Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
Քաղաքականություն
29.10.2026 | 12:47
Բրազիլիայի նախագահի աջակողմյան թեկնածու Ֆլավիո Բոլսոնարուն չորեքշաբթի ընտանիքի հետ Մայամի ժամանելուց հետո իրեն հռչակել է Բրազիլիայի օրինական առաջնորդ։ Բոլսոնարուն լքել է Բրազիլիան այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը պահանջել է հանձնել անձնագրերը՝ երկիրը լքելու հնարավորությունից զրկելու համար, գրում է DW-ն։
Աջակողմյան սենատորը չի ընդունել կիրակի երկրում անցկացված նախագահական ընտրություններում իր մրցակից՝ գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հաղթանակը։
Բոլսոնարուն պարտվել է ընտրություններում՝ պնդելով, որ տեղի են ունեցել խախտումներ։ Սակայն նրա կուսակցությունն ընդունել է ընտրությունների արդյունքները, իսկ միջազգային դիտորդները քվեարկությունը գնահատել են արդար։ Բրազիլիայի ընտրական մարմնի ղեկավարը չորեքշաբթի հայտարարել է, որ քվեարկությունն անցել է բնականոն հունով՝ երկրի օրենքներին և Սահմանադրությանը լիովին համապատասխան։
X-ում հրապարակված իր առաջին բաց նամակում Բոլսոնարուն իրեն հռչակել է «ընտրված նախագահ»։ Այնուհետև նա հեռացրել է այդ տարբերակը և հրապարակել նոր բաց նամակ՝ իրեն անվանելով Բրազիլիայի օրինական «առաջնորդ»։
Բոլսոնարուն Բրազիլիայի Գերագույն դատարանում քրեական հետաքննությունների է ենթարկվում՝ ֆինանսական ենթադրյալ հանցագործությունների գործերով։ Սակայն նա այդ հետաքննությունները ներկայացնում է որպես ձախակողմյան հայացքներ ունեցող դատավորների կողմից իր ընտանիքի դեմ իրականացվող քաղաքական հետապնդում։
«Ես ուզում եմ ասել ոչ միայն իմ 60 միլիոն ընտրողներին, այլև Բրազիլիայի ժողովրդին, որ ես եմ առաջնորդը, իսկ նրանք, ովքեր գողացել են Բրազիլիայի ընտրությունները, հանցավոր կազմակերպության մաս են կազմում, որը բռնապետություն է հաստատել»,- ասվում է նամակի նոր տարբերակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, լրագրողների հարցերին ի պատասխան, հրաժարվել է մեկնաբանել Բոլսոնարուի հայտարարությունները՝ կրկնելով ավելի վաղ արտահայտած իր կարծիքը, թե Բրազիլիայի ընտրությունները «շատ տարօրինակ» էին։ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Բոլսոնարուին և նրա ընտանիքին ԱՄՆ մուտքի վիզաներ կտրամադրի։
Չորեքշաբթի առավոտյան Բոլսոնարուին, նրա կնոջն ու երկու դուստրերին տեսել են Gulfstream G400 ինքնաթիռից իջնելիս և Մայամիի Օպա-Լոկա օդանավակայանի շենք ուղևորվելիս։

Նրանց ճանապարհորդությունն Ամերիկա մայրցամաքով մեծ ուշադրություն է գրավել տարածաշրջանում։ Երեքշաբթի ուշ երեկոյան Բոլսոնարուն ընտանիքի հետ նախ ժամանել է Արգենտինա, ապա մասնավոր ինքնաթիռով Էկվադորի Գուայաքիլ քաղաքից մեկնել Ֆլորիդայի Մայամի։
Փետրվարին՝ Սենատում նրա լիազորությունների ավարտից հետո, Բոլսոնարուն կկորցնի անձեռնմխելիությունը։ Երկուշաբթի նա Instagram-ում հայտարարել էր, որ մտադիր չէ լքել երկիրը։
«Ես կհանձնեմ անձնագրերս և կպաշտպանվեմ այս խայտառակությունից, որն ինձ վախեցնելու ակնհայտ փորձ է»,- գրել էր նա։
AFP-ի տվյալներով՝ Բոլսոնարուն ունի նաև Իտալիայի քաղաքացիություն, ինչը նրան թույլ է տվել մեկնել՝ չնայած բրազիլական և դիվանագիտական անձնագրերի չեղարկմանը։
Բոլսոնարուի մեկնումը և Ֆլորիդա ժամանումը, ինչպես ավելի վաղ՝ Բրազիլիայի նախորդ նախագահական ընտրություններից հետո նրա հոր՝ Ժաիր Բոլսոնարուի դեպքում, կարող են խորացնել պառակտումն Ամերիկա մայրցամաքի երկու երկրների միջև։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բրազիլիայի գործող ձախակողմյան նախագահ Լուլա դա Սիլվան մեղադրել էր Թրամփի վարչակազմին Բոլսոնարու ընտանիքի հետ դավադրության համար՝ նրանց իշխանության վերադարձին աջակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Թրամփը կասկածի տակ էր դրել քվեարկության ազնվությունը՝ նշելով, որ քվեարկության ժամկետի երկարաձգումը «շատ վատ տպավորություն է թողնում»։ Նախկինում նա նաև պնդել էր, որ Ժաիր Բոլսոնարուն Բրազիլիայում դատական հետապնդման զոհ է։
Ժաիր Բոլսոնարուն այժմ բանտում է՝ 2022 թվականի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո իշխանությունը պահպանելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեղադրանքով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

