Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
Քաղաքականություն
24.11.2026 | 22:13
Սերբիայի իշխանությունները երկրի քաղաքացիություն են շնորհել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երկրորդ որդուն՝ Ալի Կադիրովին։ Այդ մասին որոշումը Սերբիայի «Պետական տեղեկագրում» հայտնաբերել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը (ՖԲԿ), գրում է Meduza-ն։
Ալի Կադիրովը սերբական անձնագիր է ստացել 2025 թվականի հուլիսին, երբ 18 տարեկան էր։ Փաստաթուղթը նրան տրամադրվել է «հատուկ ծառայությունների համար»՝ Ալի Մուսաև հորինված անունով։ Այդ անունով նա ունի նաև գաղտնի ռուսական անձնագիր, որով, ըստ ՖԲԿ-ի տվյալների, Կադիրով կրտսերն արդեն երկար տարիներ մասնավոր ինքնաթիռներով մեկնում է արտերկիր։
Հիմնադրամի տեղեկություններով՝ Սերբիայի իշխանությունները երկրի անձնագրեր են տրամադրել նաև «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի ղեկավար Նիկոլայ Կոլեսովին և նրա հարազատներին, Ֆյոդոր Եմելյանենկոյին՝ MMA մարտիկ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ և Վլադիմիր Պուտինի վստահված անձ, Մուսլիմ Ամիրասլանովին՝ «Եդինայա Ռոսիայի» մեկ այլ անդամ և Մախաչկալայի քաղաքային դումայի պատգամավոր։
ՖԲԿ-ն դիմում է ներկայացրել Սերբիայի իշխանություններին՝ պահանջելով զրկել Կադիրովի որդուն սերբական անձնագրից։
Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո Սերբիան դարձել է ռուսաստանցիների տեղափոխության հանրաճանաչ ուղղություններից մեկը։ Սերբիայի անձնագիրը հնարավորություն է տալիս առանց վիզայի մեկնել Ռուսաստան և Եվրամիության երկրներ։
2026 թվականի սկզբին հայտնի էր դարձել, որ Սերբիայի քաղաքացիություն է ստացել Յակուբ Զակրիևը՝ Չեչնիայի գյուղատնտեսության նախկին նախարարը, հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի եղբորորդին և ազգայնացված «Danone Russia» ընկերության գլխավոր տնօրենը։ Այս մասին ԶԼՄ-ների հրապարակումներից կարճ ժամանակ անց Սերբիայի իշխանությունները չեղարկել էին Զակրիևին քաղաքացիություն շնորհելու որոշումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

