Ինչպիսի՞ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում կորոնավիրուսից տուժածներին ՀՀ-ում և այլ երկրներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.04.2020 | 23:1425 միլիարդ դրամից մինչև 2 տրիլիոն դոլար․ նոր կորոնավիրուսի պատճառած վնասներին տարբեր երկրներում տարբեր կերպ են արձագանքում։ Կորոնավիրուսի 663 դեպք ունեցող Հայաստանում նախատեսվում է 25 միլիարդ դրամ՝ սոցիալական և 80 միլիարդ դրամ՝ տնտեսական աջակցության համար։ Գործադիրի որոշմամբ՝ կորոնավիրուսի պատճառած վնասները մեղմելու համար մինչ օրս հակաճգնաժամային 8 միջոցառում է ընդունվել։ Այսօր նաև ավելացավ 9-րդը՝ օրավարձով աշխատող և կորոնավիրուսի պատճառով առանց աշխատանքի մնացած քաղաքացիներին։
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում նախատեսվում է 100 հազար դրամ աջակցություն՝ գործազուրկ կամ միայնակ հղի կանանց, նվազագույն աշխատավարձի կամ դրա կրկնապատիկի չափով աջակցություն՝ բնակչության խոցելի հատվածներին պատկանող աշխատողներին, նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն՝ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում գործազուրկ դարձածներին և 26․5 հազար դրամ՝ մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները գրանցված աշխատող չեն և ընտանեկան նպաստ չեն ստանում։
Կորոնավիրուսից տուժած վարձու աշխատողները կստանան օգնություն՝ 2020թ․ հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձն է և ոչ ավելի, քան դրա կրկնապատիկն է։ Անհատ ձեռնարկատերերի դեպքում աջակցության հաշվարկը կկատարվի՝ հաշվի առնելով 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը։ Այս դեպքում ևս աջակցությունը պետք է լինի ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձն է և ոչ ավելի, քան դրա կրկնապատիկն է։
Իսկ ինչպե՞ս են կորոնավիրուսի պատճառած ֆինանսական վնասների դեմ պայքարում այլ երկրներում։
Հարևան Վրաստանում պետությունը երեք ամիս քաղաքացիների փոխարեն կվճարի նրանց կոմունալ ծախսերը։ Սա վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք մեկ ամսում օգտագործում են մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա և 200 խորանարդ մետր գազ։ Ֆինանսական աջակցությունը կներառի նաև ջրօգտագործման և աղբի վճարները։ Հավելենք, որ Վրաստանն, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից տուժած տնտեսությանը և քաղաքացիներին օժանդակելու համար 2 մլրդ լարի, այսինքն՝ շուրջ 634 մլն դոլար է հատկացրել։ Եվս 354 միլիոն լարի, այսինքն՝ 112 միլիոն դոլար Վրաստանն առողջապահական համակարգին է հատկացրել։
Կորոնավիրուսի դեմ պայքարում Ադրբեջանի հակաճգնաժամային ծրագիրն արժե 2․5 միլիարդ մանաթ կամ 1․5 միլիարդ դոլար, այսինքն՝ երկրի ՀՆԱ-ի 3․1 %-ը։
Աջակցության շրջանակում ներառված է 304 հազար վարձու աշխատող և 44 հազար տնտեսվարող սուբյեկտ: Նրանց տրամադրվող օգնությունը սահմանված է միջին աշխատավարձի չափով՝ 712 մանաթով, այսինքն՝ գրեթե 210 հազար դրամով։
Ադրբեջանում պետական աջակցություն կստանա նաև 290 հազար միկրո ձեռներեց: Այս պարագայում հաշվի կառնվի նրանց կողմից 2019 թվականին վճարված հարկերի չափը:
Թուրքիայում էլ կորոնավիրուսից տուժածներին տրամադրվող օգնության մի մասն անձամբ նախագահ Էրդողանի կողմից կտրվի՝ նրա 7 ամսվա աշխատավարձի տեսքով։ Էրդողանը նախաձեռնել է Ազգային օգնության արշավ, որի շրջանակում կառավարության անդամներն ու օրենսդիրը 5․2 միլիոն թուրքական լիրա, այսինքն՝ 791 հազար դոլար են հատկացրել երկրում նոր կորոնավիրուսի դեմ պայքարին։
Իսկ ահա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 80-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիներն ամսական 500 ուկրաինական գրիվնա, այսինքն՝ 9000 դրամ կստանան։ 18 հազար դրամ, այսինքն՝ 1000 ուկրաինական գրիվնա կստանան նրանք, ովքեր 5000 գրիվնայից պակաս թոշակ են ստանում։ Ֆինանսական աջակցություն կտրամադրվի նաև սոցիալական նպաստ ստացող և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին։
Ուկրաինայում նաև նախատեսում է աշխատավարձի մինչև եռապատիկի չափով հավելավճար՝ բժիշկներին և կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում ներգրավված մյուս աշխատողներին, ինչպես նաև աշխատավարձի մինչև 100%-ի չափով հավելավճար սոցիալական պաշտպանության ոլորտի այն աշխատողներին, որոնք ծառայություններ են մատուցում տանը գտնվող քաղաքացիներին։
Ուկրաինայում նախատեսվում է աջակցություն տրամադրել նաև փոքր և միջին ձեռնարկությունների այն աշխատողներին, որոնք կարանտինի ընթացքում ժամանակավորապես տանն են։
Իսկ ահա Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի կառավարությունը որոշել է հունիսի 1-ից ամսական վճարներ սահմանել այն ընտանիքների համար, որտեղ 3-7 տարեկան երեխա կա և որտեղ ամսական եկամտի չափը չի գերազանցում սպառողական զամբյուղի չափը։ Բացի այդ, ապրիլի 1-ից նախատեսվում է հավելյալ 5000 ռուբլի, այսինքն՝ 31 հազար դրամ վճարել այն ընտանիքներին, որտեղ մինչև 3 տարեկան երեխա կա։
Պուտինի հրամանով՝ Ռուսաստանում կես տարով կհետաձգվեն կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր և միջին բիզնեսների հարկային և վարկային վճարումները, իսկ ձեռնարկությունների աշխատողների աշխատավարձերից փոխանցվող ապահովագրավճարների չափը կիջեցվի 15%-ի:
ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուսի դեմ պայքարին 2 տրիլիոն դոլար է հատկացվել, իսկ գործազրկության նպաստի համար արդեն 6․6 միլիոն քաղաքացի է դիմել, 1200 դոլար կտրամադրվի յուրաքանչյուր չափահասի և 500 դոլար՝ յուրաքանչյուր երեխայի։
Կորոնավիրուսից ամենից շատ տգուժած մեկ այլ երկրում՝ Իսպանիայում 600 մլն եվրո կտրամադրվի սոցիալական ծառայություններից կախում ունեցող և խոցելի խմբի քաղաքացիներին։
Իսկ ահա Իտալիայում, որտեղ մինչ օրս կորոնավիրուսից 13 հազարից ավելի մարդ է մահացել, կորոնավիրուսի դեմ պայքարի 25 միլիարդ եվրո արժողությամբ աջակցության փաթեթից քաղաքացիական պաշտպանության համար 1․5 միլիարդ եվրո կտրամադրվի։
Ինքնազբաղված քաղաքացիներին Իտալիան կվճարի 500-ական եվրո, իսկ կարանտինի օրերին աշխատանքի գնացողներին կտա հավելավճարներ։ Կարգելվի նաև կարանտինի ընթացքում աշխատակիցներին աշխատանքից հեռացնելը։ Իտալիայում ֆինանսական աջակցություն կստանան այն ընտանիքները, որտեղ երեխա կա, ինչպես նաև տաքսու վարորդներն ու փոստային ծառայության աշխատակիցները, որոնք այս օրերին շարունակում են աշխատել։
Աշխարհի ամենահարուստ երկրներից Գերմանիայում մինչև հինգ աշխատակից ունեցող ընկերություններին 9000, իսկ մինչև 10 աշխատակից ունեցողներին 15․000 եվրո լրացուցիչ ֆինանսավորում կհատկացվի, որպեսզի նրանք կարողանան միանվագ երեք ամսվա աշխատավարձ վճարել։
Գերմանիայի կառավարությունը նաև կընդլայնի պետության կողմից սուբսիդավորումն այն աշխատողների համար, որոնք այս ընթացքում տանն են։ Նախնական հաշվարկներով՝ փոխհատուցում ստացողների թիվը 2 միլիոնից ավելի է, իսկ հատկացվող աջակցության չափը՝ 10․5 միլիարդ եվրո։
Ֆրանսիայում «մասնակի գործազրկության» մեջ գտնվող քաղաքացիները, պետական աջակցությամբ, կստանան իրենց աշխատավարձերի 84-100%-ը ՝ կախված դրանց ծավալից։
Քաղաքացիների համար կկասեցվեն սոցիալական ապահովագրությանն ուղղված վճարները, ուղղակի հարկերը, վարձավճարները, ինչպես նաև գազի, ջրի և էլեկտրաէներգիայի վճարները։
Թվիթերի իր միկրոբլոգում նախագահ Էմանուել Մակրոնը նշել է նաև, որ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքի միջոցով հնարավոր է 1500 եվրոյի չափով աջակցություն խնդրել։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, պետությունը պատրաստ է նաև վարկային երաշխավոր դառնալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Մելքոնյան