Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում:
Խմբային փուլի վերջին տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Աբհիմանյու Միշրայի հետ: Երկու պարտիաներում էլ հաղթող չի եղել:
Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված էր C խմբում, որտեղ ավելի վաղ 1:1 հաշվով էր ավարտել Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիի ու ադրբեջնացի Շախրիար Մամեդյարովի հետ հանդիպումները, հաղթել էր աշխարհի 16-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին ու պարտվել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին:
C խմբում առաջին տեղը գրավել է Անիշ Գիրին, որը վաստակել է 15 միավոր ու նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր: Տիտղոսի համար պայքարը շարունակում են նաև մյուս խմբերի հաղթողները՝ Ալիռեզա Ֆիրուզջան, Ֆաբիանո Կարուանան ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Հայկ Մարտիրոսյանը հավաքել է 13 միավոր և Յան Նեպոմնյաշչիի հետ բաժանել է 2-3-րդ տեղերը: Հաջորդ փուլում հայ շախմատիստի մրցակիցը կլինի B խմբում 3-րդ տեղը զբաղեցրած հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտը։
ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն A խմբում 11 միավորով գրավել է չորրորդ տեղը:
Խմբային փուլում մասնակիցները հաղթանակի համար ստանում էին 3 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 1, իսկ պարտության դեպքում՝ 0։
Դավիթ Եղիազարյան

