ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC զեկույցը
Եվրոպական միության ներքին սահմանամերձ շրջաններում բնակվող շուրջ 150 միլիոն քաղաքացի բախվում է վարչական և ենթակառուցվածքային «անտեսանելի պատնեշների»։ Նրանք հատում են ներքին սահմանները՝ աշխատելու, սովորելու կամ առողջապահական ծառայություններից օգտվելու համար։ Ըստ Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի (JRC) նոր զեկույցի՝ տրանսպորտային ցանցերի մասնատվածությունը և տարբեր վարչական համակարգերը դժվարացնում են աշխատանքի, կրթության և առողջապահության հասանելիությունը՝ վտանգելով սահմանամերձ բնակչության «տեղում մնալու իրավունքը»: Ըստ «Կենսական տարածքներ, հոսքեր և կառուցվածքներ ԵՄ ներքին սահմաններով» հետազոտության՝ ավանդական պաշտոնական վիճակագրությունը հաճախ թերի է, հատվածական և թերագնահատում է իրական սահմանային տեղաշարժերի ծավալը։
Շենգեն գոտում ներքին սահմանները դե-ֆակտո դարձել են մեկ միասնական «օրվա կյանքի տարածք» (daily living space), սակայն պաշտոնական վիճակագրությունը դժվարանում է արձանագրել և թարմացնել այդ դինամիկան։
Վերջին համընդհանուր տվյալները 2022 թ. դրությամբ են, ըստ որոնց՝ ԵՄ և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (EFTA) տարածքում շուրջ 1.8 միլիոն մարդ հատում է պետական սահմանը հարևան երկրում աշխատելու նպատակով։
Վերջին տարիների (2021-2024 թթ.) վիճակագրության համաձայն՝ ամեն օր Ֆրանսիայից հարևան երկրներ է մեկնել ավելի քան 515,000 աշխատող, որոնցից մոտ 234,600-ը՝ Շվեյցարիա, 122,800-ը՝ Լյուքսեմբուրգ, 50,125-ը՝ Գերմանիա, 48,977-ը՝ Մոնակո և 39,252-ը՝ Բելգիա։

Լուսանկարում Ֆրանսիային սահմանակից իտալական Լիմոնե քաղաքն է
JRC hետազոտությունը համակցել է տվյալների ավանդական վարչական գրանցամատյանները և նորարարական մեթոդները, ներառյալ՝ բջջային օպերատորների տվյալները, հասարակական տրանսպորտի չվացուցակները (GTFS), GPS տեղորոշման ազդանշանները և Airbnb-ի 4.3 միլիոն հայտարարությունների վեբ-սքրեյփինգը։
Արդյունքում հեղինակները եզրակացրել են՝ ԵՄ սահմանամերձ շրջաններում բնակվող քաղաքացիների առօրյա տեղաշարժերը ստեղծում են տարածքային և ֆիսկալ անհամաչափություններ հարևան երկրների բյուջեների միջև, խեղաթյուրում ազգային վիճակագրությունները (հատկապես մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն) և պարունակում լուրջ ռիսկեր արտակարգ իրավիճակներում բժշկական հասանելիության համար։
Աղավաղված ՀՆԱ
Անդրսահմանային աշխատողի ստեղծած ավելացված արժեքը գրանցվում է աշխատանքի երկրի (օրինակ՝ Շվեյցարիայի կամ Լյուքսեմբուրգի) ՀՆԱ-ում՝ արհեստականորեն բարձրացնելով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը:

Լուսանկարում Իտալիայի Կալյարի քաղաքն է, որտեղ նշում են Սանտ Էֆիսիոյի տոնը․ դրան մասնակցում են նաև հարևան ֆրանսիական Կորսիկա կղզու բնակիչները։
