Հայերի համար սրբություն և խորհրդանիշ, ադրբեջանցիների ձեռքին՝ պահեստ ու ավտոտնակ․ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին
Մշակույթ
09.10.2020 | 20:56Հոկտեմբերի 8-ին թշնամու թիրախում հայտնվեց Շուշիի խորհրդանիշ հանդիսացող Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:
Օրվա առաջին կեսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել և վնասել են եկեղեցու գմբեթը: Շուշիի կենտրոնում գտնվող եկեղեցու թիրախավորումից 2-3 ժամ չանցած թշնամին երկրորդ հարվածը հասցրեց, որի ժամանակ տուժեցին նաև ռուս լրագրողներ:
Factor TV-ին առանձնացրել է եկեղեցու անցած ճանապարհի և ճարտարապետական առանձնահատկությունների մասին կարևոր տեղեկությունները։
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի
Արցախի խորհրդանիշ և առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոն․ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Շուշիի մայր տաճարն է, Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնը։ Այն արտաքին տեսքով նման է Էջմիածնի Մայր Տաճարին
Կառուցվել է․
Եկեղեցու պատմությունը սկսվում է 1868-1887 թթ-ից, իսկ զանգակատունը ավելի վաղ է կառուցվել՝ 1858թ-ին։ Այն օծվել է 1888-ի սեպտեմբերի 20-ին: Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում։
Եկեղեցին
35 մ երկարություն, 23 մ լայնություն և 35 մ բարձրություն․ սրբատաշ կաթնագույն կրաքարով կառուցված Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցին հայկական ամենախոշոր եկեղեցիներից է։ Եկեղեցին հարուստ է զարդաքանդակներով՝ դռներին, լուսամուտների կամարների վրա և այլուր։ Լուսամուտներն ունեն 1 մետր լայնություն, 5 մետր բարձրություն։ Պատերին առկա են հայատառ բազմաթիվ արձանագրություններ։ Ունի երեք միանման մուտք՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից։
Առաջին հիշատակում․
Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում՝ 1820 թ.։ Թվերի անհամապատասխանության պատճառը, արցախցի պատմաբան, մշակութային գործիչ Շահեն Մկրտչյանի կարծիքով այն է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։
Եկեղեցու հրաշքը․
Եկեղեցին կառուցելիս ճարտարապետները կանգնել են խնդրի առջև։ Բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից, և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը», սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետները որոշել են կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը՝ քահանան թողություն էր խնդրում լսելով իր սեփական ձայնը՝ ասելով. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։
Դա ընդամենը մի կիսագնդաձև սենյակ է, սակայն ունի շատ հետաքրքիր ակուստիկ հատկություններ: Երբ կանգնում ես նրա կենտրոնում` առաստաղի վրա արված անցքի տակ, քո ձայնը անհամեմատ ավելի բարձր է լսվում, սակայն մեկ մետր կողքի վրա կանգնած մարդու համար այդպես չէ, նա հասարակ ձայն է լսում: Առավել ևս շատ հետաքրքիր է լինում երբ սկսում ես երգել այդ անցքի տակ:
Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։
Եկեղեցու տխուր էջերը․
Շուշիի ջարդերից հետո՝ 1920 թվականին, եկեղեցին փակվեց։ Քաղաքում բնակվող ադրբեջանցիների կողմից այն սկսեց օգտագործվել որպես պահեստ, անասնագոմ, իսկ հետագայում` որպես ավտոտնակ։ Այդ ժամանակահատվածում քանդվեցին եկեղեցու մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները, ավերվեց գմբեթը։
Եկեղեցին՝ Արցախյան պատերազմին
Արցախյան պատերազմին մինչ եկեղեցին հայկական կողմի համար խորհրդանիշ էր, ադրբեջանական զինված ուժերի համար այն պահեստ էր․ ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։
Շուշիի ազատագրումից հետո․
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունից հետո այնտեղ այցելեցին Արցախի ռազմաքաղաքական և հոգևոր ղեկավարությունը։ Ավերված գմբեթը վերականգնվեց 1998 թվականին։
2008 թվականի հոկտեմբերի 16-ին Ղազանչեցոց եկեղեցում տեղի է ունեցել հարսանեկան մեծ արարողություն, որի ժամանակ ամուսնացել է 550 զույգ։
Տեղեկությունները և լուսանկարների մի մասը՝ Վիքիպեդիայի
Իրինա Մկրտչյան