ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
Հաղորդաշարեր
25.11.2026 | 11:20
ԱՄՆ երդվյալ ատենակալները չինական տեխնոլոգիական հսկա Huawei-ին մեղավոր են ճանաչել մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ առևտրային գաղտնիքներ գողանալու և պատժամիջոցները խախտելու համար, գրում է DW-ն։
Բրուքլինի դաշնային դատարանի երդվյալ ատենակալներն ընկերությանը մեղավոր են ճանաչել ներկայացված 12 քրեական մեղադրանքներից 10-ով։ Դրանց թվում էին նաև բանկային խարդախությունն ու էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով խարդախությունը։
«Տասնամյակներ շարունակ Huawei-ը և նրա երեք դուստր ընկերություններն ԱՄՆ-ում իրենց գործունեությունն իրականացրել են ստի և գողության վրա հիմնված»,- դատավճռից հետո հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանշը։
Միաժամանակ, երդվյալ ատենակալներն արդարացրել են Huawei-ին երկու մեղադրանքով՝ շորթման և արդարադատությանը խոչընդոտելու դավադրության համար։
Այս դատավճիռը հերթական հարվածն է չինական տեխնոլոգիական հսկային, որին տարիներ շարունակ արգելված է ԱՄՆ-ում, ինչպես նաև արևմտյան մի շարք այլ երկրներում հեռահաղորդակցության օպերատորներին ցանցային սարքավորումներ վաճառել։ Այդուհանդերձ, ընկերության սպառողական էլեկտրոնիկայի բիզնեսը շարունակում է աճել, ինչպես նաև ընդլայնվում է նրա ցանցային գործունեությունն այլ երկրներում։
Դատախազները ներկայացրել են մի շարք փաստեր, որոնց համաձայն՝ Huawei-ը մրցակիցներից գողացել է առևտրային գաղտնիքներ՝ շուկայում նրանց նկատմամբ առավելություն ստանալու նպատակով։ Մասնավորապես, Huawei-ի աշխատակիցներից մեկը Չիկագոյում անցկացվող առևտրային ցուցահանդեսի ժամանակ գաղտնի մտել է մրցակից ընկերության տաղավար և լուսանկարել վերջինիս ցանցային սարքավորման սալերը։ Պարզվել է նաև, որ Huawei-ը ժամանակին վաճառել է երթուղիչներ, որոնցում ներառված է եղել մրցակից ընկերության սկզբնական կոդը։ Դատախազները նաև հայտնել են, որ Huawei-ի աշխատակիցներից մեկը ժամանակին մրցակից ընկերության լաբորատորիայից հանել է ռոբոտացված թևը, որպեսզի այն լուսանկարվի և չափագրվի։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ տուժած ընկերությունների թվում են եղել Cisco Systems-ը, Motorola Solutions-ը, T-Mobile-ը, Quintel USA-ն և Fujitsu-ն։
«Ապօրինի յուրացված մտավոր սեփականությունը ներառել է առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ և հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր, այդ թվում՝ ինտերնետային երթուղիչների սկզբնական կոդն ու օգտագործման ձեռնարկները, ալեհավաքների տեխնոլոգիաները և ռոբոտների փորձարկման տեխնոլոգիաները»,- հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։
«Քիչ հանցագործություններ կան, որոնք նույնքան լուրջ են, որքան Huawei-ի՝ տասնամյակներ շարունակվող գործելակերպը, որը վտանգել է ԱՄՆ ազգային անվտանգությունը, խախտել ամերիկյան առևտրի անձեռնմխելիությունը և խոչընդոտել ԱՄՆ օրենքների կիրառմանը»,- հայտարարել է ԱՄՆ դատախազ Ջոզեֆ Նոչելլան։
Huawei-ը շարունակում է հերքել մեղադրանքները նույնիսկ կայացված դատավճռից հետո։
«Մենք կարծում ենք, որ կառավարության ներկայացրած մյուս մեղադրանքները նույնպես զուրկ են ինչպես իրավական, այնպես էլ փաստական հիմքերից։ Կառավարության մատնանշած՝ առևտրային գաղտնիքներին առնչվող հինգ վեճերն էլ քաղաքացիական գործեր են եղել, որոնք կարգավորվել են վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Որևէ դատարան երբևէ Huawei-ին մեղավոր չի ճանաչել մտավոր սեփականությունն ապօրինի յուրացնելու դիտավորության համար, և ընկերությանը երբեք չի պարտավորեցրել փոխհատուցում վճարել առևտրային գաղտնիքների յուրացման համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
«Մենք միանշանակ մտադիր ենք բողոքարկել վճիռը»,- իր հերթին, հայտարարել է Huawei-ի փաստաբան Բրայան Հեբերլիգը։
Huawei-ի նկատմամբ դատավճիռը նախատեսվում է սահմանել հաջորդ տարվա սեպտեմբերին։ Ընկերությանը կարող են սպառնալ միլիարդավոր դոլարների տուգանքներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

