Իրավապաշտպանները ողջունում են անցումային արդարադատության հանձնաժողովի ստեղծումը. կարմիր գիծը, որ կբաժանի անցյալն ու ներկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ստեղծել անցումային արդարադատության փաստահավաք հանձնաժողով, որն աշխատանքները կսկսի հաջորդ տարվա սկզբից։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Հայաստանի դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը, որում առանձին գլուխ է հատկացված անցումային արդարադատությանը։ Փաստահավաք հանձնաժողովը դատարան չէ՝ չի կարող դատապարտել անձի, կիրառել պատասխանատվության այլ միջոց, չունի նաև իրավապահ մարմնի գործառույթ: Ըստ նախագծի՝ այն լինելու է անկախ մարմին, որը հավաքագրելու է 1991 թվականից մինչև 2018 թվականն ընկած շրջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ տեղեկություններ և փոխանցելու իրավապահ մարմիններին։ Կհրավիրվեն ու կլսվեն վկաներ։ Արդյունքում կվերաբացվեն քրեական գործեր կամ կհարուցվեն նորերը։ Անցումային արդարադատության վերջնական նպատակը տուժողների իրավունքների վերականգնումն է, որքանով դա հնարավոր է։ Որպես իրավունքի վերականգնման միջոցներ առաջարկվում են հատուցումների ձևեր՝ միանվագ կամ պարբերական վճարումներ, հասանելիություն առողջապահական կամ կրթական ծառայությունների, ներողության պաշտոնական հայցում, տուժողի համաձայնությամբ նրա պատմության հրապարակումը և այլն:

2 տարի ժամկետով ստեղծվելիք փաստահավաք հանձնաժողովն ունենալու է 20 անդամ, մարդիկ, որոնք հասարակության մեջ մեծ հեղինակություն են վայելում, ապաքաղաքական են։

Անցումային արդարադատության իրականացումը հեղափոխական իշխանության առանցքային խոստումներից է։ Դեռ անցած տարի օգոստոսի 17-ի  հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու անհրաժեշտության մասին՝ դա պայմանավորելով նախ՝ դատական համակարգի վիճակով, և երկրորդ՝ նախկին պաշտոնյաների ապօրինի հարստացմամբ: «Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ պրոբլեմներ։ Այստեղից ոչ հեռու գտնվող մի բանկում շատ բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ եղբոր ընդամենը մի բանկային հաշվում հայտնաբերվել է 30 միլիոն դոլար: Զուտ Հայաստանի այսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար՝ հայտարարագիր չի ներկայացրել, և ֆորմալ առումով այստեղ կան դժվարություններ՝ այդ գումարը հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավելու»,- ասել էր վարչապետը։

Ի հեճուկս նախօրոք հնչող մտահոգությունների, անցումային արդարադատությունը ներառելու է անկախ Հայաստանի պատմության ոչ թե այս կամ այն առանձին ժամանակաշրջանը, այլև ողջ նորանկախ Հայաստանի պատմությունը։ Նախագծի հիմնավորման մասում հեղինակները նշում են, որ 1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված համակարգային և քաղաքական կոռուպցիայի առկայությամբ, ինչն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում։ 2018 թվականին Հայաստանի քաղաքական փոփոխությունները հետևանք էին հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, և ժողովրդի մի ստվար զանգված, այլևս այլ ելք չտեսնելով, բողոքի իր ձայնը բարձրացրեց։

Ըստ նախագծի՝ անցյալը մոռանալու փոխարեն կառավարությունը նախընտրում է վերլուծել այն, տեղեկություններ հավաքել իրավունքների խախտման վերաբերյալ, վերականգնել տուժողների իրավունքները, գնահատական տալ անցյալին ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելով բացառել նման երևույթների կրկնությունը։

Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմամբ մարդու իրավունքների զանգվածային խախտումների փաստեր կհավաքվեն հետևյալ ոլորտներում.

ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ,

բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,

գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ,

դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ,

ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողներ:

Պետությունը հանձն կառնի նաև ներդնել այնպիսի համակարգեր ու կատարել այնպիսի բարեփոխումներ, որոնք կբացառեն անցյալի սխալների կրկնությունը։ Արթուր Սաքունցը, որ մինչ օրս անցումային արդարադատության անհրաժեշտությունը ամենից հաճախ ընդգծած իրավապաշտպաններից է, ասում է՝ սա այն է, ինչ իրենք պահանջում էին։ Քաղաքական հետապնդումներ՝ պայմանավորված ընտրական գործընթացներով, իրավապաշտպանը հիշում է՝ սկսած 1996 թվականից, շեշտելով 2003-04, 2007-08 թվականները՝ մինչև 2017 թվական։ Առանցքային դրվագը, որ պարոն Սաքունցը նկատել է անցումային արդարադատության նախագծում, քաղաքական գնահատականն է անցյալին. «Դա նշանակում է՝ պետք է ամրագրվի հետևյալը, որ եղել է պետության զավթման համակարգ, համակարգային կոռուպցիայի համակարգ, եղել է անպատժելի համակարգ, երբ մարդու իրավունքների կոպիտ խախտումները կրել են շարունակական բնույթ, և արդյունավետ մեխանիզմներ չեն եղել խախտված իրավունքների վերականգնման համար։ Քաղաքական գնահատականի իմաստը պետք է կայանա ոչ միայն արձանագրելու այս կետերը, այլ նաև՝ ինչպիսին պետք է չլինի կառավարումը ՀՀ-ում և ինչ պետք է անենք, որ անցյալի վերադարձի ճանապարհը փակած լինենք»։

