Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանն ավարտել է մրցելույթը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում:
Խմբային փուլի վերջին տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Աբհիմանյու Միշրայի հետ: Երկու պարտիաներում էլ հաղթող չի եղել:
Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված էր C խմբում, որտեղ ավելի վաղ 1:1 հաշվով էր ավարտել Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիի ու ադրբեջնացի Շախրիար Մամեդյարովի հետ հանդիպումները, հաղթել էր աշխարհի 16-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին ու պարտվել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին:
C խմբում առաջին տեղը գրավել է Անիշ Գիրին, որը վաստակել է 15 միավոր ու նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր: Տիտղոսի համար պայքարը շարունակում են նաև մյուս խմբերի հաղթողները՝ Ալիռեզա Ֆիրուզջան, Ֆաբիանո Կարուանան ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Հայկ Մարտիրոսյանը հավաքել է 13 միավոր և Յան Նեպոմնյաշչիի հետ բաժանել է 2-3-րդ տեղերը:
ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի կարողացել փլեյ-օֆֆ դուրս գալ A խմբից՝ 11 միավորով գրավելով չորրորդ տեղը:
Խմբային փուլում մասնակիցները հաղթանակի համար ստանում էին 3 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 1, իսկ պարտության դեպքում՝ 0։
Դավիթ Եղիազարյան

