«Լիդիան»-ի 250 000 դոլարանոց նվիրատվությունը «Լույս» հիմնադրամին. կոռուպցիոն գործա՞րք, թե կրթության հովանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
13.12.2024 | 15:24
Ադրբեջանում զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է նվազեցնել՝ հասցնելով 30 տարեկանի
13.12.2024 | 15:16
Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի Ժ/Պ Սարիկ Մինասյանին
13.12.2024 | 15:08
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը 4000-րդ պարեկությունն է իրականացրել
13.12.2024 | 15:06
«Լավ է՝ էսօր էս շխուրն եղավ, իմացան էս ինչ թուղթ է» մսավաճառ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:00
Գալուզինը՝ Սյունիքի մարզով «ճանապարհի» մասին, Մոլդովայում արտակարգ դրություն է սահմանվել․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 14:53
Ուկրաինայի իշխանությունները հաղորդում են էներգետիկ օբյեկտների վրա ռուսական զանգվածային հարձակման մասին
13.12.2024 | 14:51
Թրամփը կարող է Իսրայելին առաջարկել ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները. WSJ
13.12.2024 | 14:45
ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության համար
13.12.2024 | 14:42
Վարչապետը ժամանել է Մոսկվա
13.12.2024 | 14:22
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում
13.12.2024 | 14:08
Դամասկոսում Թուրքիայի դեսպանությունն ավելի քան մեկ տասնամյակ անց կվերսկսի գործունեությունը
Բոլորը

Մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորված ավանդույթի համաձայն՝ խոշոր հանքարդյունաբերող ընկերությունները մեծ ֆինանսական նվիրատվություններ են կատարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ստեղծած «Լույս» հիմնադրամին: Ամուլսարի հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2014 թվականին «Լույս» հիմնադրամին նվիրաբերել է շուրջ 250.000 դոլար: Իսկ ահա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի, «Վալլեքս գրուպ»-ի, ռուսական «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի և նախկինում «Գեոթիմ» անունն ունեցած «Լիդիան Արմենիա»-ն, 2016 թվականի դրությամբ, ընդհանուր առմամբ նվիրաբերել են 1.3 միլիոն դոլար:

Մինչ օրս «Լիդիան Արմենիա»-ն «Լույս» հիմնադրամի հովանավորների շարքում է՝ «Գրանդ տոբակո»-ի, «ՄՏՍ Արմենիա»-ի, «ԱրդշինԻնվետսբանկ»-ի, ՀԲԸՄ-ի, Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի, «Կամուրջ» վարկային կազմակերպության և արդեն «Յուքոմ» անունը կրող նախկին «Օրանժ Արմենիա» կազմակերպությունների հետ։ Նշենք, որ «Լույս» հիմնադրամը, կրթականից բացի, իրականացնում է նաև ծրագրեր այլ ոլորտներում։

«Լիդիան Արմենիա»-ի և «Լույս»-ի սերտ կապին օրերս անդրադարձավ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը՝ մտավախություն հայտնելով, որ նվիրատվության դիմաց Կառավարությունից ակնկալվել է որոշակի փոխհատուցում։ Կենտրոնն արձանագրել է, որ 2014 թվականին «Լիդիան Արմենիա»-ն, առանց գործունեություն սկսելու և շահույթ ունենալու, գրեթե 250 հազար դոլարի նվիրատվություն է կատարել «Լույս» հիմնադրամին՝ կրթական ծրագրերի աջակցման նպատակով։

Հիմնադրամի գործադիր խորհրդի անդամներից են ՀՀ նախկին նախագահն ու նախկին վարչապետը: Եվ անկախ այն բանից՝ արդյո՞ք այս նվիրատվությունն անմիջականորեն նպատակաուղղված էր օրենսդրական փոփոխությունների խթանմանը, ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի, քիչ հավանական է, որ շահառու հիմնադրամի ընտրությունը պատահական լիներ, հետևապես՝ մտավախություն կա, որ դրա դիմաց Կառավարությունից ակնկալվել է որոշակի «փոխհատուցում»:

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի՝ «Լիդիան Արմենիա»-ն մի քանի անգամ բարենպաստ պայմաններ է ստացել իրավական ակտերի միջոցով։ Կենտրոնը հիշեցնում է, որ 2014 թվականի հուլիսի 31-ին Կառավարությունը թույլ է տվել հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի առանձնյակների տեղափոխումն այլ տարածքներ՝ ապօրինաբար շրջանցելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի և բնապահպանությանը վերաբերող այլ օրենքների դրույթները, որոնցով արգելվում է ընդերքի տեղամասերի շահագործումը նման բուսատեսակների աճելավայրերում։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը եկել է եզրակացության, որ այս ենթաօրենսդրական ակտն աներկբայորեն վերացրել է Ամուլսարի հանքարդյունահանման նախագծի առջև ծառացած խոչընդոտները, և առանց այս քայլի նախագիծը պարզապես անհնար կլիներ կյանքի կոչել։

Մեկ այլ դեպքում, ՀՀ Կառավարության N244-Ն որոշմամբ, ընդամենը փոփոխելով ծովի մակերևույթից 1.000 մետր բարձրության վրա գտնվող լեռնային տեղանքում գտնվող ճանապարհների երկայնական թեքության տեխնիկական պարամետրերը, «Լիդիան Արմենիա»-ին հնարավորություն է տրվել անելու ավելի քան 100 մլն դոլարի խնայողություն:

Հակակոռուպցիոն կենտրոնի գնահատմամբ՝ իրավական ակտերը հեշտությամբ փոփոխելու պրակտիկան առաջացնում է մտավախություն, որ ընդերքօգտագործող ընկերությունները կարող են գործարքի մեջ մտնել պետական մարմինների պաշտոնական անձանց հետ՝ վերջիններից ստանալով իրենց մասնավոր շահերից բխող փոփոխությունները:

Քննչական կոմիտեին կոչ անելով չկարճել Ամուլսարի վերաբերյալ քննվող քրեական գործը՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը կոչ է արել պարզել, թե որքանով են Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ որոշումները պայմանավորված եղել կոռուպցիոն գործարքներով: Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ բնական էր, որ նախկին իշխանության օրոք Սերժ Սարգսյանի հիմնադրած հիմնադրամին 250.000 դոլարի նվիրատվության պարագայում ռիսկերի առկայության հանգամանքը չէր ուսումնասիրվի, բայց այսօր, իրավիճակի փոփոխության արդյունքում, նվիրատվության պատմությունը պետք է հետաքննության առարկա դառնա, պարզվի՝ ուր են գնացել «Լիդիան»-ի նվիրաբերած գումարները և որքանո՞վ է օբյեկտիվ եղել շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատականը:

«Ամբողջ աշխարհում տարածված պրակտիկա է, երբ հանքարդյունաբերող ընկերություններն անում են նվիրատվություններ, սոցիալական ծրագրեր են իրականացնում։ Խնդիրն ուրիշ բանում եմ տեսնում. ինչպե՞ս են ծախսվել հիմնադրամների գումարները, ո՞ւր են գնացել դրանք։ Հայաստանի դեպքում այլ բան եմ տեսնում շատ լուրջ խնդիր, առավել ևս՝ Ամուլսարի դեպքում, թե որքանով այդ ամենն իսկապես աղետալի հետևանքներ է ունենալու, որովհետև այն, ինչ ես լսում եմ, մտորումների տեղիք է տալիս։ Ի տարբերություն Քաջարանի, Զոդի, Ալավերդիի՝ Ջերմուկը նաև կուրորտային գոտի է։ Այստեղով են հոսում Որոտանն ու Արփան, և այստեղ շատ ավելի լուրջ խնդիրներ կունենանք, հետևաբար՝ հարցը հետևյալն է. այդ նվիրատվություններն արդյո՞ք արվում էին, որպեսզի իշխանություններն աչք փակեն հնարավոր խախտումների վրա։ Սա պետք է ուսումնասիրվի: Ի վերջո՝ ինչքան էլ մենք ուզում ենք հանքը շահագործել, իշխանությունը դրան է գնում, պետք է հարցը դրվի հետևյալ կերպ՝ իսկապե՞ս այն աղետի կհանգեցնի։ Եթե նրանք ուզում են տնտեսել բնապահպանական միջոցառումների վրա, ապա այդպիսի նվիրատվություններ կանեն, ինչն ավելի էժան է, քան այն ծախսերը, որ նրանք պետք է անեին»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։

Ինչպե՞ս է պատահել, որ Ամուլսարի հանքի շահագործման հավակնություն ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերությունն առանց գործունեությունը սկսելու և շահույթ ունենալու 250.000 դոլար է նվիրաբերել նախկին նախագահի հիմնադրած «Լույս» հիմնադրամին, հարց է բարձացնում «Թրանսփարենսի»-ն, և արդյո՞ք քննչական մարմինը փորձել է պարզել կոռուպցիոն ռիսկերի առկայությունը։ Արձագանքելով հարցապնդումներին՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց՝ «Լիդիան» ընկերությունը, ինչպես ցանկացած կազմակերպություն, կարող է կատարել նվիրատվություններ։

«Բոլորդ գիտեք, թե «Լույս» հիմնադրամն ինչով է զբաղված՝ հանճարեղ երեխաների, ուսանողների՝ դեպի արտասահման գործուղումով և նրանց պատրաստումով։ Դուք ունե՞ք հիմքեր, ապացույցներ, որոնք կվկայեն այդ նվիրատվության՝ կոռուպցիոն երևույթի մասին, կարող եք ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, և դա կքննարկվի»,- ասաց պարոն Իվանյանը։

ՔԿ պաշտոնյայի պատասխանից հետևում է, որ հարուցված քրեական գործի քննության ընթացքում 250.000 դոլար նվիրատվությունը չի դարձվել քննության առարկա, ու չի պարզվել՝ արդյո՞ք կոռուպցիոն էր նվիրատվության բնույթը։ Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ քննչական մարմինն այսօր պարտավոր է տալ  հարցի պատասխանը, թե ի՞նչ կապ կարող էր լինել Սերժ Սարգսյանի ստեղծած հիմնադրամին նվիրատվություն կատարելու և ընկերության հետագա գործունեության միջև։ Խոշոր նվիրատվության վերաբերյալ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ «Լույս» հիմնադրամից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել՝ նշելով, որ միայն այդ կերպ կպատասխանեն, իսկ «Լիդիան Արմենիա»-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Ռոբերտ Անանյան