ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Քաղաքականություն
04.11.2026 | 15:05
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը, եթե հաստատվի համապատասխան օրակարգում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ՝ Մինսկում անցկացվող Եվրասիական անվտանգության IV միջազգային համաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին, գրում է ՏԱՍՍ-ը։
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները և չի մարում պարտքը, ապա Խորհուրդը որոշում է կայացնում այդ պետության քաղաքացիներին կազմակերպությունում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը կասեցնելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը չի տեսնում ՀԱՊԿ վերադառնալու հնարավորությունը։
«Այս տարի, եթե օրակարգը հաստատվի ամսի 10-ին, ապա այդ հարցը կքննարկվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Մասնակցության կասեցման մասին որոշումը Հայաստանի որոշումն է։ Իսկ մեր երկրների ղեկավարների՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը հայտնի կդառնա նիստից հետո»,- ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան ասել է Մասադիկովը՝ մանրամասնելով․ «Խոսքը վերաբերում է անդամավճարներին և, այսպես ասած, կազմակերպության ներկայությանը, սակայն արդեն երրորդ տարին անընդմեջ ՀԱՊԿ-ի աշխատանքներին չմասնակցելուն»։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կոչ էր արել հեռացնել Հայաստանին կազմակերպության կազմից։Ավելի վաղ էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարցը։
Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ գոհ կլինի, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

