Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
Հաղորդաշարեր
20.10.2026 | 22:02
Հոկտեմբերի 20-ին Google Cloud ամպային հարթակի աշխատանքի խափանման պատճառով Եվրոպայի տարբեր երկրներում անհասանելի են դարձել առցանց բանկային ծառայությունները և այլ հարթակներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Google-ի ներկայացուցիչները հայտնել են Լոնդոնում գտնվող europe-west2 տվյալների կենտրոնի աշխատանքի բազմաթիվ խնդիրների մասին։
Ընկերության հայտարարությունից հետևում է, որ առաջին խափանումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 8:30-ին։ «Խափանման պատճառը էլեկտրամատակարարման հետ կապված միջադեպն էր։ Ներկայումս էլեկտրամատակարարման խնդիրը վերացվել է»,- նշված է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ, մասնավորապես, բջջային հավելված մուտք գործելու և դրամական փոխանցումներ կատարելու անհնարինությունից բողոքել են բրիտանական Revolut և նիդեռլանդական ING բանկերի հաճախորդները։ Revolut-ի ներկայացուցիչները նշել են, որ չնայած խափանմանը՝ «հաճախորդների անձնական տվյալներն ու հաշիվները պաշտպանված են»։ Իսկ ING-ի գերմանական ստորաբաժանումն արդեն տեղեկացրել է հաճախորդներին, որ վերականգնվել է հավելվածից և ինտերնետ-բանկինգից օգտվելու հնարավորությունը։
Associated Press -ի հաղորդմամբ՝ աշխատանքի խափանումներ են առաջացել նաև բրիտանական Lloyds, Halifax և HSBC բանկերում։ Մեծ Բրիտանիայի օգտատերերը բողոքել են նաև անշարժ գույքի որոնման Rightmove կայքի, իսպանական Santander բանկի տեղական մասնաճյուղի, Royal Mail փոստային ծառայության, DPD առաքման ծառայության, Առողջապահության ազգային ծառայության (NHS) և Microsoft-ի որոշ ծառայությունների անհասանելիությունից։ Այս մասին են վկայում խափանումներին հետևող Downdetector հարթակի տվյալները։
Գերմանիայում, բացի Revolut-ից, ING-ից և Google-ի ծառայություններից, Downdetector-ի տվյալներով՝ խնդիրներ են առաջացել նաև DHL առաքման ծառայությունից օգտվելու հետ։ Իռլանդիայում անհասանելի են դարձել երկրի խոշորագույն բանկերի՝ AIB-ի և Bank of Ireland-ի կայքերը։ Իտալիայում խափանումներով են աշխատել Intesa Sanpaolo բանկի և երկրի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերության՝ TIM-ի կայքերը, իսկ Իսպանիայում՝ խոշորագույն բանկային խմբերից մեկի՝ CaixaBank-ի կայքը։
Նշված բոլոր երկրներում անհասանելի է եղել նաև Revolut-ը։ Մալթայի, Լիտվայի և Լատվիայի օգտատերերը նույնպես բանկի ծառայություններից օգտվելու հետ կապված խնդիրներ են ունեցել։
Սա վերջին շրջանում Revolut-ի աշխատանքի առաջին խափանումը չէ։ Սեպտեմբերին Եվրոպայի խոշորագույն թվային բանկերից մեկը երկու անգամ հայտնել էր տվյալների արտահոսքի մասին։
Ամսվա կեսին Revolut-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ խարդախներին են փոխանցել հաճախորդների անձնական տվյալները՝ պետական մարմնի անունից ստացված կեղծ հարցումը իրական համարելու հետևանքով։ Իսկ ամսվա վերջին նրանք տեղեկացրել էին ամերիկյան բաժնետոմսերով գործարքներ իրականացնելու համար հաճախորդների կողմից օգտագործվող DriveWealth ընկերության ենթակառուցվածքի կոտրման մասին։
Google Cloud-ի հետ «ռազմավարական գործընկերության զգալի ընդլայնման» մասին Revolut-ը հայտարարել էր 2025 թվականի սեպտեմբերին։ Բանկի ներկայացուցիչները նշել էին, որ «բազմամյա համաձայնագիրը» թույլ կտա «ապահովել ծառայությունների կայուն աշխատանքը նույնիսկ օգտատերերի թվի աճի պայմաններում»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