Անցումային արդարադատության շրջանակում ստեղծվելիք փաստահավաք հանձնաժողովը գերկարևոր դեր է ստանձնելու, ընդգծում է իրավապաշտպանը՝ հիշեցնելով, որ վախի, անպատժելիության մթնոլորտում քաղաքացիները հաճախ չեն համարձակվել բարձրաձայնել իրավունքների խախտումները։ Փաստահավաք հանձնաժողովին ոչինչ չի կաշկանդի․ «Անցումային արդարադատության նպատակը կամ հիմնավորվածությունը կայանում է հենց անպատժելիության մեջ։ Եթե մարդու խախտված իրավունքը վերականգնելու հնարավորություն լիներ, մենք բոլորովին այլ պետությունում ապրելիս կլինեինք»,- նշեց պարոն Սաքունցը։

Անցումային արդարադատության նպատակը պատժողական չէ, այլ հասարակության հաշտեցումը, ընդգծում է իրավապաշտպանը, բայց միանշանակ է՝ կյանքի իրավունքի խախտումների դեպքերը պիտի չմնան անպատիժ։

«Երբ ասում ենք հաշտվել՝ չի նշանակում զոհի և դահիճի միջև հաշտություն, սա նշանակում է՝ ձևավորում ես անաչառ պատկեր, որն անառարկելի ճշմարտություն է, որի վրա կառուցվում է մեր հետագա կյանքը։ Մարդու իրավունքների խախտումները զանգվածային են եղել, դա չի նշանակում՝ զանգվածային բնույթ պիտի ունենա պատասխանատվության ենթարկելու պրոցեսը, բայց ես վստահեցնում եմ՝ փաստահավաք հանձնաժողովի կողմից ենթադրյալ փաստերի հավաքումից հետո այն պատկերը կստանանք, ոչ մեկի մտքով չի անցնելու, որ այդպիսի իրավիճակ ենք ունեցել։ Սա այն կարմիր գիծն է, որ ցույց է տրվում, թե ինչպիսի ահավոր, խայտառակ ազդեցություն է ունենում անպատժելի, խայտառակ կոռուպցիայով իշխանությունը»,- նկատեց Արթուր Սաքունցը։

Տասնամյակից ավելի զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը դրական է համարում, որ անցումային արդարադատության գործընթացում ներառվել է ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների իրավունքների վերականգնումը, սակայն որոշակի թերահավատություն ունի։

«Չեմ պատկերացնում ինչ են անելու, երբ հիմա, հենց էս պահին անընդհատ խախտվում են այդ իրավունքները։ Եթե իշխանությունը, պատասխանատու մարմինները չեն կանխարգելում հենց էս պահին, ոչինչ չեն անում, հետո ո՞նց են դա անելու։ Եթե նախագծում դա գրվեց, հետո վերականգնելո՞ւ են։ Գուցե դա օրենքի ուժ ստանա և հնարավոր լինի դատի տալ ՊՆ-ին կամ վարչապետին կամ մյուսին, որոնք ոչինչ չեն անում էսօր, որ չլինեն էդ զոհերը»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը պնդում է՝ ոչ մարտական պայմաններում այսօր էլ զոհվում են զինծառայողներ, բայց մահերը կոծկվում են, մեղավորները չեն պատժվում․ «Ես չեմ տեսնում որևէ լույս այդ ուղղությամբ, թեկուզ ամենաթույլ լույսը չեմ տեսնում։ Երբ Մարտի 1-ի գործով տուժողներին աջակցություն տվեցին, մի փոքր մտածում ես այդ նախադեպը կարող է ազդել այս դեպքերի վրա։ Եթե մտահոգվող լինեին այսօր կկասեցնեն այդ հանցագործությունները, որ մեծ տեղ են գրավում բանակում»։

Նշենք, որ գործունեության ավարտին անցումային արդարադատութայն փաստահավաք հանձնաժողովը կհրապարակի զեկույց, Ազգային ժողով և Կառավարություն կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ իրավախախտումներից տուժածների իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի , ինչպես և ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան