Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
Հաղորդաշարեր
13.10.2026 | 22:07
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ «Յանդեքսի» տվյալների կենտրոններին հասցրած հարվածներից հետո սոցիալական ցանցերի օգտատերերը սկսել են տարածել գրաֆիկներ, որոնք, նրանց կարծիքով, ցույց են տալիս ռուսական ինտերնետային տրոլների ակտիվության կտրուկ նվազումը։ Շատերը պնդում են, որ ռուսամետ բոտերը լռել են։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության անդրադարձում։
Հոկտեմբերի 8-ին կիբերանվտանգության հետազոտող Ջերեմայա Ֆաուլերը X սոցիալական ցանցում գրել է ռուսական «բոտային թրաֆիկի» նվազման մասին՝ «Յանդեքսի» տվյալների կենտրոններից մեկին հարվածելուց հետո։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ բոտերի մասին է խոսքը, սակայն հարց է բարձրացրել՝ արդյո՞ք դա կարող է ազդել նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունների վրա։
Հաջորդ օրերին «լռած տրոլների» մասին վարկածը տարածել են Գարի Կասպարովը, որը Ռուսաստանում ճանաչվել է «օտարերկրյա գործակալ», Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը և X-ի այլ հայտնի օգտատերեր։ Հոկտեմբերի 12-ին Վարշավայում կայացած Անվտանգության համաժողովի ընթացքում այս մասին խոսել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Երբ մեր հարվածները հասան «Յանդեքսի» տվյալների կենտրոններին, սոցիալական ցանցերի բազմաթիվ հարթակներում հանկարծ մի փոքր ավելի հեշտ դարձավ շնչելը։ Շատերը դա նկատեցին․ ատելությունը, պառակտումն ու սադրանքներն ավելի քիչ դարձան, որովհետև բոտերն ավելի քիչ էին։ Քանի որ բոտերն ավելի քիչ են դարձել, միանգամայն ակնհայտ է դառնում, թե որտեղից էին դրանք գործում»,- նշել է Զելենսկին, սակայն իր խոսքերը հաստատող տվյալներ չի ներկայացրել։
BBC-ն ուսումնասիրել է գրաֆիկները և զրուցել ռուսական ազդեցության գործողություններն ուսումնասիրող հետազոտողների հետ։
Ըստ հրապարակման՝ կրեմլամետ բոտերի ակտիվության նվազումը հաստատող ապացույցներ չկան։ Գրաֆիկը, որին այս վարկածի կողմնակիցներն ամենից հաճախ են հղում անում, ցույց է տալիս բոլորովին այլ բոտերի ակտիվությունը։ Ռուսական ազդեցության գործողություններն ուսումնասիրող հետազոտողները նույնպես իրենց հայտնի հաշիվների ցանցերում փոփոխություններ չեն նկատել։
Որպես ապացույց, որ «Յանդեքսի» տվյալների կենտրոնների վրա հարձակումները հարվածել են ռուսական ինտերնետային տրոլներին, ամենից հաճախ ներկայացնում են Cloudflare Radar ծառայության գրաֆիկը։
Գրաֆիկում իսկապես երևում է, որ հարվածներից հետո «Յանդեքսի» ցանցերից մեկից եկող բոտային թրաֆիկը նվազել է։ Օգտատերերը եզրակացրել են, որ հարձակումների հետևանքով շարքից դուրս են եկել ռուսական «տրոլների ֆաբրիկաները»։ Սակայն այստեղ շփոթել են բոտերի երկու տարբեր տեսակներ։ Cloudflare-ն ընկերություն է, որն օգնում է կայքերին աշխատել և պաշտպանվել հարձակումներից։ Ընկերությունը BBC-ին հայտնել է, որ Radar ծառայությունը հաշվում է ընկերության սպասարկած կայքերին ուղղված ավտոմատ հարցումները։
Նման հարցումներ են կատարում, օրինակ, որոնողական ռոբոտները։ Դրանք շրջում են կայքերով և կարդում էջերը, որպեսզի որոնողական համակարգերը կարողանան դրանք ներառել որոնման արդյունքներում։ Այս հարցումների զգալի մասը, հավանաբար, կապված է «Յանդեքս» որոնողական համակարգի հետ։ Որոնողական ռոբոտներին նույնպես բոտեր են անվանում, սակայն նրանք սոցիալական ցանցերում քաղաքական մեկնաբանություններ չեն հրապարակում։
