Ռուսական արտահոսած գաղտնի զեկույցը մանրամասնում է Հարավային Կովկասի երկրների սփյուռքի վրա ազդեցության ռազմավարությունը․ անդրադարձ
Քաղաքականություն
30.01.2026 | 18:15
Ռուսաստանի նախագահի վարչակազմի նոր՝ «փափուկ ուժի» ստորաբաժանման համար պատրաստված գաղտնի զեկույցում արտահոսած տեղեկություններն ուրվագծում են Կրեմլի առաջնահերթությունները ռուսական սփյուռքի՝ «հայրենակիցների» հետ աշխատելու ուղղությունները, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում։ Զեկույցը հրապարակվել է այն ժամանակ, երբ Կրեմլը շարունակում է բացահայտ քննարկել իր «փափուկ ուժի» ռազմավարությունն ամրապնդելու անհրաժեշտությունը, մասնավորապես, Հայաստանում։ Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։
15 էջանոց զեկույցը կազմվել է Մոսկվայի պետական համալսարանի կողմից և թվագրված է 2025 թվականի դեկտեմբերով։ Այն ցույց է տալիս, որ Ռուսաստանը փնտրում է քաղաքականություն՝ ինչպես բարելավել իր սփյուռքի հետ աշխատանքը՝ այն դարձնելով ավելի հավատարիմ Մոսկվային, այդ թվում՝ Հարավային Կովկասի ռուսական համայնքների։ Փաստաթուղթն առաջին անգամ հրապարակել է The Insider-ի խմբագիր Մայքլ Վայսը, որն այն նկարագրել է որպես սփյուռքի համայնքների կառավարման և մոբիլիզացման վերաբերյալ 1968 թվականի ՊԱԿ-ի ձեռնարկի թարմացված տարբերակ։
Զեկույցի հեղինակ Եվգենի Կոժոկինը ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր է, աշխատանքային փորձ ունի Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունում: 2002 թվականից ի վեր նա նաև աշխատել է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ արտասահմանում բնակվող հայրենակիցների հարցերով կառավարական հանձնաժողովում, որտեղ մասնագիտացել է ռուսական սփյուռքի համայնքների սոցիոլոգիական բնութագրերի վերլուծության մեջ։
Կոժոկինը սփյուռքը բաժանում է երեք լայն խմբի։ Առաջինը բաղկացած է նրանցից, ովքեր ակտիվորեն ձգտում են պահպանել ռուսական ինքնությունն արտասահմանում, և որոնք նկարագրվում են որպես արդեն իսկ Ռուսաստանի պետական շահերի պաշտպաններ։ Երկրորդ խումբը հեռանում է ժամանակակից ռուսական քաղաքականությունից։ Այս հատվածը զգալիորեն ընդլայնվել է 2022 թվականին Ուկրաինայի լայնածավալ ներխուժումից հետո, որը զեկույցում անվանվում է «հատուկ ռազմական գործողություն», և բնութագրվում է որպես, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» նկատմամբ լայն համակրանք ունեցող, որոնք ներկայացվում են որպես ռուսական պետության հակառակորդներ։ Երրորդ խումբը, որը նկարագրվում է որպես ամենամեծը, համարվում է հիմնականում ապաքաղաքական՝ պահպանելով մշակութային կամ սոցիալական կապերը Ռուսաստանի հետ՝ առանց բացահայտ քաղաքական ներգրավվածության։
Հարավային Կովկասը՝ ուշադրության կենտրոնում
Թեև զեկույցը ներկայացնում է գլոբալ ակնարկ, այն հատկապես նշում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը։ Ադրբեջանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի որոշ պետություններ, նկարագրվում են որպես ռուսական ինքնության ամրապնդման համար հատկապես մարտահրավերներով լի միջավայր։
Կոժոկինը նշում է, որ «նույնիսկ մինչև հատուկ ռազմական գործողության մեկնարկը՝ հայրենակիցները ստիպված էին հաշվի առնել ադրբեջանական պետության ավտորիտար բնույթը»։ Նա հավելում է, որ Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում ռուսախոս քաղաքացիները ենթարկվում են անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների ավելի խիստ հսկողության։
Փոխարենը Հայաստանը բնութագրվում է որպես ավելի մատչելի գործառնական միջավայրով՝ «ժողովրդավարական համակարգի տարրերի» պահպանման շնորհիվ։ Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ վաղուց հաստատված ռուսական համայնքները փոքր են, մինչդեռ ավելի վերջերս ժամանածները հակված են «մեծ մասամբ անջատ կյանքով ապրել»։
Վրաստանը նշվում է որպես 2022 թվականից հետո երկիրը լքող ռուսների հիմնական նպատակակետ, որտեղ, ըստ հաղորդումների, հաստատվել է արտագաղթողների 15,5%-ը։
Ռուսական եկեղեցու դերը
Զեկույցում Ռուսական ուղղափառ եկեղեցին նշվում է որպես սփյուռքի հետ ներգրավվելու պոտենցիալ միջոց՝ միաժամանակ զգուշացնելով բացահայտ քաղաքականացված լեզվի օգտագործման դեմ: Կոժոկինը պնդում է, որ ակնհայտորեն ապաքաղաքական մոտեցումն առայժմ ավելի արդյունավետ կլինի՝ անուղղակիորեն ենթադրելով, որ չափազանց քաղաքական մթնոլորտն առայժմ կարող է օտարացնել սփյուռքի համայնքների մի մասը:
Հատկապես կիրակնօրյա դպրոցները համարվում են սփյուռքի համայնքների հետ աշխատանքի ամենաարդյունավետ գործիքներից մեկը։
«Ներկայում պետք է խուսափել այս դպրոցներում քարոզչություն ներդնելու ցանկացած փորձից։ Կարևոր է, որ դրանք մնան ապաքաղաքական»,- նշվում է զեկույցում։
Ռուս ուղղափառ եկեղեցու Վրաստանում կառույցների ղեկավարը Վլադիմիր Ալեքսանդրովն է, որը 2018 թվականին Մոսկվայի պատրիարքության կողմից Թբիլիսի է ուղարկվել, նախկինում Շվեդիայում ծառայելուց և եկեղեցու արտաքին հարաբերությունների շրջանակում աշխատելուց հետո։ Այն կապված է Կրեմլին մոտ գտնվող աշխատանքային կառույցների հետ։
Առաջարկություններ սփյուռքում աշխատանքը բարելավելու համար
Զեկույցն ավարտվում է մի շարք առաջարկություններով, որոնք ուղղված են Ռուսաստանի սփյուռքի հետ կապերի վերականգնմանը: Այնտեղ նշվում է, որ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, որը հայտնի է որպես «Ռուսական տուն», պետք է առաջնահերթություն տա ընտանեկան ծրագրերին, այլ ոչ թե կենտրոնանա հիմնականում տարեց լսարանի ուղղությամբ: Կոժոկինը պնդում է, որ երիտասարդ հայրենակիցներին պետք է ծանոթացնել «Խորհրդային Միությանը, որի մասին նրանք ոչինչ չգիտեն, կենսունակ ստեղծագործական մտքի Խորհրդային Միությանը»։
Ժամանակակից ռուսական կինոն մերժվում է որպես «ինքնավարկաբեկող»։ Փոխարենը հեղինակը կոչ է անում խթանել այնպիսի ֆիլմեր, որոնք կենտրոնացած են այնպիսի թեմաների վրա, ինչպիսին է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությունը»։ Նա նաև ընդգծում է մշակութային որակի վերահսկողության կարևորությունը. «Խորհուրդ է տրվում չխրախուսել միջակ ռուսական թատրոնների շրջագայությունները հետխորհրդային պետություններում»։
Վերջնական առաջարկությունը կոչ է անում վերսկսել սփյուռքի հարուստ անդամների, այդ թվում՝ միլիոնատերերի և միլիարդատերերի հետ շփումը և վերականգնել նրանց կապը ռուսական համալսարանների հետ «հատուկ ռազմական գործողության» ավարտից հետո։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի