Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
Հաղորդաշարեր
29.10.2026 | 11:45
Մոլդովայի պետական թվային ծառայությունների դեմ հզոր կիբերհարձակում է տեղի ունեցել, որը տևել է հոկտեմբերի 19-ից 23-ը։ Հարձակման թիրախում են հայտնվել երկրի շուրջ մեկ միլիոն քաղաքացիների նույնականացման համարները։ Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտնել է Մոլդովայի Էլեկտրոնային կառավարման գործակալությունը՝ ներկայացնելով հետաքննության նախնական արդյունքները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Գործակալության ղեկավար Նիկոլետա Կոլոմեցը հաջորդ օրը հրաժարական է տվել՝ այն համաձայնեցնելով երկրի վարչապետ Վասիլե Տոֆանի հետ։ Կառավարության նիստում վարչապետը հայտարարել է, որ միջադեպի հետևում կարող է կանգնած լինել օտարերկրյա պետական կառույցների մասնակցությամբ ավելի լայնածավալ արշավ։ Նրա խոսքով՝ թիրախում ոչ միայն քաղաքացիների անձնական տվյալներն են, այլև ամբողջ երկրի թվային ենթակառուցվածքը։ Տոֆանը նշել է, որ հոկտեմբերին կիբերհարձակումների են ենթարկվել ոչ միայն Մոլդովան, այլև Դանիան, Ֆրանսիան և Հարավային Կորեան։
Մոլդովայում կիբերհարձակման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր հայտնել են, որ գիշերվա ընթացքում ծանուցումներ են ստացել իրենց տվյալներին առանց համաձայնության հասանելիություն ստանալու փորձերի մասին։ Կոտրվել է նաև Մոլդովայի պետական EVO թվային հարթակը, որն Էլեկտրոնային կառավարման գործակալությունը մշակել էր փաստաթղթերին և պետական ծառայություններին հասանելիություն ապահովելու համար։
Գողացված տվյալները ներառում են քաղաքացիների անունները, նույնականացման համարները, ընտանիքի անդամների մասին տեղեկությունները, վարորդական վկայականների առկայության, կենսաթոշակների և ֆինանսական տվյալները, այդ թվում՝ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները։ Հոկտեմբերի 23-ին Մոլդովայի իշխանությունները ստիպված են եղել ժամանակավորապես անջատել 82 պետական ծառայություն և ավելի քան 30 տեղեկատվական համակարգ՝ հարձակումը կասեցնելու համար։
Երկու օր անց մասնագետները հայտնաբերել են պետական ծառայություններին հարկադրաբար հասանելիություն ստանալու ևս մեկ փորձ և արգելափակել այն։ Համակարգերի աշխատանքը լիովին վերականգնել հաջողվել է միայն հոկտեմբերի 27-ի առավոտյան, երբ հարձակվողները ձեռնարկել են կոտրման վերջին փորձը։ Միջադեպի իրական մասշտաբները պարզ կդառնան մի շարք պատասխանատու գերատեսչությունների՝ Տեղեկատվության և անվտանգության ծառայության (SIS) մասնակցությամբ իրականացվող աուդիտից հետո։ Կազմակերպիչների ինքնությունը դեռևս պարզված չէ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ծառայության (STICS) տվյալներով՝ գրանցվել է չարտոնված հասանելիություն ստանալու շուրջ 11 միլիոն հարցում։
Ինչով է սպառնում տվյալների արտահոսքը
Նախնական զեկույցի համաձայն՝ քաղաքացիների բանկային քարտերի տվյալները չեն տուժել, քանի որ վճարումները մշակվում են պաշտպանված բանկային համակարգերի միջոցով։ Պետական ռեգիստրներում տեղեկատվության չարտոնված փոփոխություններ նույնպես չեն հայտնաբերվել։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Դյակոնուն պարզաբանել է, որ գողացված տվյալները հնարավորություն չեն տալիս մուտք գործել բանկային քարտեր կամ վերաձևակերպել անշարժ գույքը։ Նրա խոսքով՝ գողացված տեղեկությունների մեծ մասը վերաբերում է քաղաքացիների նույնականացման համարներին՝ IDNP-ին, որոնք մարդիկ հաճախ են ներկայացնում տարբեր հաստատություններում։ Սակայն բացի 750 հազար նույնականացման համարներից՝ գողացվել են նաև բժշկական տեղեկանքներից, ամուսնության վկայականներից և նմանատիպ այլ փաստաթղթերից ստացված տվյալներ։
Դյակոնուն զգուշացրել է, որ այդ տեղեկությունները կարող են օգտագործվել խարդախների կողմից։ Օրինակ՝ իմանալով մարդու անունը, IDNP-ն և ընտանիքի մասին մանրամասները՝ խարդախները կարող են ներկայանալ որպես բանկի կամ պետական հաստատության աշխատակիցներ և փորձել կորզել բանկային քարտի տվյալները կամ նույնականացման կոդերը։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավարը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել, ուշադիր վերաբերվել հաղորդագրություններին ու հեռախոսազանգերին և ստուգել զրուցակցի ինքնությունը։ Միևնույն ժամանակ, պաշտոնյան ընդունել է, որ միջադեպի խնդիրներից մեկը տեղեկատվական համակարգերի հնացած լինելն է, ինչպես նաև հանցագործների գործիքների արագ զարգացումը, որոնք թույլ են տալիս հայտնաբերել թվային ենթակառուցվածքի խոցելիությունները։
Կիբերհարձակումը և ընտրությունները
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը պատասխանատու է նոյեմբերի 15-ին Գագաուզիայի ինքնավարությունում նշանակված տեղական ընտրությունների անցկացման համար, հայտարարել է, որ պետական թվային ծառայությունների դեմ կիբերհարձակումը չի ազդել ընտրական տեղեկատվական համակարգերի վրա։ Գերատեսչության տվյալներով՝ ընտրողների պետական ռեգիստրը շարունակում է գործել բնականոն ռեժիմով։
Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանն ընդունել է, որ խնդիրներ են առաջացել տեղեկատվական տեխնոլոգիաների համար պատասխանատու հինգ գերատեսչությունների աշխատանքում, և հայտարարել արտակարգ միջոցառումների մասին։ Նախատեսվում է ձեռք բերել Cloudflare-ի լուծումներ, ներդնել լրացուցիչ անվտանգության գործիքներ, ինչպես նաև պարբերաբար աուդիտ անցկացնել թվային համակարգերում և ավտոմատ կերպով սկանավորել խոցելիությունները։
Բացի այդ, Մոլդովան բանակցություններ է վարում Էստոնիայի հետ՝ հանրության համար անհասանելի առաջադեմ արհեստական բանականության մոդելներին հասանելիություն ստանալու նպատակով։ Վարչապետը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի 1,2 միլիոն դոլարի դրամաշնորհի միջոցով կստեղծվի Կիբերանվտանգության ազգային կենտրոն, որը կգործի արդեն գոյություն ունեցող համանուն գործակալության կազմում։ Կենտրոնի նպատակն է՝ կանխել հաքերային հարձակումները և իրական ժամանակում հետևել թվային սպառնալիքներին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