«Աշխարհի ինտերնետային տրաֆիկի 20%-ն անցնում է Cloudflare-ի միջոցով։ Ընկերությունը կարողանում է որոշել, թե ովքեր են այցելում կայքեր՝ բոտե՞ր, թե՞ իրական մարդիկ։ «Յանդեքսի» ինքնավար ցանցում կան բոտեր, որոնք զբաղվում են էջերի որոնողական ինդեքսավորմամբ։ Դրանք, պայմանականորեն ասած, օրական մեկ անգամ շրջում են ամբողջ համացանցով։ Երբ ընկերության հաշվարկային ռեսուրսների կեսն անջատված է, ակնհայտ է, որ այդ բոտերի թիվը կնվազի։ Բնականաբար, եթե «Յանդեքսի» տվյալների կենտրոնները չեն աշխատում, ընկերությունն անջատել է իր բոտերին։ Բոլորն այնքան էին ուզում հավատալ, որ չարամիտ ռուսներն իրենց գործունեությունն իրականացնում են «Յանդեքսի» միջոցով, որ բոլորը հավատացին դրան»,- BBC-ին ասել է «Ինտերնետի պաշտպանության ընկերության» ղեկավար Միխայիլ Կլիմարյովը, որը նույնպես ընդգրկված է «օտարերկրյա գործակալների» ռեեստրում։
Սոցիալական ցանցերում տարածված գրաֆիկը ցույց է տալիս միայն «Յանդեքսի» մեկ կոնկրետ ցանցից՝ AS13238, կատարված հարցումները, այլ ոչ թե բոլոր ռուսական բոտերի ակտիվությունը։
BBC-ն այս հարցով դիմել է նաև dTeam կամավոր հետազոտողների խմբին, որը հետևում է սոցիալական ցանցերում Ռուսաստանի ազդեցության գործողություններին։ Խմբից հայտնել են, որ հարձակումներից հետո իրենց հայտնի ռուսական ինտերնետային տրոլների և բոտային ցանցերի ակտիվության փոփոխություններ չեն նկատել որևէ հարթակում։
«Եթե հրդեհներ բռնկվեին SDA/Structura-ի, «ԻՐԻ75» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության, «Դիալոգ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության, «Դիալոգ Ռեգիոնի» ընկերության, Readovka-ի, Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության և այլ կառույցների գրասենյակներում, մենք փոփոխություններ կնկատեինք»,-պարզաբանել են հետազոտողները։ Խումբը թվարկված կազմակերպությունները կապում է նման ազդեցության գործողությունների հետ։
Մինչդեռ սոցիալական ցանցերում շարունակում էին հրապարակել Cloudflare-ի գրաֆիկը և անցկացնել «բոտերի թեստեր»՝ գրելով պնդումներ, որոնք, հեղինակների կարծիքով, նախկինում ռուսական տրոլների կողմից պատասխանների մեծ ալիք կառաջացնեին։
Լրատվամիջոցը գրում է, որ հայտնվել են նաև նոր գրաֆիկներ։ Դրանցից մեկը հոկտեմբերի 11-ին հրապարակել է Եվրախորհրդարանի պատգամավոր Տոմաշ Զդեխովսկին։ Նրա պնդմամբ՝ գրաֆիկը ցույց էր տալիս Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության շուրջ «սոցիալական ցանցերի ակտիվության» կտրուկ անկումը։
Սակայն հոկտեմբերի 11-ին հրապարակված գրաֆիկը տվյալներ էր պարունակում մինչև հոկտեմբերի 15-ը՝ այսինքն՝ չորս օր առաջ ընկած ժամանակահատվածի համար։ Բացի այդ, հրապարակման մեջ նշված չէին ո՛չ հետազոտության հեղինակի անունը, ո՛չ մեթոդաբանության նկարագրությունը, ո՛չ էլ ուսումնասիրված ընտրանքի մասին տեղեկությունները։
Երբ գերմանացի փաստեր ստուգողներն ուշադրություն են դարձրել այս հանգամանքին, Զդեխովսկին չեխական News պարբերականին տված հարցազրույցում ընդունել է, որ պետք է ավելի ուշադիր ստուգեր իր հրապարակած նյութերը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

