Վտանգի առաջին գծում. ո՞ր երկրներում են լրագրողները կորոնավիրուսով վարակվել և ի՞նչ պատկեր է Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
23.04.2020 | 18:142․5 միլիոնից ավելի վարակակիր ու 185 հազար մահ պատճառած կորոնավիրուսն այս օրերին լրատվական դաշտի համար մեկ թեման է։ Տանից ու համավարակի օջախներից կորոնավիրուսը լուսաբանող լրատվականների աշխատակիցներն այսօր համավարակի խոցելի խմբերից մեկն են համարվում։
Factor.am-ն ուսումնասիրել է, թե ինչպես է կորոնավիրուսն ազդել լրագրողների վրա Հայաստանում ու դրա սահմաններից դուրս։
Հայաստանում, պաշտոնական տվյալների համաձայն, կորոնավիրուսի 1523 վարակակիր կա։ Բարեբախտաբար, մինչ օրս Հայաստանում որևէ լրագրողի՝ վարակված լինելու մասին հայտնի չէ։ Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից։ Նա մեզ փոխանցեց, որ նման վիճակագրություն չունեն․ տրամադրում են վարակակիրների ընդհանուր թիվը՝ առանց մասնագիտական տարանջատման։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հայաստանյան բռնկման սկզբնական փուլում որոշ լրագրողներ շփում էին ունեցել վարակի տարբեր օջախներից Հայաստան ժամանած քաղաքացիների հետ, ինչպես նաև լուսաբանել «Այո»-ի քարոզարշավի այն միոցառումը, որին, ինչպես հետո պարզվեց, կորոնավիրուսով վարակված քաղաքացի էր մասնակցել։ Հայտարարվեց, որ նրանց հետ կապ են հաստատել ու թեստավորում առաջարկել, ինչը հետագայում որոշ լրագողների կողմից հերքվեց։
Իսկ ինչպե՞ս են կորոնավիրուսի դեմ պայքարում արտասահմանյան լրատվամիջոցների աշխատակիցները։
Թերևս ամենաաղմկահարույց դեպքը կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնում՝ Ուհանում աշխատող 3 լրագրողի անհետացումն է։ Լրագրողների ներկայացրած տեղեկությունները ցույց էին տալիս Ուհանի մութ կողմը, որը չէր ներկայացվում պետական ԶԼՄ-ների կողմից: Արդեն 2 ամիս է` նրանք անհետ կորած են համարվում: Կորոնավիրուսով վարակված լրագրողների մասին չինական մամուլը դեռ լռում է։
Հարևան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված շուրջ 100 լրագրող կա։ Պաշտոնական տվյակներով՝ ևս 500 լրագրող էլ գտնվում է կարանտինի և ինքնամեկուսացման մեջ։
Ի դեպ, վերջերս Մոսկվայում կորոնավիրուսով վարակված ԶԼՄ աշխատակցի առաջին մահվան դեպքն էր գրանցվել։ Մահացել էր ռուսական Առաջին ալիքի հայազգի օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը։ 30-ամյա օպերատորի մոտ կորոնավիրուսի հետևանքով բարդացումներ էին առաջացել, քանի որ նա ի սկզբանե շաքարային դիաբետ ուներ։
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած մի լրագրող էլ մարտի 23-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր պետք է աձակուրդիս առաջին օրը լիներ, սակայն առաջին օրն է, որ հիվանդ եմ»։ Այդ օրվանից ռուս լրագրողն իր էջում հրապարակումներ է կատարել՝ պատմելով, թե ինչպես են իր նկատմամբ վերաբերմունք ցուցաբերում։ Օրեր անց, 36-ամյա լրագրողը մահացել է՝ կենդանության օրոք այդպես էլ կորոնավիրուսի թեստավորում չանցնելով։
