Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
Քաղաքականություն
24.11.2026 | 22:42
Ընդդիմադիր համախմբումը հայտարարություն է տարածել՝ մերժելով իշխանության հրապարակած Սահմանադրության նոր նախագիծը։ Համախմբման գնահատմամբ՝ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն Ադրբեջանի պահանջներով, այլև ուղղված են Հայաստանում իշխանության կենտրոնացմանն ու ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդմանը։ Ընդդիմադիր ուժերը հայտարարել են խորհրդարանական ընդդիմության հետ համատեղ նոր Սահմանադրության ընդունման դեմ հանդես գալու պատրաստակամության մասին։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ առաջիկա օրերին կհայտարարվի այս օրակարգով հանդիպման մասին։
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը՝ ստորև․
«Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետության պարտադրանքի, այլև երկրի ներսում՝ իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ։
«Ալիևյան սահմանադրությունը» հայաստանյան ներքին օրակարգ է բերվել Ադրբեջանի նախագահի պահանջով՝ ստեղծելով երկու հիմնարար սպառնալիք.
Օտար պետության թելադրանքի ընդունում. Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Բաքվի կողմից խաղաղության նախապայման է և վտանգում է Հայաստանի անկախ պետականության հիմքերն ու ինքնիշխանությունը։
Դրանով իսկ այն որևէ կապ չունի հայ ժողովրդի ինքնության ու ազգային արժեքների հետ և խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարները։
Իշխանության անսահմանափակ կենտրոնացում. Սահմանադրության փոփոխության գործընթացը իշխող ուժն օգտագործում է իր ձեռքում իշխանությունը կենտրոնացնելու և զսպումների ու հակակշիռների մեխանիզմները վերացնելու համար։
Արձանագրում ենք, որ իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար։
Հասարակության ծայրահեղ բևեռացվածության, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների ու ապօրինությունների պայմաններում անհնար է Մայր օրենքի փոփոխությունը՝ ժողովրդավարական և բազմակարծիք քննարկումների սկզբունքով։
Ելնելով վերոգրյալից՝ Ընդդիմադիր համախմբումը հայտարարում է.
Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը։
Համերաշխություն ենք հայտնում խորհրդարանական ընդդիմության՝ ազգային արժանապատվությունը առևտրի առարկա չդարձնելու սկզբունքային դիրքորոշմանը՝ համախմբված ուժերով արտաքին պարտադրանքի և ալիևյան սահմանադրության ընդունման դեմ հանդես գալու պատրաստակամությամբ:
Առաջիկա օրերին կհայտարարենք այս օրակարգով Համախմբման հանդիպման մասին»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Սահմանադրության նոր նախագիծը, որի նախաբանից հանվել է Անկախության հռչակագրին հղումը։ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ նոր Սահմանադրությունում այդ հղումը չպետք է լինի՝ դա հիմնավորելով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությամբ և խաղաղության օրակարգով։ Իշխանությունը հերքում է, թե սահմանադրական փոփոխություններն իրականացվում են Ադրբեջանի պահանջով։
Մինչդեռ ընդդիմադիր ուժերը պնդում են, որ Անկախության հռչակագրին հղումը հանվում է Բաքվի պահանջով։ Ադրբեջանն իր հերթին այդ հղումը համարում է խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտ՝ պնդելով, թե Հռչակագիրը տարածքային պահանջներ է պարունակում։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, ինքը հրաժարական կտա, իսկ ընդունվելու դեպքում հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չի առաջադրվի։
Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար Ազգային ժողովում անհրաժեշտ է առնվազն 70 կողմ ձայն, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ։

