Մեծամորի ԱԷԿ-ի վրա հարձակման սպառնալիքը նշան է, որ Թուրքիան է ղեկավարում գործընթացը․ Կայծ Մինասյան

Լուրեր

18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
18.11.2024 | 11:55
Նոր քրեական գործերը և բանտարկությունները չեմ բացառում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:51
Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նշած 500 մահապարտ հավաքելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:49
Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզում երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին
18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
18.11.2024 | 11:41
Հավաքագրված 18 մլրդ դրամ գումարը դառնալու է նոր ճանապարհ, մանկապարտեզ, կոյուղի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:38
Պաշտոնանկությունները նախընտրական քայլ է. սափրվելն այս արարի մի մասն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

– Պարո՛ն Մինասյան, ադրբեջանական կողմը, կարծեք, չի պատրաստվում դադարեցնել իր ռազմական սադրանքները։ Այս գիշեր նաև Գեղարքունիքի և Նախիջևանի ուղղություններով են կրակոցներ եղել։ Ալիևի այս ավանտյուրան, Ձեր կարծիքով, մինչև ո՞ւր կարող է հասնել։

– Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ մտավ Թուրքիայի հսկողության տակ և որոշեց, որ հիմա այլևս Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան Ռուսաստանի։ Չեմ ասում, որ Բաքուն ամբողջությամբ կտրեց կապերը Մոսկվայի հետ, բայց կարևորություն տալով Թուրքիային՝ ստիպված եղավ Մամեդյարովի հրաժարականը պահանջել։ ԱԳ նախկին նախարարն ուղղակի Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարության զոհն է։ Մամեդյարովը հեռացվեց ասպարեզից իբրև ռուսամետ գործիչ, որը խանգարում էր Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերություններին։ Սա ուղերձ է Մոսկվային, որ եթե բանակցությունները շարունակվեն, այլ ընթացք պետք է ունենան։ Եվ դեռ հայտնի էլ չէ՝ կշարունակվե՞ն, թե՞ ոչ, ինչպես և հայտնի չէ՝ ինչպե՞ս Ռուսաստանը կարձագանքի այս ամենին։ Դա է պատճառը, որ մեկ ամիս առաջ Լավրովը փորձեց օգնել Մամեդյարովին՝ խոսելով Արցախյան հիմնախնդիրը փաթեթային տարբերակով լուծելու անհրաժեշտության մասին, բայց դա ընդամենը մարտավարական քայլ էր։ Դեռևս հայտնի չէ նաև, թե Ադրբեջանն ինչպե՞ս պետք է վճարի Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու գինը։ Դրա պատասխանը պետք է Մոսկվան տա՝ ուղղակի կամ անուղղակի։ Անուղղակի ձևով երկու տարբերակ կա՝ ավելի խիստ ձևով խփել Ադրբեջանին կամ օգտագործել Ադրբեջանի ներսում ազգային փոքրամասնություններին՝ լեզգիններին և թալիշներին՝ Ալիևի հեղինակությունն ու իշխանությունը թուլացնելու համար։

– Իլհամ Ալիևը քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, նշում է, որ բանակցություններից գոհ չէ, Էլմար Մամեդյարովին էլ Բաքվում մեղադրում էին բանակցային գործընթացում «փափուկ» լինելու մեջ։ Այս դեպքում, եթե ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, ինչպե՞ս կարող են շարունակվել բանակցությունները։