849 հազար վարակակիր ունեցող ԱՄՆ-ում, թեպետ կորոնավիրուսով վարակված լրագրողների հստակ թիվ չի հրապարակվում, սակայն քիչ չեն արդեն հայտնի դեպքերը։ 54 տարեկանում կորոնավիրուսից մահացել է CBS հեռուստաալիքի լրագրողներից մեկը։ Նա քաղցկեղ և այլ ուղեկցող հիվանդություններ է ունեցել։ Նյու Յորքի ռադիոընկերություններից մեկի՝ կորոնավիրուս լուսաբանող լրագրողն էլ, տեղյակ չլինելով, որ վարակված է, մասնակցել է մոր 90-ամյակի միջոցառմանը։ Արդյունքում հյուրերից 6-ը վարակվել է կորոնավիրուսով, 2-ը՝ մահացել։ Վարակվածների թվում են լրագրողի ծնողներն ու եղբայրը։
Նույն հեռուստաընկերության ևս մի քանի լրագրողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Կորոնավիրուսով վարակված ամերիկացի լրագրողների շարքում է նաև Fox News-ի 4 թղթակից։ 3 լրագրող էլ վարակվել է CNN-ում։ Հեռուստաընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ լրագրողներն ամբողջական կազմով աշխատանքի չեն գնա մինչև ամառ։
Հավելենք, որ ԱՄՆ-ում, որտեղ մինչ օրս կորոնավիրուսից 47 հազար մահ է գրանցվել, սկզբնական շրջանում ջերմաչափում, իսկ այժմ թեստավորում են բոլոր այն լրագրողներին, որոնք այս օրերին Սպիտակ տան ճեպազրույցներն են լուսաբանում։ Ավստրալիայում լրագրողը կորոնավիրուսով է վարակվել դերասան Թոմ Հենքսի կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի հետ շփումից հետո։
Հիշեցնենք՝ ինչպես էր ամուսինների մոտ կորոնավիրուսը հաստատվել դեռ մարտի սկզբին։ Զիմբաբվեում լրագրողը կորոնավիրուսի առաջին զոհն է դարձել։ 30-ամյա լրագրողը, որը 2019-ի նոյեմբերին թոքի քաղցկեղի վիրահատություն է տարել, մահացել է կորոնավիրուսի բարդացումների հետևանքով։
Թուրքիայում, որտեղ 98 հազարից ավելի վարակակիր կա, կորոնավիրուսի հաստատված դեպքերով լրագրողների մասին համացանցում որևէ տեղեկություն հասանելի չէ։ Փոխարենը՝ կարելի է հանդիպել բազմաթիվ հոդվածների, որտեղ ներկայացվում են տեղական լրագրողների նկատմամբ այս օրերին գործադրվող ճնշումները և սահմանափակումները։ Օրինակ՝ վերջին շրջանում Թուրքիայում կորոնավիրուս լուսաբանող 2 լրագրող է կալանավորվել, 2-ը՝ հարցաքննվել, 1 նախկին խմբագրի նկատմամբ էլ հետաքննություն է սկսվել։
Հնդկաստանում, որտեղ վարակակիրներ թիվը գերազանցում է 21 հազարը, Մումբայ քաղաքում թեստավորված 167 լրագրողից 53-ի մոտ վարակը հաստատվել է։ Լրագրողների զանգվածային թեստավորումը կազմակերպվել է այն բանից հետո, երբ տեղացի լրագրողներից մեկը թվիթերում գրել է, թե լրատվական մի ամբողջ թիմ կորնավիրուսով է վարակված։
Պակիստանում կորոնավիրուսով երեք հեռուստալրագրող է վարակվել։
Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել այն լրատվամիջոցի աշխատանքը, որի լրագրողները վարակված են։
Ի դեպ, կազմակերպությունն օրերս հրապարակել է մամուլի ազատության ամենամյա զեկույցը՝ նշելով, որ այս տարին ԶԼՄ-ների աշխատանքի համար որոշիչ է՝ պայմանավորված կորոնավիրուսով։ 180 երկրների շարքում Հայաստանը մամուլի ազատությամբ 61-րդ տեղում է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Մելքոնյան