Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.11.2026 | 21:00Իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը շարունակում է մնալ ներքաղաքական բանավեճերի կիզակետում։ Ընդդիմության պնդումներին, թե նոր մայր օրենքը գրվում է Բաքվի թելադրանքով, իշխանական ճամբարից հեքրում են։ Factor TV-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հակադարձում է ընդդիմադիրների մեղադրանքներին՝ նրանց վերագրելով պետությունը փակուղի տանելու և խաղաղության գործընթացը տապալելու միտումներ։
Խաչատրյանը վստահ է, որ Սահմանադրության ընդունումը բացառապես ժողովրդի որոշելիքն է, և քաղաքական ուժերը չպետք է արգելափակեն այդ իրավունքը։ Նրա դիտարկմամբ՝ ընդդիմությունն իրականում վախենում է հանրային արձագանքից. «Ընդդիմությունն ահաբեկվում է ժողովրդի ցասումից, իրենց ասելու է՝ ինչո՞ւ եք խոչընդոտում, որ մենք որոշենք Սահմանադրության հարցը»։ Դիմելով ընդդիմախոսներին՝ պատգամավորը հորդորում է. «Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք»։ Իշխանական պատգամավորը չի բացառում նաև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման արտահերթ սցենարը՝ ընդգծելով. «Արտահերթ ընտրության ենք գնալու, եթե չհամոզենք ընդդիմությանը՝ չխանգարել նոր Սահմանադրության հանրաքվեին»։
Անդրադառնալով ընդդիմադիր գործիչ Նարեկ Կարապետյանի հայտարարություններին, թե նոր նախագիծն ադրբեջանամետ է, Խաչատրյանը նշում է. «Նարեկ Կարապետյանը ցայտնոտի մեջ է հայտնվել, ստում է․ ի՞նչն է ալիևյան այս սահմանադրության մեջ»։ Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Բաքվի հռետորաբանությունն ու մշտական պահանջներն իրականում ոչ թե օգնում, այլ խանգարում են գործընթացին. «Եթե Ադրբեջանն ուզենար Սահմանադրությունը փոխվի, այդքան չէին խոսի․ ինչքան խոսում են, այդքան դժվարանում է ընդունումը»։
Խաչատրյանը նաև թերահավատությամբ է վերաբերվում «Ուժեղ Հայաստան» նախաձեռնության՝ Բաքվի հետ ուժի դիրքերից խոսելու թեզերին. «Ուժեղ Հայաստանի առաջնորդները սուպերմեննե՞ր են․ ո՞նց են Ադրբեջանի հետ ուժեղ բանակցելու, նրանք ՌԴ-ից կախյալ են»։
Իշխանական պատգամավորի խոսքով՝ հին Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք ռիսկեր են պարունակում երկրի անվտանգության համար։ «Ընդդիմությունն ամեն ինչ անում է՝ կոնֆլիկտածին դրույթները մնան Սահմանադրությունում, որ ՀՀ-ն չունենա խաղաղություն»,- նշում է Խաչատրյանը։
Խոսելով վերջերս շրջանառվող այն թեզի մասին, թե նոր Սահմանադրությամբ հիմքեր են ստեղծվում արտակարգ դրության ժամանակ երկրի ներսում ընդդիմության դեմ զինված ուժեր կիրառելու համար, Խաչատրյանը դա բացարձակ մանիպուլյացիա է որակում։ «Խելահեղություն, ցնորք է ընդդիմության ասածը, թե իր դեմ բանակ կիրառելու հիմք է ստեղծվում նոր Սահմանադրությամբ»,- զարմանք է հայտնում պատգամավորը՝ հռետորական հարց հնչեցնելով. «Ի՞նչ է, ընդդիմությունը զինված բանակներ ունի, որ իր դեմ զինո՞ւժ ենք կիրառելու․ ե՞րբ ենք իրենց դեմ ուժ կիրառել»։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

