ գնում կատարել է նաև Արտաքին գործերի նախարարությունը՝ 2018 թվականի նոյեմբերին գնելով Երևան-Լոս Անջելես և հետադարձ ուղղությամբ ավիատոմս՝ 985 հազար դրամ արժողությամբ՝ ինչը կրկնակի թանկ է այդ ժամանակահատվածին բնորոշ նվազագույն գնից։

Կասկածելի գնումների շարքում նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից 2018 թվականի նոյեմբերին ձեռք բերված 1 մլն 600 հազար դրամ արժողությամբ ավիատոմսն է,  որի մասին պայմանագիրը պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման կայքի «Գործուղումների հաշվետվություններ» բաժնում բացակայում է։

Շուկայականից ավելի թանկ գնով ավիատոմսերի ձեռքբերումն Արմենուհի Բուռնազյանը պայմանավորում է գործարքը միայն միասնական էլեկտրոնային հարթակի ՝ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի միջոցով իրականացնելու հանգամանքով։

Հարկ է նշել, որ Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման համաձայն՝ գործուղումների նպատակով ավիատոմսերի գնման գործընթաց իրականացվում է միայն էլեկտրոնային հարթակում որոնման պահին առկա անմիջապես ավիաընկերությունների գնառաջարկների միջև, իսկ ընտրությունը կատարվում է տնտեսապես առավել շահավետ ավիատոմս ձեռք բերելու սկզբունքով: Ընդ որում, պատվիրատուներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նախընտրելի ավիատոմս նաև  ցանկացած այլ էլեկտրոնային հարթակից, եթե համանման պայմաններով նույն տոմսն ավելի էժան է միասնական էլեկտրոնային հարթակում գնանշվածից:

«Ավիատոմսերի ձեռքբերման կենտրոնացման միակ նպատակը խնայելն է եղել։ Եվ եթե ավիատոսմերը ձեռք են բերվում ավելի թանկ գներով, ապա ինչքանով է ճիշտ, որ այս ֆունկցիան իրականացվում է կենտրոնացված մի կառույցի կողմից՝ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի։ Կարելի է ասել, որ պետական կառույցները կարող են իրենք գնել ավիատոմսերը, եթե կարողանան  ավելի ցածր գնով մատակարար աղբյուր գտնել։ Այդ դեպքում իրենց թույլատրվում է ոչ թե ԷԿԵՆԳ-ից գնել ավիատոմսերը, այլ որ հենց իրենք իրականացնեն»,- ասաց Արմենուհի Բուռնազյանը։

Նրա կարծիքով՝ կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գործուղումները սեզոնային բնույթ են կրում։

«Օրինակ, աշնան ամիսներին պիկ ժամանակաշրջան է, երբ ավելի շատ են գործուղվում։ Երբ ուսումնասիրում էինք, տեսնում էինք, որ եղել են ամիսներ, օրինակ՝ մարտը, երբ երկու անգամ ավելի քիչ են ծախսել գործուղումների ավիատոմսերի ձեռքբերման համար, քան նախահեղափոխական ժամանակահատվածում»,- նշեց Բուռնազյանը։

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» տնօրենը նշում է․ հետաքրքիր կլիներ ձեռքի տակ ունենալ նաև տվյալներ գործուղումների մնացած՝ գիշերակացի, օրապահիկի և այլ ծախսերի մասին։ Դրանք, ցավոք, ուսումնասիրության համար հասանելի չեն։ Մեզ հետ զրույցում Արմենուհի Բուռնազյանը հավելեց, որ այս հարցով իրենք գերատեսչություններին չեն դիմել։ Նրա խոսքով՝ եթե գերատեսչությունները որոշեն այդ տվյալները հասանելի դարձնել, հետագա ուսումնասիրությունների մեջ դրանք ևս կներառեն։

Իսկ առայժմ կենտրոնը շարունակում է հետազոտել պետական պաշտոնյաների և գերատեսչությունների արտասահմանյան այցերը։ Նոր ուսումնասիրության մեջ ներկայացված կլինի արդեն հետթավշյա իշխանությունների գործուղումների համեմատական պատկերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան