Նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին տեղափոխել են ՔԿՀ․ նրա դատավճիռը մտել է ուժի մեջ

Լուրեր

26.11.2024 | 23:20
Ադրբեջանում պահեստազորի սպաները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց հասանելիք վճարումները
26.11.2024 | 23:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.11.2024 | 22:54
Թուրքիայում ձնաբքի պատճառով բազմաթիվ նահանգների դպրոցներում դասերը դադարեցվել են
26.11.2024 | 22:40
ՌԴ ՊՆ-ն Կուրսկի շրջանում ընկած ամերիկյան ATACMS-ի բեկորներ է ցուցադրել
26.11.2024 | 22:26
Իմ կալանքը ծառայում է Ադրբեջանի բռնապետության և նրա հանցակից ռուսական կայսրության շահերին․ Ադրբեջանում բանտարկված դիվանագետ
26.11.2024 | 22:13
Հակասական ցուցմունքներ․ ՔՊ-ական պատգամավորի միջադեպի գործով հարցաքննվեց ավտոբուսի վարորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 21:57
Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ
26.11.2024 | 21:46
ՄԻԵԴ-ը Թուրքիային ծանուցել է Անկարայի դեմ 1000 նոր դիմում-բողոքների մասին
26.11.2024 | 21:30
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին կառաջադրի Արմավիրի մարզպետի թեկնածու
26.11.2024 | 21:23
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում
26.11.2024 | 21:14
Ուժեղացված ծառայություն Երևանում. տարբեր կասկածանքներով բաժիններ է տեղափոխվել 22 անձ
26.11.2024 | 21:00
Ադրբեջանն ուզում է ԵՄ դիտորդներին ՀՀ-ից հանել, որ սահմանային բախումները չկանխարգելվեն․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:46
Նախարարը՝ սկանդալի կենտրոնում. Factor TV-ի հրապարակման հետքերով փաստաբաններն ուսումնասիրություն են կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:44
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
26.11.2024 | 20:29
Գերմանիան իրավունք չունի Taurus-ներ մատակարարել. Շոլց
Բոլորը

Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ՝ կրելու 7 տարի ազատազրկման ձևով սահմանված պատիժը։

Դավթյանը 2 տարի առաջ մեղավոր էր ճանաչվել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից կաշառք ստանալու հոդվածով, դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման։ Դատավճիռը հրապարակելու պահին Դավթյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված 15 մլն դրամ գրավը: Առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ այս խափանման միջոցը կթողնի անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

Դավթյանին 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռի դեմ նրա պաշտպանները բողոքներ էին ներկայացրել: Վերաքննիչ դատարանը քննել ու բողոքը մերժել է, իսկ Վճռաբեկ դատարանը 2022 թվականի մայիսի 27-ին որոշել է պաշտպանական կողմի բողոքը վարույթ չընդունել, ինչից հետո Դավթյանին 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ ու ի կատար ածվել: Դավթյանը հայտնվել է անազատության մեջ:

Նշենք, որ նույն գործով դատապարտվել է նաև Ռազմիկ Աբրահամյանը: Դատարանը նրա նկատմամբ պատիժ է սահմանել 3 տարի ժամկետով ազատազրկումը, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ նշանակելով 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Ռազմիկ Աբրահամյանը ցուցմունք է տվել, թե «Դավթյանին շնորհակալություն է հայտնել»
«Դատալեքս» Դատական-տեղեկատվական համակարգում մանրամասներ են առկա Դավթյանի և Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործից: Ռազմիկ Աբրահամյանն, օգտվելով իր սամանադրական իրավունքից, դատարանում հրաժարվել է ցուցմունք տալուց, և հրապարակվել են Աբրահամյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Աբրահամյանը հայտնել է, որ Արսեն Դավթյանին ճանաչում է երկար տարիներ: Իմանալով, որ Դավթյանն ի պաշտոնե զբաղվում է բժշկական կազմակերպություններին պետական ֆինանսավորման հատկացման և վերաբաշխման հարցերով, 2019 թվականի ընթացքում պարբերաբար հանդիպել է նրան ու նրա հետ բազմիցս ունեցել է հեռախոսային խոսակցություններ: Խոսակցությունների ընթացքում քննարկել են մի շարք աշխատանքային հարցեր և անդրադարձել են նաև «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի ֆինանսական հարցերին և ծննդօգնության հիմնահարցերին:

Հաշվի առնելով, որ 2019 թվականի համար ինստիտուտի մանկաբարձության գծով պետական ֆինանսավորումը կարող էր նվազել, նույն թվականի հունվարի 31-ին, Արսեն Դավթյանի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս և ի թիվս այլ հարցերի խնդրել է նաև ինստիտուտի համար 2019 թվականի նախատեսված բյուջեն չկրճատել և պահպանել 2018 թվականի մոտ 900 մլն ՀՀ դրամ չափը կամ կրճատելու դեպքում հնարավորինս քիչ կրճատել՝ ասելով, որ դրա համար շնհորհակալություն կհայտնի:
Ի պատասխան, Արսեն Դավթյանը հայտնել է, որ կխոսի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և ամեն ինչ կանի՝ հատկացվող գումարի չափը պահպանելու համար:

Այնուհետև, 2019 թվականի մարտի 14-ին Աբրահամյանը կրկին հանդիպել է Դավթյանին նրա աշխատասենյակում, որի ընթացքում խնդրել է գինեկոլոգիական վիրահատությունների համավճարների չափը վերանայել և հնարավորության դեպքում չնվազեցնել, իսկ նվազեցնելու դեպքում՝ հնարավորինս քիչ, և կրկին ասել է, որ դրա համար շնորհակալություն կհայտնի: Ի պատասխան Դավթյանը նշել է, որ մեկ շաբաթվա մեջ կփորձի այդ հարցին դրական լուծում տալ:

Նույն թվականի մարտի 26-ին Արսեն Դավթյանին հանդիպելու ժամանակ Աբրահամյանը խնդրել է ինստիտուտի պետական պատվերի շրջանակում աշխատավարձային և բոնուսային ֆոնդը վերանայել և 67,9 տոկոսից նվազեցնել 64 տոկոսի: Հաշվի առնելով, որ ինստիտուտի բժիշկները միաժամանակ աշխատում են տարբեր բաժանմունքներում և բարձր աշխատավարձ են ստանում, առաջարկել է նվազեցվող 4 տոկոսն ուղղել սարքավորումների ձեռքբերմանը, ընթացիկ ծախսերին, բժիշկների որակավորման բարձրացմանը և այլն: Իր խնդրանքից հետո կրկին ասել է, որ Դավթյանին շնորհակալ կլինի: Ի պատասխան` Արսեն Դավթյանը հայտնել է, որ մոտակա 2 օրվա ընթացքում կուսումնասիրի փաստաթղթերը և կփորձի դրական լուծում տալ նշված հարցին:

Աբրահամյանը հայտնել է, որ 2019 թվականի մարտի 30-ին, ժամը 11:30-ին, պայմանավորվածության համաձայն, ինքն այցելել է Դավթյանի աշխատասենյակ՝ նախապես իր հետ ծրարով վերցնելով 30 հատ 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամներով 3000 ԱՄՆ դոլար գումարը: Դավթյանի աշխատասենյակում ինքը ներկայացրել է նախարարին ուղղված իր գրությունը և վարձատրման բոնուսային տոկոսների նվազեցման վերաբերյալ կատարված հաշվարկը: Միաժամանակ, Դավթյանի աշխատանքային սեղանի վրա դրված սև գույնի բլոկնոտի տակ դրել է 3.000 ԱՄՆ դոլարով ծրարը: Դավթյանը, տեսնելով, ասել է, որ դրա կարիքը չկա, սակայն ինքը պնդել է, և ծրարը մնացել է սեղանի վրա: Մոտ 1-2 րոպե զրուցելուց հետո ինքը դուրս է եկել: Աբրահամյանն ասել է նաև, որ այդ գումարը տվել է՝ իր բարձրացրած հարցերի դրական լուծման նպատակով:

Ռազմիկ Աբրահամյանը հայտնել է նաև, որ իր ղեկավարած բուժհաստատության հետ կապված հարցերով դիմել է Արսեն Դավթյանին, որովհետև վերջինս, զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, ի պաշտոնե զբաղվել է մոր և մանկան ծառայության հարցերով, ինչպես նաև համարվել է ֆինանսական հարցերով պատասխանատու պաշտոնյա և ինքն է համակարգել այդ ոլորտները: Ինքը գիտեր, որ իր ղեկավարած բուժհաստատության ֆինանսավորման չափն ու պայմանները նախարարի հրամանով են կարգավորվում, սակայն ֆինասավորման կրճատումը կամ ավելացումը նախապես արվում էր կանխատեսումների հիման վրա, որն Արսենն էր կատարում և ներկայացնում նախարարին: Ինքը տեղյակ է եղել, որ տարվա ընթացքում ֆինանսավորումը կարող էր փոփոխվել և ավելանալ և այդ հարցում Արսեն Դավթյանը կարևոր դերակատարում է ունեցել, ուստի իր համար կարևոր է եղել վերջինիս հետ լավ հարաբերությունների պահպանումը. Ի վերջո, տարին մի քանի անգամ կարող էր անհրաժեշտություն առաջանալ դիմել Դավթյանին՝ ֆինանսավորման հետ կապված հարցերով:

Արսեն Թորոսյանի ցուցմունքը և գործում առկա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գործում առկա է նաև օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում արված տեսանյութ: Դրա զննության արձանագրության համաձայն՝ 2019 թվականի մարտի «30»-ին՝ ժամը 15:41-ին Արսեն Դավթյանն իր աշխատասենյակում միայնակ, աշխատասեղանի վրա դրված նոթատետրը և դրա տակ Ռազմիկ Աբրահամյանի կողմից դրված ծրարը վերցնելով, դուրս է գալիս աշխատասենյակից: 30 վայրկյան անց վերադառնում է, նոթատետրը դնում աշխատասեղանին ու կրկին դուրս գալիս՝ վերադառնալով 2 րոպե անց: Նույն օրը՝ ժամը 15:54-ին Արսեն Դավթյանի աշխատասենյակ են մտնում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները և ընթերակաների ներկայությամբ պահանջում են ներկայացնել Ռազմիկ Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրար կամ որևէ իր կամ առարկա, որից հետո Ա.Դավթյանն իր տաբատի աջ գրպանից ներկայացնում է 30 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ՝ ընդհանուր 3.000 ԱՄՆ դոլար և այն հարցին, թե դա ի՞նչ գումար է, պատասխանում է, որ գերադասում է չհայտնել: Այնուհետև Դավթյանը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների պահանջով իր տաբատի հետևի ձախ գրպանից ներկայացնում է նաև ծրար և հայտարարում, որ գումարը եղել է այդ ծրարում:

Դատավճռից պարզ է դառնում, որ Արսեն Դավթյանը Ռազմիկ Աբրահամյանից կաշառք ստանալու մեղադրանքը չի ընդունել:

Առկա է նաև Առողջապահության այդ ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքը։ Թորոսյանը դատարանում հայտնել է, որ բուժհիմնարկների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են նախապես կազմված, հաշվարկված աշխատանքային ֆայլերի հիման վրա: 2019 թվականի տարեսկզբին ծննդօգնություն մատուցող կազմակերպությունների կեսարյան հատումների հղիության ախտաբանության չափաքանակները կանոնակարգող նախկինում գործող հրամանը փոփոխվել է, և հրամանի հիմքում դրվել են առավել օբյեկտիվ չափանիշներ: Նոր հրամանի արդյունքում Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած բժշկական հաստատությանը տրամադրվող ֆինանսական չափաքանակները նվազել են: Պետպատվերների պայմանագրային գումարների հաշվարկն իրականացվել է լայնածավալ աշխատանքների արդյունքում և բազմաթիվ չափորոշիչների ու սկզբունքների հաշվառմամբ, սկսած նախորդ տարիների բուժ սպասարկումների ծավալներից, կախված բուժհաստատության մակարդակից և այլ չափորոշիչներից, նախորդ տարիների համեմատ կիրառել են համահարթեցման սկզբունքը: 2019թ. պայմանագրային գումարների հաշվարկման և հաստատման գործընթացում Արսեն Դավթյանն իրեն որևէ անհատական մոտեցման խնդրանքով չի դիմել և եթե անգամ դիմեր, իր կողմից մերժվելու էր:

Գործում առկա փաստերի համադրությամբ՝ դատավոր Արտուշ Գաբրյելյանը եկել է հետևության, որ Ռազմիկ Աբրահամյանը կատարել է իրեն վերագրվող կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու արարքները:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել ամբաստանյալների դրական բնութագիրը

Դատարանի պատիժ նշանակելիս, որպես ամբաստանյալ Արսեն Դավթյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանք է համարել այն, որ վերջինս նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, խնամքին են գտնվում կենսաթոշակառու և վատառողջ մայրն ու երկու՝ մինչև 14 տարեկան երեխաները, ինքը՝ Դավթյանը նույնպես վատառողջ է, ունի ծառայողական և քաղաքացիական դրական բնութագիր, 27.09.2020թ. Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում համակարգել է «Արմենիա» ՀԲԿ ընդունված վիրավորների ընդունման և բուժօգնության կազմակերպման աշխատանքները, կազմակերպել է բուժօգնություն ստացող վիրավորներին բարեգործական օգնություններ տրամադրելու աշխատանքները:

Դատարանն ամբաստանյալ Ռազմիկ Աբրահամյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանք է համարել այն, որ վերջինս նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, վատառողջ է, բնութագրվում է դրականորեն, Արցախյան երկու պատերազմների ընթացքում մատուցել է բժշկական ծառայություններ, ֆինանսական և տրանսպորտային միջոցներով, վիրաբուժական սարքավորումներով և պարագաներով, դոնորական արյամբ աջակցել է վերջին արցախյան պարտերազմում, մի շարք դասագրքերի, մենագրությունների և բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է, զբաղվում է երկարամյա գիտամանկավարժական գործունեությամբ, ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է «Վերատադրողական առողջության՝ ծննդօգնության բարելավման նպաստման գործում» Աշխարհի լիդեր, ընտրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ, մեծ ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնության բնագավառի կայացման և զարգացման գործում, այդ բնագավառում Հայաստանը ներկայացրել է մի շարք միջազգային ասպարեզներում, արժանացել է՝ «Տարվա բժիշկ», «Կառավարության մրցանակ որակի համար», «Վաստակավոր բժիշկ», «Ծովակալ Իսակով», «Զինված ուժերի 20 տարի հոբելյանական մրցանակ» մրցանակների, «Մխիթար Հերացու» հուշամեդալի, բժշկական համալսարանի 1-ին աստիճանի ոսկե հուշամեդալ և կրթության-գիտության բնագավառի բազմաթիվ այլ հուշամեդալների, 20 տարի հասարակական հիմունքներով աշխատել է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մակնաբարձ-գինեկոլոգ:

Այսպիսով՝ դատարանը որոշել է Արդեն Դավթյանին մեղավոր ճանաչել ու դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնահանձման, իսկ Ռազմիկ Աբրահամյանին դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չկիրառել և նրա նկատմամբ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի նաև դատարանում քննվող մեկ այլ՝ երեխաների ապօրինի որդեգրման գործով։ Այս գործի քննությունը դռնփակ է ընթանում՝ հաշվի առնելով, որ առկա է։ որդեգրման գաղտնիքը պահպանելու անհրաժեշտություն։

Արաքս Մամուլյան