Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
Քաղաքականություն
25.11.2026 | 10:42
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման համար հստակ ժամկետներ չունի։ Այսպես նա մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը, թե ամերիկացի բանակցողները փորձում են հնարավորինս արագ հասնել խաղաղության, ցանկալի է՝ մինչև հունվար, գրում է Meduza-ն։
New York Post-ի լրագրողի հարցին՝ արդյո՞ք Վաշինգտոնը փորձում է մինչև հունվար խաղաղության համաձայնագրի հասնել, Թրամփը հետաքրքրվել է․ «Ո՞վ է դա ասել»։
Այնուհետև հավելել է․ «Ի՞նչ է նա ուզում, որ ես անեմ»։
Ըստ Թրամփի՝ պատերազմը ձգձգվել է, քանի որ «տանգոյի համար երկուսն են պետք»։
«Ես ժամանակային շրջանակներ չունեմ։ Պարզապես կցանկանայի, որ այն ավարտվեր։ Գիտեք՝ դա մեզ չի վերաբերում։ Ես հաճույքով այսօր իսկ դա կանեի, բայց տանգո պարելու համար երկուսն են պետք։ Տեսնենք՝ ինչ կստացվի։ Երբեմն թվում է, թե Պուտինը պատրաստ է [ավարտել պատերազմը], իսկ Զելենսկին՝ ոչ։ Երբեմն Զելենսկին կցանկանար դա անել, իսկ Պուտինը պատրաստ չէ։ Ամեն ինչ կախված է օրվանից»,- հավելել է նա։
Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթկոֆը պնդում են հնարավորինս արագ խաղաղության համաձայնագիր կնքել, ցանկալի է՝ մինչև հունվար։ Նրա խոսքով՝ Ուկրաինան նույնպես ձգտում է խաղաղության, սակայն ոչ զգալի զիջումների գնով։
Հունվարին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունն անցնելու է Դեմոկրատական կուսակցությանը։ Զելենսկին հայտնել է, որ եթե մինչև տարեվերջ Թրամփին չհաջողվի Վլադիմիր Պուտինից հասնել Կիևի համար ընդունելի պայմաններով պատերազմի ավարտին, ապա ինքը նոր Կոնգրեսից կխնդրի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