Բնակության երկիրը (օրինակ՝ Ֆրանսիան կամ Իտալիան) ստիպված է պահպանել դպրոցները, ճանապարհները և հանրային ենթակառուցվածքները, մինչդեռ եկամտահարկերը հավաքագրում է հարևան պետությունը:
Բացի այդ՝ Շվեյցարիայում աշխատող և բարձր եկամուտ ստացող անձինք հաճախ իրենց բնակության վայրը տեղափոխում են իտալական կողմ՝ հարկային առավելությունների և բնակության ծախսերի տարբերությունների պատճառով։
Աշխատուժի շուկայում փոփոխությունների բացակայության պայմաններում անդրսահմանային բնակարանային պահանջարկի նմանատիպ աճը հանգեցնում է բնակության երկրի սահմանամերձ շրջաններում անշարժ գույքի գների աճի, ինչը երբեմն առաջացնում է տեղական սոցիալական լարվածություն։
Ինչ կլինի, եթե սահմանները փակվեն
Հետազոտողները մոդելավորել են ԵՄ ավելի քան 11,000 հիվանդանոցների հասանելիությունը: Ներկայումս սահմանամերձ բնակիչները մոտակա հիվանդանոց հասնում են միջինում 10.9 րոպեում (համեմատության համար՝ ԵՄ-ում ընդհանուր առմամբ հիվանդանոց հասնելու միջին ժամանակը քաղաքներում 5 րոպե է, իսկ գյուղական վայրերում՝ 17 րոպե)։
Սակայն «սահմանների փակման» հիպոթետիկ սցենարի դեպքում (օրինակ՝ համավարակի կամ անվտանգային ճգնաժամի ժամանակ) մոտակա հիվանդանոց հասնելու ճանապարհային հեռավորությունը սահմանամերձ գոտում կաճի 10%-ով, իսկ երթևեկության ժամանակը՝ 7%-ով։ Երկրորդ ամենամոտ հիվանդանոցի դեպքում ազդեցությունն ավելի կտրուկ կլինի՝ հեռավորության 24% և ժամանակի 17% աճով։
Առավել ծայրահեղ ազդեցությունը կկրեն Շվեդիա–Ֆինլանդիա, Էստոնիա–Լատվիա և Հունգարիա–Սլովենիա սահմանային շրջանները։

Լուսանկարում կանայք առևտուր են անում Ֆրանսիային սահմանակից իտալական Լիմոնե քաղաքում։
Որպես հաջողված փորձ հետազոտությունը նշում է Ֆրանսիայի և Իսպանիայի սահմանին գործող Սերդանիայի միջսահմանային հիվանդանոցը (Hospital of Cerdanya). երկրներից ոչ մեկը միայնակ չուներ բավարար բնակչություն նման բժշկական կենտրոն պահելու համար, ուստի համատեղ ներդրում են արել՝ բնակիչներին որակյալ բուժօգնություն ապահովելու նպատակով:
Անդրսահմանային զբոսաշրջություն
Զեկույցում կիրառված վեբ-սքրեյփինգի տեխնոլոգիան (Airbnb-ի 4.3 միլիոն հայտարարությունների վերլուծություն) բացահայտել է, որ ԵՄ կարճաժամկետ վարձակալության ընդհանուր ծավալի 12%-ը գտնվում է սահմանամերձ համայնքներում։
Հատկանշական է, որ սահմանամերձ գյուղական շրջանները կարճաժամկետ վարձակալության սենյակների խտությամբ գրեթե հավասարվել են Եվրոպայի մյուս գյուղերի մակարդակին՝ կազմելով դրանց 92.6%-ը։
Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ սահմանամերձ գյուղական շրջաններում զբոսաշրջությունը կարող է դառնալ եկամտի լրացուցիչ աղբյուր՝ նպաստելով տեղում բնակչության պահպանմանը։
Սահմանի մայրաքաղաքը
Դանիա–Շվեդիա սահմանին արձանագրել է կարճաժամկետ վարձակալության (Airbnb) խտության ամենամեծ տարբերությունն ամբողջ Եվրոպայում՝ 61 սենյակ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Այս կտրուկ անհամաչափության հիմնական պատճառը Կոպենհագենն է՝ Դանիայի մայրաքաղաքն ու երկրի գլխավոր զբոսաշրջային ուղղությունը։

Էրեսունդի 16 կիլոմետրանոց կամուրջը․ այն կապում է շվեդական Մալմյոն և Կոպենհագենը
Կոպենհագենը գտնվում է Շվեդիայի հետ պետական սահմանի անմիջական հարևանությամբ՝ Էրեսունդի նեղուցի դանիական ափին։ Էրեսունդի 16 կիլոմետրանոց կամրջի մյուս կողմում Մալմյոն է։ Կոպենհագենի համեմատ այստեղ բնակարանային ծախսերը ավելի մատչելի են, և այդ տարբերությունն է ձևավորել սահմանահատման յուրահատուկ մոդել։
Արդյունքում՝ հազարավոր մարդիկ ընտրում են բնակությունը Շվեդիայում, սակայն աշխատում են Կոպենհագենում՝ օգտվելով Դանիայի մայրաքաղաքի ավելի բարձր աշխատավարձերից։
Անդրսահմանային հոսքերի անհամաչափություն
Սլովակիա-Հունգարիա սահմանին իրականացված հարցումը ցույց է տվել հետաքրքիր վարքագծային տվյալներ։ Ուսանողական տեղաշարժը հիմնականում Սլովակիայից դեպի Հունգարիա է։
Սլովակիայի սահմանամերձ շրջանների ուսանողները հիմնականում մեկնում են Հունգարիա սովորելու՝ Բուդապեշտ՝ 31%, Դյոր՝ 16%, Կոմարոմ՝ 10%։
Հակառակ ուղղությամբ հոսքը կենտրոնացած է Բրատիսլավայի անդրսահմանային մետրոպոլիտեն գոտում, որին բաժին է ընկնում Սլովակիայում սովորող և Հունգարիայում բնակվող հարցված ուսանողների 57%-ը։
Այս սահմանին արձանագրվել է նաև «շոփինգային» վարքագիծ։ Հունգարիայի բնակիչները գնումներ են կատարում Սլովակիայի քաղաքներում՝ Շտուրովոյում, Կոմառնոյում և Բրատիսլավայում, իսկ Սլովակիայի բնակիչները՝ Հունգարիայում՝ Դյորում, Կոմարոմում և Էստերգոմում՝ օգտվելով գների ու ապրանքների տարբերությունից։
Տեղում ապրելու իրավունք
Եվրոպական հանձնաժողովի Տարածաշրջանային և քաղաքային քաղաքականության գլխավոր տնօրեն Թեմիս Քրիստոֆիդուն ընդգծել է, որ սահմանային խոչընդոտների հաղթահարումը սոսկ վարչական գործընթաց չէ, այլ ԵՄ քաղաքացիների «տեղում մնալու իրավունքի» (right to stay) երաշխավորում։
Այդ նպատակով ACROSS նախագծի շրջանակներում գործարկվել է ԵՄ սահմանամերձ շրջանների տվյալների բաց հարթակը։ Այն միավորում է 46 անդրսահմանային տարածքների, 359 սահմանային տարածաշրջանների (NUTS 3) և շուրջ 16,854 տեղական համայնքների (LAU) ինտեգրված տվյալները։
Բացի այդ, Eurostat-ը՝ սահմանամերձ շրջանների վիճակագրական ներդաշնակեցման նպատակով, փորձնականորեն սահմանել է առաջին 11 անդրսահմանային քաղաքները (ինչպես օրինակ՝ Լիլ/Մուսկրոն, Ստրասբուրգ/Կել, Բազել/Սեն-Լուի)։
Բնակչության խտության և ամենօրյա տեղաշարժերի վիճակագրության վրա հիմնված այս նոր մոտեցումը թույլ կտա սահմանամերձ շրջանները պլանավորել որպես միասնական ֆունկցիոնալ տարածքներ:
Գլխանկարը գեներացված է ԱԲ-ով։
Կարինե Ասատրյան
Բրյուսել