– Թուրքիան ամեն ինչ կանի՝ բանակցությունների էությունը կամ ձևաչափը փոխելու համար։ Դա Ալիևն ընդունում է որպես զորակցություն՝ օգտվելով Թուրքիայի հեղինակությունից կամ կարողություններից։ Ադրբեջանի նախագահը կարծում է նաև, որ դա ուժ կտա իրեն, որպեսզի ամբողջ պրոցեսը փոխվի։ Բայց դա չի նշանակում, որ իրադարձությունները դեպի պատերազմ են գնում։ Ո՛չ Թուրքիան է պատերազմ ուզում, ո՛չ Ռուսաստանը։ Բայց Թուրքիան ցանկանում է լարված վիճակ ստեղծել, որպեսզի Սիրիայից և Լիբիայից հետո անուղղակի ձևով երրորդ ճակատ բացվի Ռուսաստանի դեմ։ Իսկ երրորդ ճակատը Կովկասն է՝ Ղարաբաղը Հայաստանի հետ։ Եվ Ռուսաստանն ամեն ինչ պիտի անի, որպեսզի պատերազմ չլինի։ Բայց Կովկասը Ռուսաստանի համար ո՛չ Սիրիան է, ո՛չ Լիբիան, և ռուսները նման լարվածություն թույլ չեն տա։ Ռուսները Լավրովի միջոցով նույնիսկ ասացին, որ լավ կլինի՝ Արցախի իշխանությունները մասնակցեն բանակցություններին, ինչպես հայերն են ուզում, առաջին անգամ Մոսկվան ընդունեց, որ Արցախի իշխանությունների ներկայությունը անհրաժեշտ է խաղաղության համար։ Ամեն պարագայում, կարող ենք ասել, որ այսօր Արցախի հիմնախնդիրը դարձավ գլոբալ հարց՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Թուրքերը փորձելու են Արցախի խնդիրը կապել Սիրիայի և Լիբիայի հարցի հետ, ինչը մինչ օրս այդպես չի եղել։ Եվ նախաձեռնող ուժը Թուրքիան է, Ադրբեջանը միայն ձեռքն է։ Եվ սպառնալիքները, որ երեք օր է՝ հնչում են հայերի դեմ՝ Մեծամորի ատոմակայանի վրա հարձակման կամ Նախիջևանի կողմից հարձակման սպառնալիք, նշաններն են, որ Թուրքիան է ղեկավարում ամբողջ հարցը, ոչ թե Ադրբեջանը։

– Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, այս ամենի առնչությամբ ի՞նչ տեսակետ ունի։

– Ֆրանսիայի և Թուրքիայի կարաբերությունները շատ վատ են, կարող ենք ասել՝ այլևս ոչ միայն վստահություն չկա Թուրքիայի նկատմամբ, և շատերը նույնիսկ մտածում են՝ արդյո՞ք պետք է պահպանել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Խոսքը ոչ միայն Սիրիայի կամ Լիբիայի մասին է, այլ նրա, որ Թուրքիան ուղղակիորեն միջամտում է Ֆրանսիայի հասարակության ներքին գործերին։ Ֆրանսիական և թուրքական նավերի հետ կապված վերջին միջադեպից հետո ֆրանսիացիները՝ ոչ միայն զինվորականները, այլև դիվանագետները, համոզվեցին, որ դրական ոչինչ Էրդողանից սպասել չի կարելի։ Ֆրանսիան միջոցներ ունի՝ կանգնեցնելու Էրդողանին, բայց արդյո՞ք կամք ունի։ Չեմ կարծում։ Բացի այդ՝ հուսով եմ, որ Ֆրանսիան ավելի շատ կարևորություն կտա Հայաստանին՝ ոչ միայն իբրև պատմական գործընկերոջ, այլ ռազմաքաղաքական առումով։ Լավ կլինի, որ ֆրանսիական պատգամավորական պատվիրակություն ուղարկվի Տավուշի շրջան։ Նույնը վերաբերում է նաև ՄԽ համանախագահ մյուս երկրներին՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին։ Մեկ այլ հարցի էլ անդրադառնամ․․․ Գիտենք, որ Հունաստանի և Թուրքիայի միջև լուրջ խնդիրներ կան, և հուսամ՝ Հայաստանը կօգտվի այդ առիթից։ Հայաստանի  դիվանագիտությունը պետք է Հունաստանին հրավիրի՝ ընդգրկվել Մինսկի խմբում, իհարկե՝ ոչ որպես համանախագահ, այլ որպես Մինսկի խմբի անդամ, որպեսզի չեզոքացվեն Հայաստանի դեմ թուրքական նախաձեռնությունները։ Օրինակ՝ երբ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրավիրում է Անկարա՝ Արցախի հարցով քննարկումների, նույնը կարող է անել Հունաստանը՝ ինքը նույնպես ՄԽ համանախագահների հետ Աթենքում Արցախի հարցով քննարկումներ կազմակերպելով։ Այդպիսով կչեզոքացվի Թուրքիայի նախաձեռնությունը։ Ուզում եմ ասել նաև, որ մեր դիվանագիտությունը պետք է ավելի աշխույժ լինի։ Նկատի ունեմ՝ պետք է ասել եվրոպացիներին, ամերիկացիներին, ռուսներին, որ բավական է չեզոք դիրքորոշում ցուցադրել, որևէ բախման ժամանակ ասել՝ չգիտենք, թե ով է հարձակվում։ Շատ հստակ է, թե ով է հարձակվում, և բոլորը դա գիտեն, իսկ ճշգրիտ, արդար տեսակետը չարտահայտելը քաջալերում է Ադրբեջանին իր արկածախնդրությունը իրականացնելու հարցում։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը, հզոր, հերոս լինեն ոչ միայն մեր տղաները, մեր զինվորները, այլ նաև մեր դիվանագետները, որպեսզի այն, ինչ ձեռք բերեցինք որպես ռազմական հաղթանակ, նույն ունենանք նաև քաղաքական հարթակում։

– Այսինքն՝ կիսո՞ւմ եք հնչող քննադատությունները, որ պաշտոնական Երևանի թույլ դիվանագիտության հետևանքով է, որ միջազգային հանրությունը բավական մեղմ, երբեմն նույնիսկ Երևանին և Բաքվին հավասար հարթության վրա դնող հայտարարություններ արեց։

– Մեր դիվանագիտությունը 30 տարի ի վեր՝ 1991 թվականից մինչև 2018-ը, թույլ էր, շատ սխալներ արեց։ Օրինակ՝ չճանաչել Ղարաբաղի անկախությունը 1994 թվականին, երկրորդ՝ չազատագրել Նախիջևանը սխալ էր։ Ղարաբաղի հարցը կապված է Նախիջևանի հետ։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ազատագրվեր Նախիջևանը, այս խնդիրները չէինք ունենա այսօր։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, այս վիճակը չէինք ունենա այսօր։ Եթե նույնիսկ 10 պետություն ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, ավելի լավ կլիներ, քան այն, ինչ ունենք այսօր։ Այն ժամանակ Ադրբեջանը շատ թույլ էր, ծնկի էր իջել, Ռուսաստանը նույնպես թույլ էր, կարող էինք մի բան անել՝ միայն ու միայն հօգուտ հայկական շահերի։ Սխալները մեր մեջ են։ Երեք նախագահները «ծախեցին» Արցախի հարցը։ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում էր հետ տալ Ղարաբաղը, Ռոբերտ Քոչարյանն այն «ծախեց»՝ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, ինչը հիմարություն էր։ Որտե՞ղ եք տեսել ռազմական պատմության մեջ, որ հաղթողն ավելին պետք է տա, քան պարտվողը։ Եվ երրորդ՝ Սերժ Սարգսյանը ցանկանում էր գործածել Կազանի պլանը, որը ոչ այլ ինչ էր, քան հողերը  Ադրբեջանին հանձնել ու սպասել՝ արդյո՞ք պիտի ճանաչեն Ղարաբաղի ստատուսը։ Բարեբախտաբար, երկու տարի է՝ Նիկոլ Փաշինյանի ռազմավարությունը տարբեր է՝ նա սրբագրել երեք նախագահների սխալները, որոնք ավելի շատ կարևորություն էին տալիս Ռուսաստանին, քան Հայաստանին։ Սա է տարբերությունը։

– Սահմանային այս լարվածության պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք, որ Թուրքիան ինչ-որ պահի սկսի առավել գործուն մասնակցություն ունենալ՝ ի աջակցություն Ադրբեջանի։ Եվ այդ դեպքում Հայաստանն ի՞նչ հակակշռող գործոններ կարող է ունենալ։

– Հայաստանը լավագույնս անում է այն, ինչ պետք է և կարող է անել՝ բանակն ու Կառավարությունը․ առաջին անգամ է, որ Հայաստանը, իբրև պետություն, շատ հուժկու հարված հասցրեց Ադրբեջանին՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, և թե՛ դիվանագիտական առումով։ Հիմա պետք է, որ ամբողջ հայությունը միջազգային հանրությունից պահանջի, որպեսզի դատապարտեն Ադրբեջանին՝ Մեծամորի ատոմակայանի վրա հարձակման սպառնալի համար։ Երկրորդ՝ եթե Թուրքիան միջամտի, չեմ կարծում, որ Ռուսաստանը չեզոք մնա։ Եվ Հայաստանը, ուղղակի կամ անուղղակի, ավելի մեծ ուժ և աջակցություն կստանա Ռուսաստանից։ Միջազգային հանրությունն էլ ավելի մեծ մասնակցություն պետք է ունենա։ Բայց հարց է՝ ո՞վ պիտի կանգնեցնի Թուրքիային՝ Ռուսաստա՞նը, Եվրոպա՞ն, Ամերիկա՞ն, Իրա՞նը։ Սակայն նշեմ, որ Թուրքիան պատերազմ չի փնտրում, պարզապես լարվածություն է ուզում։ Իրեն չեն բավարարում Ադրբեջանի գործողությունները, ավելի լարված վիճակ է ուզում տարածաշրջանում, որպեսզի ճնշում գործադրվի Ռուսաստանի և Հայաստանի վրա։ Սա է իրականությունը։

– Արցախում սահմանային վիճակը, բարեբախտաբար, համեմատաբար հանգիստ է։ Ձեր կարծիքով՝ հավանականություն կա՞, որ Ալիևը, չսահմանափակվելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածությամբ, սրման կգնա նաև արցախա-ադրբեջանական սահմանագոտում։

– Վստահաբար՝ մեր տղաները պատրաստվում են, բայց երբ լարվածություն սկսվեց Տավուշի և Ադրբեջանի սահմանին, պարզ էր՝ Թուրքիան մտավ այնտեղ։ Եվ չմոռանանք, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է։ Մենք կարող ենք պահանջել, որ Թուրքիան հեռացվի ՄԽ-ից։ Մերոնք կարող են ասել, որ մենք այլևս բանակցություններ չենք վարում այնքան ժամանակ, մինչև Թուրքիան ՄԽ-ից դուրս չի եկել։ Կարող ենք պահանջել։ Միաժամանակ, 2016-ի և հիմիկվա միջև շատ մեծ տարբերություն կա։ Սերժ Սարգսյանը պետք է ամեն օր գլուխ խոնարհի մեր զոհված տղաների առջև, որովհետև նրանք պահեցին իր իշխանությունը։ Այսօր իրավիճակը հակառակն է։ Այնքան վստահություն կա ժողովրդի և իշխանության միջև, այնքան լավ մթնոլորտ կա հասարակության մեջ, որ այլևս անկարելի է պարտվել։ Եվ այս օրերին տեսանք իրականությունը։

– Պարո՛ն Մինասյան, պատրաստ է Ձեր նոր գիրքը՝ «Հաղթանակի արահետները»։ Ո՞ւր են տանում հաղթանակի մե՛ր արահետները։

– Ինչ ասել է՝ հաղթել, հաղթանակ ունենալ, պատերազմում հաղթել։ Սա է բուն հարցը։ Ես կարծում եմ՝ չորս կետ կա՝ պատերազմում հաղթելը բացատրելու համար։ Առաջինը՝ պետք է, որ իրականացնես քո մարտական նպատակները։ Հետո անհրաժեշտ է, որ քաղաքական նպատակներ հետապնդես և իրականացնես դրանք։ Երրորդ՝ պետք է խաղաղություն ստորագրես հակառակորդի հետ, բայց խաղաղությունը պետք է արդար լինի, եթե անարդար խաղաղություն ստորագրես, նորից դեպի պատերազմ կգնաս։ Եվ չորրորդ՝ պետք է նախկին թշնամու հետ նոր իրողության մեջ՝ ոչ մարտական ձևով կարողանաս հարաբերվել։ Հայաստանի պարագայում կա միայն ու միայն մարտական հաղթանակ, դեռևս քաղաքական հաղթանակ չունենք։ Մենք առաջին հանգրվանում ենք՝ հայերը հաղթեցին պատերազմը, այդ նպատակին հասանք, բայց հիմա պետք է, որ գնանք դեպի քաղաքական հաղթանակ։ Ադրբեջանցիները չեն ընդունում հայկական ռազմական հաղթանակը և թույլ չեն տալու, որ մենք քաղաքական հաղթանակ ունենանք։ Ուրեմն՝ մենք կես ճանապարհին ենք, և ամեն կերպ պետք է հասնենք ռազմաքաղաքական հաղթանակի։ Այդ ժամանակ էլ, երբ հասնենք այդ հանգրվանին, պետք է խաղաղություն ստորագրվի Ադրբեջանի հետ, որպեսզի Բաքուն հասկանա, որ ուրիշ ճար չունի։ Բայց այն արդար պետք է լինի։ Բարեբախտաբար՝ Հայաստանի ժողովուրդը չստորագրեց ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի տարբերակը, որովհետև դրանք ոչ քաղաքական հաղթանակ էին, ոչ էլ ռազմաքաղաքական։

Թամարա Հակոբյան